Հիշել նախագիծը

ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒ ԺԱՄ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅՑՎՈՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒ ԺԱՄ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅՑՎՈՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

    Ազգային ժողովի կողմից 2022 թվականի նոյեմբերի 16-ին ընդունվել է ««Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-435-Ն օրենքը, որով որոշ ընտանեկան գործերով նախատեսվել է պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ: Նշված օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով «Հաշտարարության մասին» ՀՕ-351-Ն օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 12-րդ հոդվածը լրացվել է 7-րդ և 8-րդ մասերով: Մասնավորապես, Օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանվել է, որ եթե օրենքով նախատեսված է մինչև դատարան դիմելը պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ, ապա մինչև երկու ժամ տևողությամբ հաշտարարության իրականացման համար հաշտարարի վարձատրության դրույքաչափը սահմանվում է Կառավարության որոշմամբ: Նույն հոդվածում լրացվող 8-րդ մասով սահմանվել է, որ դատարանի նախաձեռնությամբ հաշտարարություն նշանակվելու դեպքում դատարանի որոշմամբ սահմանված ժամանակահատվածում հաշտարարության իրականացման վարձատրության դրույքաչափը ևս սահմանվում է Կառավարության որոշմամբ։

Հարկ է նշել, որ Օրենքի 12-րդ հոդվածում լրացվող 12-րդ մասով սահմանվել է, որ եթե օրենքով նախատեսված է մինչև դատարան դիմելը պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ, կազմվել է հաշտարարության ավարտման վերաբերյալ արձանագրություն, և հաշտարարության ավարտից հետո նույն անձանց միջև նույն առարկայի մասին և նույն փաստական հիմքերով գործով դատարան ներկայացվել է հայցադիմում, և հայցվորը օրենքով ազատված է պետական տուրքի վճարումից, կամ դատարանը կիրառել է նման արտոնություն, ապա հայցը մերժվելու կամ մասնակի բավարարվելու դեպքում հայցվորին վճարվում է փոխհատուցում պետական բյուջեից` Կառավարության սահմանած չափով և կարգով՝ մինչև երկու ժամ տևողությամբ իրականացված հաշտարարության դիմաց հաշտարարի վարձատրության գումարի վճարման համար։ Միաժամանակ հարկ է նշել, որ կատարված օրենսդրական բարեփոխումների շրջանակներում լրացում է կատարվել նաև Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի 4-րդ մասում, ըստ որի՝ դատարանը վճռի պատճառբանական մասում պետք է անդրադառնա «Հաշտարարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում պետական բյուջեից կողմին վճարման ենթակա գումարի չափին:

Վերոնշյալ օրենսդրական  կարգավորումների կիրարկումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել սահմանել պարտադիր հաշտարարության, ինչպես նաև  դատարանի նախաձեռնությամբ հաշտարարություն նշանակվելու դեպքերում հաշտարարության իրականացման համար հաշտարարին վճարվող վարձատրության դրույքաչափը և պետական բյուջեից հայցվորին վճարման ենթակա գումարի չափը և վճարման կարգը:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

    Օրենքով մինչև դատարան դիմելը պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ նախատեսված լինելու դեպքում հաշտարարության իրականացման մինչև երկու ժամի համար կամ դատարանի նախաձեռնությամբ հաշտարարություն նշանակվելու դեպքում հաշտարարի վարձատրության դրույքաչափը  յուրաքանչյուր մեկ ժամի համար Նախագծով սահմանվում է 10.000 ՀՀ դրամ: Նախագծով սահմանվում են նաև «Հաշտարարության մասին» օրենքով սահմանված դեպքերում մինչև երկու ժամ տևողությամբ իրականացված հաշտարարության դիմաց հաշտարարի վարձատրության վճարման համար հայցվորին պետական բյուջեից վճարման ենթակա փոխհատուցման չափը՝ հաշտարարության յուրաքանչյուր մեկ ժամի համար 10.000 ՀՀ դրամ չափով: Ըստ Նախագծի՝ պետական բյուջեից փոխհատուցումը ստանալու համար հայցվորը դատարանի վճիռն  օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում դիմում է ներկայացնում ՀՀ ֆինանսների նախարարություն՝ դիմումին կից ներկայացնելով դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի և հայցվորի անձը հաստատող փաստաթղթի պատճենը:

  1. Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքը.

    Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել պարտադիր հաշտարարության, ինչպես նաև դատարանի նախաձեռնությամբ հաշտարարություն նշանակվելու դեպքերում հաշտարարության իրականացման համար հաշտարարի վարձատրության դրույքաչափը, ինչպես նաև  մինչև երկու ժամ տևողությամբ իրականացված պարտադիր հաշտարարության դիմաց վճարելու համար հայցվորին պետական բյուջեից վճարման ենթակա գումարի չափը և վճարման կարգը:

  1. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

Նախագիծը մշակվել է «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից:

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտ են լրացուցիչ ֆինանսական միջոցներ:

Այսպես, համաձայն ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում քաղաքացիական գործերի քննության վերաբերյալ 2021 թվականի հաշվետվության՝ 2021 թվականի ընթացքում ստացվել է ընտանեկան իրավահարաբերությունների վերաբերյալ 2819 դատական գործ[1], որոնցից 2495-ը (որոնցից՝ ամուսնալուծության վերաբերյալ՝ 1471 գործ, երեխայի բնակության վայրը որոշելու վերաբերյալ՝ 207 գործ, ալիմենտի պահանջի վերաբերյալ՝ 531 գործ, ալիմենտի չափը փոփոխելու վերաբերյալ 52 գործ, ամուսինների ընդհանուր գույքը բաժանելու վերաբերյալ 35 գործ, երեխայի հետ տեսակցության կարգ որոշելու վերաբերյալ 198 գործ, ամուսնական պայմանագրի փոփոխման կամ լուծման վերաբերյալ՝ 1 գործ) նախատեսվող իրավակարգավորումների պարագայում կլինեին պարտադիր հաշտարարության ենթակա: Միջինացված հաշվարկներով և նշված վիճակագրական տվյալների հիման վրա, յուրաքանչյուր տարվա համար անհրաժեշտ է լինելու մոտավորապես 50 մլն ՀՀ դրամ (2495*20 000 (2 ժամ իրականացված պարտադիր հաշտարարության համար վճարված գումար)): Հարկ է նշել, որ կատարված հաշվարկը խիստ պայմանական է, քանի որ անձը պետական բյուջեից փոխհատուցման ստացման իրավունք է ձեռք բերում միայն այն դեպքում, երբ իրականացված պարտադիր հաշտարարության արդյունքում վեճը չի լուծվում, իսկ դատական կարգով վեճի լուծումից հետո պահանջը մերժվում կամ մասնակի է բավարարվում և  հայցվորը օրենքով ազատված է եղել պետական տուրքի վճարումից կամ դատարանը կիրառել է նման արտոնություն: Հետևաբար, ներկայացված հաշվարկը իրականացվել է հիմք ընդունելով պարտադիր հաշտարարության ենթակա գործերի ընդհանուր թիվը՝ ըստ 2021 թվականի դատական վիճակագրության տվյալների[2], սակայն հնարավոր է, որ շատ ավելի նվազ քանակի գործերի դեպքում առկա լինի փոխհատուցում վճարելու անհրաժեշտություն՝ հաշվի առնելով, որ փոխհատուցման վճարման համար անհրաժեշտ է վերոնշյալ բոլոր պայմանների միաժամանակյա առկայությունը:

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ»

Նախագիծը բխում է 2022 թվականի հուլիսի 21-ի թիվ 1133-Լ Կառավարության որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից (Հավելված 1-ով հաստատված «Վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացում» վերնագրված ռազմավարական նպատակի շրջանակներում), ինչպես նաև Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշումից: Մասնավորապես, նշված որոշման Հավելված 1-ում Արդարադատության նախարարության թիվ 8-րդ նպատակի («Վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացում») միջոցառումների թվում է «Հաշտարարության մասին» օրենքի վերանայմանն ուղղված օրենսդրական փաթեթի մշակումը։ Ի կատարումն նշվածի՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2022 թվականի նոյեմբերի 16-ին ընդունվել է ««Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-435-Ն օրենքը, որի կիրարկումն ապահովելուն է ուղղված  մշակված Կառավարության որոշման ընդունումը:

 

[1] Տե՛ս ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում քաղաքացիական գործերի քննության վերաբերյալ  2021 թվականի տարեկան հաշվետվություն, https://court.am/hy/statistic-type/21, 14.02.2023 դրությամբ:

[2] Հիմք է ընդունվել  2021 թվականի դատական վիճակագրությունը, քանի որ նախագծի մշակման փուլում (11.04.2023թ. դրությամբ) դեռևս հրապարակված չէ 2022 թվականի դատական վիճակագրության հաշվետվությունը:

  • Քննարկվել է

    11.04.2023 - 26.04.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Հաշտարարություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2962

Տպել

Առաջարկներ`

Samvel Amirzadyan

17.04.2023

Հարգելի՝ գործընկեր, Նախագծով սահմանված չէ հաշտարարության իրականացման համար տրամադրված ժամանակի հաշվարկման ձևն ու կարգը: Գտնում եմ, որ անհրաժեշտ է ներդնել ժամանակի հաշվարկի գործիքակազմ՝ հնարավոր անբարեխիղճ դրսևորումներից խուսափելու համար։

Տեսնել ավելին