««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
3 - Կողմ
-
8 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ
ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1․Կարգավորման ենթակա խնդիրը.
««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) նպատակն է՝ բարձրացնել հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարության արդյունավետությունը՝ նվազեցնելով դրա վրա ծախսվող ռեսուրսները։
2․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Ներկայումս ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 398-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հարկային մարմնում վարվող՝ հարկ վճարողի անձնական հաշվի քարտերում Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով չվճարված հարկային պարտավորությունների առաջացման դեպքում, բացառությամբ ստուգման կամ այլ վարչական ակտերով հարկային պարտավորություններ առաջադրված լինելու դեպքերի, հարկային մարմնի նախաձեռնությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցվում է չվճարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթ, եթե չվճարված հարկային պարտավորության չափը գերազանցում է 200 հազար դրամը կամ հարկային պարտավորության առաջացման օրվանից հետո անցել է երկու ամսից ավելի ժամանակ։
Օրենսգրքի 430-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ չկատարված հարկային պարտավորության չափը 1 միլիոն 500 հազար դրամ կամ ավելի կազմելու դեպքում, եթե հարկային մարմնի իրականացրած վարչարարության ընթացքում արդեն իսկ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ հարկ վճարողը կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել հարկային մարմնի ընդունած իրավական ակտի կատարման համար անհրաժեշտ գույքը, ապա հարկային մարմնի ղեկավարը Օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին հանձնարարագիր հրապարակելու:
ՀՀ վճռաբեկ դատարանը 2022 թվականի մայիսի 10-ի թիվ ՎԴ/8932/05/18 արտահայտել է հետևյալ դիրքորոշումը․
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Այսինքն, ՀՀ Սահմանադրությամբ հստակ սահմանվել է յուրաքանչյուրի հարկեր, տուրքեր և այլ վճարներ վճարելուց ազատվելու անհնարինությունը։
Օրենսգրքի 44-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկային պարտավորությունը ծագում է Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում։
Փաստորեն, պարտավորությունը առաջանում է ոչ թե վարչական ակտի հիմքով, այլ օրենքի ուժով, ինչից էլ հետևում է, որ գանձման որոշումն ընդամենը դրա գանձման` օրենքով սահմանված միջոց է: Այսինքն՝ չկատարված հարկային պարտավորությունների գանձման մասին որոշմամբ հարկային պարտավորություններ չեն առաջադրվում, քանի որ հարկային պարտավորություններն արդեն իսկ առաջացել են օրենքի ուժով, հետևաբար, կայացվում է արդեն իսկ առկա և օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում չվճարված հարկային պարտավորությունների գանձման վերաբերյալ որոշում։
Սակայն ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ եթե վարույթն իրականացրած մարմնի կողմից թույլ տրված ընթացակարգային խախտումը գնահատվել է էական (որոշիչ), որն ազդեցություն է ունեցել ակտի նյութական իրավաչափության վրա՝ այդպիսով հանգեցնելով դրա անվավերությանը, ապա չի կարող հետագայում այդ խախտումը վերացվելու միջոցով նույն անձի նկատմամբ վերջինիս դրսևորած վարքագծի հիման վրա վարչական մարմնի կողմից իրականացվել կրկնակի վարչարարություն և ընդունվել նոր վարչական ակտ:
Ուստի այն դեպքերում, երբ վարչական ակտն անվավեր է ճանաչվում վարչական մարմնի կողմից օրենսդրությամբ սահմանված ընթացակարգային նորմերի պահանջների խախտված լինելու հիմքով, որոնք ազդեցություն են ունեցել որոշման նյութական իրավաչափության վրա և խախտել շահագրգիռ անձանց հիմնական իրավունքները, ապա տվյալ դեպքում վարչական մարմինը չի կարող իրականացնել գործի կրկնակի քննություն և վերացնելով գործի քննության նախորդ վարույթի շրջանակներում թույլ տրված խախտումները՝ կայացնել նույնաբովանդակ վարչական ակտ:
Առաջանում է մի իրավիճակ, որում ընթացակարգային նորմերի խախտման հետևանքով հնարավոր չի լինում իրականացնել չվճարված հարկային պարտավորությունների գանձումը։
Սակայն, քանի որ պարտավորությունը առաջանում է ոչ թե վարչական ակտի, այլ օրենքի ուժով և դրա դադարման հիմք առկա չէ, ուստի նշված պարտավորությունները միևնույն է ենթակա են կատարման, մինչդեռ բացակայում է համապատասխան գործիքակազմը։
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենսգրքի 398-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ հարկային մարմնի իրականացրած հարկային հսկողության արդյունքներով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտերով հարկային պարտավորություններ առաջադրված լինելու դեպքում նշված ստուգման կամ այլ վարչական ակտերը դառնում են անբողոքարկելի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում, ուստի անվիճելի հարկային պարտավորությունների և ստուգման անբողոքարկելի ակտերի առկայությունը ենթադրում է արդեն իսկ եզրափակված վարչական վարույթ, որի շրջանակներում հարկ վճարողը ունեցել է իր իրավունքների վարչական և դատական պաշտպանության իրավունքները իրացնելու հնարավորություն՝ նախատեսվում է, որ չվճարված անվիճելի հարկային պարտավորությունների և ստուգման անբողոքարկելի ակտերի առկայության դեպքում լրացուցիչ վարչական վարույթ չի հարուցվելու, այլ հարկային մարմնի կողմից որպես պարտավորության գանձման միջոց կիրառվելու է միայն բանկային արգելանք, որը պարտադիր է լինելու բոլոր առևտրային բանկերի համար և ենթակա կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
Վերոնշյալից համապատասխան նախատեսվում է փոփոխություններ կատարել ««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք)։
Օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դրոշմանիշային վճարների պարտավորության գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկային մարմինը որոշում է կայացնում դրոշմանիշային վճար վճարողից (եթե դրոշմանիշային վճարը, նույն օրենքի համաձայն, պետք է կատարվի հարկային գործակալի միջոցով, ապա հարկային գործակալից) ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում դրոշմանիշային վճար վճարողին (հարկային գործակալին): Մինչև գումարի գանձման վերաբերյալ որոշման անբողոքարկելի դառնալը պարտավոր անձի գույքի վրա հարկային մարմինը կարող է դնել արգելանք կամ կիրառել սահմանափակում՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով: Դրոշմանիշային վճարները սահմանված ժամկետից ուշ վճարելու դեպքում հարկային օրենսդրությամբ սահմանված տույժեր չեն հաշվարկվում:
Վերոնշյալ հոդվածը նախատեսվում է շարադրել նոր խմբագրությամբ՝ սահմանելով, որ դրոշմանիշային վճարների պարտավորության գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկային մարմինը չվճարված պարտավորությունների կատարումն ապահովումը, ինչպես նաև հարկադիր կատարմանն ուղղված միջոցները իրականացնում է Օրենսգրքով սահմանված կարգով:
Միաժամանակ, նախատեսվում է, որ վերոնշյալը տարածվելու է ««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առաջացած չկատարված պարտավորությունների վրա, իսկ նույն օրենքն ուժի մեջ մտնելը առաջացած և՝ չկատարված կամ չգանձված պարտավորությունների ապահովման՝ Օրենսգրքով սահմանված արգելանքի հանձնարարության տրման 3-օրյա ժամկետը հաշվարկվում է նույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 10-րդ օրվանից և չկատարված պարտավորությունների ապահովման և հարկադիր կատարման նկատմամբ կիրառվում են Օրենսգրքի 19-րդ բաժնով սահմանված կարգավորումները։
- Առաջարկվող կարգավորման բնույթը․
Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել 1 ««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագծերը մշակվել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կողմից:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2019թ. դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1830-Լ որոշմամբ հաստատված հավելված 2-ի 2.1.14-րդ կետով սահմանված «ներդնել հարկային պարտավորություններ ի կատարումն ապահովող արգելադրման արդյունավետ գործիքակազմ» միջոցառման հետ։
- Նպատակը և ակնկալվող արդյունքը.
Նախագծով կնախատեսվի, որ դրոշմանիշային վճարների պարտավորության գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկային մարմինը չվճարված պարտավորությունների կատարումն ապահովումը, ինչպես նաև հարկադիր կատարմանն ուղղված միջոցները իրականացնում է Օրենսգրքով սահմանված կարգով։
- Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.
««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Քննարկվել է
10.04.2023 - 25.04.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 2087
Տպել