Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծի ընդունմամբ կնախատեսվեն հարկային հսկողության շրջանակներում արձանագրված խախտման փաստը հաստատող հանգամանքները հիմնավորելու նպատակով հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց տեսանկարահանող տեխնիկական միջոցներ կիրառելու իրավասություն վերապահող կանոնակարգումներ, կբարձրանա հարկային մարմնի կողմից իրականացվող հսկողական աշխատանքների արդյունավետությունը, ինչպես նաև հնարավորինս կբացառվեն  ՀՀ ՊԵԿ կողմից իրականացված վարչարարության արդյունքում կայացված վարչական ակտերի վիճարկման և անվավեր ճանաչման դեպքերը:

  • Քննարկվել է

    03.05.2023 - 18.05.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3533

Տպել

Առաջարկներ`

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

18.05.2023

Հարկ ենք համարում նախագծի հեղինակի ուշադրությունը հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ առանց դատարանի թույլտվության, անձի կամքին հակառակ, շինություններ մուտք գործելով առգրավում իրականացնելու արդյունքում ձեռքբերված իրերն ու փաստաթղթերը, ինչպես և վարչական վարույթի այլ նյութեր, հետագայում բացառված չէ, որ կարող են օգտագործվել որպես ապացույցներ քրեական վարույթների շրջանակում, ինչպիսի պարագայում անկասկած առաջանալու են քննարկվող ընթացակարգի արդյունքում առգրավված նյութերը, որպես ապացույց քրեական դատավարության շրջանակում օգտագործելու թույլատրելիության հարցեր։ Վերոգրյալի հետ մեկտեղ, Նախագծի 5-րդ հոդվածով, որով Հարկային օրենսգիրքը լրացվում է 339.1 հոդվածով և որով սահմանվում է թեմատիկ հարկային ստուգման շրջանակում իրականացվող հսկիչ գնման ընթացակարգը՝ ի թիվս այլ կարգավորումների, նախատեսվում է հարկ վճարողի (գործադիր մարմնի ղեկավարի) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի՝ խախտման արձանագրության վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում դրա մասին նշում կատարելու իրավունքը։ Միևնույն ժամանակ, նշված իրավունքը չի նախատեսվում հարկ վճարողի անունից ապրանքներ մատակարարող (վաճառող), աշխատանքներ կատարող, ծառայություններ մատուցող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողի համար, թեև վերջինիս համար սահմանված է պարտականություն ստորագրել նշված արձանագրությունը։ Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ողջամտորեն ենթադրելի է, որ ստուգման վայրում շատ դեպքերում հնարավոր է ներկա չգտնվի հարկ վճարողի գործադիր մարմնի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը, գտնում ենք, որ անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել, նման դեպքերում հարկ վճարողի անունից ապրանքներ մատակարարող (վաճառող), աշխատանքներ կատարող, ծառայություններ մատուցող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողի համար առարկությունների վերաբերյալ նշումներ կատարելու իրավունք նախատեսելու հարցը։ Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք․ 1. Վերանայել Նախագծի՝ ստուգումների գաղտնի տեսանկարահանման և շինություններ մուտք գործելով իրերի և փաստաթղթերի առգրավում իրականացնելու հնարավորություն սահմանող դրույթները՝ նշված գործողությունների համար նախատեսելով նախնական դատական թույլտվության ստացման կառուցակարգ․ 2. Քննարկման առարկա դարձնել հարկ վճարողի անունից ապրանքներ մատակարարող (վաճառող), աշխատանքներ կատարող, ծառայություններ մատուցող և (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողի համար խախտման արձանագրության մեջ առարկությունների վերաբերյալ նշումներ կատարելու իրավունք նախատեսելու հարցը՝ հարկ վճարողի գործադիր մարմնի ղեկավարի և նրան փոխարինող պաշտոնատար անձի բացակայության դեպքում։

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

18.05.2023

Կարևորելով պետության հարկային վարչարարություն արդյունավետ իրականացման ապահովման հարցում հարկային մարմնի՝ բավարար գործիքակազմ ունենալու անհրաժեշտությունը, ներքոստորագրյալ կազմակերպություններով հեղինակի ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ լայնացնելով նշված գործիքակազմը, Նախագիծը միևնույն ժամանակ պետք է նախատեսի նաև օրենքի գործողության ոլորտում Կոնվենցիայի 8-րդ հոդվածով սահմանված անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի նկատմամբ միջամտության օրինականության ապահովման համար բավարար երաշխիքներ, որոնց սահմանումը բխում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից բազմաթիվ վճիռներով արտահայտած դիրքորոշումներից։ Այսպես․ 1. Նախագծով հարկային մարմնի ներկայացուցիչներին թեմատիկ ստուգումներ իրականացնելիս տրվում է շարժական տեսանկարահանող տեխնիկական միջոցներ օգտագործվելու իրավասություն, ընդ որում ինչպես գաղտնի, այնպես էլ ոչ գաղտնի եղանակով՝ երկու դեպքում էլ առանց դատարանի թույլտվության (նախագծի հոդված 11, որով Հարկային օրենսգիրքը լրացվում է 352.1 հոդվածով)։ 2. Նմանապես, նախագծի կարգավորումներով սահմանվում է հնարավորություն հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի պատճառաբանված որոշման հիման վրա, առանց դատարանի թույլտվության, իրականացնելու հարկային հսկողությանն առնչվող իրերի և փաստաթղթերի առգրավում։ Ընդ որում՝ առգրավում իրականացնելիս հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձն իրավունք ունի հարկադրաբար բացելու փակ տարածքները, շինություններն, պահեստարանները ու այլ վայրերը, եթե հարկ վճարողի համապատասխան պաշտոնատար անձը կամ այն անձը, ում մոտ իրականացվում է առգրավումը, հրաժարվում է կամովին բացել դրանք (Նախագծի հոդված, որով փոփոխվում է Հարկային օրենսգրքի 353-րդ հոդվածը)։ Նշված կարգավորումները հարկային մարմնին տալիս են խիստ հայեցողական լիազորություն տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կիրառելու Կոնվենցիայի 8-րդ հոդվածով նախատեսված իրավունքներին այնպիսի խիստ միջամտող գործողություններ, ինչպիսիք են գաղտնի տեսանկարահանումն ու հարկադրաբար շինություններ մուտք գործելով իրերի առգրավումը՝ միևնույն ժամանակ չնախատեսելով նշված միջամտության օրինականության ապահովման և չարաշահումներից խուսափելու համար անհրաժեշտ այնպիսի դատավարական երաշխիքներ, ինչպիսին է անկախ, հատկապես դատական մարմնի կողմից նախնական վերահսկողությունն է։ Այս համատեքստում անհրաժեշտ է նշել, որ հարկային ստուգման շրջանակում գաղտնի տեսանկարահանման իրականացումը բովանդակային առումով և միջամտության աստիճանով նույնական է «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական (գաղտնի քննչական) գործողության հետ, որն իրականացվում է դատարանի նախնական թույլտվությամբ (նույնիսկ, եթե համարենք, որ առաջին դեպքում գաղտնի տեսանկարահանման նպատակը միայն ապացույցի ամրագրումն է, իսկ երկրորդ դեպքում նաև իրավախախտման բացահայտումը)։ Ինչ վերաբերում է տնտեսվարող սուբյեկտի կամքին հակառակ շինություններ մուտք գործելուն ու իրերի առգրավմանը՝ այն բովանդակային առումով նույնական է քրեական դատավարության շրջանակում իրականացվող «առգրավում» քննչական գործողությանը, որը թեև իրականացվում է ոչ գաղտնի, այնուամենայնիվ անձնական կյանքի իրավունքին միջամտության բարձր աստիճանի հաշվառմամբ նույնպես իրականացվում է բացառապես դատարանի թույլտվությամբ։ Նշվածի հաշվառմամբ, գտնում ենք, որ պետությունը չի կարող մարդու անձնական կյանքի նկատմամբ բովանդակային առումով համանման միջամտությունները տարբեր տեսակի վարույթների շրջանակում նախատեսելիս, դրանց մասով սահմանել չարաշահումների դեմ տարբեր դատավարական երաշխիքներ, իսկ ավելի ստույգ՝ մի դեպքում նախատեսել դրանք, իսկ մյուս դեպքում՝ ոչ։ Միաժամանակ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմաթիվ վճիռներով անդրադառնալով գաղտնի միջամտության միջոցների կիրառման համաչափությանն ու օրինականության նախապայմաններին՝ առանցքային նշանակություն է տվել բավարար դատավարական երաշխիքներ սահմանելու անհրաժեշտությանը՝ ընդգծելով հատկապես դատարանի կողմից վերահսկողության կառուցակարգի կիրառման անհրաժեշտությունը (Տես Klass and others v. Germany, no. 5029/71, §§ 55-56; Roman Zakharov v. Russia, no. 47143/06, § 233 և այլ)-նշված և այլ վճիռների վերաբերյալ մանրամասն հետազոտությունը տես՝ https://ldpf.am/uploads/files/d70768ed98487c0018d16b3639493d04.pdf։

Վահե Ասատրյան

17.05.2023

Նախագծում 4րդ հոդվածով առաջարկվում է ստուգման հանձնարարագիրը ծանոթացման ներկայացման օրը հսկողություն իրականացնող անձին լիազորել նույն օրը իրեր և փաստաթղթեր առգրավելու իրավունքով։ Այս դեպքում հասկանալի չէ հանձնարարագիրը ստուգումից երեք օր առաջ ներկայացնելու տրամաբանությունը։ Չէ որ այդ երեք օրը նախատեսված է ստուգմանը պատրաստվելու, փաստաթղթերը կարգավորելու և համալրելու համար, այս դեպքում էլ անտրամաբանական է առգրավումը։

Տեսնել ավելին