Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 1324-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
6 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
2023 թվականի N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 5-Ի N 1324-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչելու և երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնողհաստատություններում երեխաների խնամքի ու դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին» N 1324-Ն որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 օգոստոսի 2004 թվականի N 1324-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐԱԾ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՈՒ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
- Սահմանել երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում երեխաների խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները` համաձայն հավելվածի:
|
Հավելված |
ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ
- Սույն չափորոշիչները կիրառվում են Հայաստանի Հանրապետության երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում՝ անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից և տեսակից (այսուհետ` հաստատություն):
Չափորոշիչ 1. |
Տեղեկատվությունը |
- Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունն անձնակազմին և այցելուներին ապահովում է հետևյալ տեղեկատվությամբ`
1) հաստատության կանոնադրական նպատակների, խնդիրների, գործառույթների, անձնակազմի աշխատանքային առանձնահատկությունները սահմանող և աշխատողների միջև ծառայողական փոխհարաբերությունները կարգավորող աշխատանքային կարգապահական ներքին կանոնների, ինչպես նաև գտնվելու վայրի (հասցե), հեռախոսահամարների, էլեկտրոնային փոստի, տեղեկատվության համար պատասխանատու պաշտոնատար անձի (անունը, ազգանունը, պաշտոնը) մասին.
2) հաստատության գործունեության, այդ թվում` հաստատության հիմնադրման, նրա պատմության, ավանդույթների, հիշարժան իրադարձությունների, անձնակազմի, հաստատությունում խնամվող երեխաների խնամքի ու դաստիարակության իրականացման առանձնահատկությունների, այլ կազմակերպությունների և առանձին անձանց կողմից ցուցաբերվող աջակցության ու համագործակցության մասին.
3) հաստատությունը վարում է այցելուների գրանցամատյան:
- Հաստատությունը երեխաներին ապահովում է կարևոր տեղեկատվությամբ` մատուցվող ծառայությունների, շենքի պայմանների, հատուկ դեպքերում տարահանման հնարավորությունների, հաստատությունը հարող տարածքի, արտակարգ իրավիճակներում ժամանակին օգնություն ցուցաբերելու, պաշտպանելու և այլնի մասին` հաշվի առնելով նրանց տարիքը, հասունության մակարդակը և հաղորդակցվելու առանձնահատկությունները:
Չափորոշիչ 2. |
Երեխայի անվտանգությունը և իրավունքների պաշտպանությունը |
- Հաստատությունում երեխայի խնամքն ու դաստիարակությունն իրականացվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ու այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան:
- Հաստատությունն ապահովում է երեխայի իրավունքների և շահերի պաշտպանությունը և ստեղծում է ընտանեկան միջավայրին մոտ բարենպաստ պայմաններ, որոնք նպաստում են անձի մտավոր, հուզական և ֆիզիկական զարգացմանը:
- Հաստատությունն ապահովում է երեխայի և նրա շահերից հանդես եկող անձանց (ծնողական իրավունքից չզրկված ծնողներ կամ օրինական ներկայացուցիչներ, մերձավոր ազգականներ)` հաստատության անձնակազմի անօրինական գործողությունները բողոքարկելու իրավունքի իրացումը, սահմանում է օրենքին համապատասխանող բողոքարկման ներքին կարգ և պահում հատուկ արկղ` բողոքների և առաջարկությունների համար:
- Հաստատությունն ապահովում է երեխայի անվտանգությունը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անվտանգության կանոններին համապատասխան:
- Հաստատությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է երեխայի պաշտպանությունը`
- հոգեբանական, տնտեսական և ֆիզիկական բռնությունից.
- դաժան վերաբերմունքից.
- երեխայի թրաֆիքինգից կամ շահագործումից.
- այլ հանցագործություններից.
- անուշադրությունից և անարդարությունից.
- առողջությունը վտանգող նյութերից և կյանքը վտանգող պայմաններից.
- չարաշահումից և անտեսումից.
- բուլլինգից:
- Երեխայի շահերից հանդես եկող անձանց (ծնողական իրավունքից չզրկված ծնողներ կամ օրինական ներկայացուցիչներ, մերձավոր ազգականներ)` հաստատության անձնակազմի անօրինական գործողությունները բողոքարկելու դեպքում երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունն իրականացնում է երեխայի իրավունքի պաշտպանության համարժեք միջոցառումներ:
- Հաստատությունը պետք է ունենա երեխաների նկատմամբ և նրանց միջև բռնության կասկածելի կամ հաստատված դեպքերի գրանցման և իրավասու մարմիններին նման դեպքերի մասին հաղորդումների գրանցամատյան: Հաստատությունն պատշաճ կերպով արձանագրում է բոլոր միջադեպերը գրանցամատյանում։
- Հաստատությունը տրամադրում է հարմարավետ, անվտանգ, հուսալի ավտոտրանսպորտային միջոցներ` երեխաների փոխադրումները կազմակերպելու համար:
- Հաստատության տրանսպորտային միջոցը պետք է ապահովված լինի երեխայի տարիքին, քաշին կամ հասակին համապատասխան նստատեղերով և ամրագոտիներով, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, հարմարեցված լինի հաշմանդամություն ունեցող անձանց համար: Հաստատությունն ունի գրանցամատյան, որտեղ գրանցում է տրանսպորտային միջոցների մասին բոլոր գրառումները, ներառյալ՝ ապահովագրության և վարորդների վերաբերյալ տվյալները: Հաստատությունը երաշխավորում է, որ հաստատության վարորդն ունենա տրանսպորտային տվյալ տեսակը վարելու վավեր վկայական, համապատասխան ապահովագրություն և անհրաժեշտ այլ փաստաթղթեր: Հաստատությունը վարորդից պահանջում է, իսկ վարորդն ապահովում է, որ երեխայի փոխադրումները կազմակերպող տրանսպորտային միջոցը լինի սարքին, լավ պահպանված և մաքուր: Հաստատությունն ապահովում է, որ հաշմանդամություն ունեցող երեխայի փոխադրումները կազմակերպող տրանսպորտային միջոցը լինի հարմարեցված նրա կարիքներին:
- Հաստատությունն ապահովում է երեխայի խնամքը, պաշտպանությունը այնպես, որ հնարավոր լինի արագ բացահայտել երեխաների նկատմամբ բռնության կամ անտեսման նախկինում կատարված կամ առկա դեպքերը կամ դրա հետ կապված որևէ ռիսկ և ձեռնարկել անհրաժեշտ համապատասխան միջոցներ:
- Հաստատությունն ունի երեխայի անվտանգության և պաշտպանության ապահովման համար սահմանված ներքին կանոններ:
- Հաստատությունը, հաշվի առնելով երեխայի տարիքը և հասունության մակարդակը, իսկ հաշմանդամություն և կրթության առանձնահատուկ պայմանի կարիք ունեցող, ինչպես նաև մինչև յոթ տարեկան, փախստական, ապաստան հայցող կամ ապաստան ստացած երեխաների համար նաև լեզուն և հաղորդակցման հատուկ կարիքները, մատչելի ձևաչափով երեխային իրազեկում է երեխայի անվտանգության և պաշտպանության կանոնների մասին:
- Հաստատության՝ երեխայի հետ անմիջականորեն աշխատող անձնակազմը պետք է ունենա համապատասխան գիտելիքներ և հմտություններ՝ բացահայտելու երեխաների նկատմամբ բռնության կամ անտեսման ցանկացած դեպք կամ հատկանիշ կամ հավանականություն, տեղյակ լինի երեխաների բռնության և անտեսման վերաբերյալ հաստատության ներքին կանոններին և պարտավորվում է ժամանակին և պատշաճ կերպով միջամտել, իսկ անհրաժեշտության դեպքում, ուղղորդել իրավապահ մարմիններին:
- Հաստատության ցանկացած աշխատակցի հետ, ով բռնություն է գործադրել երեխայի նկատմամբ, լուծվում է աշխատանքային պայմանագիրը՝ աշխատողի` զբաղեցրած պաշտոնին կամ կատարած աշխատանքին չհամապատասխանելու հիմքով:
- Հաստատությունը պետք է ունենա բռնության և անտեսման վերաբերյալ սոցիալ-հոգեբանական միջամտության մասնագիտական ծրագրեր, միջոցառումներ և ծառայություններ և դրա իրականացման ուղեցույց` հաստատված լիազոր մարմնի կողմից:
- Հաստատությունն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում ստեղծելու երեխայի համար անվտանգ պայմաններ և խելամիտ հարմարեցումներով ապահովված միջավայր` առանձին ննջասենյակներ, հանդերձասենյակներ, ցնցուղարան և սանհանգույցներ` տարանջատված ըստ սեռի և տարիքային խմբերի:
- Հաստատությունն ապահովում է, որ իր տարածքում գտնվող ցանկացած տնային կենդանի անվտանգ է երեխաների համար ու նրանց կյանքի և առողջության համար վտանգ չի ներկայացնում:
- Հաստատությունը պետք է ապահովի երեխաներին` իրենց համար մատչելի ձևաչափով` Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանի և հանրային պաշտպանի գրասենյակների մասին, ներառյալ նրանց հեռախոսահամարների մասին տեղեկությունները, այդ թվում հատուկ (հրատապ) օգնության համար նախատեսված շուրջօրյա թեժ գծերի (հոգեբանական, իրավաբանական և այլն) և հասցեների (փոստային և էլեկտրոնային), ինչպես նաև նշված մարմիններին երեխաների անարգել մուտքի հնարավորությունը և երեխաների կողմից անվճար իրավաբանական օգնություն ստանալու հնարավորությունը «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:
- Հաստատությունը չպետք է հարկադրի երեխաներին անդամակցել հասարակական, հասարակական-քաղաքական կազմակերպություններին (միավորումներին), շարժումներին և կուսակցություններին, կրոնական կազմակերպություններին, ինչպես նաև ստիպի նրանց մասնակցել այդ կազմակերպությունների գործունեությանը և քարոզչական արշավներին և քաղաքական միջոցառումներին:
Չափորոշիչ 3. |
Երեխայի մուտքը երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություն և նրա ինտեգրումը |
- Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունն ապահովում է նոր ընդունված երեխայի ծանոթությունը հաստատության անձնակազմի և խնամվող երեխաների հետ: Երեխային թույլատրվում է իր հետ բերել շրջապատի համար վտանգ չներկայացնող իրեր և ընտանի կենդանիներ, եթե հաստատության պայմանները թույլ են տալիս:
- Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունն ապահովում է երեխայի անձնական թանկարժեք իրերի պահպանությունը:
- Երեխայի ինտեգրումը հաստատությունում ապահովվում է հաշվի առնելով նրա նոր սոցիալական միջավայրին հարմարվելու անհատական առանձնահատկությունները, հատուկ ուշադրություն դարձնելով հաշմանդամություն ունեցող երեխայի միջավայրին հարմարվելու, նրան անկախ և ինքնուրույն դարձնելու ուղղությամբ տարվող աշխատանքներին:
- Հաստատությունում երեխաների խնամքն ու նրանց հետ աշխատանքն իրականացվում են աջակցության անհատական սոցիալական ծրագրին համապատասխան:
- Հաստատությունում գտնվող երեխաների աջակցության անհատական սոցիալական ծրագիրը մշակում, իրականացնում և վերանայում են հաստատության համապատասխան աշխատողները և մասնագետները (մանկավարժ, հոգեբան, սոցիալական աշխատող, բժիշկ կամ ավագ բուժքույր), երեխայի և, հնարավորության դեպքում, երեխայի ծնողների կամ ընտանիքի անդամների մասնակցությամբ, եթե դա բխում է երեխայի շահերից: Ծնողական իրավունքներից չզրկված ծնող (ծնողներ) կամ օրինական ներկայացուցիչներ կամ մերձավոր ազգականներ ունեցող երեխայի աջակցության անհատական սոցիալական ծրագիրը կազմելիս` պատշաճ ուշադրություն է դարձվում նրանց և երեխայի կարիքներին:
Չափորոշիչ 4. |
Խնամքը |
- Հաստատությունը կազմակերպում է երեխայի շուրջօրյա խնամքը հաստատությունում գտնվելու ամբողջ ժամանակահատվածում` մինչև նրա չափահաս դառնալը կամ մինչև երեխային կենսաբանական ընտանիք վերադարձնելը կամ այլընտրանքային ընտանիքում (որդեգրողի, խնամատարի, խնամակալի, հոգաբարձուի) տեղավորելը, եթե հաստատության կանոնադրությամբ այլ ժամկետներ նախատեսված չեն` ապահովելով խնամքի շարունակականության սկզբունքը, ստեղծելով հնարավորինս ընտանեկանին մոտ պայմաններ և առաջնորդվելով անհատական մոտեցմամբ:
Չափորոշիչ 5. |
Սնունդը և ջուրը |
- Հաստատությունում շուրջօրյա խնամք ստացող երեխան ապահովվում է առողջ, սննդարար, հավասարակշռված անհրաժեշտ քանակի և երեխայի տարիքին, առողջական վիճակին և զարգացմանը համապատասխան սննդով: Հաստատությունում երեխան մշտապես ապահովվում է մաքուր խմելու ջրով՝ առանց քանակի սահմանափակման:
- Հաստատությունում սնունդն ընդունվում է կանոնավոր ընդմիջումներով ողջ օրվա ընթացքում: Արգելվում է երեխային, որպես պատժի միջոց, զրկել սննդից և ջրից:
- Հաստատությունը` պատշաճ ձևով, առանց նսեմացնելու երեխայի պատիվն ու արժանապատվությունը և ընտրության հնարավորությանը, ապահովում է շուրջօրյա խնամք ստացող երեխայի կերակրումը, եթե երեխան տարիքային առանձնահատկություններով, առողջական վիճակով կամ այլ հանգամանքներով պայմանավորված՝ ինքնուրույն չի կարողանում սնվել:
- Հաստատության ճաշացանկերը կազմվում են սննդաբանի հսկողության ներքո՝ երեխաների համար լիարժեք և հավասարակշռված սննդակարգ ապահովելու համար։
- Հաստատությունը` բժշկի և սննդաբանի ցուցումով, ապահովում է անհատական մոտեցում առողջական խնդիրներ ունեցող, թերսնվող և գերսնվող երեխաների նկատմամբ:
- Հաստատությունում երեխաները հնարավորինս ներգրավվում են սննդամթեքի և ճաշացանկի ընտրությանը, սննդի պլանավորմանը և պատրաստմանը:
- Հաստատությունը պահպանում է սանիտարահիգիենիկ նորմերը` սննդամթերքի պահպանման և սննդի պատրաստման ողջ ընթացքում: Հաստատության անձնակազմի բուժզննումը և սննդամթերքի ստուգումներն իրականացվում են օրենսդրությամբ սահմանված պարբերականությամբ և կարգով։
Չափորոշիչ 6. |
Հագուստը, անձնական օգտագործման իրերը և հիգիենայի պարագաները |
- Հաստատությունըերեխային ապահովում է հագուստով և անձնական օգտագործման իրերով ու հիգիենայի պարագաներով` ելնելով երեխայի տարիքային առանձնահատկություններից և սեռից: Երեխան` իր տարիքին և հասունությանը համապատասխան կարող է մասնակցել` տվյալ տարվա համար սահմանված բյուջեի սահմաններում իր հագուստի, անձնական օգտագործման իրերի և հիգիենայի պարագաների ընտրությանը:
- Անձնակազմը, ելնելով երեխայի տարիքից կամ այլ հանգամանքներից, անհրաժեշտության դեպքում, ուղղորդում է կամ խորհուրդներ է տալիս երեխային հագուստի, անձնական օգտագործման իրերի, հիգիենայի պարագաների և այլ իրերի ընտրության հարցում:
- Հաստատությունը կրթում է երեխային առողջության և անձնական հիգիենայի վերաբերյալ և խրախուսում կիրառել այն առօրյայում:
Չափորոշիչ 7. |
Կարիքները և պահանջմունքները |
- Հաստատությունն ապահովում է առանձնացված պայմաններում երեխաների անձնական պահանջմունքները, կարիքները (անձնական հիգիենա) ինքնուրույն բավարարելու հնարավորությունը, անհրաժեշտության դեպքում` աշխատողների օգնությամբ:
Չափորոշիչ 8. |
Երեխայի մանր ծախսերը |
- Հաստատությունը դպրոցում սովորող շուրջօրյա խնամք ստացող երեխային ապահովում է անձնական մանր ծախսեր կատարելու համար անհրաժեշտ գումարով, սովորեցնում է խելամիտ և արդյունավետ օգտագործել ունեցած գումարը:
- Անձնական մանր ծախսերի համար`
- 6-9 տարեկան երեխաներին տրվում է ամսական 6 հազար Հայաստանի Հանրապետության դրամ.
- 10-15 տարեկան երեխաներին տրվում է ամսական 12 հազար Հայաստանի Հանրապետության դրամ.
- 16-18 տարեկան երեխաներին տրվում է ամսական 15 հազար Հայաստանի Հանրապետության դրամ:
- Պետական հաստատություններում շուրջօրյա խնամք ստացող երեխայի անձնական մանր ծախսերի համար նախատեսված գումարը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, իսկ ոչ պետական հաստատություններում խնամվող երեխայի անձնական մանր ծախսերի համար նախատեսված գումարները տրամադրվում են տվյալ հաստատության սեփական միջոցների հաշվին:
- Երեխայի անձնական մանր ծախսերն իրականացվում են հետևյալ կերպ`
- 6-9 տարեկան երեխաների համար անձնական մանր ծախսերն իրականացնում է Հաստատության ղեկավարի կողմից լիազորված անձը՝ հաշվի առնելով երեխայի շահերը և ցանկությունները.
- 10-15 տարեկան երեխաներն անձնական մանր ծախսերն իրականացնում են և գումարը տնօրինում են ինքնուրույն` խորհրդակցելով հաստատության ղեկավարի կողմից լիազորված անձի հետ.
- 16 տարին լրացած երեխաներն անձնական մանր ծախսերն իրականացնում են և գումարը տնօրինում են ինքնուրույն.
- 6-18 տարեկան երեխաների համար, ովքեր ֆիզիկական կամ հոգեկան առողջական վիճակի պատճառով չեն կարող ինքնուրույն տնօրինել գումարը, անձնական մանր ծախսերն իրականացնում է հաստատության ղեկավարի կողմից նշանակված անձը՝ հաշվի առնելով երեխայի լավագույն շահը:
- Անձնական մանր ծախսերի համար նախատեսված գումարի վճարումը դադարեցվում է երեխայի հաստատությունից դուրս գրվելու (կենսաբանական ընտանիք վերադառնալու, կամ որդեգրման կամ խնամատար ընտանիքում տեղավորվելու) կամ այլ հաստատություն տեղափոխվելու դեպքում:
- Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունը (պետական մանկատունը), ինչպես նաև երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնը՝ իր մոտ շուրջօրյա խնամք ստացող երեխայի հրատապ և անհապաղ բավարարման ենթակա կարիքները (երեխայի ծննդյան տարեդարձի ծախսեր, համադասարանցիների, ընկերների ծննդյան տարեդարձերի ծախսեր, դպրոցական էքսկուրսիաների ծախսեր և այլն) հոգալու պարագայում տարեկան առավելագույնը 1.200.000 Հայաստանի Հանրապետության դրամի չափով կանխիկ շրջանառության գործարքներ է իրականացում՝ համապատասխան ծախսը հիմնավորող փաստաթղթերի առկայությամբ՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված հաստատության բյուջետային տարվա ծախսերի նախահաշվով հաստատված «այլ ծախսեր» ծախսային հոդվածի հաշվին։
- Ցերեկային խնամքի ծառայություններ տրամադրող կենտրոններ հաճախող հաշմանդամություն ունեցող և կենտրոնից առնվազն 500 մետր հեռավորությամբ բնակվող տրանսպորտից օգտվող երեխաների համար կենտրոնն ապահովում է տրանսպորտի ծախսերի դրամական փոխհատուցում օրական նվազագույնը՝ 200 դրամի և առավելագույնը՝ 400 դրամի չափով:
Չափորոշիչ 9. |
Տարածքը, տարածքի անվտանգությունը |
- Հաստատությունը երեխային ապահովում է կյանքի համար անվտանգ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին համապատասխան բնակելի տարածությամբ` հաշվի առնելով նրա սեռը, տարիքը և առողջական վիճակը:
- Հաստատությունը պետք է ունենա տարահանման պլան, հաստատության անձնակազմը պետք է անցնի քաղաքացիական պաշտպանության ուսուցում` արտակարգ իրավիճակներում համապատասխան կերպով գործելու նպատակով` առանձնակի ուշադրություն դարձնելով հաշմանդամություն ունեցող երեխաների տարահանման նախապատրաստմանը:
- Հաստատության տարածքը պետք է ապահովված լինի հրդեհից փրկվելու համար նախատեսված հատուկ ելքերով, ազդանշանային համակարգով և հակահրդեհային համապատասխան սարքավորումներով:
- Հաստատությունը պետք է կառուցված լինի առողջության համար անվտանգ շրջակա միջավայրում:
- Հաստատությունը պետք է ունենա երեխաների տարիքային խմբերի առանձնահատկություններին համապատասխանող անվտանգ և բարեկարգ խաղահրապարակներ:
- Հաստատությունը կատարում է խելամիտ հարմարեցում` հաշմանդամություն ունեցող երեխաների համար ֆիզիկական միջավայր ապահովելու նպատակով:
Չափորոշիչ 10. |
Առողջությունը և դեղորայքը |
- Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունը պետք է ապահովված լինի առաջին բժշկական օգնության ծառայությամբ, իսկ շուրջօրյա խնամքի տրամադրման պարագայում նաև բժշկական սարքավորումներով, հոգեբանական, կանխարգելիչ, դեղորայքային, վերականգնողական ծառայություններով:
- Հաստատությունը հաշմանդամություն ունեցող երեխաներին տրամադրում է համապատասխան աջակցություն և օգնություն: Հաստատությունը երաշխավորում է, որ ցանկացած բուժում կամ հետազոտում իրականացվում է հաշվի առնելով երեխայի լավագույն շահերը: Հիվանդանոցային պայմաններում ստացիոնար բուժում ստացող շուրջօրյա խնամքի հաստատության երեխաների համար, ըստ անհրաժեշտության, հաստատությունն ապահովում է հաստատության ղեկավարի կողմից լիազորված անձի կողմից խնամքի կազմակերպումը։
- Հաստատությունն ապահովում է երեխայի առողջ ապրելակերպի (սնունդ, ֆիզկուլտուրա և սպորտ, անձնական հիգիենա, ազատ ժամանց) համար անհրաժեշտ պայմաններ:
- Հաստատությունը երեխային ապահովում է ինչպես նաև թվային տեխնոլոգիաների օգտագործման, ալկոհոլամոլության, թմրամոլության և թունամոլության բացասական հետևանքների, սեռական հասունացման, անվտանգ սեռական կյանքի, ինֆեկցիոն հիվանդությունների, և առողջ ապրելակերպի մասին խորհրդատվությամբ:
- Յուրաքանչյուր երեխա համապատասխան բժշկական հաստատության կողմից ենթարկվում է բազմամասնագիտական բժշկական հետազոտման, տարին մեկ անգամ` համաձայն անհատական ցուցումների:
- Հաստատության բուժօգնության կազմակերպման գործընթացի մեթոդական և խորհրդատվական օգնությունն իրականացնում է տվյալ հաստատության տարածքն սպասարկող ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատությունը:
- Հաստատությունում յուրաքանչյուր երեխայի համար լրացվում է երեխայի բժշկական քարտ:
- Հաստատությունն ապահովում է երեխայի բժշկական հետազոտումը` երեխայի հաստատություն ընդունվելուց 24 ժամվա ընթացքում: Երեխան, ըստ անհրաժեշտության և հնարավորւթյան, կարող է ընտրել իրեն զննող մասնագետին:
- Հաստատությունն ունի առաջնային բժշկության օգնության կամ դեղերի արկղ, որն անհասանելի է երեխաների համար և որի պարունակությունը պարբերաբար ստուգվում, լրացվում կամ փոխարինվում է անձնակազմի նշանակված աշխատակցի կողմից: Դեղերի վերաբերյալ նշումները գրանցվում են համապատասխան գրանցամատյանում:
Չափորոշիչ 11. |
Կրթությունը և դաստիարակությունը |
- Հաստատությունն ապահովում է երեխայի բազմակողմանի և ներդաշնակ զարգացումը` հաշվի առնելով նրա հոգեկան, սեռատարիքային, ազգային և էթնիկական առանձնահատկությունները, անձի նախասիրությունները, կարիքները, ուժեղ կողմերը, հետաքրքրությունները, ընդունակություններն ու պահանջմունքները:
- Հաստատություննապահովում է երեխայի հանրակրթությունը, որպես կանոն, համայնքի հանրակրթական դպրոցներում, անհրաժեշտության դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ուղղորդում հատուկ դպրոց-ռեսուրսկենտրոնում:
- Հաստատությունն աջակցում է երեխային մասնագիտական կողմնորոշման և, ըստ հնարավորության, հետագա բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու հարցում՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ:
- Հաստատությունը համագործակցում է մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի հետ և աջակցում է, երեխայի` կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատմանը և անհատական ուսուցման պլանի մշակմանը, իրականացմանը և վերանայմանը:
- Հաստատությունն ապահովում է երեխայի, նրա ծնողական իրավունքից չզրկված ծնողների կամ օրինական ներկայացուցիչների կամ ընտանիքի անդամների (նրանց առկայության դեպքում) մասնակցությունը երեխայի կրթության հարցերին վերաբերող որոշումների ընդունման գործընթացին:
- Հաստատությունում մշակվում և իրականացվում է երեխայի անձի զարգացման հատուկ ծրագիր, որում նախատեսվում են անհատական պարապմունքներ, տնային հանձնարարությունների կատարում, ընթերցանություն, ակտիվ խաղեր, մասնագիտական կողմնորոշում՝ ըստ երեխայի տարիքի, հակումների, հետաքրքրությունների, որոնք կարող են կազմակերպվել ինչպես հաստատության ներսում, այնպես էլ հաստատությունից դուրս: Սպորտային, գեղագիտական և արտադասարանական խմբերի պարագայում հաստատությունը նախապատվություն է տալիս արտադպրոցական խմբակների մասնակցության ապահովումը՝ հատկապես հաստատությունից դուրս՝ այդպիսով ապահովելով երեխայի լիարժեք սոցիալականացումը։
- Հաստատությունն ապահովում է երեխային ուսուցման և տնային հանձնարարությունները կատարելու համար երեխայի տարիքին և կրթական կարիքներին համապատասխան նպաստավոր միջավայրով, ներառյալ գրքերի, համակարգիչների և գրադարանի անդամության տրամադրումը: Հաստատությունն խրախուսում է երեխային մասնակցել արտադասարանական միջոցառումներին:
- Հաստատությունում արգելված է կիրառել մարմնական պատիժը, ինչպես նաև երեխայի պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող ցանկացած վերաբերմունք: Հաստատությունն աջակցում է երեխայի դրական վարքի ամրապնդմանը և հսկողությանը՝ ներառելով խրախուսման, երեխայի վարքային խնդիրներին կառուցողական արձագանքի մեթոդներ:
Չափորոշիչ 12. |
Հանգիստը և ազատ ժամանցը |
- Հաստատությունն ապահովում է երեխայի մասնակցությունն իր հանգստի և ազատ ժամանցի՝ զբաղմունքի տեսակների ընտրությանը, պլանավորմանը:
- Հաստատությունն ապահովում է երեխաների մասնակցությունն էքսկուրսիաներին, սպորտային, մշակութային, երաժշտական, ստեղծագործական, զվարճալի և այլ տեսակի միջոցառումներին:
- Հաստատությունն ապահովում է երեխայի տարիքի և անհատական կարիքներին համապատասխան, հանգստի և ազատ ժամանցի` խաղերի, արվեստի, մշակութային, ստեղծագործական, սպորտային և զվարճալի միջոցառումներին երեխայի մասնակցությունը:
- Հաստատությունն ապահովում է ապահով և խթանող միջավայր, որն աջակցում է ընկերական կապերի հաստատմանը և պահպանմանը` հաստատությունում և հաստատությունից դուրս, երեխայի հետաքրքրություններին ու անհատական և խմբային զարգացման կարիքներին համապատասխան:
- Հաստատությունն ապահովում է, որ յուրաքանչյուր երեխայի համար հասանելի լինի մարզադահլիճներ, բացօթյա խաղահրապարակներ և խաղային սարքավորումներ, փակ խաղասրահներ և զանազան խաղալիքներ ու խաղեր, որոնք համապատասխանում են երեխայի տարիքին, հետաքրքություններին և երեխայի այլ անհատական կարիքներին և նպաստում են երեխայի հուզական, ֆիզիկական, սոցիալական, ստեղծագործական, խոսքային և մտավոր զարգացմանը:
- Հաստատությունն ապահովում է երեխայի համար երաժշտության, տպագիր և էլեկտրոնային նյութերի` թերթերի, գրքերի և ամսագրերի հասանելիություն/մատչելիություն և ընտրության հնարավորություն: Հաստատությունն ապահովում է երեխայի համար հեռուստատեսության և ինտերնետի մատչելիությունը: Հաստատությունն ունի հեռուստացույցից, թվային տեխնոլոգիաներից անվտանգ օգտվելու, տարիքային սահմանափակման, և երեխային համացանցում պաշտպանելու կանոններ:
- Հաստատությունն ապահովում է երեխայի մասնակցությունը համայնքային միջոցառումներին (մրցույթներին)՝ համայնքի հասարակական կյանքին մասնակցելու, ինտեգրվելու, երեխայի կարողությունները կամ տաղանդները զարագցնելու նպատակով:
- Հաստատությունը խրախուսում և ապահովում է հաշմանդամություն ունեցող երեխայի մասնակցությունը սպորտային միջոցառումներին: Հաստատությունըհաշվի է առնում երեխայի անվտանգություննազատ ժամանցի պլանավորման կամ իրականացման ընթացքում և իրականացնում ռիսկի գնահատում:
- Երեխաների համար նախատեսված կամ կազմակերպված ցանկացած ռիսկ պարունակող միջոցառում վերահսկվում է այնպիսի անձի կողմից, ով ունի համապատասխան որակավորում՝ աջակցելու և վերահսկելու երեխային մասնակցությունը համապատասխան միջոցառմանը:
- Հաստատությունը դպրոցական արձակուրդի ընթացքում երեխաների հանգիստն ու առողջության բարելավումը/վերականգնումն իրականացնում է Հաստատության ղեկավարի կողմից հաստատված ծրագրի համաձայն, որը ներառում է կրթական, մշակութային, ժամանցային և մարզական միջոցառումներ` ուղղված երեխաների մտավոր, հուզական, հոգևոր, բարոյական և ֆիզիկական զարգացմանը, ինչպես նաև հաշվի առնելով երեխաների կարծիքը: Հաստատությունը կարող է կազմակերպել երեխաների դպրոցական արձակուրդները հաստատությունից շարունակելով երեխաների պատշաճ խնամքի տրամադրումը։
Չափորոշիչ 13. |
Հաղորդակցումը մշակութային արժեքներին |
- Հաստատությունն ապահովում է երեխայի ազգային պատկանելության գիտակցության ձևավորումը` ազգային ավանդույթների, սովորույթների, ծեսերի և ծիսակատարությունների իմացությունը:
- Հաստատությունն ապահովում է երեխայի` ընտանիքին պատկանելության գիտակցության ձևավորումը:
- Հաստատությունը նպաստում է երեխայի մարդասիրական արժեքների ձևավորմանը, նրա մտքի և խղճի ազատության պահպանմանը:
Չափորոշիչ 14. |
Հաստատության աշխատակազմի և երեխաների միջև հարաբերությունները |
- Հաստատությունն ապահովում է երեխայի ինքնուրույնության, անկախության և սեփական արժանապատվության գիտակցության ձևավորումը` հիմնված փոխադարձ հարգանքի, վստահության բարյացակամության, փոխօգնության և համագործակցության վրա:
- Հաստատությունն ապահովում է երեխայի ինքնաճանաչմանը, ինքնագիտակցության զարգացմանը և ինքնահաստատմանը նպաստող մոտեցումներ:
- Հաստատությունն անհրաժեշտության դեպքում հետևողական աշխատանք է տանում երեխաների դրական վարքագծի ձևավորման համար:
- Հաստատության կողմից վարքային խնդիրներ ունեցող երեխայի նկատմամբ կիրառվում է համապատասխան մանկավարժական մոտեցում` մեթոդներ, հնարներ` հաշվի առնելով նրա տարիքը և զարգացման աստիճանը: Արգելվում է որևէ պատժամիջոցի (ներառյալ նաև սննդի, հանգստի և անձնական հիգիենայի պայմանների, ծնողական իրավունքից չզրկված ծնողների, օրինական ներկայացուցիչների, մերձավոր ազգականների հետ տեսակցության սահմանափակումների) կիրառումը:
- Հաստատությունը երեխայի ծնողներին կամ նրա օրինական ներկայացուցիչներին (նրանց առկայության դեպքում) 24 ժամվա ընթացքում տեղեկացնում է երեխայի կատարած իրավախախտումների և նրա նկատմամբ իրավասու մարմինների կիրառած պատասխանատվության միջոցների մասին:
- Հաստատության ղեկավարությունը երեխայի կողմից հաստատությունն ինքնակամ լքելու (երբ անհայտ է երեխայի գտնվելու վայրը) և անհարգելի բացակայության դեպքերում ահազանգում է նրա ծնողներին կամ օրինական ներկայացուցիչներին (նրանց առկայության դեպքում) և ոստիկանության համապատասխան մարմիններին:
- Հաստատությունն անձնակազմին, ծնողական իրավունքից չզրկված ծնողներին և երեխաներին ապահովում է հոգեբանական խորհրդատվությամբ` նրանց միջանձնային հարաբերությունները շտկելու, հարթելու համար:
Չափորոշիչ 15 |
Երեխայի կապն ընտանիքի և մերձավոր ազգականների հետ |
- Հաստատությունն ապահովում է երեխայի կապն ընտանիքի և մերձավոր ազգականների հետ: Երեխայի խնամքը (երեխայի անհատական սոցիալական ծրագիր, ընտանիքի հետ հարաբերությունները պլանավորվում) կազմակերպվում և իրականացվում են` ելնելով երեխայի շահերից:
- Հաստատությունն ապահովում է երեխայի կապն ընկերների, շրջապատի, համայնքի հետ, եթե դա բխում է նրա լավագույն շահերից:
- Հաստատությունն ապահովում է երեխայի կապը հաստատության իր ընկերների և անձնակազմի հետ, երեխայի չափահաս դառնալուց և հաստատությունից դուրս գրվելուց հետո:
- Չի թույլատրվում եղբայրների ու քույրերի տարբեր հաստատություններում տեղավորելը, բացառությամբ այն դեպքերի, երբ նման տեղավորումը բխում է երեխաների լավագույն շահերից։ Հաստատությունն ապահովում է կանոնավոր շփում եղբայրների ու քույրերի միջև, անգամ այն դեպքում, երբ նրանցից մեկը դուրս է գալիս հաստատությունից:
- Երեխային ծանոթ սոցիալական միջավայրը պահպանելու, ծնողների հետ վերամիավորվելու, երեխայի ընտանեկան և ընկերական կապերի պահպանման նպատակով և ուսումը շարունակելու այն կրթական հաստատությունում, որտեղ երեխան ավելի վաղ հաճախել է, երեխան ուղղորդվում է իր բնակության վայրին աշխարհագրորեն ամենամոտ գտնվող հաստատություն, բացառությամբ այն դեպքերի, երբ այն չի բխում երեխայի լավագույն շահերից:
Չափորոշիչ 16. |
Երեխայի հետ տեսակցությունը |
- Հաստատությունն ապահովում է հարմարավետ պայմաններ ծնողական իրավունքից չզրկված ծնողների, օրինական ներկայացուցիչների կամ ազգակցական կապ ունեցող անձանց, կամ երեխային որդեգրել կամ խնամատարության վերցնել ցանկացող անձանց երեխային տեսակցելու համար, բացառությամբ այն դեպքերի, երբ այն չի բխում երեխայի լավագույն շահերից:
Չափորոշիչ 17. |
Կապի միջոցները |
- Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունը պետք է ապահովված լինի կապի անհրաժեշտ միջոցներով, ինչպես նաև հանդիպումների առանձնասենյակով:
Չափորոշիչ 18. |
Հետագա կյանքի անհատական զարգացման ծրագիրը |
- Հաստատությունը շրջանավարտի հետ միասին կազմում է նրա հետագա կյանքի անհատական զարգացման ծրագիրը` շրջանավարտի, իսկ անհրաժեշտության դեպքում նաև նրա ծնողների մասնկացությամբ, եթե դա բխում է երեխայի լավագույն շահերից և նրա ցանկությունից:
- Անհրաժեշտության դեպքում, հաստատությունը խորհրդակցում է այլ մասնագետների հետ: Հետագա կյանքի անհատական զարգացման ծրագիրը կազմվում է երեխայի անհատական սոցիալական ծրագրի հիման վրա:
Չափորոշիչ 19. |
Խորհրդատվություն, տեղեկատվություն` շրջանավարտին |
- Հաստատություննապահովում է 14-18 տարեկան երեխաների շարունակական կրթությունը և մասնագիտական կողմնորոշումը, աջակցումը նրանց աշխատանքի տեղավորմանը` համագործակցելով Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների և գործատուների հետ:
- Հաստատությունըշրջանավարտին` մատչելի ձևով, տրամադրում է տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի, հանրային պաշտպանի գրասենյակի, սոցիալական աջակցություն տրամադրող և առողջապահական կառույցների մասին (միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ, հասարակական կազմակերպություններ և այլն):
- Հաստատությունն, ըստ անհրաժեշտության, շրջանավարտին տրամադրում է հետագա խնամքի աջակցություն և խորհրդատվություն:
- Եթե երեխան տեղափոխվում է այլ հաստատություն, ապա երեխաների պաշտպանության ծառայությունները, ներկա և ապագա հաստատությունների անձնակազմները, ինչպես նաև երեխայի ծնողները, եթե դա բխում է երեխայի շահերից, համագործակցում են միմյանց հետ:
Չափորոշիչ 20. |
Հաստատությունից դուրս գրվող երեխայի փաստաթղթերը |
- Հաստատությունը` հաստատությունից դուրս գրվող շրջանավարտներին կամ կենսաբանական ընտանիք վերադարձող, որդեգրվող, խնամակալության (հոգաբարձության), խնամատար ընտանիք հանձնվող բոլոր երեխաներին ապահովում է համապատասխան փաստաթղթերով (ծննդյան վկայական/անձնագիր, բժշկական քարտ, կերակրողին կորցնելու կենսաթոշակի իրավունք ունեցող երեխային` երեխայի անձնական հաշվում կուտակված կենսաթոշակի գումարի չափի մասին տեղեկանք, ինչպես նաև նրա գույքային իրավունքները հավաստող փաստաթղթեր` եթե այդպիսիք կան):
Չափորոշիչ 21. |
Աշխատողների ընտրությունը, ուսուցումը և վերապատրաստումը |
- Հաստատությունն աշխատակազմի յուրաքանչյուր աշխատողի համար ապահովում է հաստատության ղեկավարի կողմից հաստատված` սույն չափորոշիչներին համապատասխանող աշխատանքի նկարագիրը:
- Աշխատանքի նկարագիրը կազմելիս հաշվի է առնվում աշխատանքային պայմանները, այդ թվում աշխատողների թիվը և աշխատանքի բնույթը:
- Հաստատության աշխատակիցը պետք է ունենա աշխատանքի պահանջին համապատասխան որակավորում, փորձ և հմտություններ: Հաստատության երեխայի հետ անմիջական աշխատակիցը գնահատվում, ընտրվում և անցնում է մասնագիտական վերապատրաստում նախքան երեխայի խնամքի և պաշտպանության պատասխանատվությունը ստանձնելը: Հաստատության աշխատակիցն անցնում է նաև վարքագծի կանոնների, երեխայի անվտանգության և պաշտպանության, առողջության պահպանման և վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, այլ վերապատրաստումներ: Վերապտրաստումներն անցնելու վերաբերյալ հաստատված տեղեկանքը կցվում է աշխատակցի անձնական գործին: Մասնագիտական վերապատրաստումներն իրականացվում են լիազորված պետական մարմնի կողմից՝ ոլորտային կազմակերպությունների հետ համագործակցությամբ։
- Հաստատությունն ապահովում է երեխաների հետ անմիջական աշխատողների պարբերական բժշկական ստուգման իրականացումը:
- Հաստատության յուրաքանչյուր աշխատող կամ ծառայություններ մատուցող պետք է լինի տեղեկացված և հետևի հաստատության կողմից ընդունված և հաստատված վարքագծի կանոններին և երեխայի անվտանգության և պաշտպանության (վարվելակերպի) կանոնակարգին, որոնք հաստատվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:
- Երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատության աշխատակիցների վարքագծի կանոնները և երեխայի անվտանգության և պաշտպանության կանոնակարգը կցվում են երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատության կողմից կնքված պայմանագրերին և հանդիսանում դրանց անբաժանելի մաս:
- Հաստատությունը համապատասխան պետական մարմինների հետ միասին, ապահովում է անձնակազմի և երեխաների համար պարբերական վերապատրաստումներ արտակարգ, այդ թվում նաև` պատերազմական իրավիճակներում` երեխաների անվտանգության հարցերի շուրջ: Վերապատրաստումները պետք է ներառեն հատուկ դասընթացներ` հաշմանդամություն և կրթական հատուկ կարիքներ ունեցող երեխաների հետ և նրանց համար:
Չափորոշիչ 22. Երեխայի տեղավորման դեպքի պարբերական վերանայումը, խնամքի առավել նպաստավոր/նախընտրելի (ընտանիքահեն) տարբերակի հնարավորության դիտարկումը վերամիավորումը ընտանիքի հետ
- Հաստատությունը խթանում և աջակցում է հնարավորինս կարճ ժամկետում երեխայի վերամիավորումն իր ծնողների և ընտանիքի հետ, եթե դա բխում է երեխայի շահերից:
Չափորոշիչ 23. Երեխայի շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատության ստուգումները և վերահսկողությունը
- Պետական և ոչ պետական հաստատություններում՝ կազմակերպչական, ֆինանսական, անձնակազմի թվի և որակավորման, գործունեության, երեխայի ֆիզիկական միջավայրի, աջակցության անհատական սոցիալական ծրագրի, և սույն որոշմամբ սահմանված նվազագույն այլ չափորոշիչների համապատասխանեցման նկատամամբ կանոնավոր մոնիթորինգ է իրականացնում պետական լիազոր մարմինը, առնվազն տարին մեկ անգամ և առանց նախնական ծանուցման։
- Հաստատությունը, իր նպատակների և խնդիրների իրականացման նպատակով, հնարավորինս արդյունավետ կազմակերպում և կառավարվում է իր գործունեությունը` հասանելի ռեսուրսների շրջանակներում:
Չափորոշիչ 24. Կամավորների ներգրավումը
- Հաստատությունն ապահովում է, որ կամավորի ներգրավվումը, եթե այսպիսիք առկա են, բխի երեխաների լավագույն շահերից: Հաստատությանը ներգրավվում է միայն փորձառու և մասնագիտական պատրաստվածություն ունեցող կամավորներ` (սոցիալական աշխատող, հոգեբան, մանկավարժ, բժիշկ, թերապևտ, իրավաբան և այլն):
- Հաստատությունում` կամավորները մասնակցում են միջոցառումներին առնվազն երեք ամիս ժամկետով և պետք է ներգրավված լիեն հատուկ ծրագրերում կամ առաջադրանքներում:
Չափորոշիչ 25. Գործունեության թափանցիկությունը, հաշվետվողականությունը և կայունությունը
- Հաստատությունն աշխատում է թափանցիկ, հաշվետու և կայուն ձևով՝ ապահովելով իր խնամքի տակ գտնվող երեխային մատուցվող ծառայությունների շարունակականությունը:
- Հաստատությունը պետք է ունենա ճգնաժամային կառավարման ծրագիր:
- Հաստատությունը երեխայի և նրա անձնական տվյալները (անունը, ազգանունը, տարիքը, պատմությունը, ընտանիքի վերաբերյալ տեղեկատվությունը, լուսանկարը, և այլն) չպետք է օգտագործի ֆինանսական կամ այլ միջոցներ հայթայթելու նպատակով:
- Հաստատությունը կազմում է տարեկան հաշվետվություն, որն ուղարկվում է պետական լիազոր մարմնին մինչև հաջորդ տարվա հունվարի 30-ը:
Չափորոշիչ 26. Բուլլինգի դեմ հակազդելու ներքին կանոններ
- Հաստատությունը պաշտպանում է երեխային ցանկացած բռնությունից, այդ թվում՝ պարբերական բնույթ կրող ֆիզիկական կամ հոգեբանական ճնշումից կամ հալածանքից՝ բուլլինգից, ապահովում է երեխայի բուլինգի կանխարգելման, բացահայտման, ինչպես նաև բուլինգի վտանգի տակ գտնվող կամ ենթարկված երեխաների պաշտպանության ու վերականգնման համար անհրաժեշտ մեխանիզմները: Հաստատությունը կիրառում է հաստատության ղեկավարի կողմից հաստատված հակաբուլիինգային ներքին կանոնները: Հաստատության անձնակազմը և երեխաներն իրազեկված են և հետևում են հակաբուլիինգային կանոններին:
- Հաստատությունն աջակցում է բուլիինգի ենթարկվող կամ ենթարկված երեխաներին: Հաստատությունն աշխատում է նաև այն երեխաների հետ, ովքեր բուլիինգի է ենթարկում կամ կարող են բուլիինգի ենթարկել այլ երեխաների՝ գնահատելով ռիսկերը:
Չափորոշիչ 27.Երեխայի աջակցության անհատական սոցիալական ծրագիրը
- Հաստատությունը խթանում է երեխայի մտավոր, բարոյական, սոցիալական և հուզական զարգացումը: Երեխայի սոցիալ-հոգեբանական զարգացմանն աջակցող միջոցառումները հիմնված են երեխայի անհատական կարիքների վրա և ներառված են յուրաքանչյուր երեխայի աջակցության անհատական սոցիալական ծրագրում, որն ըստ կարիքի պարբերաբար վերանայվում է, սակայն ոչ ուշ քան եռամսյակը մեկ անգամ:
- Հաստատությունն աջակցում է երեխային՝ հաղթահարելու վերապրած սթրեսը կամ տրավման և զարգացնելու ինքնագնահատականն ու ճկունությունը: Հաստատությունն, ըստ անհրաժեշտության, երեխային ուղղորդում է համապատասխան մասնագետի, մասնավորապես՝ թերապևտի մոտ, կամ ապահովում նրա մասնակցությունը համապատասխան ծրագրերին, որոնք կօգնեն նրան հաղթահարել սթրեսը կամ տրավման:
Չափորոշիչ 28.Հաշմանդամություն կամ կրթության առանձնահատուկ պայամնների կարիք ունեցող երեխաների՝ համապատասխան խնամքը
- Հաստատությունն ապահովում է հաշմանդամություն կամ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին համապատասխան սոցիալական և ֆիզիկական միջավայրով և պայմաններով: Հաշմանդամություն կամ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին հասանելի են բոլոր այն ծառայությունները, որոնք հասանելի են իրենց հասակակից այլ երեխաներին, նրանց բարեկեցությունն ու զարգացումը լիովին խթանելու համար:
- Հաստատության անձնակազմը շարունակաբար վերապատրաստվում է և ստանում է աջակցություն իրենց խնամքի տակ գտնվող հաշմանդամություն կամ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի խնամքը հոգալու նպատակով:
Չափորոշիչ 29.Երեխայի մասնակցությունն իրեն վերաբերող որոշումների կայացմանը
- Հաստատությունն ապահովում է երեխայի մասնակցության իրավունքը` տրամադրելով նրան մատչելի ձևով անհրաժեշտ տեղեկատվություն՝ լսելով և պատշաճ ուշադրություն դարձնելով երեխայի կարծիքին` իրեն վերաբերող հարցերում:
- Հաստատությունը հնարավորություն է տալիս երեխային մասնակցելու բոլոր որոշումներին, որոնք ազդում են երեխայի կյանքի վրա՝ նրա տարիքի և հասունության մակարդակին համապատասխան, այդ թվում՝ ընտանիքի վերամիավորման, այլ հաստատություն տեղափոխվելու, հաստատության կենսապայմանների, հաստատությունից դուրս գրվելու ու անկախ կյանքի պատրաստվելու վերաբերյալ:
- Հաստատությունը, աջակցության անհատական սոցիալական ծրագիրը մշակելիս և իրականացնելիս, հաշվի է առնում երեխայի և նրա ծնողների ու ընտանիքի անդամների հետ կանոնավոր շփման և վերամիավորման հնարավորությունը:
- Հաստատության երեխաների մեծամասնության էթնիկ պատկանելությունը, մշակույթը, կրոնը և ավանդույթները չպետք է պարտադրվի Հաստատության անձնակազմի կողմից այլ էթնիկ պատկանելություն, մշակույթ, կրոն և ավանդույթներ ունեցող երեխային:
Չափորոշիչ 30. Երեխայի արժանապատվությունը և անձնական կյանքի անձեռնմխելիությունը
- Հաստատությունը հարգում է երեխայի արժանապատվությունն ու անձնական կյանքի անձեռնմխելիությունը: Հաստատության անձնակազմին, այդ թվում՝ հաստատությունում խնամվող երեխաներին, արգելվում է բացահայտել կամ օգտագործել հաստատությանը խնամվող երեխայի անձնական կյանքին կամ նրա ընտանիքին վերաբերող որևէ տեղեկություն, բացառությամբ օրենսդրությամբ կամ դատարանի որոշմամբ սահմանված դեպքերի:
Չափորոշիչ 31. Հաստատության լուծարումը կամ վերակազմակերպումը
- Հաստատության լուծարման կամ վերակազմակերպման դեպքում երեխաների և աշխատակիցների հետ բացատրական աշխատանքներ են տարվում, այդ թվում հոգեբանական աշխատանքներ երեխաների հետ այլ հաստատություն տեղափոխելու համար: Երեխաների տեղափոխումն այլ հաստատություններ իրականացվում է պատշաճ ուշադրություն դարձնելով երեխաների կարծիքը, ապահովելով երեխաների իրավունքները, կարիքներն ու շահերը, եղբայրների և քույրերի համատեղ մնալու հնարավորությունը, երեխաների շփումը ծնողների և մերձավոր ազգականների հետ, որոնք զրկված չեն ծնողական իրավունքներից, ինչպես նաև հաշվի առնելով երեխաների միջև առկա հարաբերությունները, շարունակական կրթությունը և երեխաների հետագա կյանքի կազմակերպման հեռանկարները:»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման հավելվածի 40-րդ, 41-ին, 42-րդ և 43-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:
-
Քննարկվել է
27.04.2023 - 15.05.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 2720
Տպել