Լրամշակման փուլում է
ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐ (ԿԱՆՈՆԱԳԻՐՔ) ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ, ԴԱՏԱՎՈՐԻ, ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ, ԴԱՏԱԽԱԶԻ, ՔՆՆԻՉԻ), ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ, ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ
-
5 - Կողմ
-
3 - Դեմ
ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐ (ԿԱՆՈՆԱԳԻՐՔ)
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ, ԴԱՏԱՎՈՐԻ, ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ, ԴԱՏԱԽԱԶԻ, ՔՆՆԻՉԻ), ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ, ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ
ԲԱԺԻՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.Պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի), համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց (այսուհետ՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձ) վարքագծի կանոնները (կանոնագիրքը) (այսուհետ՝ Կանոնագիրք) բխում են «Հանրային ծառայության մասին» օրենքով (այսուհետ Օրենք՝ մեծատառով) սահմանված վարքագծի սկզբունքներից և հանդիսանում են հանրային ծառայության բարեվարքության համակարգի տարր: Սույն կանոնագրքում փոքրատառով սկսվող «օրենք» բառը կիրառվում է Հայաստանի Հանրապետության այլ օրենքներ վկայակոչելիս։
2.Կանոնագրքի նպատակն է՝
- հանրային ծառայությունում բարեվարքության մշակույթի ներդրումն ու շարունակական զարգացումը.
- հանրային պաշտոն զբաղեցնող անձանց բարեվարք և պատասխանատու վարքագծի ապահովումը.
- հանրության վստահության ամրապնդումը հանրային ծառայության նկատմամբ.
- կոռուպցիայի նկատմամբ զգոնության ապահովումը և դրա նկատմամբ անհանդուրժողականությունը.
- վարքագծի սկզբունքների կիրառման միասնականության ապահովումը։
3. Օրենքի իմաստով վարքագծի սկզբունքներն են՝
- հանրությանը ծառայելու գիտակցումը.
- հավատարմությունը հանրային շահին.
- բարեկրթությունը և հարգալիրությունը.
- բարեխղճությունը.
- օբյեկտիվությունը:
4. Կանոնագրքով սահմանված կանոնները բխում են Օրենքով սահմանված վարքագծի սկզբունքներից:
5.Կանոնագիրքը պաշտոնեական (ծառայողական) պարտականությունները կատարելիս հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների ամբողջություն է, որով պետք է առաջնորդվեն հանրային պաշտոն զբաղեցնող անձինք՝ անկախ իրենց զբաղեցրած պաշտոններից: Կանոնագրքի պահանջները տարածվում են հանրային պաշտոն զբաղեցող անձի նկատմամբ ինչպես միանձնյա պաշտոնավարման, այնպես էլ կոլեգիալ մարմնի անդամ հանդես գալու դեպքում:
6. Կանոնագրքով սահմանվում են նաև հանրային պաշտոն զբաղեցնող անձի՝ որպես մասնավոր անձի վարքագծի որոշակի կանոններ և առանձին խրախուսելի կանոններ, որոնք սեփական հայեցողությամբ կիրառելի կարող են լինել հանրային պաշտոնից ազատվելուց, լիազորությունները դադարեցնելուց կամ պաշտոնավարումը դադարեցնելուց հետո:
7.Կանոնագիրքն ունի կանոնների պարտադիր և խրախուսելի բաղադրիչներ:
8.Կանոնագրքի պարտադիր բաղադրիչը (այսուհետ՝ Պարտադիր կանոններ) որոշակի վարքագիծ դրսևորելու կամ դրան հետևելու պարտադիր բնույթ ունեցող կանոնների համախումբ է: Պարտադիր բաղադրիչը կազմող կանոններին չհետևելու հիմքով հանրային պաշտոն զբաղեցնող անձը օրենքով սահմանված դեպքերում և կարգով կարող է ենթարկվել պատասխանատվության:
9.Կանոնագրքի խրախուսելի բաղադրիչն (այսուհետ՝ Խրախուսելի կանոններ) օրինակելի կանոնների համախումբ է, որոնց համապատասխան գործելակերպ դրսևորելը հայեցողական բնույթ ունի և ուղղված է գերազանցության ապահովմանը հանրային ծառայության համակարգում: Խրախուսելի կանոններին չհետևելու հիմքով հանրային պաշտոն զբաղեցնող անձը չի կարող պատասխանատվության ենթարկվել, սակայն սեփական վարքագծի համապատասխանեցումն այդ կանոններին ցանկալի է: Կանոնագրքում խրախուսելի կանոնների թվարկումը սպառիչ չէ։
10.Կանոնագրքում կանոնների սահմանման հերթականությունը չի պայմանավորում դրանց առաջնայնությունը:
11.Սույն կանոնագրքում օգտագործվող հիմնական հասկացություններն են.
1) վարքագծի կանոններ՝ Օրենքով սահմանված վարքագծի սկզբունքներից բխող նորմեր, որոնք կարգավորում են հանրային պաշտոն զբաղեցող անձի բարեվարք գործելակերպը՝ պաշտոնեական պարտականությունների կատարման ընթացքում և դրանից դուրս․
2) նվեր՝ ցանկացած գույքային առավելություն, այդ թվում՝ ներված պահանջը, անհատույց կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով պահանջի զիջումը, անհատույց հանձնված կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով վաճառված գույքը, անհատույց կամ անհամարժեք ցածր գնով մատուցված ծառայությունը կամ կատարված աշխատանքը, ինչպես նաև արտոնյալ փոխառությունը, դրամական միջոցները (կանխիկ, անկանխիկ կամ որևէ այլ ձևով արտահայտված), կրիպտոարժույթը, ուրիշի գույքի անհատույց օգտագործումը կամ այլ գործողություններ, որոնց հետևանքով անձն ստանում է օգուտ կամ առավելություն, և որը տրամադրվում է պայմանավորված անձի (այդ թվում՝ նաև փոխկապակցված անձի) պաշտոն զբաղեցնելու հանգամանքով․
3) բարեվարքություն` ընդհանուր էթիկական արժեքներին, սկզբունքներին և նորմերին համապատասխան գործունեություն և դրանց պահպանում, որի նպատակն է ամրապնդել մասնավոր շահերի նկատմամբ հանրային շահի գերակայությունը և պաշտպանությունը պետական համակարգում․
4) հանրային շահ՝ սահմանադրական արժեք, որի պաշտպանության համար հիմնական իրավունքը կամ ազատությունը կարող է սահմանափակվել: Հանրային շահի առարկան համընդհանուր, համամարդկային որոշակի բարիքներն են, որոնց առարկայացումը հասարակական կյանքում անհրաժեշտ նախապայման է հասարակության գոյատևման և հետագա զարգացման համար: Հանրային շահի կրողը հասարակությունն է՝ որպես մեկ միասնական, ամբողջական օրգանիզմ: Ընդ որում, շահը հանրային որակելու համար պարտադիր նախապայման չէ հասարակության բոլոր անդամների կողմից այդ շահի ընկալելի, ընդունելի լինելու հանգամանքը.
5) կոռուպցիոն բնույթի դեպք` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 1-ին հավելվածով սահմանված կոռուպցիոն հանցանքներ.
6) հանրային շահերին ուղղված այլ վնաս՝ հանրային առողջությանը կամ շրջակա միջավայրին հասցված վնաս, պետության ռեսուրսների կամ գույքի վատնում, ինչպես նաև այլ վնաս, որը պատճառվել է հասարակական կամ պետական կառավարման կարգին.
7) հանրային ռեսուրսներ՝ ծառայողական պարտականությունների իրականացման համար նախատեսված նյութատեխնիկական, ֆինանսական և տեղեկատվական ռեսուրսներ, մարդկային ռեսուրսներ, աշխատաժամանակ․
8) շահերի բախում՝ իրավիճակ, երբ պաշտոն զբաղեցնող անձի մասնավոր շահերն ազդում են կամ կարող են ազդել վերջինիս պաշտոնեական պարտականությունների անաչառ և օբյեկտիվ կատարման վրա.
9) սեռական ոտնձգություն՝ սեռական բնույթի խոսքային, ոչ խոսքային կամ ֆիզիկական գործողությամբ դրսևորվող ցանկացած վարքագիծ, որը նպատակ ունի խոցելու անձի արժանապատվությունը կամ հանգեցնում է դրան, մասնավորապես` ճնշող, թշնամական, նվաստացուցիչ, նվաստացնող կամ վիրավորական մթնոլորտ ստեղծելը։
ԲԱԺԻՆ 2. ՎԱՐՔԱԳԾԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ԲԽՈՂ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
ԵՆԹԱԲԱԺԻՆ 1. ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ԾԱՌԱՅԵԼՈՒ ԳԻՏԱԿՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ
ԳԼՈՒԽ 1. ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
12.Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է գործել իրավունքի գերակայության սկզբունքին, օրենքի ոգուն և տառին համապատասխան։
13. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է հարգել և պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, սահմանադրական օրենքները, օրենքները և այլ իրավական ակտերը, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերը, Կանոնագիրքը և գործել դրանց համապատասխան՝ օրինակ ծառայելով իրեն ենթակա հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց, հանրային ծառայողների և այլ աշխատողների համար:
14. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է օրենքով վերապահված լիազորությունների և իր հնարավորությունների շրջանակում քաղաքացիների և հանրության բարօրության ապահովման նպատակով իրագործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված՝ պետության քաղաքականության նպատակները, ինչպես նաև օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում պատշաճ կերպով իրականացնել օրենքով՝ մարդու իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերը և ընթացակարգերը:
15.Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է չտալ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին հակասող, ինչպես նաև իր կամ կատարողի լիազորություններից դուրս հանձնարարականներ՝ ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր կարգով: Այն դեպքերում, երբ հանրային պաշտոն զբաղեցնող անձին կատարողի կողմից ներկայացվում է հանձնարարականի օրինականության կասկածի վերաբերյալ գրավոր զեկուցագիր, ապա հանձնարարականը պնդելու դեպքում, հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է այն վերահաստատել գրավոր կարգով: Հանձնարարականի կատարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Օրենքի համաձայն:
16. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է ձեռնպահ մնալ այնպիսի վարքագիծ դրսևորելուց, որը կարող է ընկալվել որպես հակաօրինական գործունեություն (գործողություն կամ անգործություն) կամ դրա խրախուսում կամ դրա նկատմամբ հանդուրժողականություն կամ անհարգալից վերաբերմունք օրինավոր վարքագծի նկատմամբ:
17.Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների կատարման ընթացքում օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, պաշտպանել իրեն ենթակա հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց, հանրային ծառայողների և այլ աշխատողների իրավունքները և օրինական շահերը՝ միջամտելով նրանց հանդեպ ոտնձգության կամ այլ անարդար վերաբերմունքի ցանկացած դրսևորմանը: Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է նաև պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների կատարման ընթացքում բացառել վերադաս լիազորության չարաշահումը:
18. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է իր պաշտոնեական (ծառայողական) պարտականություններն իրականացնելիս հարգել քաղաքացիների պատշաճ վարչարարության իրավունքը՝ գործելով անաչառ, արդարացի և ողջամիտ ժամկետում։
19.Հանրային պաշտոն զբաղեցնող անձի՝ օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում ընդունած իրավական ակտը պետք է համաչափ լինի այն նպատակին, որը հետապնդվում է օրենսդրությամբ և չներառի այնպիսի սահմանափակումներ, որոնք դուրս են իր լիազորությունների շրջանակից և ողջամտորեն չեն կարող մեկնաբանվել որպես այդ նպատակին հասնելու միջոց կամ գործիք:
20. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է ձեռնարկել բոլոր ողջամիտ քայլերն իրեն ենթակա հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց, հանրային ծառայողների և այլ աշխատողների շրջանում Հայաստանի Հանրապետության օրենքների, վերաբերելի իրավական ակտերի մասին իրազեկվածության շարունական բարձրացման ուղղությամբ, հետևողական լինել դրանց պահպանմանը:
ԵՆԹԱԲԱԺԻՆ 2. ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀԻՆ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ
ԳԼՈՒԽ 3. ԲԱՐԵԽՂՃՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀԻՆ
21. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է հանրային քաղաքականության կենսագործման գործընթացում դրսևորել հավատարմություն և հուսալիություն՝ անկախ համոզմունքից և դիրքորոշումից: Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է առավելագույն ջանասիրությամբ ծառայել հանրությանը, հանրային շահին ու մարդու իրավունքների, ազատությունների, օրինական շահերի պաշտպանությանը, օրենքով իրեն վերապահված լիազորությունների և իր հնարավորությունների շրջանակներում պաշտոնեական (ծառայողական) պարտականությունները կատարել պատշաճ կարգով, նվիրումով և հնարավոր արդյունավետությամբ:
22. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է իր ազնիվ վարքագծով օրինակ ծառայել իրեն ենթակա հանրային պաշտոն զբաղեցնող այլ անձանց, հանրային ծառայողներին, այլ աշխատողներին և հասարակությանը:
23. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է պաշտոնեական (ծառայողական) պարտականությունները կատարելիս աջակցել հանրային իշխանության մարմնի հետ հարաբերվող անձանց՝ իրացնելու իրենց այն իրավունքները, ազատությունները, օրինական շահերը, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով:
24.Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է հստակորեն տիրապետել հանրային իշխանության տվյալ մարմնի քաղաքականություններին և նպատակներին, դրանց մասին պատշաճ տեղեկացնել իրեն ենթակա հանրային պաշտոններ զբաղեցնող այլ անձանց, հանրային ծառայողներին և այլ աշխատողներին:
25.Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է պաշտոնեական (ծառայողական) պարտականություններն իրականացնելիս կիրառել իրավասու մարմինների կողմից ընդունված պարտադիր կատարման ենթակա և վերաբերելի քաղաքականությունները, որոշումները, ուղեցույցները, կազմակերպական բնույթի այլ ակտերը՝ անկախ իր անձնական դիրքորոշումից։
26.Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է զերծ մնալ այնպիսի պահվածքից, որը կարող է կասկածի տակ դնել իր պաշտոնեական (ծառայողական) պարտականությունները բարեխղճորեն իրականացնելու փաստը, ինչպես նաև խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից, որոնք կարող են վնաս հասցնել իր համբավին կամ հանրային իշխանության համապատասխան մարմնի հեղինակությանը: Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է Օրենքով թույլատրված դեպքերում այլ աշխատանք իրականացնելիս ապահովել հանրային ծառայությունում իր լիազորությունների գերակայությունը այլ աշխատանքի հետ կապված պարտականությունների նկատմամբ:
27.Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է օրենսդրությամբ սահմանված կարգով առարկություններ և առաջարկություններ ներկայացնել նախատեսվող պարտադիր կատարման ենթակա և վերաբերելի քաղաքականությունների, որոշումների, ուղեցույցների և կազմակերպական բնույթի այլ ակտերի նախագծերի վերաբերյալ՝ մինչև դրանց ընդունումը, իսկ ընդունումից հետո՝ կատարել դրանց պահանջները՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք ակնհայտորեն ոտնահարում են մարդու իրավունքները, ազատությունները, օրինական շահերը կամ հանրային շահը:
28. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է ապահովել իրեն ենթակա հանրային պաշտոն զբաղեցնող այլ անձանց, հանրային ծառայողների և այլ աշխատողների կողմից՝ պարտադիր կատարման ենթակա և վերաբերելի քաղաքականությունների, որոշումների, ուղեցույցների և կազմակերպական բնույթի այլ ակտերի նախագծերի վերաբերյալ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով առարկությունների և առաջարկությունների ներկայացումը մինչև դրանց ընդունումը։
29.Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է հանրային իշխանության մարմնի հեղինակությունը պահպանելու հարցում լինել հետևողական, բացահայտել և օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում վերացնել իր կամ իրեն ենթակա հանրային պաշտոն զբաղեցնող այլ անձանց կամ հանրային ծառայողների կողմից թույլ տրված սխալները և բացթողումները:
30.Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների կատարման ընթացքում իրեն ենթակա պաշտոններ զբաղեցնող անձանց, հանրային ծառայողներին և այլ աշխատողներին զերծ պահել չփաստարկված և չհիմնավորված գործողություններ կատարելուց կամ որոշումներ ընդունելուց:
31.Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է զերծ մնալ իր գործողություններով կամ արտահայտած դիրքորոշմամբ հանրային ծառայության վարկաբեկումից կամ նսեմացումից:
32.Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է չօգտագործել իր պաշտոնեական դիրքը՝ իր, իր հետ փոխկապակցված անձանց, այլ անձանց կամ կազմակերպությունների համար արտոնություններ, բացառություններ, նպաստավոր այլ պայմաններ ստեղծելու կամ դրանց ստեղծմանն աջակցելու նպատակով:
ԳԼՈՒԽ 4. ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
33.Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է իր լիազորություններն իրականացնելիս ապահովել թափանցիկություն՝ բացառությամբ օրենսդրությամբ և հանրային իշխանության իրավասու մարմնի իրավական ակտերով սահմանված դեպքերի:
34.Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է հանրային իշխանության այլ մարմինների ու պաշտոնատար անձանց հետ գործողությունները համակարգելիս կամ համագործակցելիս գործել բաց, ինչպես նաև պատշաճ կերպով արձագանքել առաջացած խնդիրներին:
35․Բոլոր խնդրահարույց, կոնֆլիկտային կամ հստակեցման կարիք ունեցող իրավիճակներում հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է չխուսափել և պատրաստակամ լինել սեփական գործողությունների մասին բացատրություններ, պարզաբանումներ տալուց, ինչպես նաև՝ իր կողմից ընդունված որոշումների համար պատասխանատվություն ստանձնելուց։
36.Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է բացառել չճշտված, իրականությանը չհամապատասխանող կամ ապակողմնորոշող տեղեկատվությունների տրամադրումը, հանրային պաշտոն զբաղեցնող անձանցից, հանրային ծառայողներից կամ այլ աշխատողներից չպահանջել նման տեղեկատվության տրամադրում կամ հրապարակում:
37.Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է Օրենքով սահմանված կարգով ներկայացնել գույքի, եկամուտների, ծախսերի և (կամ) շահերի հայտարարագրեր, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում և կարգով ներկայացնել պարզաբանումներ և լրացուցիչ նյութեր՝ գույքի, եկամուտների, ծախսերի և (կամ) շահերի հայտարարագրերի ստուգման և վերլուծության նպատակով:
38.Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է իր պաշտոնեական պարտականությունների կատարման կամ լիազորությունների շրջանակում իրականացված գործունեության առնչությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ապահովել հաշվետվողականություն:
39.Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է օրենքով սահմանված դեպքերում և կարգով ապահովել հանրության մասնակցությունը որոշումների կայացմանը (հանրաքվեի նշանակմանն ուղղված օրենքով նախատեսված գործողություններ, ծանուցումներ, լսումներ, հանրային քննարկումներ):
40.Հանրային պաշտոն զբաղեցնող անձը, տեղեկատվության ազատությունը երաշխավորող օրենսդրության համաձայն, ըստ պահանջի, պարտավոր է ի պաշտոնե իր տնօրինման տակ եղած տեղեկատվությունն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել հանրային իշխանության այլ մարմիններին, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց:
ԳԼՈՒԽ 5. ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
41.Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պետք է խուսափի շահերի բախման իրավիճակի առաջացումից, ձեռնպահ մնա շահերի բախման իրավիճակում գործողություն (անգործություն) կատարելուց կամ որոշում ընդունելուց, այդ թվում՝ որոշման կայացմանն ուղղված նախապատրաստական աշխատանքներին (փաստաթղթերի նախագծերի կազմում, քննարկումների կազմակերպում, որոշման վրա ազդեցություն ունեցող հանձնախմբերի ձևավորում և այլն) մասնակցելուց կամ այլ կերպ որոշման կայացման գործընթացին մասնակցելուց:
42. Եթե հանրային պաշտոն զբաղեցնող անձի կողմից կամ նրա մասնակցությամբ իր լիազորությունների շրջանակում գործողության կատարումը (անգործությունը) կամ որոշման ընդունումը կարող է հանգեցնել շահերի բախման, ապա հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է Օրենքով սահմանված կարգով իր վերադասին կամ անմիջական ղեկավարին, իսկ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը կամ վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող անձը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով պաշտոնապես գրավոր հայտարարություն ներկայացնել շահերի բախման հանգամանքների վերաբերյալ: Նախքան վերադասի կամ անմիջական ղեկավարի գրավոր հանձնարարությունը, իսկ վերադաս կամ անմիջական ղեկավար չունենալու դեպքում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից առաջարկություն ստանալը՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է զերծ մնալ հարցի վերաբերյալ որևէ գործողություն կատարելուց կամ որոշում ընդունելուց՝ բացառությամբ Օրենքով նախատեսված դեպքերի:
43.Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է խուսափել այնպիսի գործառույթներ ստանձնելուց, որոնց իրականացման ընթացքում կանխատեսելի են շահերի բախման հաճախակի ծագող իրավիճակներ, իսկ նրա վերադասը կամ անմիջական ղեկավարը (առկայության դեպքում) պարտավոր է իր լիազորությունների սահմանում աջակցել հանրային պաշտոն զբաղեցնող անձի կողմից շահերի բախման իրավիճակի ստեղծման բացառմանն ուղղված ջանքերին:
44.Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է իր լիազորությունները կատարելիս խուսափել այնպիսի հարաբերություններից, որոնք առաջացնում են կամ կարող են առաջացնել շահերի բախում կամ որոնց առկայության պայմաններում հանրային պաշտոն զբաղեցնող անձը հնարավորություն չի ունենա անաչառ և անկողմնակալ կատարել իր պաշտոնեական (ծառայողական) պարտականությունները:
45.Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է չտալ ոչ օբյեկտիվ երաշխավորություններ, չանել միջնորդություններ որևէ անձի պաշտոնի նշանակելու, առաջխաղացման, պաշտոնեական կարգավիճակի բարելավման և այլ հարցերի վերաբերյալ, ինչպես նաև չդրդել որևէ մեկին նման երաշխավորություններ տալ կամ միջնորդություններ անել:
ԳԼՈՒԽ 6. ՆՎԵՐՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
46.Հանրային պաշտոն զբաղեցնող անձը և հանրային ծառայողը չպետք է իր պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված նվերներ ընդունի կամ դրանք հետագայում ընդունելու համաձայնություն հայտնի:
47. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պետք է միջոցներ ձեռնարկի, որ իր ընտանիքի անդամները և Օրենքի իմաստով իր հետ փոխկապակցված այլ անձինք չընդունեն նվեր կամ այն հետագայում ընդունելու համաձայնություն չհայտնեն, եթե առկա է հնարավոր կամ իրական կապ հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողի պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների կատարման և ստացված նվերի միջև։
48. Եթե հանրային պաշտոն զբաղեցնող անձը ստացել է նվեր կամ հայտնի է դառնում, որ իր ընտանիքի անդամները կամ Օրենքի իմաստով իր հետ փոխկապակցված անձինք ստացել են նվեր, որը ողջամտորեն կարող է ընկալվել որպես իր պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման կապակցությամբ տրված, ապա նա պարտավոր է Օրենքով սահմանված ժամկետում և կարգով դիմել իրավասու անձին կամ մարմնին՝ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով և այն ստանալուց հետո իրականացնել Oրենքով նախատեսված գործողություններ:
49. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է Օրենքով սահմանված առավելագույն արժեքը գերազանցող արժողությամբ թույլատրելի նվերը օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել պետությանը կամ համայնքին:
50. Հանրայինպաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է հաշվառման նպատակով օրենսդրությամբ սահմանած կարգով հայտնել նախատեսված թույլատրելի նվերի ստացման մասին:
51. Հանրայինպաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է բացառել ոչ նյութական առավելություն, այն է՝ դրամական արժեքով չորոշվող գերազանցություն կամ արտոնություն ստանալու կամ այն հետագայում ընդունելու հնարավորությունը, եթե դրա ընդունումը կարող է ազդել կամ կարող է դիտարկվել որպես ազդեցություն ունեցող գործոն՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձի լիազորությունների անաչառ կատարման համար։
52. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է բացառել ֆիզիկական կամ իրավաբանական անձից պաշտոնական օգտագործման նպատակով, այդ թվում հանրային իշխանության մարմնին արվող նվիրատվություն ընդունելը, եթե այն կարող է ազդել այդ մարմնի գործունեության անաչառության կամ հեղինակության վրա:
ԵՆԹԱԲԱԺԻՆ 3. ԲԱՐԵԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՐԳԱԼԻՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ
ԳԼՈՒԽ 7. ՀԱՐԳԱԼԻՐՈՒԹՅՈՒՆ
53.Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է հարգել Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշները (դրոշը, զինանշանը, օրհներգը) և պետական լեզուն, ինչպես նաև հանրային իշխանության մարմինների՝ օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված խորհրդանիշներն ու տարբերանշանները:
54.Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարման ժամանակ հանրային պաշտոն զբաղեցնող անձը հոտնկայս է (դրոշի առկայության դեպքում՝ դեմքով շրջված դեպի դրոշը, իսկ պաշտոնական արարողությունների ժամանակ՝ Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի հիմնադրույթներին համապատասխան), տղամարդիկ՝ առանց գլխարկի:
55.Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող հանրային պաշտոն զբաղեցնող անձի պաշտոնական ելույթը պետք է լինի գրական հայերենով, եթե դա չի հակասում միջազգային ատյանում ընդունված կարգին:
56.Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է բացառել պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների համար նախատեսված տարածքներում Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից, հանրային իշխանության մարմինների՝ օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված խորհրդանիշներից ու տարբերանշաններից, արարողակարգային խորհրդանիշներից և տարբերանշաններից, օտարերկրյա պատվիրակությունների հետ հանդիպումների ընթացքում՝ այդ պետությունների պետական խորհրդանիշներից, միջազգային կառույցների հետ հանդիպումների ընթացքում՝ այդ կառույցների խորհրդանիշներից ու տարբերանշաններից բացի որևէ այլ խորհրդանիշի կամ տարբերանշանի ցուցադրումը կամ դրանց կրումը:
57.Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է ցանկացած պայմաններում և իրավիճակներում իր գործողություններով, գործնական, մասնագիտական և բարոյական հատկանիշներով զերծ մնալ հանրային ծառայության հեղինակությանը ոչ հարիր կամ այն վարկաբեկող, դրա նկատմամբ հանրության վստահությունը նվազեցնող կամ հանրային պաշտոն զբաղեցնող անձի անկողմնակալության ու անաչառության նկատմամբ կասկած հարուցող վարքագիծ դրսևորելուց:
58․ Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է բացառել հանրային պաշտոն զբաղեցնող այլ անձանց, հանրային ծառայողների կամ այլ աշխատողների լիազորությունների կամ գործառույթների կամ աշխատանքային պարտականությունների՝ օրենքով չնախատեսվող միջամտությունը կամ որևէ կերպ խոչընդոտել դրանց իրականացմանը։
ԳԼՈՒԽ.8 ԲԱՐԵԿՐԹՈՒԹՅՈՒՆ
59.Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է ի պաշտոնե հանդես գալու ընթացքում, ցանկացած իրավիճակում ցուցաբերել բարեկրթություն, քաղաքավարություն, նրբանկատություն, զսպվածություն և հուզական հավասարակշռություն:
60. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է հարգել վերադասի, անմիջական ղեկավարի (առկայության դեպքում), իրեն ենթակա հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, հանրային ծառայողների և այլ աշխատողների պատիվն ու արժանապատվությունը։
61.Հանրային պաշտոն զբաղեցնող անձը վերադասին, անմիջական ղեկավարին (առկայության դեպքում), գործընկերներին, հանրային պաշտոն զբաղեցնող այլ անձանց հրապարակային դիմելիս պարտավոր է օգտագործել հարգալից և հայերեն դիմելաձև՝ նշելով բացառապես ազգանունը, դրանից առաջ օգտագործելով տիկին կամ պարոն բառերը և պահպանել դիմելու հոգնակի ձևը:
62.Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է քաղաքացիների հետ հանդիպումներում և շփումներում բարեկրթորեն վերաբերել նրանց, չնսեմացնել նրանց պատիվն ու արժանապատվությունը, պահպանելով դիմելու հոգնակի ձևը:
63.Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է ինչպես հրապարակային գործունեության մեջ, այնպես էլ մասնավոր շփումներում հաղորդակցվել գրական հայերենով՝ բացառելով առօրյա-խոսակցական, ժարգոնային կամ ոչ նորմատիվային բառապաշարի կիրառումը:
64.Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է լրագրողների, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հաղորդակցվելիս ցուցաբերել հարգալից վերաբերմունք, իր գործողություններով չխախտել զանգվածային լրատվամիջոցների աշխատողների իրավունքները, անհարկի չխոչընդոտել նրանց աշխատանքին և գործունեությանը։
65.Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է պաշտոնեական (ծառայողական) պարտականությունները կատարելիս՝ այլ մարմինների, կազմակերպությունների և անձանց հետ հաղորդակցման ժամանակ, այդ թվում՝ նամակագրությամբ, հեռախոսով, կապի այլ միջոցներով հաղորդակցվելիս, ներկայանալ՝ հայտնելով անունը, ազգանունը, պաշտոնը և այն մարմինը, որը ներկայացնում է՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:
66.Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է չընդունել, չպահանջել կամ չխրախուսել արտոնյալ վերաբերմունք հանրային իշխանության այլ մարմինների և այլ պաշտոնատար անձանց հետ հարաբերություններում՝ կապված իր պաշտոնեական կարգավիճակի հետ և զերծ մնալ արտոնյալ վերաբերմունք դրսևորելուց որևէ մեկի նկատմամբ՝ պայմանավորված հանրային ծառայությունում այդ անձի զբաղեցրած պաշտոնով:
67.Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է աշխատանքի վայր և իր պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված այլ վայրեր ներկայանալ պատշաճ տեսքով, պահպանել հանրային պաշտոն զբաղեցնող անձին արտաքին տեսքին ներկայացվող՝ իրավական ակտով (առկայության դեպքում) սահմանված կանոնները:
68.Հանրային պաշտոն զբաղեցնող անձը, պաշտոնական լիազորություններն իրականացնելիս, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի, պարտավոր է չգործադրել ֆիզիկական ուժ կամ չներկայացնել դրա կիրառման սպառնալիք, ինչպես նաև չգործադրել հոգեբանական կամ այլ տեսակի բռնություն կամ չներկայացնել դրա կիրառման սպառնալիք:
69.Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է զերծ մնալ այլ անձանց նկատմամբ սեռական ոտնձգության ցանկացած դրսևորումից:
70.Հանրային պաշտոն զբաղեցնող անձին արգելվում է ոգելից խմիչքներ, թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր օգտագործել կամ դրանց ազդեցության տակ գտնվել աշխատավայրում կամ պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների կատարման այլ վայրում: Սույն պահանջը չի տարածվում բժշկի նշանակմամբ՝ բժշկական նպատակներով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործման դեպքերի նկատմամբ:
71.Հանրային պաշտոն զբաղեցնող անձին արգելվում է ծխել աշխատանքային փակ տարածքում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների տեղակայման շենքերում, օրենքով արգելված այլ տարածքներում ու վայրերում:
72. Հանրային պաշտոն զբաղեցնող անձին արգելվում է խախտել հրդեհային անվտանգության կանոնները, սանիտարական նորմերն ու կանոնները:
ԳԼՈՒԽ 9. ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱՅՈՎ
73.Հանրային պաշտոն զբաղեցնող անձը զանգվածային լրատվության միջոցներով կամ սոցիալական մեդիայով (սոցիալական ցանցեր, ֆորումներ, բլոգներ և սոցիալական մեդիայի այլ գործիքակազմ, որոնց միջոցով կարելի է կատարել գրավոր կամ տեսա-ձայնա հրապարակումներ, կատարել գրառումներ, մեկնաբանություններ, հավանումներ կամ կիրառել վերաբերմունքը արտահայտող այլ նշաններ, կիսվել այլ աղբյուրների նյութերով) ի պաշտոնե հանդես գալու դեպքում պարտավոր է ներկայացնել բացառապես հանրային իշխանության կամ հանրային իշխանության տվյալ մարմնի պաշտոնական դիրքորոշումը կամ պաշտոնական տեղեկատվությունը՝ պահպանելով օրենսդրական և ենթաօրենսդրական և այլ իրավական ակտերով նման հաղորդակցմանը ներկայացվող պահանջները:
74.Հանրային պաշտոն զբաղեցնող անձը օրենքով չարգելված դեպքերում սոցիալական մեդիայում ունեցած իր պաշտոնական օգտահաշվից կարող է տարածել (այդ թվում՝ հրապարակել, վերահրապարակել, նշել անձի) հանրային իշխանության կամ հանրային իշխանության տվյալ մարմնի գործունեությանը կամ հանրային պաշտոն զբաղեցնող անձի՝ ի պաշտոնե գործունեությանն առնչվող տեղեկատվություն: Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պաշտոնական օգտահաշիվները չպետք է օգտագործի սեփական կամ այլ անձանց մասնավոր կյանքի վերաբերյալ տեղեկատվություն տարածելու (այդ թվում՝ հրապարակում, վերահրապարակում) նպատակով:
75.Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է սոցիալական մեդիայում ունեցած իր պաշտոնական օգտահաշվից չմեկնաբանել, չքննադատել, չքննարկել իր աշխատավայր հանդիսացող կամ հանրային իշխանության այլ մարմնի գործունեությունը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դա բխում է ի պաշտոնե իրականացվող գործառույթների շրջանակից:
76. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է հարգել հանրության իրազեկմանն ուղղված զանգվածային լրատվության միջոցների գործունեությունը, ինչպես նաև իր իրավասության սահմաններում աջակցել նրանց՝ օրենսդրությամբ սահմանված կարգով հավաստի տեղեկություններ ստանալու հարցում:
77.Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է սոցիալական մեդիայի անձնական օգտահաշիվներից հրապարակումներ և գրառումների կատարելիս սեփական տեսակետն արտահայտելիս կատարել այդ մասին նշում, եթե նշում չկատարելու դեպքում հրապարակումը կամ տեսակետը կարող է ընկալվել որպես հանրային իշխանության մարմնի պաշտոնական դիրքորոշում։ Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պետք է զերծ մնա անձնական օգտահաշիվներից այնպիսի գրառումներ կամ մեկնաբանություններ անելուց, որոնք կարող են վնասել, նսեմացնել կամ այլ եղանակով արատավորել հանրային ծառայության հեղինակությունը, կասկածի տակ առնել նրա՝ հանրային ծառայությունում իր լիազորությունների անաչառ և պատշաճ իրականացումը:
78.Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է խուսափել սոցիալական մեդիայի անձնական օգտահաշիվներում անձնական բնույթի այնպիսի լուսանկարների, տեսագրությունների, ձայնագրությունների հրապարակումից, որոնք կարող են հանրային ծառայությունը վարկաբեկող լուրերի տարածման պատճառ հանդիսանալ:
ԵՆԹԱԲԱԺԻՆ 4. ԲԱՐԵԽՂՃՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ
ԳԼՈՒԽ 10. ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՉՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
79.Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է պահպանել պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների կատարման ընթացքում իրեն հայտնի դարձած՝ օրենքով պահպանվող տեղեկությունները, ինչպես նաև նման տեղեկությունների և տեղեկակիրների հետ աշխատելու՝ օրենսդրությամբ և իրավական ակտերով սահմանված պահանջները:
80.Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է այլ նպատակներով չօգտագործել, չհրապարակել կամ այլ կերպ մատչելի չդարձնել (այդ թվում՝ պաշտոնից ազատվելուց հետո) պաշտոնեական պարտականությունների իրականացման կապակցությամբ իրեն հայտնի դարձած գաղտնի կամ ոչ հրապարակային տեղեկատվությունը («Ծառայողական օգտագործման համար», «Հրապարակման ենթակա չէ» կամ այլ դրոշմագիր ունեցող տեղեկատվություն), եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:
81.Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է իր պաշտոնեական (ծառայողական) պարտականություններից չբխող հետազոտություններում կամ աշխատություններում չօգտագործել այնպիսի տեղեկություններ, որոնք, թեև ենթակա են հրապարակման, սակայն դեռևս չեն հրապարակվել հանրային իշխանության մարմնի կողմից:
82.Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է պատշաճ կերպով և գաղտնիության, անձնական տվյալների պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները պահպանելով՝ մշակել պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացմամբ պայմանավորված իր տնօրինության տակ գտնվող տվյալները, տեղեկությունները, գաղտնաբառերը և այլն:
83.Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է ձեռնպահ մնալ իր լիազորությունների կատարման հետ չառնչվող պետական կամ ծառայողական գաղտնիքի տեղեկակիրներին, տեղեկություններին, գաղտնաբառերին կամ հատուկ պահպանվող տարածքներին հասանելիություն ստանալուն ուղղված քայլերի ձեռնարկումից, ինչպես նաև առանց օրենսդրությամբ սահմանված թույլտվության պետական կամ ծառայողական գաղտնիքի տեղեկակիրների, տեղեկությունների, գաղտնաբառերի պատճենահանումից, ձայնագրումից, լուսանկարումից կամ տեսագրումից, հատուկ պահպանվող տարածքների լուսանկարումից կամ տեսագրումից:
84.Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է չհրապարակել օրենքով սահմանված դեպքերում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրամադրված բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացության տվյալները, ինչպես նաև օրենքով նախատեսված նշանակման ընթացակարգերի պարագայում դրա հետ կապված հարցադրումները կատարել՝ առանց ուղղակիորեն հղում կատարելու եզրակացությանը կամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:
ԳԼՈՒԽ 11. ՀԱՆՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԲԱՐԵԽԻՂՃ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ
85. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է իր պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների համար տրամադրված հանրային ռեսուրսները և այլ գույքն օգտագործել բացառապես իր լիազորությունների իրականացման նպատակով, խնամքով և խնայողաբար:
86.Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է ցուցաբերել հետևողականություն՝ իրեն ենթակա հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, հանրային ծառայողների և այլ աշխատողների կողմից հանրային ռեսուրսների և այլ գույքի նպատակային և խնայողաբար օգտագործման հարցում։
87.Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է հանրային ռեսուրսները, այդ թվում՝ հանրային պաշտոն զբաղեցնող այլ անձանց և հանրային ծառայողների աշխատաժամանակը, չօգտագործել սեփական շահերը բավարարելու կամ այլ մասնավոր նպատակներով:
88.Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է իր լիազորությունների կատարման համար նախատեսված ժամանակը չօգտագործել դրանցից դուրս այլ գործողություններ կատարելու համար՝ բացառությամբ օրենսդրությամբ սահմանված կարգով, վերադասի թույլտվությամբ նախատեսված բացառիկ դեպքերի (բժշկին այցելություն կամ անձնական բնույթ ունեցող արարողության մասնակցություն՝ թաղում, հոգեհանգիստ և այլն):
89.Հանրային պաշտոն զբաղեցնող անձին օրենքով նախատեսված ընտրություններում արգելվում է նախընտրական քարոզչության նպատակով պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական ռեսուրսների, տարածքների, տրանսպորտային և կապի միջոցների, նյութական ու մարդկային ռեսուրսների օգտագործումը՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
90. Հանրային պաշտոն զբաղեցնող անձին տրամադրված ծառայողական տրանսպորտը չի կարող օգտագործվել մասնավոր, ընտանիքին սպասարկելու կամ անձնական այլ նպատակներով:
91. Հանրային պաշտոն զբաղեցնող անձին տրամադրված պաշտոնական էլեկտրոնային փոստը չի կարող օգտագործվել մասնավոր նպատակներով գրագրության համար:
ԵՆԹԱԲԱԺԻՆ 5. ՕԲՅԵԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ
ԳԼՈՒԽ 12. ՕԲՅԵԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՌՈՒՄ
92. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է իր պաշտոնեական (ծառայողական) պարտականություններն իրականացնելիս (հանրային պաշտոն զբաղեցնող այլ անձանց, հանրային ծառայողների, այլ աշխատողների և քաղաքացիների հետ) դրսևորել անաչառություն, զերծ մնալ խոսքով կամ վարքագծով կողմնակալություն (նախապատվություն, մասնավոր շահ, կանխակալություն) ցուցաբերելուց, գործել այնպես, որ կասկած չհարուցվի կամ ողջամտորեն նման տպավորություն չստեղծվի:
93.Հանրային պաշտոն զբաղեցնող անձն իր պաշտոնեական (ծառայողական) պարտականություններն իրականացնելիս պարտավոր է չառաջնորդվել ենթադրություններով, մասնավոր նախասիրություններով, հույզերով, վախերով, անձնական վերաբերմունքով կամ այլ կողմնակի ներազդեցությամբ:
94. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է իր պաշտոնեական (ծառայողական) պարտականություններն իրականացնելիս հիմնվել վերաբերելի փաստերի և հստակ չափանիշների վրա:
95.Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է բացառել խտրական վերաբերմունքի դրսևորում որևէ կազմակերպության, խմբի կամ անհատի նկատմամբ՝ կապված նրա սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկ կամ սոցիալական ծագման, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների, ազգային փոքրամասնության պատկանելության, գույքային վիճակի, ծնունդի, հաշմանդամության, տարիքի կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից:
96.Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է իր պաշտոնեական (ծառայողական) պարտականություններն իրականացնելիս միատեսակ իրավական հիմքեր և հանգամանքներ ունեցող գործերի դեպքում կայացել միատեսակ մոտեցում ապահովող որոշումներ, իսկ նման դեպքերում տարբերակված որոշումներ կայացնելու պարագայում՝ ապահովել կոնկրետ գործի առանձնահատկությամբ պայմանավորված իրավական, օբյեկտիվ և հավաստի հիմնավորումներ:
97.Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է մասնագիտական աջակցության, կարողությունների զարգացման, կատարողականի գնահատման, առաջխաղացման, պարգևատրման և աշխատանքային գործունեությունից բխող այլ հարաբերություններում ցուցաբերել ոչ կանխակալ, արդարամիտ վերաբերմունք:
ԳԼՈՒԽ 13. ՔԱՂԱՔԱԿԱՆԱՊԵՍ ՊԱՏՇԱՃ ՎԱՐՔԱԳԻԾ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ՉԵԶՈՔՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶՍՊՎԱԾՈՒԹՅՈՒՆ
98.Բացառությամբ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձն իր պաշտոնեական (ծառայողական) պարտականությունները կատարելիս օրենքին համապատասխան պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և (կամ) չեզոքություն, այդ թվում՝ օրենքով նախատեսված դեպքերում չլինել կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ:
99.Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է հարգել հանրային պաշտոն զբաղեցնող այլ անձանց, հանրային ծառայողների և այլ աշխատողների քաղաքական չեզոքություն և (կամ) քաղաքական զսպվածություն դրսևորելու օրենսդրական պարտականությունը և չպահանջել նրանցից գործել դրան հակառակ:
100.Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է զերծ մնալ ճնշում գործադրելուց հանրային պաշտոն զբաղեցնող այլ անձի, հանրային ծառայողի կամ այլ աշխատողի նկատմամբ՝ աշխատանքային առաջխաղացման հնարավորությամբ չշահագրգռել նրանց ներգրավվելու որևէ միավորման, կազմակերպության կամ կուսակցության գործունեությունում կամ այլ կերպ դրդել նրանց մասնակցելու նման գործունեությանը:
101. Հանրային պաշտոն զբաղեցող անձը պարտավոր է ընտրությունների ժամանակ պահպանել նախընտրական քարոզչության, ներառյալ՝ քաղաքական գովազդին օրենքով ներկայացվող սահմանափակումները և պահանջները:
102.Հանրային պաշտոն զբաղեցող անձը պարտավոր է չօգտագործել հանրային ռեսուրսները, օրենքով նախատեսված վարչական ռեսուրսներն իր, այլ անձանց կամ քաղաքական կուսակցությունների նախընտրական քարոզարշավի համար, չներգրավել այլ հանրային պաշտոն զբաղեցող անձանց, հանրային ծառայողների կամ այլ աշխատողների՝ օգտագործելու իրենց աշխատանքային ժամերը կամ այլ ռեսուրսները այդ նպատակի համար:
103.Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է իր պաշտոնեական (ծառայողական) պարտականություններն իրականացնելիս չկատարել կուսակցական շահը սպասարկող քայլեր կամ ներգրավվել դրանց պաշտպանության մեջ, չկատարել նման գործունեության համար հանրային ռեսուրսները տրամադրելու պահանջները, ինչպես նաև նման պահանջներ չներկայացնել հանրային պաշտոն զբաղեցնող այլ անձանց, հանրային ծառայողների կամ այլ աշխատողների:
104.Բացառությամբ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է զերծ մնալ քաղաքական բնույթի հանրային ելույթներ ունենալուց, քաղաքական կողմնորոշում ունեցող հոդվածներ հրապարակելուց կամ սոցիալական էջերում քաղաքական որևէ կուսակցության օգտին կամ դրա դեմ գրառումներ կատարելուց, նմանատիպ գրառումներ հավանելուց կամ տարածելուց:
105.Բացառությամբ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է զերծ մնալ ուղղակի կամ անուղղակի ձևով քաղաքական գործունեությանն ուղղված գովազդային գործունեությանը մասնակցելուց:
ԳԼՈՒԽ.14 ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆՈՒՅԹԻ ԴԵՊՔԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ
106.Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է պաշտոնական հաղորդակցման միջոցներով հանրային իշխանության իրավասու մարմնին կամ պաշտոնատար անձին գրավոր հաղորդում ներկայացնել օրենքի առերևույթ խախտումների մասին իրենց հայտնի դարձած տեղեկությունների վերաբերյալ, ներառյալ՝ հանցանքի, կոռուպցիոն բնույթի դեպքի, շահերի բախման իրավիճակների, վարքագծի կանոնների, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների առերևույթ խախտումների, հանրային շահին ուղղված այլ վնասի կամ էական գործառնական սխալների մասին։
107.Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է պաշտոնական հաղորդակցման միջոցներով հանրային իշխանության իրավասու մարմնին կամ պաշտոնատար անձին գրավոր հաղորդում ներկայացնել իր կամ իր վերադաս անձի կամ անմիջական ղեկավարի կողմից թույլ տված օրենքի առերևույթ խախտումների, ինչպես նաև պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների կատարման ընթացքում հայտնաբերված այլ խախտումների վերաբերյալ:
108.Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է հարգալից, բարեկիրթ ու անաչառ վերաբերմունք դրսևորել խախտումների մասին հաղորդում ներկայացրած հանրային պաշտոն զբաղեցրած այլ անձի, հանրային ծառայողների, այլ աշխատողների ու անձանց նկատմամբ:
109.Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է ենթակա հանրային պաշտոն զբաղեցնող այլ անձի, հանրային ծառայողի կամ այլ աշխատակցի կողմից օրենքի առերևույթ խախտումների վերաբերյալ հաղորդումներ ստանալու դեպքում պարտադիր կարգով անհապաղ գործուն քայլեր ձեռնարկել՝ դրանց առնչությամբ իր լիազորությունների շրջանակում օրենսդրական ընթացակարգերն ապահովելու համար:
110․Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պետք է քայլեր ձեռնարկի իրեն ենթակա հանրային պաշտոն զբաղեցնող այլ անձի, հանրային ծառայողի կամ այլ աշխատակցի կողմից կոռուպցիոն ռիսկեր պարունակող վարքագիծը կանխարգելելու ուղղությամբ:
111.Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է ենթակա հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, հանրային ծառայողների, այլ աշխատողների համար ձեռնարկել բոլոր ողջամիտ քայլերը՝ բարեվարքության և դրա իրավակարգավորումների մասին իրազեկվածության բարձրացման ուղղությամբ, խրախուսել դրա հետ կապված հարցերի բաց քննարկումները:
ԲԱԺԻՆ 3. ԽՐԱԽՈՒՍԵԼԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐ
112.Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պետք է իր աշխատանքի որակը բարձրացնելու նպատակով բաց լինի նորարարական մոտեցումների առջև, շարունակաբար դիտարկի իր ոլորտին վերաբերելի ներպետական և միջազգային պատշաճ գործելակերպը, հետևի միջազգային և տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև փորձի դրանք ներմուծել իր աշխատանքում՝ որպես կիրարկման ենթակա հնարավոր պրակտիկա:
113.Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պետք է ջանքեր գործադրի իր գործունեության ոլորտին վերաբերելի առկա մարտահրավերները վեր հանելու և դրանց հաղթահարման ուղիներ գտնելու ուղղությամբ՝ հանրային պաշտոններ զբաղեցնող այլ անձանց, հանրային ծառայողների, հանրային իշխանության այլ մարմինների հետ հանրային քննարկումների և հանրության հետ համագործակցության միջոցով:
114.Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պետք է անհրաժեշտության դեպքում իրեն ենթակա հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, հանրային ծառայողներին, այլ աշխատողներին ներգրավվի իրենց առնչվող որոշումների կայացման գործընթացում, նրանց թույլ տա արտահայտել այդ որոշումների վերաբերյալ իրենց կարծիքը, իսկ դրանց չհամաձայնելու դեպքում՝ հայտնի պատճառները:
115. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պետք է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերի իրեն ենթակա հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, հանրային ծառայողներին, այլ աշխատողներին իրենց պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների կատարման ընթացքում:
116. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պետք է այլ կառույցում աշխատանքի անցնելու նպատակով աշխատանքից ազատվելու դեպքում աշխատանքից ազատման դիմումում տեղեկացնի նոր աշխատավայրի վերաբերյալ՝ բացառությամբ այն դեպքերի, երբ այլ պաշտոնի է նշանակվում նույն կառույցում:
117. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պետք է խրախուսի օրենքի առերևույթ խախտումների մասին հաղորդում ներկայացնելը և նման վարքագծով օրինակ ծառայի այլ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, հանրային ծառայողների, այլ աշխատողների համար:
118. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պետք է ստեղծի աշխատանքային բարոյահոգեբանական բարենպաստ և առողջ միջավայր, որը կնպաստի ավելի արդյունավետ աշխատանքի իրականացմանը։
119. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պետք է բարեխղճորեն կատարի իր պարտականությունները որպես քաղաքացի, ներառյալ՝ բոլոր ֆինանսական պարտավորությունները, հատկապես՝ օրենսդրությամբ նախատեսված հարկերի, տուրքերի և կոմունալ վճարումների գծով պարտավորությունները, պահպանի երթևեկության և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ կանոնները:
120. Հանրային պաշտոն զբաղեցնող անձը մասնավոր ֆինանսական գործարքներ կնքելու դեպքում պետք է հավաստիանա և ապահովի, որ իր մասնավոր գործարքների արդյունքում հանրային ծառայության հեղինակությունը և իր աշխատավայր հանդիսացող հանրային իշխանության մարմնի աշխատանքները որևէ գործառնական կամ հեղինակության վնաս չեն կրի:
121.Առողջ աշխատանքային միջավայր ձևավորելու նպատակով հանրային պաշտոն զբաղեցնող անձը քննադատություն (պարզաբանման ենթակա հիմքերով) պետք է ներկայացնի հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող այն անձի կամ հանրային ծառայողի ներկայությամբ, ում այդ քննադատությունն ուղղված է, իսկ հանրային ծառայության այլ պաշտոն զբաղեցնող անձի ենթակա հանրային ծառայողի դեպքում՝ նրա ղեկավարին:
122.Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պետք է ձեռնպահ մնա իրեն ենթակա պաշտոններ զբաղեցնող անձանց, հանրային ծառայողների կամ այլ աշխատողի հետ նեղ անձնական (մասնավոր) բնույթի հարաբերություններ հաստատելուց, եթե դրանք կասկածի տակ են դնում իր կամ հանրային իշխանության մարմնի անաչառությունը:
123.Հանրային պաշտոն զբաղեցնող անձը պաշտոնից ազատվելուց անմիջապես առաջ և հնարավորության դեպքում նաև հետո, պետք է պատրաստակամ լինի իր փոխարեն նշանակված հանրային պաշտոն զբաղեցնող անձին փոխանցել իր պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների ընթացքում ձևավորված ինստիտուցիոնալ հիշողությունը (սույն Կանոնագրքի իմաստով ինստիտուցիոնալ հիշողություն է համարվում օրենքով պաշտոնական փաստաթղթավորման կամ պաշտոնականացման այլ ձևի ոչ ենթակա գիտելիքների, տեղեկատվության, տվյալների ամբողջությունը, որը կարող է կուտակվել տվյալ հանրային պաշտոնը զբաղեցնող անձի մոտ այդ պաշտոնը զբաղեցնելու ուժով և կարող է կարևոր կամ էական դիտարկվել նորանշանակ հանրային պաշտոն զբաղեցնող անձի կողմից պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների կատարմանը հնարավորին արագ և արդյունավետ ձեռնամուխ լինելու համար):
-
Քննարկվել է
31.03.2023 - 15.04.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կոռուպցիայի դեմ պայքար
-
Նախարարություն
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
Դիտումներ` 4665
Տպել