Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6 ի N 275-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
5 - Կողմ
-
2 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6‑ի N 275-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրների կանոնակարգմամբ:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված են այն դեպքերը, երբ նոր ծնված երեխայի ծնողից (հորից կամ մորից) սերված երեխաները և զավակները (նոր ծնված երեխայի համահայր կամ համամայր քույրերն ու եղբայրները) հաշվի են առնվում նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս։
Հարկ է նկատի ունենալ, որ գործող կարգավորումներով նոր ծնված երեխայի համահայր կամ համամայր քույրերն ու եղբայրները հաշվի են առնվում, եթե՝
ա. դատարանի վճռով կամ ծնողի (ով չի հանդիսանում նոր ծնված երեխայի ծնողը) գրավոր համաձայնությամբ այդ երեխայի բնակության վայր է սահմանվել նոր ծնված երեխայի ծնողի բնակության վայրը,
բ. դատական կարգով հաստատված է այն փաստը, որ այդ երեխայի փաստացի խնամքն ու դաստիարակությունն իրականացնում է կամ այդ զավակի փաստացի խնամքն ու դաստիարակությունն անչափահաս տարիքում իրականացրել է նոր ծնված երեխայի ծնողը,
գ. նոր ծնված երեխայի ծնողը այդ երեխայի համար ստանում է ալիմենտ,
դ. նոտարական ակտով հաստատված է այդ երեխայի՝ նոր ծնված երեխայի ծնողի խնամքի տակ լինելու փաստը,
ե. նրանց մյուս ծնողը մինչև նոր ծնված երեխայի ծննդյան օրը մահացել կամ օրենքով սահմանված կարգով ճանաչվել է մահացած կամ անհայտ բացակայող, կամ դատական կարգով ճանաչվել է անգործունակ,
զ. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնից ստացված տեղեկատվության համաձայն` այդ համամայր երեխայի (երեխաների) ծննդյան ակտի գրառման մեջ հոր մասին տեղեկությունը լրացվել է մոր գրավոր հայտարարության հիման վրա կամ հոր մասին տեղեկությունը չի լրացվել (եթե նպաստը նշանակվելու է նոր ծնված երեխայի մորը),
է. ծնողի (ով չի հանդիսանում նոր ծնված երեխայի ծնողը) գրավոր համաձայնությամբ այդ երեխայի խնամքն ու դաստիարակությունն իրականացնում է նոր ծնված երեխայի ծնողը,
ը. այդ երեխայի (նոր ծնված երեխայի համահայր կամ համամայր քույր կամ եղբայր) ծնողները ամուսնալուծվել են նրա չափահաս դառնալուց հետո:
Այս տեսակետից հարկ է նկատի ունենալ, որ գործնականում տարբեր ամուսնությունից ծնված երեխաների դեպքում շատ հազվադեպ է հանդիպում, երբ դատարանի որոշմամբ է որոշված լինում նրանց բնակության վայրը։ Հիմնականում այս դեպքերում երեխաները հաշվառված են լինում նոր ծնված երեխայի հասցեով։
Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել այս տեսակետից վերանայել կարգաթիվը որոշելու պայմանները։
Բացի վերը նշվածից, նույն ծնողներից սերված երեխաների դեպքում գործող իրավակարգավորումների համաձայն՝ մահացած երեխաները նոր ծնված երեխայի կարգաիվը որոշելիս հաշվի են առնվում այն դեպքում, երբ մահացել են նոր ծնված երեխայի ծննդյան օրվան նախորդող 3 տարվա ընթացքում։ Այս կարգավորումը բավականին խնդրահարույց է դառնում հատկապես 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքներում ծնված երեխաների կարգաթիվը որոշելիս։
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Հաշվի առնելով վերը նշվածը` առաջարկվում է համապատասխան փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ:
- Կարգավորման առարկան
Ներկայացվող նախագծով առաջարկվում է նոր ծնված երեխայի համահայր կամ համամայր քույրերն ու եղբայրները նրա կարգաթիվը որոշելիս հաշվի կառնվեն, եթե՝
1․ դատարանի վճռով երեխայի մյուս ծնողը (ով չի հանդիսանում նոր ծնված երեխայի ծնողը) զրկված է ծնողական իրավունքից կամ
2․ առկա է զավակի նոտարական ակտով հաստատված հայտարարությունն այն մասին, որ անչափահաս տարիքում իր փաստացի խնամքն ու դաստիարակությունն իրականացրել է նոր ծնված երեխայի ծնողը կամ
- նոր ծնված երեխայի ծննդյան օրվա դրությամբ հաշվառված են նոր ծնված երեխայի բնակության (հաշվառման) վայրի հասցեով։
Բացի այդ, նախագծով առաջարկվում է սահմանել, որ նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելիս հաշվի կառնվեն նաև նոր ծնված երեխայի ծնողներից (հորից և մորից) սերված՝ մինչև նոր ծնված երեխայի ծննդյան օրը մահացած երեխաները և զավակները, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք մահացել են պերինատալ շրջանում: Ընդ որում, այս դեպքում, եթե արդեն նշանակվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստ՝ կարգաթիվը որոշելիս առանց հաշվի առնելու մինչև նոր ծնված երեխայի ծննդյան օրը մահացած նրա քրոջը կամ եղբորը (բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք մահացել են պերինատալ շրջանում), ապա նշանակված նպաստի չափը վերահաշվարկվելու է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում կրկին դիմելու դեպքում։ Այս կարգավորումը նախատեսվում է տարածել այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո։ Այս ժանկետն առաջարկվում է սահմանել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքի գործող նորմի կիրառմամբ երեխայի ծննդյան օրվան նախորդող 3 տարին 44-օրյա պատերազմում զոհված ընտանիքների համար գործնականում կիրառելի չէ (զոհված զինծառայողների ծնողները պետական այլ ծրագրերի շրջանակներում 2022 թվականի ընթացքում են սկսել բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ միջոցներ ձեռնարկել իրենց ընտանիքների կազմը համալրելու համար)։
Նախագծով կարգավորվում են նաև իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած որոշակի խնդիրներ։
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Իրավական ակտի կիրառման արդյունքում կկանոնակարգվեն իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած որոշակի խնդիրներ:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ․ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6 ի N 275-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ցանկի «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» բաժնի 17.2-րդ կետից:
- «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6‑ի N 275-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման բացակայության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6‑ի N 275-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև ծախսերի էական ավելացում չի նախատեսվում։
-
Քննարկվել է
14.03.2023 - 30.03.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 2687
Տպել