Հիշել նախագիծը

««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Պետական վերահսկողական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-279-Ն օրենքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԳԼՈՒԽ 1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 

Հոդված 1.

 Օրենքի կարգավորման առարկան

 

  1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության (այսուհետ` Ծառայություն) կողմից պետական վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները, սահմանում՝ Ծառայության լիազորությունները, կառուցվածքը, ծառայողների վարքագծի հատուկ կանոնները, կառավարման և ղեկավարման հետ կապված այլ հարաբերությունները:

 

Հոդված 2.

 Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

  1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) պետական վերահսկողություն՝ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացման ապահովմանն ուղղված սույն օրենքով սահմանված գործունեություն.

2) վերահսկողություն` Ծառայության կողմից ուսումնասիրությունների (այդ թվում՝ հանդիպակաց), ֆինանսաբյուջետային դիտարկումների (այդ թվում՝ հանդիպակաց), դիտարկումների, մշտադիտարկումների իրականացում.

3) արդյունավետություն՝ նախատեսված արդյունքին կամ նպատակին հասնելու համար օգտագործված նյութական և ոչ նյութական միջոցների համարժեքությունը ձեռք բերված արդյունքին.

4) օրինականություն` վերահսկվող օբյեկտի գործունեության համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, ինչպես նաև կնքված գործարքներով սահմանված պահանջներին.

5) պետական միջոցներ` վերահսկվող օբյեկտի կողմից կառավարվող, ձևավորվող կամ ձևավորման ենթակա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բոլոր մուտքերը և ելքերը, նյութական ու ոչ նյութական ակտիվները.

6) պետական միջոցների կառավարում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բոլոր տիպի մուտքերի և ելքերի, նյութական ու ոչ նյութական ակտիվների տնօրինում, տիրապետում կամ օգտագործում.

7) պետական միջոցների ձևավորում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի բոլոր տիպի մուտքերի և ելքերի, նյութական ու ոչ նյութական ակտիվների հավաքում, հասցեագրում.

8) վերահսկվող օբյեկտ՝ սույն օրենքով սահմանված մարմիններ, հիմնարկներ և անձինք (իրավաբանական անձ, ֆիզիկական անձ, այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր), որոնց առնչությամբ Ծառայության կողմից, սույն օրենքով սահմանված լիազորություններին համապատասխան, իրականացվում է վերահսկողություն.

9) ուսումնասիրություն՝ վարչապետի հանձնարարությամբ կամ վարչապետի հետ համաձայնեցված՝ Ծառայության ղեկավարի կողմից տրված հանձնարարագրի հիման վրա Ծառայությունում կամ վերահսկվող օբյեկտում սույն օրենքով նախատեսված վերահսկողական գործառույթների ամբողջություն.

10) դիտարկում` Ծառայության ղեկավարի գրավոր հանձնարարականի հիման վրա՝ այդ հանձնարարականով սահմանված վերահսկվող օբյեկտի գործունեությանն առնչվող առանձին հարցերի պարզաբանման համար ինչպես վերահսկվող օբյեկտում, այնպես էլ Ծառայությունում սույն օրենքով նախատեսված վերահսկողական գործառույթների ամբողջություն.

11) մշտադիտարկում՝ սույն օրենքով սահմանված Ծառայության լիազորությունների շրջանակներում Ծառայությունում ստացված, Ծառայության կողմից ձեռք բերված տեղեկությունների վերլուծության միջոցով ռիսկերի բացահայտմանը և գնահատմանն ուղղված սույն օրենքով նախատեսված վերահսկողական գործառույթների ամբողջություն.

12) ֆինանսաբյուջետային դիտարկում՝ վարչապետի հաստատած տարեկան ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) հիման վրա Ծառայությունում կամ վերահսկվող օբյեկտում սույն օրենքով նախատեսված վերահսկողական գործառույթների ամբողջություն:

Հոդված 3.

 Պետական վերահսկողական ծառայությունը

 

  1. Ծառայությունը «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքով սահմանված՝ պետական վերահսկողության ոլորտում գործող վարչապետին ենթակա մարմին է, որն իրականացնում է սույն օրենքով իրեն վերապահված լիազորություններ:

 

 

ԳԼՈՒԽ 2

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ, ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Հոդված 4.

 Պետական վերահսկողական ծառայության գործունեության խնդիրը և նպատակը

 

  1. Ծառայության գործունեության խնդիրը՝ վարչապետին, սույն օրենքով նախատեսված լիազորությունների շրջանակում անկողմնակալ և ամբողջական տեղեկատվություն կամ մասնագիտական դիրքորոշում ներկայացնելն է:
  2. Ծառայության գործունեության նպատակն է ապահովել վարչապետի՝ սույն օրենքով նախատեսված վերահսկողական լիազորությունների իրականացումը:

 

Հոդված 5.

 Պետական վերահսկողական ծառայության լիազորությունները

 

  1. Սույն օրենքով սահմանված նպատակով Ծառայությունը պետական վերահսկողության շրջանակներում և սույն օրենքով սահմանված կարգով՝

1) պետական կառավարման համակարգի մարմիններում, տարածքային կառավարման մարմիններում և պետական հիմնարկներում իրականացնում է վերահսկողություն՝

ա. Կառավարության որոշումների, վարչապետի որոշումների կամ հանձնարարականների, Կառավարության գործունեության միջոցառումների ծրագրերի, այդ թվում` hակակոռուպցիոն ծրագրերի կամ միջոցառումների կատարման նկատմամբ,

բ. դրանց գործունեության օրինականության կամ արդյունավետության նկատմամբ,

գ. պետական միջոցների կառավարման կամ ձևավորման արդյունավետության կամ օրինականության նկատմամբ.

2) Սահմանադրությամբ նախատեսված կամ օրենքներով ստեղծված, պետական կառավարման համակարգի մարմին չհանդիսացող մարմիններում իրականացնում է վերահսկողություն պետական միջոցների կառավարման օրինականության նկատմամբ․

3) տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացնում է վերահսկողություն պետական միջոցների կառավարման օրինականության կամ դրանց տրամադրման համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նկատմամբ.

4) պետական միջոցների ձևավորման գործառույթ իրականացնող լիազորված անձանց մոտ իրականացնում է վերահսկողություն պետական միջոցների ձևավորման օրինականության կամ արդյունավետության նկատմամբ.

5) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ կամ Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրած իրավաբանական անձանց մոտ իրականացնում է վերահսկողություն դրանց գործունեության օրինականության կամ արդյունավետության, ինչպես նաև՝ պետական միջոցների կառավարման կամ ձևավորման արդյունավետության կամ օրինականության նկատմամբ.

6) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ քաղաքացիաիրավական գործարքների կողմ հանդիսացող անձանց մոտ իրականացնում է վերահսկողություն Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ քաղաքացիաիրավական գործարքներից բխող և դրանց պայմանների կատարման նկատմամբ, բացառությամբ պայմանագրից բխող ցուցումներ տալու, որն իրականացվում է պայմանագրով Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող լիազոր մարմնի միջոցով.

7) պետությունից, համայնքից, պետական, համայնքային ոչ առևտրային կազմակերպություններից, պետության, համայնքների հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպություններից նվիրաբերության կամ դրամաշնորհի կարգով միջոցներ ստացած իրավաբանական անձանց կամ այլ անձանց այդ թվում՝ մարմինների մոտ իրականացնում է վերահսկողություն գնումների գործընթացը կանոնակարգող օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ.

8) Հայաստանի Հանրապետությունից սուբսիդիա կամ դրամաշնորհ ստացած անձանց մոտ իրականացնում է վերահսկողություն պետական միջոց տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նկատմամբ.

9) պետական կառավարման համակարգի մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, ինչպես նաև հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններին (անկախ կազմակերպական-իրավական ձևից) տրամադրված հատկացումների, վարկային միջոցների, փոխառությունների և նվիրատվությունների արդյունավետ և նպատակային օգտագործման նկատմամբ իրականացնում է վերահսկողություն.

10) վերահսկվող օբյեկտների կողմից, այդ թվում՝ պետական միջոցների կառավարման կամ ձևավորման, հակաօրինական գործողությունների, չարաշահումների վտանգի կամ հնարավոր վնասների առաջացման ռիսկերի դեպքերում նշված ռիսկերի հիմնավորվածությունը պարզելու, գնահատելու կամ դրանք նվազագույնի հասցնելու նպատակով իրավասու է առաջարկելու կասեցնել գործողությունները, գործարքների կատարումը, ինչպես նաև դրանց կնքմանն ուղղված ընթացակարգերը կամ գործողությունները.

11) վարչապետի սահմանած կարգով և հանձնարարությամբ իրականացնում է կարգապահական վարույթներ՝ պետական կառավարման համակարգի մարմիններում հանրային պաշտոն զբաղեցնող այն պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնց նկատմամբ կարգապահական վարույթ իրականացնելու լիազորություն օրենսդրությամբ այլ մարմինների վերապահված չէ.

12) իրականացնում է հանդիպակաց վերահսկողություն սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով.

13) ներկայացնում է վերահսկողության արդյունքներից բխող պահանջվող միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ և իրականացնում դրանց կատարման նկատմամբ հսկողություն.

14) ստացված դիմումները, բողոքները կամ առաջարկությունները, ըստ անհրաժեշտության հասցեագրում է իրավասու պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին և սույն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում վերահսկում դրանց ընթացքը.

15) համագործակցում է պետական կառավարման համակարգի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների համապատասխան կառույցների, ինչպես նաև այլ կազմակերպությունների հետ.

16) ներկայացնում է իրավական ակտերի նախագծեր, ինչպես նաև առաջարկություններ պետական կառավարման ոլորտում իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.

17 սույն օրենքով սահմանված դեպքերում կիրառում է պատասխանատվության միջոցներ:

  1. Սույն հոդվածի 1-ին մասի 1-13-րդ կետերով Ծառայությանը վերապահված լիազորությունները հանդիսանում են վարչապետի վերահսկողական լիազորություններ։

Հոդված 6. Պետական վերահսկողական ծառայության իրավասությունները

  1. Ծառայությունը վերահսկողություն, բացառությամբ մշտադիտարկումներ իրականացնելիս, սույն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում`

1) վարչապետի սահմանած կարգով ստանում է անհատույց և ազատ հասանելիություն վերահսկվող օբյեկտում կամ դրա պաշտոնատար անձի մոտ գտնվող և Ծառայության լիազորություններին առնչվող բոլոր թղթային կամ էլեկտրոնային տեղեկատվական շտեմարաններին ու համակարգերին, տեղեկություններին և փաստաթղթերին.

2) իրավասու է պահանջելու նյութեր, առարկաներ, փաստաթղթեր ու տեղեկատվություն, ապրանքանյութական արժեքների գույքագրման կատարում՝ առանց վերահսկվող օբյեկտի բնականոն գործունեությունը խաթարելու.

3 ունի մուտքի հնարավորություն վերահսկվող օբյեկտի տարածքներ, ներառյալ՝ հատուկ հսկողության տակ գտնվող տարածքներ.

4) իրավասու է վերահսկվող օբյեկտներից, դրանց պաշտոնատար անձանցից պահանջելու և ստանալու Ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր, տեղեկանքներ, պարզաբանումներ, այդ թվում՝ պետական կամ օրենքով պահպանվող գաղտնիք համարվող.

5) իրավասու է վերահսկողությանը մասնակից դարձնելու վերահսկվող օբյեկտի ներքին աուդիտորների (տվյալ վերահսկվող օբյեկտի ղեկավարի համաձայնությամբ), վերահսկողության ենթակա ոլորտի կամ համապատասխան բնագավառի հանրային ծառայողների (վերահսկվող օբյեկտի ղեկավարի համաձայնությամբ), մասնագետների, փորձագետների և գիտական հաստատությունների ներկայացուցիչների, ինչպես նաև կազմավորելու ժամանակավոր աշխատանքային խմբեր.

6) իրավասու է վերահսկվող օբյեկտի պաշտոնատար անձանց կամ աշխատակիցներին պահանջելու ներկայանալ Ծառայություն` պարզաբանումներ ներկայացնելու.

7) «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ հավաքում է տեղեկատվություն էլեկտրոնային կամ թղթային կրիչներով, կատարվող հարցումների կամ օրենքով չարգելված այլ եղանակների միջոցով, ինչպես նաև առկա տեղեկատվական էլեկտրոնային բազաներին վարչապետի սահմանված կարգով առցանց հասանելիության միջոցով ստանում և դասակարգում է հավաքված տեղեկությունները.

8) առցանց ստացվող, հարցումների, ինչպես նաև օրենքով չարգելված այլ եղանակների միջոցով հավաքվող տեղեկատվությունը համակարգված ամփոփում և համադրում է վերլուծության առարկայի կամ վերլուծության ենթակա երևույթի փաստացի վիճակի հետ՝ առկա իրողությունները պարզելու և դրանց համապատասխան գնահատական տալու նպատակով.

9) կատարում է այցելություններ երևույթների, իրադարձությունների, իրողությունների վերաբերյալ տեղեկատվության ստացման և գնահատման նպատակով.

10) կատարում է տարածքների, շինությունների, փոխադրամիջոցների, առարկաների, փաստաթղթերի, սարքավորումների (այդ թվում՝ էլեկտրոնային) հետազոտում, տեղատեսություն, որի ընթացքում կարող է իրականացվել լուսանկարահանում, տեսաձայնագրառում, ձայնագրառում, փաստաթղթերի պատճենահանում.

11) կարող է իրականացնել ապրանքների, աշխատանքների, ծառայությունների փաստացի ձեռքբերման գների հետ համադրմանն ուղղված՝ նույն կամ նույնանման ապրանքների, աշխատանքների, ծառայությունների, ինչպես նաև ապրանքների` օրենսդրությամբ սահմանված վաճառքի չափորոշիչների պարզելուն ուղղված ձեռքբերումներ կամ հարցումներ.

12) հատուկ փորձագիտական գնահատական պահանջող հարցերի պարզաբանման անհրաժեշտությունից ելնելով՝ նախաձեռնում է փորձաքննության իրականացում՝ անհրաժեշտության դեպքում, այդ նպատակով առարկաներ, փորձանմուշներ և փաստաթղթեր վերցնելու միջոցով.

13) կատարված և ավարտված գործողությունների կամ դրանց փուլերի երկրորդման եղանակով ստացված արդյունքները համադրում է հաշվառմամբ արտացոլված արդյունքների հետ.

14) վարչապետի սահմանած կարգով ստանում է պետական կառավարման համակարգի համապատասխան մարմիններից անհրաժեշտ օպերատիվ տեղեկատվություն։

  1. Մշտադիտարկման շրջանակներում Ծառայությունն իրավասու է՝

1) վերահսկվող օբյեկտներից, դրանց պաշտոնատար անձանցից պահանջելու և ստանալու Ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ, փաստաթղթեր, տեղեկանքներ, պարզաբանումներ, այդ թվում՝ պետական կամ օրենքով պահպանվող գաղտնիք համարվող.

2) «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ հավաքել տեղեկատվություն էլեկտրոնային կամ թղթային կրիչներով, կատարվող հարցումների կամ օրենքով չարգելված այլ եղանակների միջոցով, ինչպես նաև առկա տեղեկատվական էլեկտրոնային բազաներին վարչապետի սահմանված կարգով առցանց հասանելիության միջոցով ստանալ և դասակարգել հավաքված տեղեկությունները.

3) առցանց ստացվող, հարցումների, ինչպես նաև օրենքով չարգելված այլ եղանակների միջոցով հավաքվող տեղեկատվությունը համակարգված ամփոփել և համադրել վերլուծության առարկայի կամ վերլուծության ենթակա երևույթի փաստացի վիճակի հետ՝ առկա իրողությունները պարզելու և դրանց համապատասխան գնահատական տալու նպատակով:

  1. Պետական կառավարման համակարգի մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վերահսկվող ոլորտներում վերահսկողական գործառույթներ իրականացնելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում Ծառայությունը, վարչապետի սահմանած կարգով, կարող է միջնորդություն ներկայացնել իրավասու մարմին` իրականացնելու տվյալ մարմնին օրենքով վերապահված և իր լիազորություններից բխող վերահսկողություն` արդյունքների վերաբերյալ տեղեկացնելով Ծառայությանը։
  2. Իրականացված վերահսկողության արդյունքներով Ծառայությունը վերլուծում է արձանագրված խախտումները, անհամապատասխանությունները, թերությունները, խնդիրները, դրանց պատճառները, հանգամանքներն ու հետևանքները` անհրաժեշտության դեպքում դրանց վերաբերյալ վարչապետին ներկայացնելով տեղեկանքներ, զեկույցներ կամ վերլուծություններ:
  3. Վերահսկողության արդյունքների ամփոփման, ինչպես նաև գործունեության արդյունավետության բարձրացման, առկա բացթողումների և թերությունների վերացման վերաբերյալ վարչապետին ու վերահսկվող օբյեկտներին ներկայացվում են առաջարկություններ:
  4. Ծառայության կողմից վերահսկողության ընթացքում ստացված տեղեկատվությունը հանդիսանում է ծառայողական օգտագործման համար նախատեսված, և կարող է տրամադրվել բացառապես վարչապետին, օրենքով սահմանված կարգով իրավասու մարմիններին, իսկ վարչապետի համաձայնությամբ՝ նաև այլ անձանց:
  5. Ծառայության գործունեությանը խոչընդոտելն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

 

 

Հոդված 7.

 Պետական վերահսկողական ծառայության լիազորությունների իրականացման կարգը

 

  1. Ծառայության կողմից ուսումնասիրություններն իրականացվում են վարչապետի հանձնարարությամբ կամ համաձայնությամբ՝ Ծառայության ղեկավարի կողմից տրված հանձնարարագրի հիման վրա:
  2. Ծառայության ղեկավարի կողմից տրված հանձնարարագրով, ի թիվս իրավական ակտի համար օրենքով սահմանված վավերապայմանների, սահմանվում են նաև՝

1) հանձնարարագրի ամսաթիվը, ամիսը, տարին և համարը,

2) վերահսկվող օբյեկտի լրիվ անվանումը, գտնվելու վայրը,

3) ուսումնասիրության ենթակա ոլորտը կամ դրա համապատասխան մասը,

4) ուսումնասիրության ենթակա ժամանակահատվածը,

5) ուսումնասիրություն կատարելու ժամկետը՝ օրերով,

6) ուսումնասիրություն կատարող պաշտոնատար անձի (անձանց), այդ թվում՝ խմբի ղեկավարի տվյալները (պաշտոնի անվանումը, անունը և ազգանունը):

  1. Ուսումնասիրություն իրականացնելու հանձնարարագրում փոփոխությունները, լրացումները կատարվում են Ծառայության ղեկավարի հանձնարարագրի հիման վրա, որի դեպքում սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված վավերապայմանների պահպանումը պարտադիր չէ:
  2. Ուսումնասիրության արդյունքներն ամփոփվում են համապատասխան տեղեկանքով: Տեղեկանքի նախագիծը տրամադրվում է վերահսկվող օբյեկտին Ծառայության կողմից սահմանված ժամկետում՝ դրա վերաբերյալ Ծառայությանը կարծիք ներկայացնելու նպատակով: Կարծիքի տրամադրմամբ, ըստ անհրաժեշտության, տեղեկանքի նախագիծը կարող է լրամշակվել, որից հետո ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքը, առկայության դեպքում՝ կարծիքի հիման վրա կազմված ամփոփաթերթը, անհրաժեշտության դեպքում նաև այլ հիմնավորող փաստաթղթերը զեկուցվում կամ ներկայացվում են վարչապետին, և կարող են հիմք հանդիսանալ վարչապետի կողմից համապատասխան հանձնարարականներ տալու համար:
  3. Ֆինանսաբյուջետային դիտարկումն իրականացվում է Ծրագրի հիման վրա, Ծառայության ղեկավարի հրամանով:
  4. Ֆինանսաբյուջետային դիտարկման արդյունքներն ամփոփվում են տեղեկանքով: Տեղեկանքի նախագիծը տրամադրվում է վերահսկվող օբյեկտին Ծառայության կողմից սահմանված ժամկետում՝ դրա վերաբերյալ Ծառայությանը կարծիք ներկայացնելու նպատակով: Կարծիքի տրամադրմամբ, ըստ անհրաժեշտության, տեղեկանքի նախագիծը կարող է լրամշակվել, որից հետո տեղեկանքը, առկայության դեպքում՝ կարծիքի հիման վրա կազմված ամփոփաթերթը, անհրաժեշտության դեպքում նաև այլ հիմնավորող փաստաթղթերը զեկուցվում կամ ներկայացվում են վարչապետին, և կարող են հիմք հանդիսանալ վարչապետի կողմից համապատասխան հանձնարարականներ տալու համար:
  5. Նախորդ տարվա Ծրագրի հիման վրա իրականացված ֆինանսաբյուջետային դիտարկման արդյունքների վերաբերյալ տարեկան հաշվետվությունները ներկայացվում են վարչապետի հաստատմանը:
  6. Ծառայության կողմից դիտարկումներն իրականացվում են Ծառայության ղեկավարի հանձնարարականի հիման վրա:
  7. Դիտարկման արդյունքներն ամփոփվում են տեղեկանքով և կարող են ներկայացվել վարչապետին՝ համապատասխան հանձնարարականներ տալու համար, որը կարող է հիմք հանդիսանալ վարչապետի հանձնարարությամբ կամ համաձայնությամբ ուսումնասիրություն իրականացնելու համար:
  8. Ծառայությունը՝ ռիսկերի բացահայտման և գնահատման նպատակով մշտադիտարկումներն իրականացնում է՝

1) ստացված տեղեկությունների, դիմումների, բողոքների, առաջարկությունների, փաստաթղթերի վերլուծության և ամփոփման միջոցով.

2) կառավարության գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների, այդ թվում՝ կառավարության գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների հիմնավորումների և փաստացի ապահովված արդյունքների համադրման միջոցով.

3) տեղեկատվական համակարգերից և տվյալների շտեմարաններից ձեռք բերված, այդ թվում՝ տեսչական մարմինների գործունեության արդյունքների վերաբերյալ ստացված տեղեկությունների, պետական կառավարման համակարգի մարմինների (այդ թվում՝ պետական հիմնարկների, պետական մասնակցությամբ կազմակերպությունների) ներքին ու արտաքին աուդիտի հաշվետվությունների վերլուծության միջոցով:

  1. Ուսումնասիրության, դիտարկման և մշտադիտարկման իրականացման կարգերը սահմանվում է Ծառայության ղեկավարի հրամանով, իսկ ֆինանսաբյուջետային դիտարկման իրականացման և տարեկան հաշվետվությունների ներկայացման կարգը՝ վարչապետի որոշմամբ:
  2. Վերահսկվող օբյեկտների տեղեկատվական համակարգերին և տվյալների շտեմարաններին հասանելիության ստացումն ապահովվում է վարչապետի սահմանած կարգով:
  3. Ուսումնասիրության իրականացման անհնարինության դեպքում՝ վարչապետի համաձայնությամբ ուսումնասիրությունը կարող է կասեցվել կամ դադարեցվել: Ուսումնասիրությունը կասեցվում է մինչև կասեցման հիմքի վերացումը, բայց ոչ ավելի քան ուսումնասիրության կատարման ժամկետի ավարտը: Կասեցման հիմքի չվերանալու և ուսումնասիրության ժամկետի ավարտի դեպքում ուսումնասիրությունը դադարեցվում է, որի դեպքում կազմվում է տեղեկանք՝ անկախ խախտումների կամ անհամապատասխանությունների հայտնաբերված լինելու հանգամանքի: Ուսումնասիրության կասեցման, դադարեցման կարգը և հիմքերը սահմանվում են Ծառայության ղեկավարի հրամանով:

 

Հոդված 8.  Հանդիպակաց վերահսկողություն

 

  1. Ծառայության կողմից հանդիպակաց ուսումնասիրությունները գործարքի մյուս կողմի, ինչպես նաև լիցենզավորված անձանց մոտ իրականացվում են Ծառայության ղեկավարի կողմից տրված հանձնարարագրի հիման վրա՝ վարչապետի հանձնարարությամբ կամ համաձայնեցնելով վարչապետի հետ: Ծառայությունը հանդիպակաց ուսումնասիրություններ գործարքի մյուս կողմի կամ լիցենզավորված անձանց մոտ իրականացնում է բացառապես այն դեպքերում, երբ վերահսկվող օբյեկտի մոտ ուսումնասիրության շրջանակներում Ծառայությանն անհրաժեշտ տեղեկություններն ամբողջական չեն ու առանց հանդիպակաց ուսումնասիրություն կատարելու հնարավոր չէ գնահատել ուսումնասիրվող գործարքը կամ տրամադրված լիցենզիայի պայմանների ու պահանջների կատարումը:
  2. Ծառայության կողմից գործարքի մյուս կողմի մոտ հանդիպակաց ֆինանսաբյուջետային դիտարկումներն իրականացվում են Ծառայության ղեկավարի հրամանի հիման վրա՝ վարչապետի հանձնարարությամբ կամ համաձայնեցնելով վարչապետի հետ` բացառապես այն դեպքերում, երբ վերահսկվող օբյեկտի մոտ ֆինանսաբյուջետային դիտարկման շրջանակներում Ծառայությանն անհրաժեշտ տեղեկություններն ամբողջական չեն ու դրա շրջանակներում հնարավոր չէ գնահատել դիտարկվող գործարքը:
  3. Ծառայության կողմից հանդիպակաց վերահսկողությունները տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացվում են բացառապես վարչապետի հանձնարարականի հիման վրա: Ծառայությունը հանդիպակաց վերահսկողություն տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացնում է բացառապես այն դեպքերում, երբ պետական կառավարման համակարգի մարմիններում և տարածքային կառավարման մարմիններում իրականացվող ուսումնասիրության, ֆինանսաբյուջետային դիտարկման շրջանակներում Ծառայությանն անհրաժեշտ տեղեկություններն ամբողջական չեն ու առանց տեղական ինքնակառավարման մարմնում հանդիպակաց վերահսկողություն կատարելու հնարավոր չէ գնահատել ուսումնասիրվող կամ դիտարկվող պետական կառավարման համակարգի մարմինների և տարածքային կառավարման մարմինների գործունեության օրինականությունը կամ արդյունավետությունը:
  4. Հանդիպակաց վերահսկողությունը գործարքի մյուս կողմի մոտ սահմանափակվում է գործարքն ուսումնասիրելու պահի դրությամբ դրանով սահմանված պարտավորությունների փաստացի կատարման պայմանների նկատմամբ, փաստաթղթերի և այլ կրիչների ուսումնասիրմամբ և այդ նպատակով անձանցից նյութեր, առարկաներ, տեղեկատվություն ու պարզաբանումներ, ապրանքանյութական արժեքների գույքագրման կատարում պահանջելով և ստանալով՝ առանց այդ անձանց բնականոն գործունեությունը խաթարելու։
  5. Սույն հոդվածի 1-ին մասում նշված լիցենզավորված անձինք են «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված կարգով լիցենզավորման ենթակա գործունեությամբ զբաղվելու լիցենզիա ստացած, ինչպես նաև՝ արտաքին առևտրային նպատակով ապրանքների արտահանման կամ ներմուծման լիցենզիաների, պետական սեփականություն հանդիսացող ընդերքի և բնական ռեսուրսների օգտագործման համար թույլտվություն ստացած անձինք:

 

 

ԳԼՈՒԽ 3

 

ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

Հոդված 9.

  Ծառայության կառուցվածքը

 

  1. Ծառայության կառուցվածքին վերաբերող հարցերը կարգավորվում են օրենքով և Ծառայության կանոնադրությամբ:
  2. Ծառայությունն ունի հիմնական մասնագիտական և աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներ, գլխավոր քարտուղար:

 

Հոդված 10.

 Ծառայության կառավարումը և ղեկավարումը

  1. Ծառայության կառավարումը իրականացնում է վարչապետը։
  2. Սույն օրենքի 1-ին հոդվածի շրջանակներում վարչապետն իրավասու է իր որոշմամբ կարգավորել օրենքի կարգավորման առարկա չհանդիսացող՝ Ծառայության գործունեության կազմակերպմանն առնչվող հարցերը:
  3. Ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է Ծառայության ղեկավարը: Ծառայության ղեկավարն անմիջականորեն ենթակա և հաշվետու է վարչապետին:
  4. Ծառայության ղեկավարը`

1) ապահովում է Ծառայության բնականոն գործունեությունը.

2) օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված գործունեության բնագավառին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան՝ առաջարկություններ է ներկայացնում վարչապետին.

3) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է Ծառայության աշխատակիցներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ, ներկայացնում է առաջարկություններ Ծառայության աշխատակիցներին պետական պարգևներով պարգևատրելու նպատակով.

4) խրախուսում է սույն օրենքով նախատեսված մարմինների կամ պետական հիմնարկների աշխատակիցներին, ինչպես նաև Ծառայության գործունեությանն օժանդակող անձանց շնորհակալագրով, հուշանվերով, պատվոգրով կամ կրծքանշանով.

5) կասեցնում կամ դադարեցնում է իրեն անմիջական հաշվետու անձանց՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող ակտերի գործողությունները.

6) վարչապետի հաստատմանն է ներկայացնում Ծառայության աշխատակիցների թիվը, կանոնադրությունը, կառուցվածքը, ինչպես նաև դրա կառուցվածքային փոփոխությունները.

7) ձևավորում է աշխատանքային խմբեր, հանձնաժողովներ.

8) ընդունում է անհատական և ներքին իրավական ակտեր, արձակում է հրամաններ, տալիս հանձնարարականներ, հանձնարարագրեր, ցուցումներ, վերահսկում դրանց կատարման ընթացքը, քննում է Ծառայության աշխատակիցների գործողությունների (անգործության) դեմ բերված բողոքները.

9) վերահսկվող օբյեկտների, այդ թվում՝ պետական միջոցների կառավարման և ձևավորման հակաօրինական գործողությունների, չարաշահումների վտանգի և հնարավոր վնասների առաջացման ռիսկերի դեպքերում նշված ռիսկերի հիմնավորվածությունը պարզելու, գնահատելու կամ դրանք նվազագույնի հասցնելու նպատակով ներկայացնում է գործողությունները, գործարքի կատարումը կամ դրանց կնքմանն ուղղված ընթացակարգերը կամ գործողությունները կասեցնելու վերաբերյալ առաջարկություններ.

10) առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ Ծառայության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ Ծառայության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով.

11) ներկայացնում է Ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում.

12) այլ մարմիններից, կազմակերպություններից դրանց ղեկավար պաշտոնատար անձանցից պահանջում է անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր, գրավոր կամ բանավոր պարզաբանումներ, այդ թվում՝ պետական կամ օրենքով պահպանվող գաղտնիք համարվող.

13) սահմանում է Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթները, իրավասության սահմանները.

14) կատարում է վարչապետի առանձին հանձնարարականներ.

15) իրականացնում է վարչապետին ենթակա մարմնի ղեկավարին օրենքով վերապահված այլ լիազորություններ:

  1. Ծառայության ղեկավարի բացակայության դեպքում իր առաջարկությամբ և վարչապետի համաձայնությամբ Ծառայության ղեկավարի պարտականությունները կատարում է Ծառայության ղեկավարի տեղակալներից մեկը: Ծառայության ղեկավարի առաջարկության բացակայության դեպքում վարչապետի որոշմամբ Ծառայության ղեկավարի տեղակալներից մեկը նշանակվում է Ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող:

 

 Հոդված 11.

 Ծառայության աշխատակիցների վարքագծի հատուկ կանոնները

 

  1. Ուսումնասիրվող գործառույթի կամ գործընթացի մասին տեղեկություններ հավաքելու, գնահատելու և դրանք ներկայացնելու գործում Ծառայության աշխատակիցները դրսևորում են մասնագիտական օբյեկտիվության պատշաճ մակարդակ, կատարում են համապատասխան բոլոր հանգամանքների հավասարակշռված գնահատում և դատողություններ կատարելիս չեն ենթարկվում սեփական շահերի կամ այլ անձանց ազդեցությանը:
  2. Ծառայության աշխատակիցները չպետք է իրականացնեն այնպիսի գործողություններ, որոնք կարող են ազդել իրենց անաչառության վրա կամ դիտարկվել որպես այդպիսին: Դա վերաբերում է նաև այնպիսի հարաբերություններին կամ գործունեությանը, որոնք կարող են հակասել վերահսկվող օբյեկտի շահերին:
  3. Ծառայության աշխատակիցները պարտավոր են հարգել իրենց ստացած տեղեկությունների արժեքն ու պատկանելությունը և առանց համապատասխան թույլտվության չհրապարակել այդ տեղեկությունները, բացառությամբ իրավական կամ մասնագիտական անհրաժեշտությամբ պայմանավորված դեպքերի:
  4. Ծառայության աշխատակիցները պետք է խելամիտ լինեն իրենց պարտականությունների կատարման ընթացքում ստացված տեղեկատվության օգտագործման և պահպանման հարցում և աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում ստացված տեղեկատվությունը չպետք է օգտագործեն անձնական նպատակներով կամ ցանկացած այլ եղանակով, որը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը կամ կարող է բացասաբար ազդել վերահսկվող օբյեկտի կամ դրա պաշտոնատար անձի` գործունեության նպատակների իրականացման վրա:
  5. Ծառայության աշխատակիցներն աշխատանքներն իրականացնելիս պետք է լինեն ազնիվ, բարեխիղճ և պատասխանատու, գործեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում, հարգեն վերահսկվող օբյեկտի և դրա պաշտոնատար անձի` գործունեության իրականացման նպատակները, չպետք է մասնակցեն այնպիսի գործողությունների կամ միջոցառումների, որոնք կարող են վարկաբեկել Ծառայության հեղինակությունը:»:

 

 

          Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  2. Մինչև սույն օրենքով նախատեսված իրավական ակտերի ընդունումը գործում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը նույն հարցի վերաբերյալ ընդունած իրավական ակտերն այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքին, իսկ այդպիսի իրավական ակտերի բացակայության դեպքում Ծառայությունը լիազորություններն իրականացնում է միայն օրենքով սահմանված կարգավորումների շրջանակում:
  3. Ծառայության ղեկավարի կողմից մինչ սույն օրենքի ուժի մեջ մտնելը տրված հանձնարարագրերը և դրանցում հրամանով կատարված փոփոխությունները շարունակում են գործել:
  4. Սույն օրենքից բխող այլ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում։

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

                Հոդված 1. «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-253-Ն օրենքի`

          1) 7-րդ հոդվածը լրացնել նոր 11.1-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ.

          «11.1. Վարչապետն իրականացնում է «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքով իրեն վերապահված վերահսկողական լիազորություններ՝ պետական վերահսկողության ոլորտում լիազոր մարմնի միջոցով:».

          2) հավելվածի 17-րդ կետից «ֆինանսաբյուջետային վերահսկողության,» բառերը հանել:

          Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«1) Պետական բյուջեի կատարման հսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացման շրջանակներում:»:

 

Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը պետական բյուջեի կատարման հսկողության շրջանակներում սկսած ստուգումների նկատմամբ տարածվում են մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործած կարգավորումները:

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասից «- Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը,» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը պետական բյուջեի կատարման հսկողության շրջանակներում սկսած ստուգումների նկատմամբ տարածվում են մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործած կարգավորումները:

 

  ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 182.7-րդ հոդվածով.

«Հոդված 182.7. ՀՀ պետական վերահսկողական ծառայության լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը

 

  1. ՀՀ պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձի օրինական պահանջը չկատարելը, ոչ պատշաճ կատարելը կամ այլ կերպ ՀՀ պետական վերահսկողական ծառայության լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը՝

առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:

  1. Նույն արարքը, եթե կատարվել է կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ, վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում վեցհարյուրապարիկից հազարապատիկի չափով։»:

Հոդված 2Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 244.19-րդ հոդվածով․

«Հոդված 244.19. ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը

 

1․ Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունը քննում է սույն օրենսգրքի 182.7.-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:

  1. Սույն հոդվածով սահմանված վարույթի դեպքում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կարող է կազմել վարչական իրավախախտման սուբյեկտի բացակայությամբ:
  2. Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության ղեկավարի հրամանով սահմանված պաշտոնատար անձինք:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2021 թվականի հունիսի 30-ի քրեական դատավարության օրենսգրքի 57-րդ հոդվածի՝

1) 3-րդ մասի 8-րդ կետում : կետադրական նշանը փոխարինել . կետադրական նշանով.

2) 3-րդ մասը լրացնել նոր՝ 9-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.

«9) ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատողը՝ իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում և դրանից հետո՝ պաշտոնավարման ընթացքում ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված վերահսկողության առնչությամբ, բացառությամբ վերահսկողության ընթացքում թույլ տված սխալների և չարաշահումների քննության դեպքի։»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի 11-րդ հոդվածի՝

1) 5-րդ մասի 12-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

2) 5-րդ մասը լրացնել նոր 13-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

 «13) ՀՀ պետական վերահսկողական ծառայությանը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացման շրջանակներում:»:

 

Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    09.03.2023 - 24.03.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Ֆինանսական, Կոռուպցիայի դեմ պայքար

  • Նախարարություն

    Պետական վերահսկողական ծառայություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3185

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ