Հիշել նախագիծը

«ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 «Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը մշակվել է.

1) ելնելով «Թափոնների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) որոշ դրույթների վերանայման և արդիականացման անհրաժեշտությունից, պայմանավորված մի շարք նորմատիվ իրավական ակտերում, մասնավորապես՝ ՀՀ հարկային օրենսգրքում, ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում, Լիցենզավորման մասին օրենքում, Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորման կարգում, վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրումների բնագավառը կարգավորող նորմատիվ իրավական ակտերում կատարված փոփոխություններով և լրացումներով,

 2) Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902 -Լ որոշման N1 հավելվածի «Շրջակա միջավայրի նախարարություն» գլխի 8-րդ բաժնի «3.«Պոլիքլորացված բիֆենիլների գործածության տեխնիկական պայմանները հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը Վարչապետի աշխատակազմ ներկայացնելը» միջոցառման կատարման շրջանակում  և բխում է «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումից, որոնց համաձայն անհրաժեշտ է մասնավորապես՝ հսկել և աստիճանաբար էկոլոգիապես անվտանգ եղանակով վնասազերծել/ոչնչացնել պոլիքլորացված բիֆենիլներ պարունակող յուղերը, որոնք իրենց չափազանց թունավոր հատկությունների պատճառով մեծ վնաս կարող են պատճառել մարդկանց առողջությանը և շրջակա միջավայրին։ Կառավարության 2021-2026 թվականներին իրականացվելիք միջոցառումների ծրագրով սահմանված օրենսդրական կարգավորումներն իրավական ակտերի տեսքով ընդունելու համար անհրաժեշտություն է առաջացել օրենքով սահմանել Կառավարության իրավասությունը՝ այդ նորմատիվ իրավական ակտերի ընդունման համար։

3) Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները մի շարք նոր սահմանումներով լրացնելու, ինչպես նաև դրանցից որոշները հստակեցնելու անհրաժեշտությամբ, մասնավորապես՝ էլեկտրոնային և էլեկտրատեխնիկական սարքավորումների և դրանց թափոնների սահմանումներով լրացնելը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կողմից 2018 թվականի հունիսի 1-ին Դուշանբեում ստորագրված՝ «Էլեկտրոնային և էլեկտրատեխնիկական սարքավորումների թափոնների գործածության բնագավառում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրի դրույթներին ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցնելու, այդ թափոնների հավաքումը, վերամշակումն ու օգտահանումը խթանելու  անհրաժեշտությամբ,

4) Օրենքի հոդվածներում դրանց մասերի, կետերի և ենթակետերի համարակալումները Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքով սահմանված՝ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից, իրավակիրառման ընթացքում օրենքի դրույթներին հղումները հստակ կատարելու համար։

5) Մինչ «Լիցենզավորման մասին» օրենքում 2018 թվականի փետրվարի 8-ի  ՀՕ-104-Ն օրենքով կատարված փոփոխությունները, ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի  N 121-Ն որոշմամբ սահմանված կարգով (այսուհետ՝ լիցենզավորման կարգ) Կառավարության կողմից 18 իրավաբանական անձի անժամկետ տրամադրվել է «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության» (հին նմուշի) լիցենզիա։ Համաձայն «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին 2018 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-104-Ն օրենքի «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակում, վնասազերծում, պահպանում, փոխադրում և տեղադրում» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակն անվանափոխվել է՝ «Վտանգավոր թափոնների գործածություն» գործունեության տեսակի, իսկ լիցենզավորող մարմին սահմանվել է Կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը։ ՀՀ կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 27-ի  N 1029-Ն որոշմամբ փոփոխվել է նաև լիցենզավորման կարգը՝ լիցենզավորող մարմին սահմանելով շրջակա միջավայրի նախարարությունը, ինչպես նաև նախատեսելով լիցենզիային կից տրամադրվող ներդիրներ։ Լիցենզավորման կարգով սահմանված Ձև N3-ով և Ձև N4-ով նախատեսված է տրամադրվող լիցենզիայի (նոր նմուշի) ներդիրներում նշել լիցենզավորված անձանց վտանգավոր թափոնների գործածության թույլատրված կոնկրետ տեսակը (թափոնների հավաքում, փոխադրում, տեղադրում, պահում, մշակում, վերամշակում, օգտահանում, հեռացում, վնասազերծում կամ թաղում), գործունեության վայրը և գործածվող թափոնների տեսակը։ Մինչ 2018 թվականը տրամադրված (հին նմուշի)  լիցենզիաների ձևաթղթերը լիցենզավորված անձանց վտանգավոր թափոնների գործածության թույլատրված կոնկրետ տեսակը և գործածվող թափոնատեսակները չեն ներկայացնում, ինչը 2018 թվականից հետո լիցենզավորված անձանց համար ստեղծում է անհավասար մրցակցային պայմաններ, խոչընդոտ է հանդիսանում թափոնատեսակների մասնագիտացված նոր կազմակերպությունների ստեղծմանը, ինչի հետևանքով բազմաթիվ թափոնատեսակների պատշաճ կառավարումը դառնում է անհնար, անհամապատասխանություն է առաջանում «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված տուրքի վճարման հարցում, քանի որ տուրքի վճարը ներկայումս սահմանված է ըստ (նոր նմուշի) լիցենզիայի ներդիրների քանակի, իսկ նախկինում (մինչև 2018թ.) տրամադրված (հին նմուշի) լիցենզիաները առանց ներդիրների են։

    Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի՝ 14-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետի ա) ենթակետի` վտանգավոր թափոնների հավաքում, պահում, օգտագործում, մշակում, վերամշակում, հեռացում, վնասազերծում, տեղադրում, թաղում գործածության տեսակները ենթակա են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության: Փորձաքննության ընթացքում դիտարկվում են նաև նախատեսվող գործունեության շրջանակներում գործածվող թափոնների տեսակները, գործունեության վայրը, թափոնի գործածության տեսակը՝ հավաքում, պահում, օգտագործում, մշակում, վերամշակում, հեռացում, վնասազերծում, տեղադրում կամ թաղում։ ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի  N 121-Ն որոշմամբ սահմանված կարգի 14-րդ կետի համաձայն լիցենզիաների տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերից է նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունը, ուստի մինչ 2018 թվականը տրամադրված 18 լիցենզիաների (հին նմուշի) և «Վտանգավոր թափոնների գործածության գործունեության» (նոր նմուշի) լիցենզիաների հիման գործունեություն իրականացնող լիցենզավորված անձանց կողմից թափոնների գործածությունը պետք է իրականացվի՝ նախատեսված կոնկրետ վայրում, թափոնների գործածության կոնկրետ տեսակ(ներ)ով և այն թափոնատեսակների հետ կապված, որոնց ազդեցությունը գնահատվում և փորձաքննության է ենթարկվում նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացում։

    Թվարկված խնդիրների կարգավորման նպատակով «Թափոնների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի անցումային դրույթներով առաջարկվում է սահմանել ժամկետ, ինչի ընթացքում «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության» (հին նմուշի)  լիցենզիա ստացած իրավաբանական անձինք իրավունք կունենան  հայտ ներկայացնելու շրջակա միջավայրի նախարարություն` իրենց լիցենզիան վերաձևակերպելու և «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության  գործունեության» (նոր նմուշի)  լիցենզիա ու լիցենզիայի համապատասխան ներդիրներ ստանալու համար:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

    «Թափոնների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ կապահովվի Կառավարության կողմից պոլիքլորացված բիֆենիլների գործածության տեխնիկական պայմանները հաստատելու իրավական հիմքը։     

    Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները կլրացվեն նոր սահմանումներով, իսկ գործող սահմանումներից որոշները կհստակեցվեն։ Օրենքի փոփոխվող և լրացվող հոդվածների մասերի, կետերի ու պարբերությունների համարակալումները կխմբագրվեն՝ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխան։ Օրենքով կամրագրվեն կամ կհստակեցվեն թափոնների կառավարման բնագավառում Կառավարության և լիազոր մարմնի որոշ իրավասությունները։ Օրենքով կամրագրվեն տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունները էլեկտրոնային և էլեկտրատեխնիկական սարքավորումների թափոնների կառավարմանն ուղղված միջոցառումների կազմակերպման հարցերում։ Օրենքում կամրագրվեն և կհստակեցվեն վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորման, ինչպես նաև վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրումների  գործընթացները կարգավորող հիմնական դրույթները և սահմանումները։

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք

   Օրենքի նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

«Թափոնների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում Օրենքի.

1) 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 10-րդ, 11-րդ, 21-րդ և 22-րդ  հոդվածներում կապահովվեն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ և 7-րդ մասերով սահմանված օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանելու պահանջների կատարումը, այն է՝ հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների, մասերը և կետերը համարակալվում են արաբական թվանշաններով,

2) 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ պարբերությունում կատարվող փոփոխությամբ «թափոնների գործածություն» հասկացության բացատրական մասից «թաղմանը»   բառը կհանվի, քանի որ «թափոնների թաղում» և «թափոնների տեղադրում» հասկացությունների նկարագրական մասերը բովանդակային առումով գրեթե կրկնում են միմյանց։ ՀՀ հարկային օրենսգրքում, որպես բնապահպանական հարկով հարկման օբյեկտ սահմանված են մասնավորապես՝ «թափոնների պահում» և «թափոնների տեղադրում» հասկացությունները, իսկ «թափոնների թաղում» հասկացությունը բացակայում է, ուստի թափոնների կառավարմանն առնչվող ՀՀ նորմատիվ իրավական ակտերում միևնույն հասկացությունը կիրառելու նպատակով, առաջարկվող փոփոխությամբ «թափոնների թաղում» գործողությունը կդիտարկվի որպես թափոնների տեղադրման եղանակներից (միջոցներից) մեկը՝ Օրենքի 4-րդ հոդվածի հասկացություններում կատարելով համապատասխան փոփոխություններ և սահմանելով, որ թափոնների մեկուսացման նպատակով «թափոնների տեղադրում» գործունեության տեսակը ներառում է նաև «թափոնների թաղումը», հետևաբար 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ պարբերությունում «թաղումը» բառն ավելորդ է («տեղադրումը» որպես գործունեության տեսակ արդեն առկա է),

3) 4-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ պարբերությունում կատարվող փոփոխությամբ «թափոնների հավաքում» հասկացությանը կներկայացվի ավելի հստակ և պարզ մեկնաբանությամբ,

4) 4-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ պարբերությունում կատարվող փոփոխությամբ. 

ա. «թափոնների մշակում» հասկացությունը կառանձնացվի «թափոնների վերամշակում» հասկացությունից և կներկայացվի առանձին կետի տեսքով, քանի որ այդ երկու գործողությունները հանդիսանում են լիցենզավորման ենթակա գործունեության առանձին տեսակներ, ուստի առաջարկվում է Օրենքում ներկայացնել առանձին սահմանումներով,

բ. «թափոնների վերամշակումը» կսահմանվի որպես թափոնների հատկությունների փոփոխման հետ կապված տեխնոլոգիական գործընթացների իրականացում, իսկ   «թափոնների մշակումը»՝ պարզ գործողությունների իրականացում,

5) 4-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ պարբերությունում կատարվող լրացմամբ կհստակեցվի, որ «թափոնների վնասազերծումը» ներառում է նաև թափոնների ոչնչացումը թափոնների այրման սարքավորումներում՝ առանց էներգիայի վերականգնման (ստացման),

6) 4-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ պարբերությունում կատարվող փոփոխությամբ «թափոնների թաղում» գործողությունը կդիտարկվի որպես «թափոնների տեղադրում» գործողության եղանակ՝ սույն բաժնի 2-րդ կետում ներկայացված հիմնավորմամբ,

7) 4-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ պարբերությունում կատարվող փոփոխությամբ «առանձնացված» բառը կփոխարինվի «հատկացված» բառով, ինչով նշված կետի բովանդակությունը կհամապատասխանեցվի նույն մասի 16-րդ պարբերության «հատուկ հատկացված տեղեր» սահմանմանը, ինչպես նաև կհստակեցվի, որ թափոնների թաղումը հանդիսանում է թափոնների տեղադրման եղանակներից մեկը,

8) 4-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ պարբերությունում «և թաղման» բառերը կփոխարինվեն «կամ տեղադրման» բառերով՝ սույն բաժնի 2-րդ կետում ներկայացված հիմնավորմամբ,

9) 4-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ պարբերությունը «տեղադրման» բառից հետո կլրացվի «կամ պահման» բառերով, քանի որ թափոնների պահումը դրանց ժամանակավոր տեղադրումն է հատուկ հատկացված տեղերում կամ օբյեկտներում և նույնպես շրջակա միջավայրի աղտոտման ռիսկ է պարունակում, ինչպես նաև այն հիմնավորմամբ, որ ՀՀ հարկային օրենսգրքում և մի շարք այլ նորմատիվ իրավական ակտերում «թափոնների տեղադրում» և «թափոնների պահում»  հասկացությունները համատեղ են ներկայացված, և զուգահեռ հանդիսանում են բնապապանական հարկով հարկման ենթակա օբյեկտներ, իսկ համաձայն ՀՀ կառավարության  2005 թվականի դեկտեմբերի 9-ի N 2291-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ կետի՝ թափոնների գոյացման նորմատիվների և դրանց տեղադրման սահմանաքանակների նախագծերը հաստատվում են վտանգավոր թափոնների նաև պահման համար,  ուստի կատարվող լրացմամբ Օրենքով թափոնների տեղադրման և պահման սահմանաքանակներին վերաբերող դրույթները կհամապատասխանեցվեն ինչպես ՀՀ հարկային օրենսգրքի, այնպես էլ Օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերով սահմանված դրույթներին,

10) 4-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ պարբերությունով կսահմանվի որ արգելված թափոնները այն թափոններն են, որոնց ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք արգելվում է, և որոնք արդեն սահմանված են ԵԱՏՄ շրջանակներում ոչ սակագնային կարգավորումներին առնչվող իրավական ակտերով, ինչպես նաև ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N1524-Ն և 2015 թվականի փետրվարի 5-ի N90-Ն որոշումներով,

11) 4-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ պարբերությունում կատարվող փոփոխությամբ «ընդերքօգտագործման թափոններ» հասկացության բացատրական մասում «և այլ թափոններ» ընդհանրական և անորոշ ձևակերպումը կփոխարինվի «պոչանքներ» բառով,

12) 4-րդ հոդվածի 1-ին մասը կլրացվի «էլեկտրոնային և էլեկտրատեխնիկական սարքավորումներ» և «էլեկտրոնային և էլեկտրատեխնիկական սարքավորումների թափոններ» հասկացություններով՝ «Էլեկտրոնային և էլեկտրատեխնիկական սարքավորումների թափոնների գործածության բնագավառում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրով սահմանված հասկացություններին համապատասխան,

13) 4-րդ հոդվածի 1-ին մասը կլրացվի «թափոնների կուտակում» սահմանմամբ, ինչը հնարավորություն կտա թափոններ առաջացնողներին, որոնք չեն իրականացնելու թափոնների տեղադրում կամ պահում, առանց վտանգավոր թափոնների լիցենզիա ստանալու և թափոնների պահման համար նախատեսված հարկեր վճարելու, կարճ ժամկետով (մինչև երեք ամիս) և անվտանգ եղանակով կուտակել թափոնները, մինչև դրանց ապրանքային խմբաքանակ ձևավորելը և այլ անձանց փոխանցելը, կամ իրենց կողմից այդ թափոնների օգտահանում կամ հեռացում կատարելը, ինչը նախապես պետք է ամրագրված լինի համապատասխան փաստաթղթերում,

14) 4-րդ հոդվածի 1-ին մասը՝ «Լիցենզավորման մասին» օրենքին համապատասխան կլրացվի «վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզիա» հասկացությամբ, ինչով կսահմանվի վտանգավոր թափոնների գործածության տեսակները և դրանցով զբաղվելը թույլատրող փաստաթուղթը, 

15) 4-րդ հոդվածի 1-ին մասը կլրացվի «թափոնների մշակում» և «թափոնների տեսակավորում» սահմանումներով, որոնք կնկարագրեն թափոնների գործածության տվյալ տեսակները,

16) 4-րդ հոդվածի 1-ին մասը կլրացվի «վտանգավոր թափոնների պոլիգոն» հասկացությունով, ինչը նկարագրում է Օրենքում օգտագործվող «պոլիգոն» եզրույթը՝ նախատեսված վտանգավոր թափոնների պահման կամ հեռացման համար,

17) 4-րդ հոդվածի 1-ին մասը կլրացվի «մեկանգամյա լիցենզիա» և «եզրակացություն (թույլատրագիր)» հասկացություններով, որոնք սահմանում են Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով, «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով և ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N1524-Ն և ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 489-Ն որոշումներով  սահմանված դրույթներին համապատասխան, լիազոր մարմնի կողմից տրամադրվող վտանգավոր թափոնների անդրսահմանային փոխադրումների թույլտվությունների անվանումները՝ «մեկանգամյա լիցենզիա» երրորդ երկրների հետ անդրսահմանային փոխադրումների դեպքում, և «եզրակացություն (թույլատրագիր)» ԵԱՏՄ անդամ մի երկրի տարածքից մյուս անդամ երկրի տարածք փոխադրումների դեպքում,

18) 4-րդ հոդվածի 1-ին մասը կլրացվի «թափոնների գործածության ստորակարգություն (թափոնների հիերարխիա)» հասկացությունով, ինչը սահմանում է թափոնների գործածության առաջնահերթությունները՝ նախընտրելի քայլերի հաջորդականությունը։ Թափոնների գործածության ոլորտում առաջնահերթ դիտարկվող քայլը դրանց գոյացման կանխարգելումն է և քանակի կրճատումը, հաջորդ նախընտրելի գործողությունը արդեն օգտագործված ապրանքների վերաօգտագործումն է սկզբնական կամ այլ նշանակությամբ, այնուհետև դրանց հաջորդում են թափոնների վերամշակմանը կամ օգտահանմանն ուղղված գործողությունները, թափոնների հիերարխիայի հաջորդ քայլը թափոնների օգտագործումն է ջերմային կամ էլեկտրական էներգիա ստանալու համար, և եզրափակիչ փուլը վերամշակման կամ օգտահանման ոչ պիտանի թափոնների անվտանգ հեռացման ապահովումն է,

19) 4-րդ հոդվածի 1-ին մասը կլրացվի «արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգ» հասկացությունով, ինչը սահմանում օրենսդրությամբ սահմանված որոշ ապրանքներ արտադրողների և ներմուծողների համար միջոցառումների համալիր՝ այդ ապրանքների շրջանառության (արտադրության կամ ներմուծման)   փուլում ֆինանսական կամ ֆինանսական ու կազմակերպական պարտավորությունների նախատեսմամբ, ապահովելու համար այդ ապրանքներից գոյացող թափոնների վերամշակումը կամ օգտահանումը, իսկ վերամշակման կամ օգտահանման համար ոչ պիտանի թափոնների դեպքում՝ դրանց անվտանգ եղանակով հեռացումը։

20) 4-րդ հոդվածը կլրացվի 2-րդ մասով, ինչը հնարավորություն կտա ընդերքօգտագործման թափոններին վերաբերող եզրույթները (օրինակ՝ պոչանքներ, պոչամբար, արտադրական լցակույտ, օգտակար հանածո), որոնք օգտագործվում են սակայն սահմանված չեն Օրենքում, օգտագործել ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով սահմանված իմաստով,

  21) 6-րդ հոդվածի 2-րդ մասում և 21-րդ հոդվածի 1-ին մասում, օրենքում՝ նոր 23.1-րդ հոդվածի տեսքով կատարվող լրացումները թույլ կտան թափոնների գործածության ոլորտում պետական քաղաքականության ուղղությունները համալրել թափոնների կառավարման նոր մոտեցումներով և դրանց իրականացումն ապահովող միջոցառումներով, մասնավորապես կապված թափոնների գործածության ստորակարգության կիրառման, կոշտ կենցաղային թափոնների տեսակավորված հավաքման, ինչպես նաև արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման հետ, որոնք բազմաթիվ զարգացած և զարգացող երկրներում կիրառվող՝ թափոնների կառավարման արդյունավետ գործիքներ և եղանակներ են։

  22) 7-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետից «գոյացման» բառը կհանվի, քանի որ «թափոնների գոյացման կարգ» սահմանելը, և ըստ կարգի պահանջներ ամրագրելը՝ թե ինչպես պետք է գոյանան թափոնները, տնտեսվարողների համար կհանդիսանա անիրականանալի պահանջ,

23) 7-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետում «վերամշակման, վնասազերծման, պահման, փոխադրման և տեղադրման» բառերը կփոխարինվեն «գործածության» բառով, քանի որ տվյալ լիցենզիայի անվանումը «Լիցենզավորման մասին» օրենքով փոփոխության է ենթարկվել,

 24) 7-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետից «և դրանց հեռացման» բառերը կհանվեն, քանի որ տվյալ կետով սահմանված կարգը կարգավորվում է միայն թափոնների անդրսահմանային փոխադրման գործընթացները, և չի կարգավորում թափոնների հեռացումը։ Թափոնների հեռացման կարգավորումները կսահմանվեն նույն հոդվածի «դ» կետով սահմանված կարգով,

25) 7-րդ հոդվածի 1-ին մասը կլրացվի նոր կետով, ինչով կսահմանվի Կառավարության իրավասությունը՝ հաստատելու պոլիքլորացված բիֆենիլների գործածության տեխնիկական պայմանները,

26) 8-րդ հոդվածի 1-ին մասի «դ», «ժա» և «ժէ.4» կետերը «տեղադրման» բառից հետո կլրացվեն «կամ պահման» բառերով՝ սույն բաժնի 9-րդ կետում ներկայացված հիմնավորմամբ,

27) 8-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետում «թույլտվությունների տրամադրման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը» բառերը կփոխարինվեն «մեկանգամյա լիցենզիաների և եզրակացությունների (թույլատրագրերի) տրամադրումը» բառերով։ Փոփոխությունն իրականացվում է Օրենքում թափոնների անդրսահմանային փոխադրման թույլտվությունների անվանումները Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով, Առևտրի և ծառայությունների մասին օրենքով և ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N1524-Ն և ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 489-Ն որոշումներով       սահմանված դրույթներին համապատասխան ներկայացնելու նպատակով,

28) 8-րդ հոդվածի 1-ին մասի «ժա» կետում շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ՝ Լիազոր մարմին) տվյալ գործառույթի անվանումը կներկայացվի «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքին համապատասխան,

29) 8-րդ հոդվածի 1-ին մասի «ժե» կետում կատարվող լրացմամբ կհստակեցվեն Լիազոր մարմնի կողմից ընդունվող գերատեսչական իրավական ակտերի տեսակները. «այդ թվում՝ ուղեցույցեր և հրահանգներ»,

30) 8-րդ հոդվածի 1-ին մասը կլրացվի նոր կետով, ինչով կսահմանվի Լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորում իրականացնելու լիազորությունը, քանի որ «Լիցենզավորման մասին» օրենքում կատարված փոփոխությամբ այդ իրավասությունը տրված է կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնին, որը համաձայն ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 121-Ն որոշման հանդիսանում է շրջակա միջավայրի բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը,

31) Օրենքի 10-րդ և 11-րդ հոդվածներում կատարվող լրացումներով տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համար կամրագրվեն իրավասություններ՝ իրենց վարչական տարածքի սահմաններում կազմակերպել ռեսուրսային արժեք ունեցող և միաժամանակ շրջակա միջավայրի համար վտանգ ներկայացնող թափոնների՝ էլեկտրոնային և էլեկտրատեխնիկական սարքավորումների (ԷԷՍ) թափոնների հավաքման գործընթացին բնակչության ներգրավման կազմակերպումը։ Նշված միջոցառումներին բնակչության մասնակցությունը կապահովի այդ թափոնների հավաքման գործընթացի արդյունավետությունը, բնակչության համար զբաղվածության և լրացուցիչ եկամուտներ ստանալու հնարավորություն կստեղծի, միաժամանակ կլուծվեն մի շարք բնապահպանական խնդիրներ՝ ԷԷՍ թափոնները չեն հայտնվի աղբավայրերում կամ շրջակա միջավայրի օբյեկտներում, ծանր մետաղներով և այլ թունավոր նյութերով չեն աղտոտվի ջուրը, հողը, բուսածածկ տարածքները և մթնոլորտային օդը,

32) Օրենքի 3-րդ գլխի վերնագիրը կլրացվի «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ» բառով, իսկ նույն գլխի վերնագրում «ՍՏԱՆԴԱՐՏԱՑՈՒՄԸ» բառը կփոխարինվի «ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԸ» բառերով, քանի որ թափոնների գործածության ոլորտում ստանդարտացմանը վերաբերող կարգավորումներ Օրենքում և Օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերում առկա չեն, իսկ վտանգավոր թափոնների գործածության լիցենզավորմանը, ինչպես նաև անդրսահմանային փոխադրումների մեկանգամյա լիցենզիաների կամ եզրակացությունների հիման վրա վտանգավոր թափոնների ներմուծմանը և արտահանմանը վերաբերող դրույթներով լրացնելու, առկա դրույթները խմբագրելու առաջարկները ներառված են «Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ  կատարելու մասին» օրենքի նախագծում,

33) Օրենքը կլրացվի նոր 12.1 հոդվածով, ինչով կսահմանվեն Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության գործունեության լիցենզավորման գործընթացը կարգավորող դրույթներ, Կառավարության և լիազոր մարմնի իրավասությունները, լիցենզավորված անձանց իրավունքներն ու պարտականությունները,

34) Օրենքը կլրացվի նոր 12.2 հոդվածով, ինչով կսահմանվի, որ վտանգավոր թափոնների ներմուծումը և արտահանումն իրականացվում են Կառավարության սահմանած կարգով՝ անդրսահմանային փոխադրումների մեկանգամյա լիցենզիաների կամ եզրակացությունների հիման վրա (ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N1524-Ն որոշում՝ երրորդ երկրների հետ առևտրի դեպքում և ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 489-Ն որոշում՝ ԵԱՏՄ անդամ պետությունների հետ առևտրի դեպքում),

35) Օրենքի 12-րդ, 13-րդ, 21-րդ և 22-րդ հոդվածները «տեղադրման» բառից հետո կլրացվեն «կամ պահման» բառերով (համապատասխան հոլովաձևերով)՝ սույն բաժնի 9-րդ կետում ներկայացված հիմնավորմամբ,

36) Օրենքի 13-րդ հոդվածում «ձեռներեցները» բառը կփոխարինվի «ձեռնարկատերերը» բառով՝ ՀՀ նորմատիվ իրավական այլ ակտերին համապատասխանեցնելու նպատակով,

37) Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում կատարվող փոփոխությամբ կհստակեցվի թափոնների հեռացման վայրերի ռեեստրային գրանցման հաշվետվություն ներկայացնողների շրջանակը, քանի որ թափոնների թաղումը ՀՀ-ում հանդիսանում է թափոնների տեղադրման հիմնական եղանակը, իսկ ոչնչացումը՝ թափոնների վնասազերծման գերակշռող եղանակներից մեկը,

38)  Օրենքի 21-րդ և 22-րդ հոդվածներում կատարվող փոփոխություններով թափոնների տեղադրման կամ պահման համար սահմանված բնապահպանական հարկերին առնչվող դրույթները կհամապատասխանեցվեն Հարկային օրենսգրքի դրույթներին, քանի որ «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժը կորցրած է ճանաչվել,

39) «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակում, վնասազերծում, պահպանում, փոխադրում և տեղադրում» գործունեության լիցենզիաներ ստացած իրավաբանական անձինք օրենքով սահմանված ժամկետում իրավունք կունենան հայտ ներկայացնելու լիազոր մարմին և վերաձևակերպելու իրենց լիցենզիաները՝ ստանալով «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների գործածության  գործունեության» լիցենզիա ու լիցենզիայի համապատասխան ներդիրներ, և «Պետական տուրքի մասին» օրենքին համապատասխան վճարել պետական տուրքը՝ ըստ լիցենզիայի ներդիրների քանակի։

   «Լիցենզավորման մասին» օրենքի համաձայն վտանգավոր թափոնների գործածության ոլորտում գործունեություն իրականացնող բոլոր լիցենզավորված անձանց համար կապահովվի գործունեության հավասար պայմաններ։

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

«Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ.

«Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն ուղղված է Կայուն զարգացման 11-րդ նպատակի 11.6 թիրախի, և 12-րդ նպատակի 12.4 ու 12.5 թիրախների նպատակների իրականացմանը։ 

   Նախագիծն ուղղված է նաև Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված N1 հավելվածի «Շրջակա միջավայրի նախարարություն» գլխի 8-րդ բաժնի «3.«Պոլիքլորացված բիֆենիլների գործածության տեխնիկական պայմանները հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը Վարչապետի աշխատակազմ ներկայացնելը» միջոցառման ապահովմանը։ 

  • Քննարկվել է

    20.04.2023 - 05.05.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3791

Տպել