Հիշել նախագիծը

«Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԱՅԳԵՀԻՄՆՄԱՆ ԵՎ ՈՌՈԳՄԱՆ ԱՐԴԻԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Անհրաժեշտությունը։ «Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր և Խաշթառակ բնակավայրերի տնամերձ հողամասերում բարձր բերքատվությամբ, հավաստագրված կամ բուսասանիտարական անձնագիր ունեցող տնկիներով այգեհիմնման, ոռոգման ջրի խնայողաբար և արդյունավետ օգտագործման, հողօգտագործողների եկամուտների աճի ապահովման, ինչպես նաև ՀՀ վարչապետի կողմից 2023 թվականի հունվարի 9-ին Էկոնոմիկայի նախարարությունում անցկացված խորհրդակցության N Վ/05-2023 արձանագրության 3-րդ կետի 9-րդ ենթակետի հանձնարարականի կատարման անհրաժեշտությամբ։

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները։ Հանրապետությունում պտղի և հատապտղի մշակությամբ զբաղվում են բոլոր տարածաշրջաններում, սակայն շարունակվում է խնդիր մնալ հավաստագրված կամ բուսասանիտարական անձնագիր ունեցող տնկիներով տնտեսավարողների կողմից այգետնկում իրականացնելու հարցը։ Խնդիրը վերաբերում է նաև տնամերձ հողամասերում այգետնկումներին։

Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագրի իրականացման հնարավորությունները դիտարկելու նպատակով Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները, Ազգային ժողովի պատգամավոր, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, ոլորտային մասնագետները Տավուշի մարզ իրականացրել են այցելություններ։ Կայացած հանդիպումների և քննարկումների արդյունքում նախատեսվել է փորձնական ծրագիրն իրականացնել Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր և Խաշթառակ բնակավայրերում։

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը։ Գյուղատնտեսության ոլորտում իրականացվող քաղաքականությունն ուղղված է գյուղատնտեսության ինտենսիվացմանը, արտադրողականության բարձրացմանը, հողային ռեսուրսների նպատակային և ջրային ռեսուրսների խնայողաբար ու արդյունավետ օգտագործմանը, պարենային անվտանգության ապահովման մակարդակի բարձրացմանը, անասնաբուծության և բուսաբուծության զարգացմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, արտադրված արտադրանքի իրացմանն ու արտահանման խթանմանը, գյուղատնտեսական ամբողջ արժեշղթայում ընդգրկված սուբյեկտների եկամուտների ավելացմանը։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ: Կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսված է նպաստել գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացմանը, իսկ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության «բարելավել պարենային անվտանգությունը և սնուցումը» առաջնահերթությունում կարևորվում է պարենամթերքի տեղական արտադրության ծավալների ավելացումը։

Կարգավորման նպատակը և բնույթը։

«Տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման փորձնական ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի նպատակն է ընտրված բնակավայրերի տնամերձ հողամասերում այգեհիմնման և ոռոգման արդիական համակարգերի ներդրման արդյունքում խթանել տնամերձ հողամասերում բարձր բերքատվությամբ, հավաստագրված կամ բուսասանիտարական անձնագիր ունեցող տնկիներով այգիների հիմնումն ու ջրային ռեսուրսների արդյունավետ ու խնայողաբար օգտագործումը։

Ծրագիրը կիրականացվի 2023-2024 թվականներին՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի Բերքաբեր և Խաշթառակ բնակավայրերի տնամերձ հողամասերում։ Ծրագրի շահառուներ կհանդիսանան՝ մեկ ամբողջական, առնվազն 100 քառ. մետր ծառերից և այլ գույքից ազատ տնամերձ հողամաս ունեցող տնտեսավարողները։

Համայնքի ղեկավարի կողմից հավաքագրված տվյալների և նախարարության ու մարզպետարանի առաջարկությունների հիման վրա համայնքը կկազմակերպի գնման գործընթաց՝ յուրաքանչյուր բնակավայրի յուրաքանչյուր շահառուի տնամերձ հողամասում այգեհիմնում իրականացնելու համար ծրագրով նշված աշխատանքների գնահատման, նախահաշվի կազմման, գնահատման աշխատանքների արդյունքների ամփոփման և յուրաքանչյուր բնակավայրի համար ամփոփ նախահաշվի կազմման նպատակով։ Ընտրված գնահատողի հետ կնքված պայմանագրի ֆինանսավորումը կիրականացնի Էկոնոմիկայի նախարարությունը։

Տնամերձ հողամասերում այգեհիմնում և ոռոգման արդիական համակարգերի ներդրումն իրականացնելու նպատակով համայնքի ղեկավարը հայտարարում է մրցութային գործընթաց՝ գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով։

Կապալառուի(ների) ընտրության համար պարտադիր պայման է համարվում կապալառուի(ների) գնային առաջարկի չգերազանցումը նախահաշվային արժեքի չափին։

Մրցութային եղանակով ընտրված կապալառուն(երը) պետք է իրականացնի՝

  • յուրաքանչյուր շահառուի տնամերձ հողամասի հողի ագրոքիմիական բաղադրության լաբորատոր փորձաքննություն, կախված փորձաքննության արդյունքներից՝ հողաբարելավում,
  • յուրաքանչյուր շահառուի տնամերձ հողամասում իրականացվելիք աշխատանքների նախահաշվի կազմում,
  • յուրաքանչյուր շահառուի տնամերձ հողամասում ոռոգման կաթիլային համակարգի ներդրում,
  • հավաստագրված տնկիների (բացառությամբ տեղական արտադրության տնկիների, որոնք պետք է ունենան բուսասանիտարական անձնագիր) մատակարարում,
  • յուրաքանչյուր անդամի տնամերձ հողամասում մեկ պտղատեսակով այգետնկում և լարասյունային համակարգի (ըստ անհրաժեշտության՝ կախված տնկու տեսակից) ներդրում,
  • այգեգործության և ոռոգման կաթիլային համակարգերի շահագործման վերաբերյալ անվճար խորհրդատվության տրամադրում՝ այգեհիմնումից հետո առնվազն երկու տարի,
  • տեխնիկական բնութագրով սահմանված աշխատանքների իրականացման ընթացքում ի հայտ եկած թերությունների վերացում։

Կապալառուի(ների) կատարած աշխատանքների ֆինանսավորումը կիրականացվի հետևյալ համամասնությամբ՝ Էկոնոմիկայի նախարարություն՝ 95 տոկոս, համայնք կամ շահառու՝ 5 տոկոս։

Ծրագրի իրականացման համար պետական բյուջեի ծախսը կկազմի ծրագրի ընդհանուր ֆինանսավորման 95 տոկոսը, որը հնարավոր կլինի հաշվարկել «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով պայմանագրի կնքման արդյունքում։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք։

Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:

Ակնկալվող արդյունքը։ Ծրագրի իրականացումից ակնկալվում է 2 բնակավայրերի տնամերձ հողամասերում հավասագրված կամ բուսասանիտարական անձնագիր ունեցող տնկանյութով և ոռոգման կաթլիային համակարգերով ապահովված այգետնկման իրականացում, ջրային ռեսուրսների արդյունավետ և խնայողաբար օգտագործում։

  • Քննարկվել է

    14.04.2023 - 05.05.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3341

Տպել