Լրամշակման փուլում է
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-ի N 758-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
«......» «................» 2023 թվականի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-ի N 758-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 14-ի «Առգրավված (վերցված), կամավոր հանձնված և գտնված զենքի և ռազմամթերքի ընդունման կարգը հաստատելու մասին» թիվ 758-Ն որոշման (այսուհետ` Որոշում) վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«ԱՌԳՐԱՎՎԱԾ (ՎԵՐՑՎԱԾ), ԿԱՄԱՎՈՐ ՀԱՆՁՆՎԱԾ ԿԱՄ ԳՏՆՎԱԾ (ԱՅԴ ԹՎՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ ՉՈՒՆԵՑՈՂ) ԶԵՆՔԸ ԿԱՄ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ, ԴՐԱՆՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
2․ Որոշման նախաբանը և 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ` հետևյալ բովանդակությամբ.
«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի, 13-րդ հոդվածի 5-րդ և 9-րդ մասերի, 32-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Սահմանել առգրավված (վերցված), կամավոր հանձնված կամ գտնված (այդ թվում համապատասխանության սերտիֆիկատ չունեցող) զենքը կամ ռազմամթերքը ոստիկանությանը փոխանցելու, դրանք ընդունելու և ոչնչացնելու կարգը` համաձայն հավելվածի:»:
2․ Որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի ուժի մեջ մտնելու օրը:
Հավելված
ՀՀ կառավարության 2023 թվականի
____________ ___-ի N ____-Ն որոշման
«Հավելված
ՀՀ կառավարության 2020 թվականի
մայիսի 14-ի N 758-Ն որոշման
ԱՌԳՐԱՎՎԱԾ (ՎԵՐՑՎԱԾ), ԿԱՄԱՎՈՐ ՀԱՆՁՆՎԱԾ ԿԱՄ ԳՏՆՎԱԾ (ԱՅԴ ԹՎՈՒՄ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ ՉՈՒՆԵՑՈՂ) ԶԵՆՔԸ ԿԱՄ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ, ԴՐԱՆՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ
1․ Սույն կարգով կարգավորվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության (այսուհետ՝ ոստիկանություն) կենտրոնական ապարատի ստորաբաժանումներին, ոստիկանության` Երևան քաղաքի և մարզային վարչություններին և դրանց ենթակա ստորաբաժանումներին հանրային իշխանության մարմիններից, հասարակական կազմակերպություններից, իրավաբանական և ֆիզիկական անձանցից առգրավված (վերցված), կամավոր հանձնված, գտնված (այդ թվում համապատասխանության սերտիֆիկատ չունեցող) զենքը և ռազմամթերքը (այսուհետ՝ զենք) փոխանցելու և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության տնտեսական վարչության զինապահեստ (այսուհետ՝ զինապահեստ) ընդունելու և դրանք ոչնչացնելու գործընթացը:
2․ Ոստիկանության կենտրոնական ապարատի ստորաբաժանումները, ոստիկանության` Երևան քաղաքի և մարզային վարչությունները և դրանց ենթակա ստորաբաժանումները պարտավոր են զենքը տասնօրյա ժամկետում ուղարկել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փորձաքրեագիտական վարչություն (այսուհետ փորձաքրեագիտական վարչություն)` կամ մարզային փորձաքրեագիտական ստորաբաժանում՝ հետազոտության կամ փորձաքննության, ինչպես նաև համապատասխան հաշվառումներով ստուգելու համար: Իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ոստիկանության ստորաբաժանումներ փոխանցված, օրինական հիմունքներով իրենց պատկանող ոչ ակոսափող զենքը տասնօրյա ժամկետում հանձնվում է զինապահեստ, եթե այդ զենքը քրեական վարույթով իրեղեն ապացույց չի հանդիսանում:
3․ Փորձաքրեագիտական վարչությունում հետազոտված կամ փորձաքննության ենթարկված և դրանից հետո փորձաքրեագիտական վարչությունում պահված զենքը խմբավորվում և պահեստավորվում է:
4․ Վարույթն իրականացնող մարմնի՝ քրեական վարույթով վերջնական որոշման, դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշումների կամ դատավճիռների առկայության դեպքում, զենքը (այդ թվում՝ իրեղեն ապացույց ճանաչված և դրա պահելու անհրաժեշտությունը վերացած) ոստիկանության տարածքային ստորաբաժանումների միջոցով փոխանցվում է զինապահեստ:
5․ Փորձաքրեագիտական վարչության փորձագետի եզրակացության հիման վրա Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության տնտեսական վարչությունը կազմակերպում է զենքի ընդունումը զինապահեստ: Զինապահեստ Ընդունված զենքերի բոլոր տեսակները ենթակա են հաշվառման են ոստիկանության պետի հրամանով սահմանված կարգով:
6․ Զինապահեստ ընդունված օգտագործման համար պիտանի զենքը ոչնչացման ենթակա չէ:
7․ Սպառազինության բաժնի աշխատակցի եզրակացության հիման վրա օգտագործման համար պիտանի զենքը հաշվառվում է ոստիկանության սպառազինության մեջ` հետագայում ոստիկանության ստորաբաժանումների կողմից ծառայողական նպատակներով օգտագործելու համար:
8․ Զինապահեստ ընդունված քաղաքացիական և ծառայողական զենքը, բացառությամբ սույն կարգի 7-րդ կետով նախատեսված դեպքի, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության տնտեսական և փորձաքրեագիտական վարչությունների համապատասխան բնագավառի մասնագետների կողմից գնահատվում է, սպառազինության ապահովման ստորաբաժանման կողմից հանձնվում է կոմիսիոն վաճառքի՝ դրա առևտրով զբաղվելու լիցենզիա ունեցող իրավաբանական անձի միջոցով, որից ստացված գումարը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
9․ Զինապահեստ ընդունված օգտագործման համար ոչ պիտանի զենքը կարգով ենթակա է ոչնչացման:
10․ Բոլոր տեսակի ոչ պիտանի զենքերը ենթակա են ոչնչացման: Ոչ պիտանի զենքի ոչնչացման նպատակով ստեղծվում է հանձնաժողով՝ ոստիկանության պետի գլխավորությամբ: Հանձնաժողովի կողմից ոչ պիտանի զենքը ոչնչացման նպատակով զինապահեստից ելքի փաստաթղթով դուրս է գրվում: Մինչև ոչնչացնելը հանձնաժողովը մանրակրկիտ ստուգում է բոլոր զենքերը: Հանձնաժողովի անդամները պետք է խստորեն պահպանեն անվտանգության կանոնները:
11․ Ոչնչացումից առաջ հանձնաժողովի կողմից ոչնչացման ենթակա զենքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության տնտեսական վարչության միջոցով կատարվում է հարցում.
1) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ինֆորմացիոն կենտրոն՝ ոչնչացման ենթակա զենքի քրեական վարույթով (գործով) անցնելու վերաբերյալ.
2) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչություն՝ հաշվառումներով անցնելու վերաբերյալ:
12․ Ոչ պիտանի զենքի պիտանի մասերը մինչև ոչնչացնելը առանձնացվում են, առանձնացված պիտանի մասը մուտքագրվում և հաշվառվում է զինապահեստ՝ որպես պահեստամաս` հետագայում մասնակի անսարքություն ունեցող զենքի մասերի փոխարինման և վերանորոգման համար:
13․ Ոչ պիտանի զենքը ոչնչացվելուց առաջ լիցքաթափվում է: Չլիցքաթափվող զենք հայտնաբերելու դեպքում այն լիցքաթափվում է գործարանային պայմաններում, որից հետո՝ ոչնչացվում: Զենքն առանց լիցքաթափելու արգելվում է ոչնչացնել:
14․ Ոչ պիտանի զենքը և դրա մասերը ոչնչացվում է մեխանիկական դեֆորմացիայի, կտրտման (տարատեսակ մեխանիկական և էլեկտրական գործիքների և սարքերի միջոցով) կամ ձուլարանում ձուլման միջոցով՝ վերածելով այն մետաղի ջարդոնի: Ոչ պիտանի փայտյա և պլաստմասե մասը առանձնացվում և ոչնչացվում է առանձին՝ այրման կամ կտրտման միջոցով:
15․ Ոչ պիտանի զենքի ոչնչացման աշխատանքները կազմակերպվում են այնպես, որ բացառվի ոչնչացման ենթակա զենքի և դրա մասերի անհետացման և կորստի դեպքերը:
16․ Ձուլարանում ձուլման ընթացքում պարտադիր է հանձնաժողովի բոլոր անդամների և ձուլարանի ներկայացուցչի ներկայությունը:
17. Ոչ պիտանի զենքի ոչնչացման մասին հանձնաժողովի կողմից կազմվում է ակտ: Ակտում նշվում է ոչ պիտանի զենքի սերիան, համարը, արտադրման տարեթիվը, քանակը, տեսակը, անվանումը, տրամաչափը և ոչնչացման պատճառը: Զենքի ոչնչացման ակտը ստորագրվում է հանձնաժողովի բոլոր անդամների կողմից, այնուհետև՝ հաստատվում ոստիկանության պետ կողմից:
-
Քննարկվել է
08.05.2023 - 23.05.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն, Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն
-
Նախարարություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 2592
Տպել