Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 59-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունը «մասնակցի կողմից» բառերից հետո լրացնել «, ընդ որում, որպես փորձագետ կարող է ներգրավվել նաև պետական մարմնի հանրային ծառայողը» բառերը։

Հոդված 2 Օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «տեղեկություններ» բառից հետո լրացնել «, օգտագործելու հանրամատչելի, ինչպես նաև ի պաշտոնե հասանելի տեղեկությունները» բառերը, իսկ «վկային» բառից հետո լրացնել «, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ պահանջելու և ստանալու իր պարտականությունները պատշաճ կատարելու համար անհրաժեշտ տեղեկություններ, փաստաթղթեր, իրեր կամ փորձանմուշներ․» բառերը։

Հոդված 3Օրենսգրքի 253-րդ հոդվածում լրացնել նոր` 4-րդ մաս` հետևյալ բովանդակությամբ․

«4․ Հանրային ծառայողին որպես փորձագետ ներգրավման կարգի վերաբերելի մասով  (mutatis mutandis) կիրառվում են սույն հոդվածի դրույթները»։

Հոդված 4. Օրենսգրքի 256-րդ հոդվածում լրացնել նոր` 9-րդ մաս` հետևյալ բովանդակությամբ․

«9. Հանրային ծառայողին որպես փորձագետ ներգրավելու դեպքում փորձաքննությունը կարող է հանձնարարվել համապատասխան պետական մարմնի: Փորձաքննություն նշանակելու մասին որոշումը և դրան կցված նյութերը քննիչն ուղարկում է այդ պետական մարմնի ղեկավարին: Այդ դեպքում փորձաքննությունը կատարում է որոշման մեջ նշված փորձագետը, իսկ նշված չլինելու դեպքում` տվյալ պետական մարմնի այն փորձագետը, որին փորձաքննության կատարումը հանձնարարել է պետական մարմնի ղեկավարը: Հանրային ծառայողին որպես փորձագետ ներգրավման կարգի նկատմամբ վերաբերելի մասով  (mutatis mutandis) կիրառվում են սույն հոդվածի դրույթները։»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    03.04.2023 - 18.04.2023

  • Տեսակ

    Օրենսգիրք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2532

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Սամվել Հակոբյան

04.04.2023

Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի ՛՛անհամատեղելիության պահանջները՛՛ վերատառությամբ 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից: Նույն օրենքի12-րդ հոդվածի համաձայն՝ սույն օրենքի իմաստով` գիտական աշխատանք է համարվում գիտական կազմակերպությունում, հիմնարկում, բարձրագույն ուսումնական հաստատությունում կամ այլ կերպ գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական, գիտամանկավարժական, փորձատեխնոլոգիական, նախագծակոնստրուկտորական, նախագծատեխնոլոգիական աշխատանքներ կատարելը։ 13-րդ հոդվածի համաձայն՝ սույն օրենքի իմաստով` կրթական աշխատանք է համարվում ուսուցիչ, դասախոս (ասիստենտ) աշխատելը կամ հանրակրթական (հիմնական, լրացուցիչ) ծրագրերի յուրացման և առարկայական չափորոշիչների պահանջների ապահովման գործընթացին, ինչպես նաև ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների, կարողությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը նպաստող և (կամ) դրանք ապահովող այլ աշխատանք կատարելը։ 14-րդ հոդվածի համաձայն՝ սույն օրենքի իմաստով` ստեղծագործական աշխատանք է համարվում մշակույթի և արվեստի երկեր, գեղարվեստական, գեղարվեստական ժողովրդական ստեղծագործություններ և արհեստներ, բանահյուսություն, բարոյագիտական և գեղագիտական գաղափարատիպեր (իդեալներ), վարվեցողության կանոններ և ձևեր, լեզուներ, բարբառներ և խոսվածքներ, ազգային ավանդույթներ և սովորույթներ, պատմաաշխարհագրական տեղանուններ, մշակութային գործունեության մասին գիտական հետազոտությունների արդյունքներ և մեթոդներ, մշակութային ժառանգության առարկաներ (օբյեկտներ) ստեղծելը կամ մեկնաբանելը։ Այսպիսով, նախագծով առաջարկվում է պետական մարմնի հանրային ծառայողին քրեական վարույթներում որպես փորձագետ ներգրավվելու կառուցակարգեր ներդնել: Սակայն, ինչպես արդեն նշվեց, հանրային ծառայողը չի կարող (...) կատարել վճարովի այլ աշխատանք (օրենսդրի իմպերատիվ պահանջը): Սույնով կարող ենք արձանագրել, որ հանրային ծառայողի կողմից քրեական վարույթում վճարովի հիմքունքներով որպես փորձագետ ներգրավելը ուղիղ հակասության մեջ է գտնվում Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի հետ: Առաջին հայացքից, անվճար հիմքունքներով որպես փորձագետ ներգրավվելը կարող է վերը նշված արգելքը շրջանցող մեկնաբանություն հանդիսանալ, սակայն, տվյալ իրավիճակն էլ իր հերթին հակասության մեջ կգտնվի նույն օրենքի ՛՛Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների սոցիալական երաշխիքները՛՛ վերատառությամբ 47-րդ հոդվածի հետ, քանի որ քրեական վարույթում որպես փորձագետ ներգրավելը որպես պարտականություն չի կարող ամրագրվել հանրային ծառայողի պաշտոնի անձնագրում: Միևնույն ժամանակ պետք է արձանագրել, որ նախատեսվող փոփոխությունը էապես դրական ազդեցություն կունենա քրեական վարույթի ընթացքի, վրա, ուստի առաջարկում եմ սույն նախագիծը դնել քննարկման, ՛՛Հանրային ծառայության մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելուց հետո:

Տիգրան Ստեփանյան

03.04.2023

Պետական մարմնի հանրային ծառայողի (առավել ևս՝ հարկային ծառայողին) ՀՀ քրեական օրենսգրքի 32-րդ գլխի /տնտեսական հանցագործություններ/ շրջանակներում հարուցված քրեական վարույթի շրջանակներում որպես փորձագետ ներգրավելը ակնհայտորեն հանգեցնելու է շահերի բախման։ Ուստի ՀՀ քրեական օրենսգրքի 32-րդ գլխով նախատեսված քրեական վարույթներին տվյալ կատեգորիայի պետական ծառայողների ներգրավումը որպես փորձագետ պետք է բացառվի որպես այդպիսին։

Տեսնել ավելին