Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐՈՎ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԵՎ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ) ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿԱՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԱԿԱԼԱՎՐԻ ԵՎ ՄԱԳԻՍՏՐՈՍԻ ԿՐԹԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐՈՎ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԵՎ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ) ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է կրթության ոլորտում ընթացող բարեփոխումներից, ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը»  հաստատելու մասին» օրենքի պահանջներից։

 2. Ընթացիկ իրավիճակը.

Բարձրագույն կրթության ֆինանսավորման գործող սկզբունքները և մեխանիզմներն այնքան էլ համահունչ չեն ոլորտում բարեփոխումների ընդլայնմանն ու իրագործմանը։ Բարձրագույն և մասնագիտական կրթության ոլորտում կիրառվում է կրթաթոշակային քաղաքականություն, պետական բյուջեից հատկացվում են զգալի միջոցներ, սակայն դա  խթան չի հանդիսանում սովորողների առաջադիմության ու կրթական արդյունքի բարելավման համար՝ հաշվի առնելով մեկ ուսանողին հատկացվող կրթաթոշակի չափը, որը տատանվում է 4-5 հազար Հայաստանի Հանրապետության դրամի սահմաններում։ Հատկացված միջոցները չեն կարող համարվել նպատակային: Անհրաժեշտություն է  առաջացել կրթաթոշակային քաղաքականության վերանայման՝ մեծացնելով յուրաքանչյուր ուսանողին տրվող կրթաթոշակի չափը և հստակեցնելով կրթաթոշակի տրամադրման պայմաններն ու պահանջները:

Ներկայումս  բարձրագույն, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում  սովորողների նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 14-ի N 217 որոշման կարգավորումներն ու պետական կրթաթոշակի չափերը`

1) պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների պետական պատվերով սովորող ուսանողների կրթաթոշակի չափը` 5000 դրամ, իսկ ավարտական կուրսերի ուսանողներինը` 5200 դրամ, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների կրթաթոշակի չափը` 4750 դրամ, նախնական արհեստագործական ուսումնական հաստատությունների սովորողների կրթաթոշակի չափը` 4650 դրամ.

2) պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների պետական պատվերով սովորող մագիստրոսների կրթաթոշակի չափը` 5500 դրամ:

Պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների քննաշրջանի արդյունքով միայն «գերազանց» գնահատականներ ունեցող պետական պատվերով սովորող ուսանողների կրթաթոշակի չափը է  6050 դրամ, ավարտական կուրսերի ուսանողներինը և մագիստրոսներինը` 6300 դրամ

«Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» (Հոդված 7-ի 3-րդ մաս) և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» (Հոդված 15-ի 9-րդ մաս) օրենքներով նույնպես նախատեսվում է կրթաթոշակի սահմանում, որի տրամադրման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը (ՀՀ կառավարության 2006 թվականի
հուլիսի 27-ի N 1183-Ն որոշում):

Ուսանողների կրթաթոշակը էական ազդեցություն չի գործում ոչ մատչելիության և ոչ էլ կյանքի որակի վրա, մինչդեռ էապես ավելացնում է կառավարության ծախսերը` ուսանողներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասով։

Միաժամանակ, ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 29-ի N 1005-Ն որոշմամբ հաստատված կարգի  համաձայն  անվանական կրթաթոշակներ են տրամադրվում  Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների լավագույն առաջադիմությամբ ուսանողներին՝ մրցութային կարգով: Մրցույթն անցկացվում է բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով` ըստ հետևյալ ոլորտների`

1) բնագիտական (այդ թվում` մաթեմատիկական-տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաներ (ՏՀՏ).

2) բժշկություն.

3) հումանիտար գիտություններ.

4) հասարակագիտություն.

5) ճարտարագիտություն (այդ թվում` ճարտարապետական/գյուղատնտեսական).

6) մշակույթ-սպորտ.

7) հայագիտություն:

Մրցույթին կարող են մասնակցել առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրի 2-4-րդ կուրսերի, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով` առաջին կիսամյակն ավարտած Հայաստանի Հանրապետության պետական և հավատարմագրված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները:

Յուրաքանչյուր բուհից, ըստ ոլորտների և կրթական ծրագրերի մրցույթին մասնակցում են մեկական հաղթողներ (հաղթողները որոշվում են բուհի կողմից կազմակերպված ներբուհական մրցույթի արդյունքում, որը մրցույթի 1-ին փուլն է):

Մրցույթի վերջնական արդյունքներն ամփոփում է մրցութային հանձնաժողովը (2-րդ փուլ), որի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը (3 ներկայացուցիչներ` նախարարությունից, 3-ը` բուհերի ուսանողներից, 4-ը` բուհերի մրցույթի կազմակերպիչներից):

Նախագծի հաստատումից և ուժի մեջ մտնելուց հետո՝ ներառյալ 2022/2023 ուսումնական տարին բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունված սովորողների (այդ թվում նաև անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով կազմակերպվող բժշկական մասնագիտությունների համար) նկատմամբ, սահմանված կարգով և ժամկետներում՝ մինչև նրանց ուսումնառության ավարտը, շարունակվելու է կիրառվել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 14-ի N 217 որոշման կարգավորումներն ու պետական կրթաթոշակի չափերը։

3. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի կարգավորումները ուղղված են նաև  պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտություններով ընդունելության համար գրավիչ պայմաններ ստեղծելուն՝ հաշվի առնելով այդ մասնագիտություններով ընդունելության  ցուցանիշները, ինչպես նաև բարձր կրթաթոշակների միջոցով լրացուցիչ խթանող քայլերի՝ առավել պահանջարկ ունեցող աշխատատեղերի համալրման խնդրի համաչափ կարգավորման նպատակով;

 Նախագծով առաջարկվող կրթաթոշակի պայմանները  բխում են գործող օրենքներով սահմանված կարգավորումներից;

Հիմք ընդունելով ոլորտում իրականացված, այդ թվում Էկոնոմիկայի նախարարության  տրամադրած վերլուծությունները, սահմանվել են պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտությունները /մասնագիտական մանկավարժություն՝ ըստ ԲՏՃՄ ուղղությունների/:

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի ընդունմամբ նախատեսվում է կրթաթոշակի նոր համակարգ, նոր մոտեցումներ ուսման վարձի փոխհատուցմանը, որպես  ֆինանսական խրախուսման միջոց՝ ուղղված ինչպես  առաջադիմության համար /լավագույն ուսանողներին անվանական կրթաթոշակներ և այլն/ այնպես էլ ուսուցման հետ կապված այլ ծախսերին /կեցության, սննդի, փոխադրամիջոցի/՝ բացառելով բարձր առաջադիմություն ցուցաբերող, սակայն սոցիալապես անապահով կամ վճարունակության ոչ բավարար մակարդակ ունեցող ուսանողների անվճարունակության պատճառով  բուհական կրթական համակարգից դուրս մնալու դեպքերը։

Նախագծի ընդունման նպատակն  է նաև հասանելի և մատչելի  կրթական ծառայությունների ապահովումը օրենքով նախատեսված սոցիալական խմբերի  բարձրագույն և մասնագիտական կրթություն ստանալու համար ֆինանսական աջակցության մեխանիզմների բազմազանեցումը, այդ թվում՝ կրթաթոշակների տրամադրման մեխանիզմների էական լավարկման միջոցով։

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել կրթաթոշակի տրամադրամն նոր պայմաններ ու չափեր, որոնք  կնպաստեն ՀՀ տնտեսությունը և աշխատաշուկան նոր և որակյալ կադրերով ապահովելուն, ինչպես նաև համապատասխան բուհերի՝ պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտություններով ընդունելության տեղերի  մրցակցության բարձրացմանը

Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, ցանկում ընդգրկված մասնագիտության համապատասխան կրթական ծրագրերով 2023-2024 ուսումնական տարում բուհ ընդունված ուսանողները կստանան որոշմամբ սահմանված կրթաթոշակը:

Նախատեսվում է, որ 2023/2024 ուսումնական տարում բակալավրի կրթական ծրագրով նպատակային մասնագիտություններով կրթաթոշակ ստացող ուսանողների թիվը կլինի 58, իսկ մագիստրոսի կրթական ծրագրով՝ առավելագույնը 169 (որից 20-ը անվճար ընդունվածներն են և 149-ը վճարովի ուսուցմամբ հավանական ընդունվողների առավելագույն թիվն է):

5. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին.

Պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով (կրթական ծրագրերով) սովորողների կրթաթոշակների տրամադրման համար 2023 թվականի 4 ամսվա համար ՀՀ պետական բյուջեից կպահանջվի լրացուցիչ 118809.133 ՀՀ դրամ, 2024 թվականին 356427.4 ՀՀ դրամ, որը ներառված է 2024-2026 ՄԺԾԾ-ի նախագծում:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը բխում է  «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը»  հաստատելու մասին» օրենքի  81-րդ կետի 3-րդ ենթակետի  ժա./՝բարձրագույն և մասնագիտական կրթություն ստանալու համար ֆինանսական աջակցության նոր մեխանիզմների մշակում և բազմազանեցում, այդ թվում՝ կրթաթոշակների տրամադրման մեխանիզմների էական լավարկման միջոցով/ և 82-րդ կետի  4-րդ ենթակետի  ը. /մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններին պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող մասնագիտություններով պետական աջակցության տրամադրման նոր սկզբունքների և մեխանիզմների ներդրում/ պարբերություններից:

 

  • Քննարկվել է

    03.04.2023 - 18.04.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6955

Տպել

Առաջարկներ`

Արմեն Գալստյան

16.04.2023

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 053101.04.6-«Սննդի անվտանգություն» և 053101.08.7-«Սննդի անվտանգություն» դասիչներով կրթական ծրագրերը և նախագծում ընդգրկված 072101.03.06 «Սննդամթերքի անվտանգություն» և 072101.03.07 «Սննդամթերքի անվտանգություն» կրթական ծրագրերը գաղափարախոսությամբ նույն են, այսինքն պատրաստում են պարենամթերքի անվտանգության մասնագետներ, միայն տարբերվում է որակավորումը առաջին դեպքում համապատասխանաբար քիմիայի բակալավրի և մագիստրոսի, նախագծում ընդգրկվածի դեպքում համապատասխանաբար տեխնոլոգիայի բակալավրի և մագիստրոսի, առաջարկում եմ նախագծում ընդգրկել նաև 053101.04.6-«Սննդի անվտանգություն» և 053101.08.7-«Սննդի անվտանգություն» դասիչները։

Արմեն Գալստյան

16.04.2023

Նախագիծը միտված է պետության համար կարևոր և առաջնահերթ մասնագիտություններով՝ մասնագիտական մանկավարժության՝ ըստ ԲՏՃՄ ուղղությունների, և ագրարային համապատասխան մասնագիտությունների մասնագետների պատրաստմանը: Այն գրավիչ կդառնա դիմորդների համար ապագա մասնագիտություն ընտրելու համար և որը խթան կհանդիսանա պետությունում առկա մասնագետների բացը լրացնելու համար։ Այս նախագծի ընդունման դեպքում որոշ թիրախային խմբեր դուրս կմնան, մասնավորապես ԵՊՀ-ում ԲՏՃՄ ուղղությունների ուսանողները հնարավորություն ունեն ստանալու լրացուցիչ կրթամասով (30 կրեդիտ) մանկավարժի որակավորում, բայց այս նախագծով նախատեսված մասնագիտական դասիչներով չեն կարող հայցել կրթաթոշակի։ Առաջարկում եմ նախագծում ընդգրկել նաև այն ԲՏՃՄ ուղղություններով մասնագիտությունների դասիչները, որոնց շրջանավարտները լրացուցիչ կրթամասով կարող են ստանալ մանկավարժի որակավորում, օրինակ՝ 051101․00․6 «Կենսաբանություն», 053101․00․6 «Քիմիա», 054201․00․6 «Աշխարհագրություն», 055101․00․6 «Ֆիզիկա» և այլն(մանկավարժի որակավորման լրացուցիչ կրթամաս ընտրելու պարագայում)։ Այս մոտեցումը կբերի ավելի շատ թվով որակյալ մանկավարժ-մասնագետների և կհամալրի այն բացը, որը առկա է պետությունում։

Տեսնել ավելին