«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 7-ի N 446-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
-
3 - Կողմ
-
5 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 446-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
2022 թվականի ապրիլի 7-ին ՀՀ կառավարության կողմից ընդունվել է «Առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների առանձնահատկություններով պայմանավորված տրվող հավելումների վճարման չափերը, կարգը, ինչպես նաև առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների շրջանակը սահմանելու մասին» N 446-Ն որոշումը, որով սահմանվել էին առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների շրջանակը, ինչպես նաև առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների առանձնահատկություններով պայմանավորված տրվող հավելումների վճարման չափերը: Հիշյալ որոշման հիմքում դրված էր այն տրամաբանությունը, որ առանձնակի ռիսկայնությունը և մասնագիտացումը առկա է կոռուպցիոն գործերով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողական և վերահսկողական գործառույթներ իրականացնող դատախազների գործունեությունում, ուստի համապատասխան պաշտոնների շրջանակը ներառում էր միայն ՀՀ գլխավոր դատախազի, ՀՀ գլխավոր դատախազի՝ ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված կոռուպցիոն հանցագործությունների ցանկով նախատեսված գործերով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և մեղադրանքի պաշտպանությունը, ինչպես նաև այդ գործերով պետության շահերի պաշտպանության ոլորտը համակարգող տեղակալների, ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի, ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների պաշտոնները:
2023 թվականի մարտի 22-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է ««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը: Հիշյալ օրենքն ընդունելիս օրենսդիրն առաջնորդվել է այն փաստով, որ առանձնակի ռիսկային է և մասնագիտացում է պահանջում դատախազի պաշտոնն ինքնին՝ անկախ իրականացվող գործառույթների բնույթից, հետևաբար անհրաժեշտ է հավելումներ տրամադրել բոլոր դատախազներին: Օրենքը 2023 թվականի մարտի 31-ին ստորագրվել է ՀՀ Նախագահի կողմից:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 7-ի N 446-Ն որոշումը՝ պայմանավորված դատախազներին տրվող հավելումները օրենքով սահմանված լինելու և առանձին հատվածական կարգավորումները բացառելու հանգամանքով:
2.Առաջարկվող կարգավորման բնույթը.
Հաշվի առնելով վերոգրյալը՝ մշակվել են «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 7-ի N 446-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» կառավարության որոշման նախագիծը: Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է ճանաչել ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ գլխավոր դատախազի՝ ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված կոռուպցիոն հանցագործությունների ցանկով նախատեսված գործերով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը և մեղադրանքի պաշտպանությունը, ինչպես նաև այդ գործերով պետության շահերի պաշտպանության ոլորտը համակարգող տեղակալներին, ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալին, ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազներին հավելումներ տրամադրելու հնարավորություն նախատեսող օրենսդրական դրույթները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման կարգավորումները այսուհետ նախատեսված են լինելու «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով:
3.Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կողմից:
4.Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ կապահովվեն բոլոր դատախազներին աշխատանքի ռիսկայնությանը համահունչ վարձատրություն տրամադրելու միասնական օրենսդրական կարգավորումները:
5.Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
6.Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 7-ի N 446-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտությունը բացակայում է:
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիր.
Նախագծի ընդունումը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:
-
Քննարկվել է
04.04.2023 - 20.04.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն, Հանրային ծառայություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 2678
Տպել