Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ  «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՄԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1133-Լ որոշման N 2 հավելվածով որպես նպատակ նախատեսվել է քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի ուժի մեջ մտնելուց հետո դրանց գործնական կիրառման կապակցությամբ մոնիթորինգի իրականացում: Քրեական, քրեական դատավարության և քրեակատարողական նոր օրենսգրքերի ուժի մեջ մտնելուց հետո իրականացվել է մոնիթորինգ, որը կրելու է շարունակական բնույթ:

Հարկ է նկատել, որ իրականացված մոնիթորինգի արդյունքներով վեր են հանվել քրեական, քրեական դատավարության և քրեակատարողական նոր օրենսգրքերի դրույթների կիրառման կապակցությամբ գործնականում առավել հաճախ ծագող հիմնական խնդիրները, որոնց լուծմանը, իսկ որոշ դեպքրերում արդեն իսկ առկա օրենսդրական կարգավորումների լավարկման նպատակով անհրաժեշտություն է առաջացել ձեռնամուխ լինել համապատասխան օրենսդրական փոփոխությունների իրակնացմանը:  

 

  1. 2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծերով ներկայացված փոփոխությունները և լրացումներն ընդհանուր առմամբ հանգում են հետևյալին.

-ՀՀ քրեական օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվում է, որ ազատության սահմանափակումը դատապարտյալին առանց ուսումնառությունից կամ աշխատանքից կտրելու տնային պայմաններում հսկողության տակ պահելն է: Նույն նորմի 4-րդ մասում նշվում է, որ որոշակի ժամերի տնից բացակայելու արգելքը չի կարող պակաս լինել օրական 8 և չի կարող ավելի լինել օրական 12 ժամից: Քննարկվող հոդվածի 1-ին և 4-րդ մասերի հարաբերակցության առումով որոշակի խնդիրներ են առաջանում այն դեպքերում, երբ դատապարտյալը աշխատում է հերթափոխով կամ սովորականից ավելի երկար աշխատանքային ժամանակով, ուստի տարընկալումներից խուսափելու համար, Նախագծով նախատեսել են համապատասխան կարգավորումներ:

-ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասում կատարվել է որոշակի փոփոխություն, մասնավորապես հանվել է «որի համար դատապարտվում է ազատազրկման» ձևակերպումը, որի առկայության դեպքում ռեցիտիվի կանոներով պատժի նշանակելու գործընթացն առավել որոշակի է դարձել՝ խուսափելով քննարկվող հոդվածի կարգավորումների տարամեկնաբանություններից:  

- ՀՀ քրեական օրենսգրքի 77-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված է, որ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություններով համագործակցության վարույթ կիրառելու դեպքում նշանակվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավել մեղմ պատժատեսակը կամ սույն օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ, կամ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվում: Մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 465-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝  համագործակցության վարույթը կիրառվում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտումը և դրանք կատարած անձանց պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու նպատակով: Այլ կերպ՝ ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքում համագործակցության վարույթ չի կիրառվում, ուստի ՀՀ քրեական օրենսգրքի 77-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանեցվել քննարկվող վարույթի կիրառման հիմքերն ու պայմաններն ամրագարծ քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված կարգավորումներին:

Միևնույն ժամանակ, համագործակցության վարույթի դեպքում պատիժ նշանակելու կարգը սահմանվող հոդվածի քննարկվող մասի բովանդակությունից բխում է, որ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործությունների դեպքում, ի թիվս այլնի, կարող է նշանակվել քրեական օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավել մեղմ պատժատեսակը, մինչդեռ նույն հոդվածի
4-րդ մասի համաձայն՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններով համագործակցության վարույթ կիրառելու դեպքում նշանակվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավել մեղմ պատժատեսակի նվազագույն չափը կամ ժամկետը կամ սույն օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ, կամ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվում: Ստացվում է, որ առավել ծանր հանցագործությունների դեպքում օրենսդիրը պարտավորեցնում է նշանակել առավել մեղմ պատժի նվազագույն չափը կամ ժամկետը, իսկ ոչ մեծ կամ միջին ծանորւթյան հանցագործությունների դեպքում ուղղակի նշվում է, որ կարող է նշանակվել հոդվածի սանկցիայով նախատեսված առավել մեղմ պատիժը: Նման տարբերակումից խուսափելու նպատակով նախագծով նախատեսվել են համապատասխան փոփոխություններ:

- Ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով հանցանքը կատարելը որպես ծանրացնող հանգամանք, ի տարբերություն նախկին քրեական օրենսգրքի, նախատեսվել է շատ ավելի մեծ թիվ կազմող հանցակազմերում, սակայն 171-րդ հոդվածով նախատեսված առողջությանը թեթև վնաս պատճառելու դեպքում այն որպես ծանրացնող հանգամանք չի նախատեսվել՝ հաշվի առնելով վերոնշյալ շարժառիթով առողջության դեմ ուղղված հանցագործության բարձր վտանգավորությունը, նախագծով քննարկվող հանգամանքը նախատեսվել է արարքը որակյալ դարձնող հատկանիշ։

-ՀՀ քրեական օրենսգրքի 479-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական, վարչական կամ քրեական գործով կամ վարչական վարույթով ապացույց, բացատրություն կամ դատավարական փաստաթուղթ կամ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքով ստացված տվյալ կամ առարկա կեղծելը, փոխելը, ոչնչացնելը կամ թաքցնելը կամ կեղծ ապացույց ներկայացնելը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի  6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն՝

2) վարույթի նյութեր` քրեական վարույթը նախաձեռնելուց ի վեր պատշաճ կարգով հավաքված ու ստացված փաստաթղթերի և այլ նյութերի համարակալված ամբողջություն,

3) քրեական գործ` դատարան հանձնված և դատարանում կազմված վարույթի նյութեր:

Այսինքն, օրենսգրքում փաստացի քրեական վարույթով ապացույց կեղծելու պայմաններում հանցակազմը բացակայում է: Ուստի, փոփոխությամբ առաջարկվում է հոդվածը լրացնել հետևյալ կերպ՝ ներառելով նաև քրեական վարույթով ապացույց, բացատրություն կամ դատավարական փաստաթուղթ, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքով ստացված տվյալ կամ առարկա կեղծելը, փոխելը, ոչնչացնելը կամ թաքցնելը կամ կեղծ ապացույց ներկայացնելը:

-Քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածով սահմանված կաշառք տալու հանցակազմի պարագայում օրենսդիրը, որպես այդ հանցանքը որակյալ դարձնող հանգամանքներ նախատեսել է «խոշոր չափը» և «առանձնապես խոշոր չափը», միևնույն ժամանակ, օրենսգրքի հատուկ մասի նորմերի վերլուծությունը ցույց է տալիս, որ օրենսդիրը չի նախատեսել, թե քննարկվող հանցակազմի առարկայի որ չափն է համարվում խոշոր, որը՝ առանձնապես խոշոր։ Դրա հետ մեկտեղ հարկ է փաստել, որ նույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը սահմանել է «հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը, որոնք փաստացի վերաբերելի չեն կաշառք տալու հանցակազմին: Այլ կերպ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետում տրված՝ սեռային հասկացության բնորոշումից հետևում է, որ այն հանդիսանում է որպես սահմանվող հասկացություն, քանի որ ունի բացահայտված կոնկրետ բովանդակություն, որով տալիս է անհրաժեշտ ու բավարար չափանիշ ամեն մի օբյեկտ տվյալ դասի մեջ ներառելու կամ նրանից բացառելու համար: Ըստ այդ բովանդակության և դրանում տրված չափանիշի՝ այն կոչված է լուծելու բացառապես «հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի» չափերի հետ կապված հարցերը, որոնք որևէ կերպ չեն կարող նույնացվել կաշառք տալու հանցակազմի առարկայի չափի հետ, ինչն էլ նշանակում է, որ քննարկվող նորմը չի սահմանել կաշառք տալու հանցակազմի առարկա կաշառքի չափը, ուստի Նախագծով առաջարկվում է այն սահմանել:

-Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ վերանայման բողոքն առանց քննության թողնելու, վարույթ ընդունելու կամ վարույթ ընդունելը մերժելու հարցերը լուծում է կոլեգիալ` Վճռաբեկ դատարանի քրեական պալատի, իսկ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 1-ին հավելվածով նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ վարույթներով՝ հակակոռուպցիոն պալատի՝ կոռուպցիոն հանցանքների քննության դատական կազմի երեք դատավորի կազմով։

Ի տարբերություն վերոնշյալ որոշումները երեք դատավորի կազմով կայացնելու օրենսդրի մոտեցման՝ Քրեական դատավարության նախկին օրենսգրքի կարգավորմամբ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը քննվում էր վճռաբեկ դատարանի քրեական պալատի, իսկ հակակոռուպցիոն պալատում՝ կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ: Նախկին կարգավորումն առավել ընդունելի է այն առումով, որ գործնականում հնարավոր են իրավիճակներ, երբ երեք դատավորի կազմով հարցը քննելիս վճռաբեկ բողոքը վարույթ չընդունվի, մինչդեռ, պալատի կազմով քննարկելու դեպքում վարույթի ընդունելիության հարցի կապակցությամբ ձայները հավասար բաշխվեն, ինչի արդյունքում կկայացվի մեղադրյալի համար բարենպաստ որոշում։ Բացի այդ, Վճռաբեկ դատարանի համապատասխան պալատի բոլոր դատավորները վարույթ ընդունելու փուլից տեղեկացված կլինեն և կմասնակցեն գործի քննությանը, որպիսի պայմաններում նվազում է հավանականությունն առ այն, որ օրինակ՝ ընդունելիության փուլում հարցի քննարկմանը չմասնակցած դատավորները վարույթ ընդունված բողոքի քննարկման ժամանակ կբարձրացնեն առհասարակ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու պայմանների բացակայության հարցը։ Նշվածով պայմանավոված նախագծով նախատեսվել է դատավորների թվի պարզ մեծամասնությամբ քննարկվող որոշումները կայացնելու մասին կարգավորում:

- Քրեական դատավարության օրենսգրքով կարգավորված չէ, թե գրավ ընտրելուց հետո որքան ժամկետում պետք է կատարվի վճարումը։ Գործնականում ժամկետն ընտրվում է վարույթն իրականացնող մարմնի կողմից՝ ողջախոհությունից ելնելով, և մեղադրյալի կողմից գրավը տևական ժամկետով չմուծելը շատ դեպքերում պատճառաբանվում է օրենքով ժամկետ սահմանված չլինելու հանգամանքով, ինչպես նաև վիճարկվում վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշակի ժամկետ սահմանելու հանգամանքը, ուստի տարըմբռնումներից խուսափելու համար նախագծով առաջարկվում է սահմանել ողջամիտ ժամկետ՝ որոշում կայացնելուց և մեղադրյալին հանձնելուց հետո այն մուծելու համար: Միևնույն ժամանակ, նախատեսվում է կարգավորել նաև եռօրյա ժամկետում գրավը չմուծելու դեպքում առաջացող հետևանքը, որպիսի պայմաններում, եթե օրենքով սահմանված ժամկետում գրավը մուծված լինելու փաստաթուղթը չի ներկայացնում վարույթի հանրային մասնակցին՝ քննիչին, ապա այդ դեպքում վերջինս իրավասու է փոխել կամ ընտրել նոր այլ առավել պիտանի խափանման միջոց:

- Նախագծով կանոնակարգվել են գործնականում վեճերի տեղիք տվող նամակագրության և թվային հաղորդագրության այլ ձևերի գաղտնիության իրավունքի սահամանափակման արդյունքում ստացման ենթակա տվյալների ձեռք բերման վերաբերյալ կանոնակարգումները, որոնք գործանականում տարընկալումներ էին առաջացրել նույն տվյալ առգրավման և համանուն գաղտնի քննչական գործողության կատարման արդյունքում ձեռք բերվելու վերաբերյալ, որպիսի հանգամանքներից խուսափելու նպատակով նախատեսվել են առավել ամբողջական կանոնակարգումներ:

-ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 260-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարաններին (այսուհետ՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան) ընդդատյա են առաջին ատյանի կարգով իրականացվող բոլոր վարույթները, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ վարույթների, որոնք ընդդատյա են հակակոռուպցիոն դատարանին:»:

Առկա իրավակարգավորւմների պայմաններում ստացվում է, որ թե՛ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի և թե՛ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի առարկայական ընդդատության շրջանակը կանխորոշվում է առաջին ատյանի հակակոռուպցիոն դատարանի ընդդատությամբ։ Մինչդեռ, Օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. որպես առանձին գործառույթներ են սահմանված՝ քրեական գործերով առաջին ատյանի կարգով վարույթի իրականացում և դատական երաշխիքների վարույթի իրականացում։ Ուստի, հստակություն մտցնելու և տարատեսակ մեկնաբանությունները բացառելու նպատակով, անհրաժեշտ է կատարել օրենսդրական սույն փոփոխությունը:

Նույն տրամաբանության պահպանմամբ էլ անհրաժեշտ է նաև օրենսդրական փոփոխություններ կատարել տարածքային ընդդատության կանոնակարգումներում, մասնավորապես՝ Օրենսգրքի 261-րդ հոդվածի 7-րդ մասում «1-5-րդ» բառերը փոխարինելով «1-6-րդ» բառերով։ Սույն փոփոխությունը նպատակ ունի հոդվածի համապատասխան մասում ներառել նաև դատական երաշխիքների վարույթները:

- Նախագծի 14-րդ հոդվածի Օրենսգրքի 271-րդ հոդվածում լրացվող նոր 5-րդ մասի համաձայն՝ Դատական վարույթում մեղադրյալին կալանքի տակ պահելու անհրաժեշտության հարցը քննարկելիս վարույթին ներգրավված անձանց ներկայությունը պարտադիր չէ: Եթե դատական վարույթում մեղադրյալին կալանքի տակ պահելու մասին որոշումը կայացվել է առանց մեղադրյալի կամ նրա պաշտպանի մասնակցության, ապա հաջորդ դատական նիստում մեղադրյալի կամ նրա պաշտպանի միջնորդությամբ դատարանը վերստին քննարկում է դատական վարույթում մեղադրյալին կալանքի տակ պահելու անհրաժեշտության հարցը:

Սույն կարգավորումը նպատակ է հետապնդում ապահովելու երաշխիք առ այն, որ կալանքի տակ պահելու ժամկետը լրանալու դեպքում, եթե դատարանը ողջամիտ պատճառով հնարավորություն չի ունեցել այդ հարցը քննարկել, ապա առանց մեղադրյալի կամ պաշտպանի ներկայության հնարավորություն ունենա երկարաձգել ժամկետը՝ հաջորդ դատական նիստին վերստին ադ հարցը քննարկելու պայմանով:

Գործնականում հաճախ են հանդիպում դեպքեր, երբ մեղադրյալի ներկայությունը հնարավոր չի լինում ապահովել դատական նիստին կամ պաշտպանը ծանրաբեռնված է լինում, ունենում է նախապես նշանակված մեկ այլ նիստ, իսկ կալանքի տակ պահելու ժամկետը լրանում է, որպիսի պայմաններում վերանում է անձին անազատության մեջ պահելու հիմքը: Ուստի, բացառելու համար գործնականում հաճախ հանդիպող այս խնդիրը, նախատեսվում է կատարել սույն օրենսդրական փոփոխությունը:

- Օրենսգրքի 272-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքի վերաբերյալ վարույթով դատական նիստը դատարանի որոշմամբ անցկացվում է մեղադրյալի բացակայությամբ, եթե վերջինս նախնական դատալսումների ընթացքում նման միջնորդություն է ներկայացրել։ Դատարանը կարող է առանձին դատական նիստին կամ առանձին վարութային գործողությանը մեղադրյալի մասնակցությունը պարտադիր համարել։»:

Մեղադրյալի դատական նիստին մասնակցելը նրա հիﬓական իրավունքն է, որը պետությունը պետք է անվերապահ ապահովի, սակայն դատական նիստին մասնակցելու սուբյեկտիվ իրավունքը պարտականության վերաճելու, և այդ իրավունքից հրաժարվելու դեպքում մեղադրյալի ներկայությունը ձևականորեն ապահովելը չի հետապնդում ոչ մի իրավաչափ նպատակ:

Նշված նորարարությունը համարելով ողջամիտ և հիմնավոր, միևնույն ժամանակ, հարկ է արձանագրել, որ մեղադրյալի համաձայնությամբ դատական նիստերն իր բացակայությամբ անցկացնելու կառուցակարգից առանց որևէ ողջամիտ հիմնավորմամբ դուրս են մնացել ծանր հանցագործության վերաբերյալ գործերը: Բանն այն է, որ այս դեպքում խոսքը չի գնում առանց մեղադրյալի գործի քննության անցկացման մասին, որի համար նախատեսված է այլ դատավարական ընթացակարգ՝ հեռակա վարույթը, որի հիմքը մեղադրյալի ոչ իրավաչափ վարքագիծն է, այլ իր ցանկությամբ դատական նիստին չմասնակցելու մասին: Բացի այդ, առկա իրավակարգավորման թերությունը կայանում է նաև նրանում, որ ըստ գործող օրենսգրքի, մեղադրյալի հիշյալ իրավունքից կարողանում է օգտվել, եթե այդպիսի ցանկություն է հայտնել նախնական դատալսումների ժամանակ, մինչդեռ, այս դեպքում ևս չկա որևէ հիմնավոր պատճառաբանություն թե ինչում մեղադրյալը չի կարող այդ իրավունքից օգտվել նաև հիմնական դատալսումների ընթացքում, որոնք երբեմն կարող են տարիներ տեվել:

    Ուստի, դատական նիստին մեղադրյալի մասնակցությունը պետք է ամրագրել որպես դատավարական սուբյեկտիվ իրավունք, որից նա կարող է հրաժարվել։ Միաժամանակ, ելնելով արդարադատության շահից, դատարանը պետք է ունենա՝ դատական նիստին մեղադրյալի մասնակցությունը պարտադիր համարելու և նրա մասնակցությունն ապահովելու նպատակով նաև քրեադատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու հայեցողական լիազորություն: Դատարանն մեղադրյալի մասնակցությունը կարող է պարտադիր համարել, օրինակ՝ նրա ինքնությունը պարզելու, իրավունքները և պարտականությունները բացատրելու, մեղադրանքի վերաբերյալ նրա դիրքորոշումը ճշտելու նպատակով:

-ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների շրջանակում անհստակությունների լուծում հնարավոր է միայն եզրափակիչ դատական ակտի դեպքում, ինչի արդյունքում, օրինակ հնարավոր չի լինում ոչ եզրափակիչ, սակայն այլ ակտերի մեջ թույլ տրված անհստակությունների լուծումը, մինչդեռ գործնականում հաճախ է նման իրավիճակ առաջանում, որը ևս պետք է լուծել օրենսդրական փոփոխություններով։ Հետևաբար, Նախագծով նախատեսվում է կարգավորումներ, որոնք թույլ կտան լուծելու ինչպես եզրափակիչ, այնպես էլ այլ ակտերի անհստակությունները:

- ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

«Խափանման միջոց կիրառելու, ինչպես նաև կալանքի կամ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վարույթը հարուցվում է քննիչի միջնորդության հիման վրա։

  1. Քննիչի միջնորդությունը պարունակում է՝

(…)

2) քննիչի անունը, ազգանունը և պաշտոնը.

(…):»:

Մինչդատական վարույթում կալանքի միջնորդություն ներկայացնելը քննիչի լիազորությունն է, միաժամանակ այն փուլում, երբ վարույթն իրականացնող մարմին համարվում է դատախազը և կարող է կալանքի հարց քննարկելու անհրաժեշտություն առաջանալ, օրինակ այն դեպքում, երբ դատարանը 310-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն վերադարձնում է քրեական գործը դատախազին խափանման միջոցի հարցը քննարկելու համար, ստացվում է, որ այս փուլում կալանքի ժամկետի երկարացման միջնորդություն ներկայացնելու համար դատախազը չի համարվում սուբյեկտ, իսկ օրենսդիրը նման պայմաններում գործը քննիչին վերադարձնելու մեխանիզմ չի նախատեսում։ Ուստի, սույն փոփոխությունը նպատակ է հետապնդում հստակ սահմանել դատախազի լիազորություն՝ միջնորդություն ներկայացնելու համար:

Օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի համաձայն՝ «Մինչդատական վարույթի ընթացքում հսկող դատախազը «7) սույն օրենսգրքով սահմանված դեպքերում իրավասու է հետ վերցնելու քննիչի՝ դատարան ներկայացրած միջնորդությունը (...)»։ Միևնույն ժամանակ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ խափանման միջոցների կիրառման, ապացուցողական գործողությունների կատարման և սեփականության իրավունքի սահմանափակման դատական երաշխիքների վերաբերյալ կարգավորումները չեն անդրադառնում այն հարցին, թե ինչ որոշում պետք է կայացնի դատարանը դատախազի կողմից իր վերոնշյալ լիազորությունն իրականացնելու պարագայում։ Հետևաբար, նախատեսվում է օրենսդրորեն կարգավորել, թե ինչ որոշում պետք է կայացնի դատարանը դատախազի կողմից համապատասխան միջնորդությունը հետ վերցնելու պարագայում։

- ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ «հանգում է հետևության, որ սույն օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դեպքում անձին ձերբակալելիս հիմնավոր կասկածը ակնհայտ չի եղել անմիջականորեն ծագած։»:

 

Սահմանադրությամբ, ինչպես նաև քրեադատավարական օրենսդրությամբ ձերբակալումը և կալանքը՝ որպես անձնական ազատության իրավունքից զրկելու հիմքեր, նախատեսված է տարբեր ինստիտուտների տեսքով: Մասնավորապես՝ Այսինքն, ձերբակալումը և կալանքը որևէ կերպ չեն կարող նույնանալ, որևէ կերպ չեն կարող լինել միմյանց հետ փոխկապակցված: Մասնավորապես, անմիջական կասկածի հիմքով անձին ձերբակալելու համար այլ գործիքակազմ, հիմքեր և կարգ է սահմանված, կալանքը որպես խափանման միջոց ընտրելու դեպքում՝ այլ:

Վերոնշյալ դիրքորոշումն է արտահայտել նաև Սահմանադրական դատարանը իր 2009 թվականի սեպտեմբերի 12-ի ՍԴՈ-827 որոշմամբ՝ արձանագրելով, որ «Ձերբակալում» և «կալանավորում» ինստիտուտներն ունեն ինքնուրույն բովանդակություն, հետապնդում են միմյանցից ըստ էության տարբերվող նպատակներ, ունեն կիրառման միմյանցից էապես տարբերվող հիմքեր: Դրանցից յուրաքանչյուրն օրենսդիրն ընտրել է որպես ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 1-ին մասում մատնանշված առանձին նպատակների հասնելու ինքնուրույն դատավարական միջոց, և կիրառվում է տարբեր հիմքերի առկայությամբ: Հետևաբար, դրանցից յուրաքանչյուրը, առանց որևէ փոխպայմանավորվածության, փոխկապակցվածության և հաջորդականության, ինքնուրույնաբար կարող է կիրառվել, երբ առկա են դրանով հետապնդվող նպատակները և դրա կիրառման համար անհրաժեշտ հիմքերը:

Խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու միջնորդության քննության արդյունքով դատարանը կայացնում է միջնորդությունը մերժելու մասին որոշում, եթե հանգում է հետևության, որ սույն օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դեպքում անձին ձերբակալելիս հիմնավոր կասկածը ակնհայտ չի եղել անմիջականորեն ծագած, սույն կարգավորումը չունի որևէ տրամաբանական հիմնավորում, ուղղված չէ քրեական վարույթով նախաքննության համակողմանիությունը և պատշաճությունն ապահովելու պահանջի կատարմանը և չի բխում Օրենսգրքի նպատակից, ուստի նախագծով նախատեսվել են կարգովորումներ, որոնց պայմաններում խափանման միջոցի կիրառումը չի պայմանավորվելու ձերբակալման իրավաչափությամբ:

-Նախատեսվել են կարգավորումներ, համաձայն որոնց, եթե դատարանը մերժել է անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը, ապա նույն անձի վերաբերյալ նույն վարույթով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը կրկին կարող է ներկայացվել, եթե վարույթով ի հայտ են եկել կալանքը հիմնավորող նոր հանգամանքներ:

- Օրենսգրքի 292-րդ հոդվածի 11-րդ մասի կարգավորման համաձայն, եթե անգամ պահպանված չեն այդ հոդվածով նշված միջնորդությանը ներկայացվող ձևական պահանջները, ապա դատարանը մերժում է վարույթի հարուցումը, մինչդեռ նախատեսվել է կառուցակարգ՝ ձևական պահանջները շտկելու համար բողոքը վերադարձնել բողոքաբերին՝ ինչպես սահմանված է վերաքննիչ և վճռաբեկ բողոքների դեպքում, երբ դատարաններին իրավունք է վերապահված ձևական պահանջների չպահպանման դեպքում բողոքը վերադարձնել բողոքաբերին թերությունները շտկելու համար։ Կարծում ենք, նման կանոկարգումը նաև արդար դատաքննության և արդարադատության մատչելիության հետ կապված խնդիրներ է առաջացնում:

- Օրենսգրքի 302-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Վարույթի հարուցումը հիմնավորված մերժվում է, եթե պահպանված չէ սույն օրենսգրքի 299-301-րդ հոդվածներով սահմանված որևէ պահանջ:»։

Վերոշարադրյալից բխում է, որ մինչդատական ակտի վերաբերյալ բողոքին ներկայացվող ցանկացած, այդ թվում՝ ձևական որևէ պահանջ խախտելու պարագայում անձը զրկվում է մինչդատական ակտերի իրավաչափության վիճարկման դատական երաշխիքներից (օրինակ՝ բողոքաբերը չի նշել հայրանունը կամ չի նշել բողոքին կցվող նյութերի ցանկը), ուստի առաջարկվում է վարույթի մասնավոր մասնակցի կողմից ներկայացված՝ ձևական պահանջներին չհամապատասխանող բողոքի թերությունները վերացնելու նպատակով այն վերադարձնելու ինստիտուտի ներդրումը։

-Օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Նախնական դատալսումների ընթացքում սույն հոդվածով սահմանված հաջորդականությամբ դատարանը քննարկման առարկա է դարձնում.»:

Հաջորդականության սահմանումը խնդիրներ է առաջացնում ինչպես կալանքի հարցի, այնպես էլ այլ հարցերի (օրինակ՝ մեղսունակությունը պարզելու համար փորձաքննություն նշանակելու) քննարկման համար: Ուստի գտնում ենք, որ սույն հաջորդականության պահպանումը անհարկի ծանրաբեռնում է դատարանին այն պայմաններում, երբ ի հայտ է գալիս այնպիսի հանգամանք, որպիսի պայմաններում առարկայազուրկ է դատական վարույթի հետագա ընթացքը շարունակելը: Հետևաբար, սույն ձևակերպումը վերացնելը դատարանին տալիս է լիազորությունների լայն շրջանակ դատական վարույթի ընթացքում՝ չկաշկանդելով սահմանված հաջորդականությամբ:

-Օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Այն դեպքում, երբ կողմը միջնորդել է կատարել եզրակացությունը կամ կարծիքը տված փորձագետի հարցաքննություն, այդ ապացույցը չի կարող օգտագործվել առանց տվյալ փորձագետի հարցաքննության:»:

Սույն փոփոխության անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ հաճախ հնարավոր չի լինում ապահովել համապատասխան եզրակացությունը կամ կարծիքը տված փորձագետի ներկայությունը դատական նիստին, որպիսի պայմաններում այդ հանգամանքը հանդիսանում է դատական նիստերի անհարկի ձգձգման պատճառ, հետևաբար խուսափելու համար նմանատիպ իրավիճակից, առաջարկվում է նախատեսել ցանկացած փորձաետի հարցաքննությանը մասնակցելու պարտականություն:

-Օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Բողոքին կցվում է բողոքի պատճենը դատական ակտը կայացրած դատարան ուղարկված լինելը հավաստող փաստաթուղթը։»:

Ստացվում է, որ ներկայում դատական վերանայման շրջանակներում դատական ակտը կայացրած դատարանի վրա գործը կամ վարույթի նյութերը վերադաս դատարան ուղարկելուց բացի դրվել է նաև դատական վարույթի մասնակիցներին բողոքի պատճենն ուղարկելու պարտականություն, ինչն իր հերթին ենթադրում է նաև որոշակի ծանրաբեռնվածություն (կապված բողոքի ծավալի և դատավարության մասնակիցների քանակի հետ)։ Բացի այդ, չկա որևէ օրենսդրական լուծում այն դեպքերի համար, եթե, օրինակ, ստորադաս դատարանը բողոքի պատճենը ուղարկի դատավարության ոչ բոլոր մասնակիցներին։ Իսկ նախկին կարգավորումների պայմաններում օրենքի այդ պահանջը պահպանված չլինելը հիմք էր վճռաբեկ բողոքը վերադարձնելու համար։

Այս դրույթի գործնական կիրառության արդյունքում առաջ են գալիս նաև իրավիճակներ, երբ օրինակ՝ վերանայման արդյունքում Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշում կայացնելուց և գործը ստորադաս դատարան ուղարկելուց հետո Վերաքննիչ դատարանից ստացվում են տվյալ գործով բողոքի պատճենը ստանալու վերաբերյալ հետադարձ ծանուցումներ, կամ տարբեր պատճառներով վերադարձված բողոքի պատճեններ, ինչը, իրավական նշանակություն չունենալով, լրացուցիչ կազմակերպական ծանրաբեռնվածություն է առաջացնում։ Ուստի, առաջարկվում է սույն փոփոխությունը կատարել բացառություն նախատեսելով միայն անազատության մեջ գտնվող մեղադրյալների համար:

- Քրեական դատավարության նախկին օրենսգրքով ամրագրված էր համապատասխանաբար վերաքննիչ բողոքը և վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու հիմք, այն է՝ բողոքում նշված հիմքով նույն գործով դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել։

Ի տարբերություն նախկին կարգավորման՝ գործող Օրենսգիրքը վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու նման հիմք չի ամրագրում, որպիսի պայմաններում բողոքը վարույթ ընդունելու հարցի լուծումը պետք է տրվի բողոքի կապակցությամբ դատարանի կողմից այլ որոշում (վճռաբեկ բողոքի պարագայում՝ վարույթ ընդունելը մերժելու մասին որոշում) կայացնելու շրջանակներում։ Ուստի, սույն փոփոխությամբ առաջարկվում է վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու ինստիտուտ։

Քրեադատավարական գործող կարգավորումների պայմաններում վճռաբեկ բողոքի էլեկտրոնային տարբերակը կցելու պահանջ նախատեսված չէ։ Մինչդեռ, հարկ է նկատել, որ վճռաբեկ բողոքի էլեկտրոնային կրիչի դատարան ներկայացնելու պահանջն ինքնանպատակ չէր այն առումով, որ նպաստում էր Վճռաբեկ դատարանի գործառույթների առավել արդյունավետ իրականացմանը՝ վճռաբեկ բողոքի վերաբերելի հատվածների կրկնակի շարադրումից  խուսափելու և ժամանակի ու ռեսուրսների խնայողության առումով։

Հետևաբար, փոփոխությամբ առաջարկվում է նախատեսել Վճռաբեկ բողոքին էլեկտրոնային տարբերակը կցելու կարգավորում:

- Հատուկ վերանայման բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը դատական վարույթի մասնակիցներին ուղարկելը չունի էական կիրառական նշանակություն, սակայն այն ուղարկելը պահանջում է էական նյութատեխնիկական միջոցներ: Բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը դատական վարույթի մասնակիցներին չուղարկելը չի կարող խախտել վարույթի որևէ մասնակցի իրավունք, քանի որ հատուկ վերանայման վարույթի վերաբերելի պայմանների (մասնավորապես՝ դատական ակտի կայացման օրվա, ինչպես նաև բացատրություններ, դրանք հիմնավորող նյութեր և միջնորդություններ ներկայացնելու ժամկետի) մասին վարույթի մասնակիցները կարող են տեղեկացվել ծանուցագրի միջոցով և միայն անհրաժեշտության դեպքում դիմել և ստանալ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշման պատճենը:

Հատուկ վերանայման բողոքն առանց քննության թողնելու մասին կամ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշման պատճենը վերաքննիչ դատարանի կողմից բողոքարկվող դատական ակտը կայացրած առաջին ատյանի դատարան ուղարկելը որևէ կիրառական նշանակություն չունի, իսկ այն չուղարկելը չի կարող խախտել վարույթի որևէ մասնակցի իրավունք:

-   Օրենսգրքի 392-րդ հոդվածով սահմանվում են հատուկ վերանայման ժամկետներ, որոնք դատարանի ծանրաբեռնվածության պայմաններում պահպանելը գործնականում դառնում է անհնար, մասնավորապես՝ գործնական խնդիր է առաջանում այն դեպքում, երբ դատարանը որոշում է կայացնում գրավոր ընթացակարգից բանավոր ընթացակարգին անցնելու մասին։ Օրենսգրքով գրավորից բանավոր ընթացակարգի անցման դեպքում ժանկետներ նախատեսված չեն, անգամ եթե մեկնաբանվի այնպես, որ պետք է պահպանել 392-րդ հոդվածի ժամկետները, գործնականում դառնում է անհնար և խնդրահարույց, օրինակ՝ երբ նման որոշում է կայացվում ժամկետի լրանալու նախորդ օրը կամ 2 օր առաջ։ Օրենսգրքի 392-րդ հոդվածի ժամկետների պահպանումը գործնականում անհնար է դառնում նաև այն դեպքում, երբ դատավորը հրապարակման օրը գործուղման կամ դասընթացների է ներգրավված լինում կամ պարզապես առողջական խնդիրներով պայմանավորված չի կարող որոշումը հրապարակել նշանակված օրը։ Առավել խնդրահարույց է ժամկետների պահպանումն այն դեպքերում, երբ կողմը հայերեն լեզվին չի տիրապետում և գործում առկա նյութերի և փաստաթղթերի թարգմանության անհրաժեշտություն է առաջանում։ Օրենսգրքի 392-րդ հոդվածի ժամկետների պահպանումը գործնականում անհնար նաև այն դեպքերում, երբ առկա է մեկից ավելի բողոք, իսկ բողոքներից մեկը 391-րդ հոդվածի 1-ին մասին համաձայն վերադարձվում է բողոքաբերին թերությունները վերացնելու նպատակով։ Անհստակ է նման դեպքերում ինչ ժամկետներ են գործում, սկիզբը երբ պետք է համարել, արդյունքում բողոքները միասին են քննվում, մեկ որոշում է կայացվում, թե՝ յուրաքանչյուր բողոքով տարբեր որոշումներ, իսկ տարբեր որոշումներ կայացնելու պարագայում՝ արդյոք երկրորդ բողոքի կապակցությամբ կայացված որոշումը տվյալ դատավորի կողմից կարող է կայացվել և արդյոք նման դեպքում դատավորը կասկածի տակ չի դնի իր կողմից կայացված առաջին որոշման իրավաչափությունը կամ հիմնավովածությունը:

Ուստի, փոփոխությամբ նախատեսվում է 392-րդ հոդվածով նախատեսված ժամկետների երկարացման կառուցակարգ՝ դատարանի պատճառաբանված որոշման հիման վրա:

- Օրենսգրքի 393-րդ հոդվածով նախատեսված է Վերաքննիչ դատարանում հատուկ վերանայման արդյունքում կայացվող դատական ակտերի և դրանց հրապարակմանը հաջորդող վարույթի վերաբերյալ կարգավորումները:

Օրենսգիրքը հատուկ վերանայման կառուցակարգի շրջանակներում չի նախատեսել Վճռաբեկ դատարանի կողմից դատական ակտը բեկանելու պարագայում վարույթը նոր քննության փոխանցելու, ինչպես նաև առաջին ատյանի դատարանի դատական ակտին oրինական ուժ տալու հնարավորություն, որպիսի իրավասություն Դատարանն ունի վճռաբեկության կառուցակարգում։

Հարկ է նկատել, որ նախկին օրենդրական կարգավորման պայմաններում ևս գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում Վճռաբեկ դատարանի լիազորությունների շրջանակը սահմանափակ էր։

Օրենսդրի նման մոտեցումը բացատրվում է հատուկ վերանայման վարույթի շրջանակներում բարձրացված խնդիրներին առավել արդյունավետ լուծում տալու, ներառյալ՝ վարույթի շրջապտույտը բացառելու հրամայականով։

Մինչդեռ, հարկ է նկատել, որ հատուկ վերանայման կառուցակարգի շրջանակներում Վճռաբեկ դատարանի կողմից վարույթը նոր քննության փոխանցելու և առաջին ատյանի դատարանի դատական ակտին ուժ տալու լիազորությունների բացակայությունն անձի դատարանի մատչելիության և դատական պաշտպանության իրավունքների ապահովման տեսանկյունից լուրջ խնդիրներ է առաջացնում։

Դրանով պայմանավորված էլ, Վճռաբեկ դատարանը Հրայր Հովսեփյանի գործով 2020 թվականի մայիսի 25-ի թիվ ԵԴ/0426/11/18 որոշմամբ արձանագրել է, որ թեև գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայումը, որպես կանոն, պետք է ավարտվի Վճռաբեկ դատարանում` վերջնական որոշում կայացնելու միջոցով, սակայն որոշ դեպքերում, անձի` դատարանի մատչելիության և դատական պաշտպանության իրավունքների արդյունավետ իրականացման երաշխիքների պաշտպանությունը, ինչպես նաև Վճռաբեկ և Վերաքննիչ դատարանների միջև ձևավորված գործառութային կապի և դատական վերանայման ծավալի վերընթաց նվազման սկզբունքի արդյունավետ կենսագործումը կարող է ապահովվել միայն Վճռաբեկ դատարանի կողմից գործը նոր քննության ուղարկելու արդյունքում։ Այլ կերպ, այդ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից բացառապես գործը նոր քննության ուղարկելը կարող է լինել արդյունավետ միջոց՝ հետևողականորեն երաշխավորելու վերադասության կարգով դատական ակտերի օրինականության վերահսկման սկզբունքի անխախտելիությունը։ Ուստի վերոշարադրյալ պատճառաբանություններով պայմանավորված նախատեսվում է կատարել սույն փոփոխությունը:

Դրանից բացի, հատուկ վերանայման արդյունքում վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը համապատասխան առաջին ատյանի դատարան ուղարկելը կարող է կիրառական նշանակություն ունենալ միայն այն դեպքում, երբ վերաքննիչ դատարանում հատուկ վերանայումն իրականացվել է առաջին ատյանի դատարանում ընթացող վարույթի պայմաններում, և բողոքարկվող դատական ակտը բեկանվել կամ փոփոխվել է: Մնացած դեպքերում հատուկ վերանայման արդյունքում վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը համապատասխան առաջին ատյանի դատարան ուղարկելը չունի կիրառական նշանակություն, սակայն այն ուղարկելը պահանջում է էական նյութատեխնիկական միջոցներ: Առաջին ատյանի դատարանի առաջիկա դատական նիստում հատուկ վերանայման արդյունքում վերաքննիչ դատարանի կայացրած որոշման մասին հայտարարելը կարող է որոշակի կիրառական նշանակություն ունենալ միայն այն դեպքում, երբ բողոքարկված դատական ակտը բեկանվել կամ փոփոխվել է:

- Օրենսգրքի 398-րդ հոդվածով նախատեսված է Վճռաբեկ դատարանում հատուկ վերանայման բողոքով նախնական վարույթի վերաբերյալ կարգավորումները:

Հատուկ վերանայման կարգով բողոքների քննության առանձնահատկությունների հաշվառմամբ՝ կրճատ ժամկետների սահմանման օրենսդրի մոտեցումն ինքնին ընդունելի է։ Սակայն, ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքով հատուկ վերանայման բողոքով նախնական վարույթի չափազանց սեղմ ժամկետների ամրագրման արդյունքում ոչ միայն Վճռաբեկ դատարանի ծանրաբեռնվածությունն է աճել, այլև նման, մեր կարծիքով չարդարացված կարճ ժամկետների սահմանումը լուրջ խոչընդոտ և կաշկանդող գործոն է դարձել Վճռաբեկ դատարանի կողմից իր սահմանադրական գործառույթների պատշաճ իրականացման համար։

Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը հատուկ վերանայման բողոքը վերադարձնելու կամ առանց քննության թողնելու մասին որոշումը կայացնում է վարույթի նյութերը ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում։ Իսկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու կամ վարույթ ընդունելու դեպքերում Վճռաբեկ դատարանը համապատասխան որոշումը կայացնում է վարույթի նյութերն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

Այդուհանդերձ, հաշվի առնելով ինչպես հատուկ վերանայման կարգով բողոքների քննության առանձնահատկությունները, այնպես էլ Վճռաբեկ դատարանի կողմից օրենքի միատեսակ կիրառության և իրավունքի զարգացման գործառույթների իրականացման համար անհրաժեշտ պայմանների ապահովման անհրաժեշտությունը, կայացման ենթակա որոշումների բնույթն ու առանձնահատկությունները, նախատեսվում է փոփխությամբ սահմանել առավել երկար ժամկետներ՝ յոթնօրյա ժամկետի փոխարեն առնվազն տասնհինգօրյա, իսկ տասնհինգօրյա ժամկետի փոխարեն առնվազն մեկամսյա ժամկետ։

- 2.26. Օրենսգրքի 407-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես բացառիկ վերանայման վարույթի հարուցումը որոշմամբ մերժելու հիմք սահմանված է բողոքն իրավասու դատարանի սահմանած ժամկետում օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով կամ 406-րդ հոդվածով սահմանված պահանջներին չհամապատասխանեցվելը:

Վերոնշյալ հիմքի կիրառությունն արդեն իսկ ենթադրում է, որ դատարանը թերությունների վերացման համար պետք է բողոքը վերադարձրած լինի՝ սահմանելով ժամկետ։ Մինչդեռ, Օրենսգիրքը բացառիկ վերանայման կառուցակարգի շրջանակներում բողոքը վերադարձնելու ինստիտուտ չի նախատեսում, ինչը, անգամ տվյալ կառուցակարգի առանձնահատկությությունների հաշվառմամբ, չի կարող արդարացված համարվել։

Ուստի, գործնականում հարցի լիարժեք լուծման տեսանկյունից առաջարկվում է օրենսդրորեն ուղղակի ամրագրել բացառիկ վերանայման կառուցակարգի շրջանակներում բողոքը վերադարձնելու հնարավորությունը։

-Նախագծով օրենսգրքում ներդրվել է ըստ համաձայնեցման տուգանքի նշանակման ինստիտուտը:

Այսպես, պարզեցված վարույթների հարցում միջազգային փորձը շատ հարուստ և արտասահմանյան երկրների քրեադատավարական օրենսդրություններում նախատեսված են քրեադատավարական պարզեցված բազմաթիվ ընթացակարգեր։ Ընդ որում, չկա ձևավորված մեկ միասնական մոտեցում, այլ յուրաքանչյուր պետություն, հաշվի առնելով, իր երկրի իրավական մշակույթը, օրենսդրության կառուցվածը ստեղծում է իր համար նախընտրելի մոդել, որը մի կողմից անհամաչափորեն չի սահմանափակում անձի արդար դատաքննության իրավունքը և մյուս կողմից նպաստում է քրեական գործերի քննության օպտիմալացմանը, ավելորդ ծախսերի նվազեցմանը։

Որպես այլընտրանք դիտարկվում են հիմնականում հետևյալ քրեադատավարական կառուցակարգերի. այսպես կոչված «պարտականությունների մասին հիշեցումը», նախազգուշացումը, պատճառված վնասի հատուցման առաջարկությունը, մեդիացիան, «համաձայնությամբ տուգանքը» (Ֆրանսիա), տրանսակցիան (Նիդերլանդներ), պայմանով քրեական հետապնդումից հրաժարումը (Գերմանիա) և այլն:

Մայրցամաքային մոդելի քրեական դատավարություն ունեցող երկրներում գործում է «Պատժի կարգադրագրի» ինստիտուտն իր տարբեր դրսևորումներով.

ա. Դատական կարգադրագիրն արագացված և պարզեցված վարույթի տեսակ է: Քրեական դատավարության այս ոլորտը նման է վարչական պատասխանատվության վերաբերյալ վարույթին։ Դատական կարգադրագիրը կիրառվում է միայն մեղադրյալի համաձայնությամբ, որպես մրցակցային դատավարությանը կամավոր այլընտրանք: Եթե դատավորը գտնում է, որ ներկայացված նյութերի հիման վրա հանցագործության կատարման փաստն ակնհայտ է, ապա, առանց կողմերի մասնակցության և վկաների, քննում է քրեական զանցանքի վերաբերյալ գործը և կայացնում է որոշում (կարգադրագիր), որը ենթակա է պարտադիր կատարման Հակառակ դեպքում կարգադրագիրը ճանաչվում է անվավեր և կիրառվում է ընդհանուր մրցակցային դատավարություն:

Պատժի կարգադրագրի ինստիտուտ նախատեսված է նաև Լատվիայում, Էստոնիայում և Գերմանիայում:

Էստոնիայի քրեական դատավարության օրենսգրքի 251-րդ հոդվածի համաձայն երկրորդ աստիճանի հանցագործություններով, որոնց համար դատախազը որպես հիմնական պատիժ հնարավոր ․ համարում դրամական տույժի կիրառումը, և եթե պարզված են ապացուցման առարկայի հանգամանքները, դատարանը կարող է դատախազի միջնորդությամբ քննել գործը դատական կարգադրագրի (cy1e6bi ipuka3) կարգով: Դատական կարգադրագրի կարգով իրականացվող վարույթում դատախազը կազմում է մեղադրական ակտ, որը ներառում է հանցագործության հանգամանքները, որակումը, հանցագործությամբ պատճաոված վնասի չափն ու բնույթը, մեղադրանքը հաստատող ապացույցները և կիրաովելիք պատժի տեսակի և չափի վերաբերյալ առաջարկություններ։ Նշված ակտը քրեական գործի նյութերի հետ ուղարկվում է դատարան, իսկ դրա պատճենները տրվում են մեղադրյալին ու նրա պաշտպանին: Էստոնիայի քր. դատ. օր-ի 51-րդ հոդվածի համաձայն դատական կարգադրագրի կարգով գործը ստանալիս դատարանը կայացնում հետևյալ որոշումներից մեկը.

  1. դատական կարգադրի կարգով դատավճիռ, 2. քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշում, եթե կան դրա հիմքերը,
  2. դատական կարգադրագրի կարգով վարույթի մերժման և քրեական գործը դատախազություն վերադարձնելու մասին որոշում:

Գերմանիայի քրեական դատավարության օրենսգրքի վեցերորդ գրքի («Վարույթի հատուկ ձևեր») առաջին բաժինը նվիրված է պատժի մասին դատական կարգադրագրին։ Որոշ զանցանքների կատարման դեպքում, որոնց իրավական հետևանքները կարող են պարզվել առանց դատական քննության, դատախազության գրավոր միջնորդության հիման վրա դատարանը կարող է կիրառել պատժի մասին դատական կարգադրագիր։ Դատախազությունը նման միջնորդություն է ներկայացնում, եթե գտնում է, որ ընդհանուր կարգով գործը քննելու անհրաժեշտություն չկա։

բ. Քրեաիրավական վեճերի լուծման այլընտրանքային միջոց՝ օգտագործվում է տրանսակցիան (transactio պայմանագիր): Քրեական արդարադատության ոլորտում որանսակցիայի կիրառման դուքում իջավասու պետական մարմինները հրաժարվում են քրեական հետապնդումից, եթե մեղադրյալը համաձայնվում է պետական բյուջե վճարել որոշակի գումար (Բելգիա, Նիդերլանդներ)

Նմանատիպ կարգավորում գործում է նաև Ֆրանսիայում, որը կոչվում է՝ «Տուգանք ըստ համաձայնության» (composition penale)։ Դատախազը գործի նյութերն հանձնում է դատարան՝ համաձայնության հաստատման համար։ Ուսումնասիրելով դատախազի դիմումը՝ դատավորը կայացնում է բողոքարկման ոչ ենթակա որոշում՝ համաձայնությունը մերժելու (այդ դեպքում դատախազի առաջարկը կորցնում է իր ուժը), կամ հաստատելու մասին։

«Ըստ համաձայնության դատական տուգանք»-ի առաջարկվող ինստիտուտի հիմնական հայեցակարգային դրույթները հանգում են հետևյալին.

1) Այս կառուցակարգի առարկան են կազմում բացառապես հանրային մեղադրանքի կարգով հետապնդվող ոչ մեծ ծանրության քրեական գործերը,

2) Մեղադրյալը պետք է ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ ենթակետի իմաստով առաջին անգամ կատարած լինի հանցանք,

3) Նախաքննությունը սույն գործերով իրականացվում է ընդհանուր կարգով և ավարտվում է մեղադրական եզրակացության կազմամբ, այն դատախազի կողմից, հաստատելով ու դատարան ուղարկելով,

4) Անձը պետք է նախաքննության փուլում, պաշտպանի ներկայությամբ ընդունի առաջադրված մեղադրանքը և տա իր համաձայնությունը «Ըստ համաձայնության դատական տուգանք»-ի կարգով գործը քննելու վերաբերյալ,

5) «Ըստ համաձայնության դատական տուգանք»-ի կառուցակարգը բացառել այն գործերով, որոնցով վնաս է պատճառվել նաև այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձի, այսինքն՝ կա տուժող,

6) Դատախազը մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին որոշման մեջ պետք է դիրքորոշում հայտնի քրեական գործը «Ըստ համաձայնության դատական տուգանք»–ի կարգով քննելու վերաբերյալ,

7) Դատարանը ստանալով համապատասխան քրեական գործը և հավաստվելով, որ առկա են « Ըստ համաձայնության դատական տուգանք»-ի կիրառման հիմքերը ու պայմանները եռօրյա ժամկետում պետք է որոշում կայացնի քրեական գործի վարույթը ստանձնելու և «Դատական տուգանք»-ի կիրառման վարույթ հարուցելու մասին,

8) Վարույթը հարուցելու որոշման մեջ պետք է նշում կատարվի այն գրավոր ընթացակարգով իրականացնելու մասին՝ սահմանելով դատավճոի կայացման օրը,

9) «Ըստ համաձայնության դատական տուգանք»-ի կիրառման արդյունքում մեղադրական դատավճոով անձի նկատմամբ նշանակվում է հոդվածի սանկցիայով նախատեսված տուգանքի նվազագույն չափը,

10) Կայացված դատավճոի բողոքարկման հիմքերը սահմանափակ են և հանգում են հատուկ վարույթի կիրառման հիմքերի ու պայմանների սխալ կիրառմանը,

11) Դատավճիոը ուժի մեջ է մտնում ընդհանուր կարգով և ուղարկվում է կատաման։

- Անդրադառնալով քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու նախագծին՝ առաջարկվում է լուծել Դատական ակտերն ի կատար ածելու հետ կապված, ինչպես նաև պատժի կատարման ընթացքում ի հայտ եկող հարցերի լուծման կարգի, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժ կատարող հիմնարկների և մարմինների պաշտոնատար անձանց գործողության, անգործության կամ ընդունած որոշումների դեմ ներկայացված բողոքների դատարանում լուծման կարգի, տարբեր դատական ակտերով նշանակված պատիժները համակցելու վերաբերյալ գործնականում մի շարք հանդիպող խնդիրներ, որոնց մի մասը նաև կապված է քրեական օրենսգրքի հետ:

 

3.Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

 

4.Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում կլավարկվեն Քրեական, քրեական դատավարության և քրեակատարողական օրենսգրքերով նախատեսված որոշ իրավակարգավորումներ, որոնք հնարավորություն կընձեռեն լուծելու գործնականում առաջացող խնդիրները:

 

 5.Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունմամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխությունների չի նախատեսվում։

 

6.Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջանալու կատարելու փոփոխություն ոլորտային ենթաօրենսդրական ակտերում:

 

7.Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.

Նախագծերի ընդունումը բխում է Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1133-Լ որոշման պահանջներից:

  • Քննարկվել է

    19.04.2023 - 04.05.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Պետական եկամուտներ, Աշխատանք և զբաղվածություն, Քրեակատարողական, Քրեական օրենսդրություն, Քրեական դատավարություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3116

Տպել

Առաջարկներ`

Սամվել Հակոբյան

20.04.2023

Հանցագործությունների ռեցիդիվը գնահատելու մասին. Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասից հանել ՛՛որի համար դատապարտվում է ազատազրկման՛՛ արտահայտությունը: Նախագծի ընդունման արդյունքում կաստացվի, որ եթե դիտավորյալ հանցագործության համար նախկինում ազատազրկման կամ ցմահ ազատազրկման ձևով պատիժ կրած կամ կրող, դատվածություն ունեցող անձը կատարել է դիտավորյալ հանցանք, որի համար դատապարտվում է, օրինակ՝ տուգանքի (այն դեպքում,երբ, ի թիվս այլնի, հատուկ մասով նախատեսված է նաև ազատազրկման հետ կապված պատիժ), ապա, առաջնորդվելով հանցագործությունների ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելու իրավակարգավորումներով, նրա նկատմամբ պետք է նշանակվի ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետի երկու երրորդից ոչ պակաս պատիժ: Փաստացի կստեղծվի իրավիճակ, երբ դատարանները, հաշվի առնելով, հանցագործությամբ պատճառված վնասի բնույթը և չափը, հանցագործության եղանակը, տեղը, ժամանակը, հանցագործության շարժառիթները և նպատակները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող ու ծանրացնող հանգամանքները, ինչպես նաև նշանակվող պատժի` հանցավորի վերասոցիալականացման և իրավահպատակ վարքագծի ձևավորման գործընթացի ու նրա ընտանիքի կենսապայմանների վրա ազդեցությունը, կցանկանան, բայց չեն կարող անձին դատապարտել տուգանքի, քանի որ նույն օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ նշանակելու հետևանքով առաջացած ռեցիդիվը հանցագործությունների ռեցիդիվը գնահատելիս հաշվի չի առնվում, ուստի: Այլ խոսքով, նույնիսկ եթե անձը դատապարտվի տուգանքի, ապա, առաջարկվող փոփոխությամբ նրա նկատմամբ այն չի կարող կիրառվել, քանի որ, նախագծի ընդունմամբ, դիտավորյալ հանցագործության համար նախկինում ազատազրկման կամ ցմահ ազատազրկման ձևով պատիժ կրած կամ կրող անձանց նկատմամբ անպայմանորեն, ցանկացած պարագայում կնշանակվի ազատազրկման հետ կապված պատիժ, ինչն ուղիղ հակասության մեջ է գտնվում նույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի հետ:

Տեսնել ավելին