«Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագիծ
-
5 - Կողմ
-
5 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ նաև Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատվավոր կոչումները սահմանվում են գիտության, կրթության, արվեստի, մշակույթի, առողջապահության, տնտեսության, ճարտարապետության, շինարարության, իրավագիտության, լրագրության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառների զարգացման գործում ունեցած ակնառու հաջողությունների և բացառիկ վաստակի համար:
Նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված է պատվավոր կոչումների շրջանակը, որոնք են՝ ժողովրդական արտիստի, ժողովրդական նկարչի, գիտության վաստակավոր գործչի, վաստակավոր ճարտարապետի, վաստակավոր շինարարի, վաստակավոր բժշկի, վաստակավոր իրավաբանի, վաստակավոր արտիստի, վաստակավոր նկարչի, արվեստի վաստակավոր գործչի, մշակույթի վաստակավոր գործչի, վաստակավոր մանկավարժի, վաստակավոր լրագրողի, տնտեսության վաստակավոր աշխատողի, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի, վաստակավոր մարզչի և վաստակավոր կոլեկտիվի պատվավոր կոչումը: Ներկայումս գործող կարգավորումների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությամբ դիմում է վարչապետը՝ սեփական նախաձեռնությամբ կամ Սահմանադրությամբ նախատեսված մարմինների, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց առաջարկությունների հիման վրա:
Չնայած այն հանգամանքին, որ Օրենքով պատվավոր կոչումների նախատեսման նպատակն ի սկզբանե եղել է առանձին ոլորտում առանձնակի հաջողություններ և ներդրում ունեցած անձանց խրախուսելը, պատվավոր կոչումներն իրավակիրառ պրակտիկայում չեն ապահովում հետապնդած նպատակների իրականացումը: Ավելին, պատվավոր կոչումների շնորհումը հաճախ դրական հետևանքներ ունենալու փոխարեն բացասական ազդեցություն է ունենում առանձին մասնագիտական հանրույթի ներսում առաջացող հարաբերությունների և առանձին մասնագիտությունների և կոլեկտիվների համարժեք հանրային ընկալման ձևավորման վրա: Վերոգրյալի հիման վրա առկա է անհրաժեշտություն՝ չեղարկելու Օրենքով նախատեսված պատվավոր կոչումները՝ հետևյալ հիմնավորումներով:
Մշակույթի և արվեստի ոլորտում նախատեսված պատվավոր կոչումների չեղարկման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ որևէ արվեստագետի կամ մշակութային գործչի ժողովրդական լինելը չի կարող գնահատվել կամ որոշվել այս կամ այն փորձագիտական խմբի հայեցողությամբ: «Ժողովրդականություն» հասկացությունը չափելի և որևէ կոնկրետ չափանիշով գնահատելի չէ, ինչպիսի պայմաններում հնարավոր չէ նախատեսել այնպիսի օբյեկտիվ չափանիշներ, որոնք հնարավորություն կտան տվյալ ոլորտի գործիչների գործունեությունը և արժանիքներին տալ այնպիսի չափելի գնահատական, որը հնարավորություն կտա առանձնացնել առավել ժողովրդականներին կամ ամենաժողովրդականներին: Ակնհայտ է, որ «ժողովրդական» կոչումն ունի զուտ բարոյական նշանակություն, արտացոլում է ստեղծագործողի ժողովրդականությունը, հանրային ճանաչելիությունը, նրա կերպարի և գործունեության հանրային ընկալումը, ինչը չի կարող ո՛չ ստուգվել կամ չափվել, ո՛չ էլ առավել ևս վավերացվել կամ մերժվել որևէ իրավասու պետական մարմնի կողմից:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է մշակութային հաստատությունների կառավարման արդիականացումը, ստեղծագործողի գործունեության արդյունավետության հարաբերականորեն չափելի ցուցիչների սահմանումը, անորոշ սկզբունքներով վաստակավոր և ժողովրդական արտիստների պատվավոր կոչումների շնորհումը ուղղակիորեն խոչընդոտում է կադրային քաղաքականության վերափոխմանը: Տիտղոսները վարկանիշային անձեռնմխելիության դեր են կատարում, որ կանխում է տվյալ կառույցի տնօրենի անկաշկանդ, կադրային քաղաքականության և ստեղծագործական սերնդափոխություն իրականացնելու իրավունքն ու հնարավորությունը:
Ավելին, Կառավարությունը մշակույթը դիտում է որպես հանրության կրթական ցենզի շարունակական բարձրացման հարթակ, որն ուղիղ ազդեցություն ունի քաղաքացիների, հանրային, ընդհուպ քաղաքական հարաբերությունների որակի վրա, ըստ այդմ` մշակույթը նաև հանրային համախմբում, համերաշխություն և ներդաշնակությունն ապահովող կարևոր գործոն է, ինչպիսի պայմաններում մշակույթի ու արվեստի բնագավառում օբյեկտիվ հիմնավորում չունեցող խտրական գործիքների կիրառումը բացասական ազդեցություն է ունենում մշակութային քաղաքականության շրջանակում հետապնդվող վերոնշյալ նպատակների իրացման տեսանկյունից:
Հանրակրթության և գիտության որորտում առկա պատվավոր կոչումների չեղարկման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հանրակրթության ոլորտում առկա են պետական ռազմավարությունից բխող մասնագիտական զարգացման և արժևորման հստակ ուղղություններ: Այդ գործընթացներով անցնող մասնագետներն արդեն իսկ ձեռք են բերում մասնագիտական վարկանիշ և խթան են հանդիսանում ոլորտի մասնագետների համար՝ նպաստելով համակարգի հեղինակության բարձրացմանը: Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչման առկայությունը վարկանիշային անձեռնմխելիության դեր է կատարում և անորոշ, սուբյեկտիվ սկզբունքներով վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչման շնորհումն ուղղակիորեն խոչընդոտում է ոլորտի քաղաքականության վերափոխմանը՝ որոշակի մարդկանց համար սահմանելով արտոնություն և ստեղծելով անհավասար պայմաններ մյուս մասնագետների համար: Նույն կերպ հիմնավորվում է նաև գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչման չեղարկման անհրաժեշտությունը:
Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի որորտում, ի թիվս վերը հիշատակված հանգամանքների, պայմանավորված է նաև «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտի զարգացման 2023-2030 թվականների ռազմավարությամբ» և այդ համատեքստում՝ ոլորտում նախատեսվող մասնագիտական վարկանիշավորմամբ, որի արդյունքում այդ գործընթացներով անցնող մասնագետներն արդեն իսկ ձեռք են բերում մասնագիտական վարկանիշ, ինչն էլ խթան կհանդիսանա համակարգի հեղինակության բարձրացմանը, և ոլորտում արժեքավոր ներդում ունեցող անձանց ոլորտի այլ ներկայացուցիչներից առանձնացնելու և խրախուսելու օբյեկտիվ չափանիշների վրա հիմնված համակարգի ներդրմանը:
Առողջապահության ոլորտում սահմանված՝ Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժշկի պատվավոր կոչումը շնորհվում է առողջապահության բնագավառում առնվազն 15 տարի աշխատած, մասնագիտական բարձր կարողություններ և հաջողություններ ունեցող, անձնվիրություն ցուցաբերած բժիշկներին: Սակայն մասնագիտական բարձր կարողություններ և հաջողություններ ունենալու, անձնվիրություն վերաբերյալ սկզբունքները անորոշ և հարաբերականորեն չափելի ցուցիչներ են, վերոնշյալի գնահատման մեխանիզմներ ևս առկա չեն, ինչպիսի պայմաններում վաստակավոր բժշկի կոչման շնորհումը բացասական ազդեցություն է ունենում բժշկական հաստատությունների և առհասարակ բժշկական հանրույթի բարոյահոգեբանական մթնոլորտի վրա, և հնարավորություն չի տալիս առողջապահական ծառայությունների շահառու հանդիսացող հանրությանը՝ կանխատեսելի, չափելի և օբյեկտիվ չափանիշով առանձնացնել ոլորտի իրական բարձր պրոֆեսիոնալներին:
Տնտեսության, ճարտարապետության և շինարարության ոլորտներում վաստակավոր ճարտարապետի, վաստակավոր շինարարի և տնտեսության վաստակավոր աշխատողի պատվավոր կոչումների չեղարկումը, ի թիվս վերը հիշատակված հանգամանքների, պայմանավորված է քաղաքակիրթ և զարգացած երկրներում, որպես կանոն, տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող գործիչների արժևորման նման ձևաչափերի նախատեսված չլինելով և պատվավոր կոչումների շնորհման համար հստակ չափորոշիչներ սահմանված չլինելով և այդպիսի չափանիշների սահմանման անհնարինությամբ:
Տնտեսության վաստակավոր աշխատողի պատվավոր կոչման առնչությամբ հարկ է արձանագրել նաև, որ տվյալ կոչման շնորհման թիրախային անձանց շրջանակի համար առկա են պարգևատրման և խրախուսման մի շարք այլ մեխանիզմներ (այդ թվում՝ մեդալներ, շքանշաններ և այլն), ինչպիսի պայմաններում Օրենքով տնտեսության վաստակավոր աշխատողի պատվավոր կոչման առկայությունը, հաշվի առնելով նաև պրակտիկայում այս կոչման շնորհման պրակտիկայի գրեթե բացակայությունը, այլևս արդիական չէ: Ընդ որում, հարկ է ընդգծել նաև, որ Կառավարությունը Էկոնոմիկայի նախարարության միջոցով նախատեսում է ոլորտային խրախուսման միջոցառումների և մրցանակաբաշխությունների կազմակերպում՝ հիմք ընդունելով ոլորտային զարգացման ծրագրերը, ինչպիսի պայմաններում ևս նշված ոլորտում պատվավոր կոչումների շնորհումը չի բխում Կառավարության ներկայիս քաղաքականությունից։
Օրենքով նախատեսված են նաև վաստակավոր իրավաբանի և վաստակավոր լրագրողի պատվավոր կոչումները, որոնց չեղարկման անհրաժեշտությունը, ի թիվս վերը հիշատակված հանգամանքների, պայմանավորված է հետևյալ հանգամանքներով: Վաստակավոր լրագրող կոչումը չի կարող հանդիսանալ լրագրողի աշխատանքի գնահատման կարևոր պայման, քանի որ վերջինիս գլխավոր առաքելությունն է հանրությանը ժամանակին, ճշգրիտ և ամբողջական տեղեկատվության տրամադրումը, հետևաբար՝ լրագրողի գործունեության գնահատման հիմքում ընդհանուր առմամբ պետք է դրվեն հանրության կողմից նրա պատրաստած լրատվական նյութի բովանդակությունը, արծարծվող հարցերը խորությամբ, անաչառ և համապարփակ ներկայացնելու ունակությունը, մինչդեռ տվյալ կոչման առկայությունն անհավասար պայմաններ է ստեղծում լրատվության ոլորտում գործող լրագրողների գործունեության համար: Լրագրողական անհատականության պահպանման սկզբունքից ելնելով իսկ` պրոֆեսիոնալ գործունեության այս ձևաչափը համարվում է անհամատեղելի:
Ինչ վերաբերում է վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչման չեղարկմանը, ապա հարկ է նկատել, որ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչումը շնորհվում է իրավաբանության բնագավառում առնվազն 15 տարի աշխատած իրավաբաններին` իրավագիտության և իրավաբանության զարգացման, օրինականության և իրավակարգի ամրապնդման, իրավական պետության ձևավորման և օրենսդրության կատարելագործման գործում ունեցած մեծ վաստակի համար: Սակայն իրավագիտության և իրավաբանության զարգացման, օրինականության և իրավակարգի ամրապնդման, իրավական պետության ձևավորման և օրենսդրության կատարելագործման գործում ունեցած մեծ վաստակ ունենալը խիստ անորոշ, սուբյեկտիվ գնահատողական և հարաբերականորեն չափելի ցուցիչներ են, ինչի օբյեկտիվ գնահատման մեխանիզմներ մինչ օրս նախատեսված չեն և ողջամտորեն չեն էլ կարող նախատեսվել:
Այսպիսով, վերոգրյալի արդյունքում ակնհայտ է, որ Օրենքով նախատեսված պատվավոր կոչումների շնորհումը ներկայումս բացասական ազդեցություն է ունենում ինչպես առանձին մասնագիտական ոլորտներում առողջ մրցակցության ձևավորման, արժանիքահեն առաջընթացի, այնպես էլ մասնագիտական տիրույթներում ներքին բարոյահոգեբանական մթնոլորտի վրա՝ հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ գործող կարգավորումների պայմաններում առանձին անձանց ու կոլեկտիվներին պատվավոր կոչումների շնորհման առնչությամբ մասնագիտական հանրույթներում կոնսենսուսի ապահովման գործիքակազմ առկա չէ:
Ավելին, միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օրինակելի փորձ ունեցող երկրներում, որպես կանոն, չեն գործում առանձին մասնագիտությունների տեր անձանց արժևորման նման ձևաչափեր՝ նախապատվությունը տալով առանձին մասնագիտական հանրույթի ներսում խրախուսման մեխանիզմների կամ մրցանակաբաշխությունների իրականացման պրակտիկային, որոնց հիմքում, սովորաբար, մրցութային հիմունքներով մասնակցությունն է և բաց մրցակցությունը կամ մասնագիտական հանրույթի կոնսենսուսը:
Վերոգրյալի հիման վրա առկա է Հայաստանի Հանրապետությունում պատվավոր կոչումների չեղարկման անհրաժեշտություն՝ ապահովելու համար առանձին բնագավառներում ոլորտի մասնագետների հավասար պայմաններում ինքնադրսևորվելու ու ստեղծագործելու, իրենց գործունեությանը հանրությանը ներկայացնելու օբյեկտիվ և հավասար հնարավորություն։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքից և հարակից այլ օրենքներից հանել պատվավոր կոչումների շնորհման վերաբերյալ իրավակարգավորումների արդյունքում նախատեսվում է Օրենքից հանել պատվավոր կոչումները և շնորհելու կարգը՝ հաշվի առնելով թիրախային անձանց այլընտրանքային պարգևատրման կամ խրախուսման առավել արդիական եղանակների կիրառման հնարավորությունը։
- 3. Նախագծի ընդունմամբ ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է Օրենքով սահմանաված բնագավառներում գործող մասնագետների համար ապահովել հավասար պայմաններ ինքնադրսևորվելու ու գործելու, այդ թվում՝ ստեղծագործելու համար, ապահովել առանձին մասնագիտական հանրությունների ներսում առողջ մրցակցության ու բարոյահոգեբանական պատշաճ մթնոլորտի ձևավորման, առանձին ոլորտներում օբյեկտիվ չափանիշներով աչքի ընկած մասնագետներին խրախուսելու արժանիքահեն, չափելի ցուցանիշների և մրցութային համակարգի վրա հենված գործիքակազմի ներդրում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:
- Օրենքների ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունման կապակցությամբ առկա է ՀՀ նախագահի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին նախագահի հրամանագիրն ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտություն:
Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը չի բխում Ռազմավարական փաստաթղթերի հետ կապ առկա չէ:
-
Քննարկվել է
24.03.2023 - 08.04.2023
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Առողջապահություն, Կրթություն և գիտություն, Քաղաքաշինություն, Սպորտ և երիտասարդություն, Մշակութային, Էկոնոմիկա, Ժամանակակից արվեստ
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 2758
Տպել