Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի «Բյուջեների կատարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 706-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

ՀՀ կառավարության «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի «ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 706-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը.

     Հարցի կարգավորմանն ուղղված քայլերը պայմանավորված են ՀՀ պետական և համայնքային բյուջեների կատարման գործընթացը կարգավորող գլխավոր իրավական ակտի՝ ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի թիվ 706-Ն որոշման կիրարկման ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության և այլ նախարարությունների ու գերատեսչությունների մոտ առաջացած խնդիրների լուծման եղանակները կատարելագործելու, բյուջետային գործընթացի մասնակիցների իրավասության շրջանակը և ռեսուրսների խնայողության հնարավորությունները ճշգրտելու նպատակով՝ այժմ իրականացվող բյուջեների կատարման ընթացակարգերն անընդհատ բարելավելու քաղաքականության տրամաբանության շրջանակներում:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

     ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացված ՀՀ կառավարության վերոնշյալ որոշման նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել ՀՀ ֆինանսների նախարարություն կողմից՝ բյուջեների կատարման ընթացքում արձանագրված որոշակի խնդիրների կարգավորման նպատակադրումը:

      Ըստ այդմ՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը առաջարկում է բյուջեների կատարման կարգում կատարել հետևյալ փոփոխությունները.

  • Հաշվի առնելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով աշխատակազմի ղեկավարներին և «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով գլխավոր ֆինանսիստներին և վերապահված լիազորությունները, ինչպես նաև վճարային փաստաթղթերի պատրաստման և հաստատման գործընթացը առավել արդյունավետ կազմակերպելու համար առաջարկվում է հանել երկրորդ ստորագրությանը վերաբերող դրույթները և ԲԳԿ-ների ու ԲՍԿ-ների ֆինանսական և հաշվապահական գործունեությանը վերաբերող փաստաթղթերը թղթային կամ էլեկտրոնային եղանակով ստորագրման իրավասությունը վերապահել.

       ա. ԲԳԿ-ի դեպքում՝ գլխավոր քարտուղարին կամ գլխավոր ֆինանսիստին (աշխատակազմի ղեկավարին), կամ նրանց բացակայության դեպքում մարմնի ղեկավարի հրամանով լիազորված անձին, իսկ օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի դեպքում պետական մարմնի ղեկավարին կամ ղեկավարի հրամանով լիազորված անձին: Մասնավորապես, «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով գլխավոր ֆինանսիստն ապահովում է պետական մարմնի կողմից` ֆինանսական կառավարման համակարգերի առկայությունը, պատասխանատու է պետական մարմնի տրամադրության տակ գտնվող ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործման համար, ձեռնարկում է միջոցներ` գումարների վատնումը, չնախատեսված ծախսերի կատարումը կանխելու, պետական մարմնի ֆինանսական պարտավորությունների և հիմնական միջոցների կառավարման, համակարգի պետական հիմնարկներին` բյուջեով նախատեսված միջոցների բաշխումն ապահովելու համար: Միաժամանակ, գլխավոր ֆինանսիստը պարտավոր է ապահովել` պետական մարմնի և (կամ) համակարգի որևէ պետական հիմնարկի ֆինանսական միջոցների կառավարման` օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարումը, ինչպես նաև պետական մարմնի կողմից իրականացվող ֆինանսական գործառնությունների վերաբերյալ սահմանված կարգով հաշվապահական գրանցումները և այս կարգի այլ լիազորություններ: Նույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գլխավոր ֆինանսիստին վերապահված լիազորությունները և պարտականությունները պետական հիմնարկում իրականացնում է գլխավոր հաշվապահը:

Նշվածից ակնառու է, որ ֆինանսական փաստաթղթերի՝ հաստատված բյուջեների և դրանց կատարումը գործող պահանջների համապատասխանությանը ապահովելու պատասխանատվությունը առավելապես դրված է գլխավոր ֆինանսիստի վրա, որը և հաստատելով ֆինանսական փաստաթղթերը՝ արձանագրում է իրավական ակտերով սահմանված պատասխանատվության իրեն լիազորված չափը: Գործող իրավակարգավորումներով երկրորդ ստորագրության իրավասություն ունեցող պաշտոնատար անձը ակնհայտորեն չի կրում պատասխանատվության համարժեք, կամ նույնիսկ դրան մոտիկ աստիճան:    

բ.  ԲՍԿ-ի դեպքում առաջարկվում է հետևյալ տարբերակը՝ ԲՍԿ-ի ֆինանսական և հաշվապահական գործունեությանը վերաբերող փաստաթղթերը թղթային կամ էլեկտրոնային եղանակով ստորագրում են` պետական մարմինների համար` ԲՍԿ-ի ղեկավարը կամ ղեկավարի տեղակալը կամ նրանց բացակայության դեպքում ղեկավարի հրամանով լիազորված անձը, իսկ իրավաբանական անձանց համար` գործադիր մարմնի ղեկավարը կամ ղեկավարի տեղակալը:

Այդ կապակցությամբ առաջարկվում է վերաշարադրել կարգի 13-րդ և 14-րդ կետերը:

  • Կարգի 38-րդ կետի փոփոխությունները առաջարկվում են՝ նպատակ ունենալով հստակեցնել գնում չհանդիսացող ծախսերի պայմանագրային պարտավորություններով ֆինանսավորման գործընթացի վերաբերյալ դրույթը, և ըստ այդմ առավել հստակ սահմանել այն դեպքերը և ծախսատեսակները, որոնց պարագայում կարող է կիրառվել գնում չհանդիսացող ծախսի բովանդակային եզրույթը:
  • Կարգի 39-րդ կետի փոփոխությունները իրականացվում են նպատակ ունենալով բարելավել պետական բյուջեից տրամադրվող դրամաշնորհների ֆինանսավորման գործընթացը, այն՝ բովանդակությամբ և ձևաչափով հնարավորինս համադրելի դարձնելով գնումների ֆինանսավորման գործընթացին, հաշվի առնելով պետական բյուջեից հատկացվող դրամաշնորհների ֆինանսավորման և նպատակային ծախսման հսկողական մեխանիզմի ներկա մակարդակից առաջացող ենթադրելի ռիսկերը:
  • Կարգի 56-րդ և 57-րդ կետերի փոփոխությունները իրականացվում են հիմք ընդունելով հետևյալը. գործող կարգով նշված կետերում ներառված են և՛ հոդվածների, և՛ հոդվածային խմբերի ու կատեգորիաների անվանումներ, որոնք կարգավորելու նպատակով առաջարկվում է միատարր և նույնաբովանդակ դարձնել ցանկը: Միաժամանակ, առաջարկվում է 57-րդ կետում հստակ սահմանել, որ բանկային վճարային քարտերով շրջանառվող միջոցները կանխիկացման ենթակա չեն, որպեսզի այն տարընթերցման կամ տարակարծության պատճառով քննարկման առարկա չդառնա և դրա հետևանքով՝ չափաքանակները սահմանող որոշումներում կամ պայմանագրերում ամեն անգամ լրացուցիչ չնշվի դրա մասին:
  • Հաշվի առնելով, որ ներկայումս տարվում է կանխիկի կրճատման քաղաքականություն՝ առաջարկվում է 58-րդ կետում ավելացնել դրույթ, որը կսահմանի, որ կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակների նախագիծը մարմնի կողմից ներկայացվում է միայն բացառիկ դեպքերում՝ այլ եղանակով վճարումներ կատարելու անհնարինության դեպքում: Նշված դրույթը, կարծում ենք, որ կբարձրացնի կանխիկի չափաքանակ սահմանող նախագիծ ներկայացնող մարմնի պատասխանատվության աստիճանը:
  • Տարընթերցումներից խուսափելու և 62-րդ կետի կիրառումը լիարժեք դարձնելու համար առաջարկում ենք կետը լրացնել «՝բացառությամբ սույն կարգի 58-րդ կետով սահմանված դեպքերի:» բառերով: Սրանով նշվում է նույն կարգով բացառություն կազմող դրույթի վերաբերյալ, որը նախատեսում է, որ ԲԳԿ-ների կողմից կանխիկ ձևով կատարվող առանձին ծախսերի և (կամ) բանկային վճարային քարտերով շրջանառվող միջոցների տարեկան չափաքանակները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  • Կարգի 84-րդ կետը ներկայումս նախատեսում է, որ տվյալ տարվա դեկտեմբերի 20-ից հետո հիմնարկներին, որոնց հիմնադիրը Հայաստանի Հանրապետության կառավարությունն է, չի թույլատրվում գործարքներով ստանձնել ֆինանսական նոր պարտավորություններ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ համաձայնեցված դեպքերի: Ընդ որում, մինչև սահմանված ժամկետն ստանձնած պարտավորությունների կատարման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերը գանձապետարանն ընդունում է մինչև տվյալ տարվա նախավերջին աշխատանքային օրը ներառյալ, իսկ գնումների մասով ստանձնած պարտավորությունների կատարման համար` մինչև դեկտեմբերի 25-ը ներառյալ: Քանի որ, գործարքները ներկայումս կատարվում են բացառապես էլեկտրոնային եղանակով, ուստի կարծում ենք, որ ֆինանսների նախարարությունը և բյուջետային գործընթացի մյուս մասնակիցներն ունեն բավարար հնարավորություններ բյուջետային տարվա ավարտի աշխատանքային գործընթացի ակնկալվող լրացուցիչ ծանրաբեռնվածությունը հաղթահարելու և բոլոր գործարքները ժամանակին ձևակերպելու: Միաժամանակ, ծախսային ծրագրերի և միջոցառումների պայմանագրային պարտավորություններ իրականացնող կապալառուները տարեվերջին մշտապես ունենում են ժամանակի անբավարարության խնդիրներ, որը անկասկած ազդեցություն է թողնում կատարված աշխատանքների և մատուցվող ծառայությունների ծավալի և որակի վրա:  Ելնելով վերոգրյալից՝ առաջարկվում է մարմինների համար նոր պարտավորությունների ստանձնման և գնումների մասով նոր ստանձնող պարտավորությունների և գանձապետարան ներկայացվող փաստաթղթերի գործող ժամկետները չեղյալ համարել: Առաջարկվող կարգով բոլոր մարմինների և բոլոր ծախսատեսակների մասով ստանձնվող պարտավորությունների և գանձապետարան ներկայացվող փաստաթղթերի համար ժամկետ կսահմանվի տվյալ տարվա նախավերջին աշխատանքային օրը ներառյալ: 
  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

      Տվյալ բնագավառում ներկայումս տարվում է բյուջեների կատարման կարգերի և մեխանիզմների կատարելագործման, բյուջետային ռեսուրսների խնայողությանն ուղղված քաղաքականություն:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

      Կարգավորման նպատակը բյուջետային ծախսերի լիարժեք և արդյունավետ կատարումն է, ինչպես նաև բյուջետային ռեսուրսների խնայողությանն ուղղված քայլերի հետևողական իրականացումը:

  1. Ակնկալվող արդյունքը

      Ստեղծել բավականաչափ արդյունավետ և օգտավետ՝ պետական միջոցների խնայողությանը միտված բյուջետային համակարգ:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.

      Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

  1. Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն.

      Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնի:

  1. Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն.

      Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտություն չի առաջանում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

      Նախագծերի փաթեթը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի N 691-Լ որոշման 1-ին հավելվածով հաստատված Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության «4. Բարեփոխումների 2022-2024թթ օրակարգ» բաժնի 42-րդ կետի 2-րդ ենթակետի շրջանակներում («Կառավարության գործունեության ընթացակարգերի վերանայում՝ ապահովելով ռեսուրսների և ժամանակի օպտիմալ բաշխում դրված նպատակների հասնելու համար»):

  • Քննարկվել է

    31.03.2023 - 23.04.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական

Հանրային քննարկում

03.04.2023 16:57

https://minfin.am_hy

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2500

Տպել