Հիշել նախագիծը

««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման


     1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
     Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողությունների ժամանակ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված՝ թափուր զինվորական պաշտոնի նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող անձի կյանքին պատճառված վնասի հատուցումն ապահովելու անհրաժեշտությամբ:
      2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
      «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 39-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների համաձայն՝ առանձնահատուկ դեպքերում թափուր զինվորական (բացառությամբ հրամանատարական կազմի) պաշտոնի կարող է նշանակվել նաև զինվորական ծառայության մեջ չգտնվող անձը` պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով, որի վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում ընդունվել է ՀՀ պաշտպանության նախարարի 15.12.2021թ. N 1477-Լ հրամանը: Դրա հիման վրա համապատասխան թափուր զինվորական պաշտոնը ժամանակավորապես համալրելու հրատապ անհրաժեշտության դեպքում, մինչև այդ պաշտոնին օրենքով սահմանված կարգով զինծառայողի նշանակումը, աշխատանքային պայմանագրով ժամանակավորապես նշանակվում է զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ: Նշված կարգով ԶՈՒ համապատասխան զորամասի թափուր զինվորական պաշտոնի նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող անձը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին առաջնագծում ինժեներական աշխատանքների իրականացման ժամանակ հակառակորդի նախահարձակ հրետանակոծության հետևանքով զոհվել է: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածով սահմանված օրենքի իմաստով զինծառայող համարվող անձինք, սակայն թափուր զինվորական պաշտոնի նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող անձինք այդ շարքում ներառված չեն, որի կապակցությամբ նրանք զրկված են օրենքով սահմանված մարտական գործողությունների ժամանակ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցում ստանալու իրավունքից: Փաստացի ներկա դրությամբ նման խնդիր է ծագել մեկ անձի մասով, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել խնդիրը լուծել համակարգային՝ նման կարգավիճակ ունեցող անձանց ներառելով օրենքի գործողության ոլորտում: Օրենքի ընդունման պարագայում անհրաժեշտություն է առաջանալու համապատասխան լրացում կատարել օրենքի կիրարկման վերաբերյալ ՀՀ կառավարության 02.02.2017թ. N 86-Ն որոշման 1-ին հավելվածում:
      3. Կարգավորման նպատակը և բնույթը
      Օրենքի նախագծի համաձայն նախատեսվում է մարտական գործողությունների ժամանակ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց շարքում լրացնել նաև զինվորական պաշտոնի նշանակված զինվորական ծառայության մեջ չգտնվող անձանց:

      4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Օրենքի նախագծի ընդունումը 2023 թվականի և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում:
     5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Օրենքի նախագիծը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:

  • Քննարկվել է

    17.04.2023 - 03.05.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2354

Տպել