Հիշել նախագիծը

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ, ՀՐԱԶԵՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԻ ԵՎ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

        ----------- 2023 թվականի N       - Ն

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ, ՀՐԱԶԵՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԻ ԵՎ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել`

քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների արտադրության կարգը ` համաձայն Հավելվածի:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

  

                                                           Հավելված

ՀՀ կառավարության

2023 թվականի

                                                                      «--»  «--------»     N ---  -Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԶԵՆՔԻ, ՀՐԱԶԵՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԻ ԵՎ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով սահմանվում են քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների արտադրության կազմակերպման հետ կապված հարաբերությունները:
  2. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
  • արտադրության կազմակերպում՝ նոր մշակված, արդիականացված կամ շահագործման մեջ գտնվող քաղաքացիական և ծառայողական զենքի, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասերի և փամփուշտների (այսուհետ՝ արտադրատեսակներ) արտադրության կազմակերպման  միջոցառումների ամբողջություն, որը բնութագրվում է  աշխատանքների կատարման երկու փուլերով՝ արտադրատեսակների արտադրության  նախապատրաստմամբ և  յուրացմամբ,
  • արտադրատեսակների արտադրության նախապատրաստում՝ արտադրատեսակների արտադրության կազմակերպման  բաղկացուցիչ մաս, որը ներառում  է կազմակերպական, տեխնիկական, տնտեսական բնույթի, ինչպես նաև այլ անհրաժեշտ միջոցառումներ, որոնք ապահովում են  թողարկման տրված ծավալով և պահանջվող որակի արտադրատեսակների արտադրության յուրացման համար արտադրություն իրականացնող կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) տեխնոլոգիական  պատրաստվածությունը,
  • արտադրության յուրացում՝ արտադրատեսակների արտադրության  կազմակերպման  բաղկացուցիչ մաս, որը ներառում  է բուն արտադրության և որակավորման  փորձարկումների  անցկացման  միջոցառումները,
  • որակավորման փորձարկումներ՝ արտադրատեսակների ստուգիչ փորձարկումներ, որոնք անցկացվում են արտադրատեսակների արտադրության յուրացման ժամանակ, կոնստրուկտորական և տեխնոլոգիական փաստաթղթերի պահանջներին արտադրատեսակի համապատասխանության հաստատման, արտադրատեսակների փորձանմուշների փորձարկումների ժամանակ ի հայտ եկած թերությունների վերացման համար անցկացվող միջոցառումների գնահատման, արտադրատեսակի որակի կայունությունն ապահովող մշակված տեխնոլոգիական պրոցեսի ստուգման նպատակով, ինչպես նաև տրված ծավալով արտադրատեսակների թողարկման համար արտադրության պատրաստ լինելը որոշելու համար,
  • տեխնոլոգիական հագեցվածության միջոցներ (հագեցվածության միջոցներ)՝ տեխնոլոգիական գործընթացների իրականացման համար անհրաժեշտ արտադրության միջոցների ամբողջություն,
  • արտադրության տեխնոլոգիական պատրաստվածություն (տեխնոլոգիական պատրաստվածություն)՝ Կազմակերպությունում սահմանված տեխնիկա-տնտեսական ցուցանիշներով տրված ծավալի արտադրանքի արտադրության համար անհրաժեշտ տեխնոլոգիական սարքավորումների, կոնստրուկտորական և տեխնոլոգիական փաստաթղթերի ամբողջական լրակազմի առկայություն,
  • արտադրատեսակի բաղկացուցիչ մաս (նյութեր, կիսապատրաստվածքներ և համալրող պատրաստվածքներ)՝ արտադրատեսակի ինքնուրույն մաս, որը նախատեսված է   արտադրատեսակի  կազմում որոշակի տեխնիկական ֆունկցիաների կատարման համար,  որն իրենից ներկայացնում  է  ընդհանուր կոնստրուկտորական (սխեմատիկ)  լուծումով միավորված հավաքովի մասերի  ամբողջություն,
  • թողարկվող արտադրանքի ծավալ՝ սահմանված ժամանակահատվածի ընթացքում որոշակի անվանման, տիպաչափսերի, արտադրատեսակների քանակ, որոնք արտադրվում կամ նորոգվում են Կազմակերպության կողմից:

 

  1. ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

  1. Արտադրության կազմակերպման աշխատանքների փուլերի իրականացման համար արտադրատեսակի արտադրողը մշակում է կազմակերպա-տեխնիկական փաստաթուղթը, որտեղ արտադրության կազմակերպման և յուրացման փուլերի համար, որպես կանոն նշվում է.
  • արտադրվող արտադրատեսակի անվանումը,
  • արտադրատեսակի արտադրության կազմակերպման միջոցառումների համալիր գրաֆիկը (պլանը), և պատասխանատուներին,
  • արտադրատեսակի՝ ազգային ստանդարտների պահանջներին, կոնստրուկտորական և տեխնոլոգիական փաստաթղթերի  պայմաններին համապատասխանության նկարագրությունը,
  • արտադրության գործընթացում օգտագործվող տեխնոլոգիաները, որոնք պետք է լինեն  բնապահպանական տեսակետից անվտանգ, ռեսուրսախնայող,
  • արտադրատեսակների թողարկման ծավալը,
  • արտադրատեսակի բաղկացուցիչ մասերը (նյութերի, կիսապատրաստվածքների և համալրող պատրաստվածքների), տեղեկատվություն դրանց արտադրողների վերաբերյալ,
  • արտադրատեսակի բաղկացուցիչ մասերի հաշվառման եղանակը,
  • արտադրության գործընթացում ներգրավված անձնակազմի նախապատրաստման և ատեստավորման գործընթացի նկարագրությունը,
  • արտադրության ընթացքի նկատմամբ որակի հսկողության համակարգի նկարագրությունը,
  • արտադրության ընթացքում անվտանգության կանոնների պահպանման պայմանների նկարագրությունը,
  • որակավորման փորձարկումների ծրագրի մշակման և հաստատման գործընթացի նկարագրությունը,
  • օրենսդրությամբ սահմանված կարգով գաղտնիության ռեժիմի պահպանման պայմանները:
  1. Արտադրության կազմակերպման աշխատանքների փուլերի իրականացման համար արտադրատեսակների արտադրողը մշակում է արտադրության նախապատրաստման վերաբերյալ այլ միջոցառումներ, որոնք ապահովում են կազմակերպության տեխնոլոգիական պատրաստվածությունը՝ տրված ծավալով և կոնստրուկտորական և տեխնոլոգիական փաստաթղթերին, ինչպես նաև ազգային ստանդարտների պահանջներին համապատասխանող  արտադրատեսակների թողարկման համար:
  2. Արտադրատեսակների արտադրողը արտադրություն իրականացնելու համար նախատեսված շինության բոլոր մուտքերին, ինչպես նաև անմիջականորեն արտադրատեսակների արտադրություն իրականացնելու համար նախատեսված տարածքներում պարտավոր է տեղադրել անընդմեջ բարձր որակի (HD) տեսաձայնագրություն իրականացնող սարքեր՝ օրվա մութ ժամերին նկարահանելու և տեսաձայնագրությունն առնվազն 10 օր պահպանելու հնարավորությամբ: Տեսաձայնագրող սարքը արտադրատեսակի արտադրություն իրականացնելու համար նախատեսված շինության դրսի կողմից պետք է տեղադրված լինի այնպես, որպեսզի հնարավորություն տա նկարահանելու և հետևելու արտադրատեսակների արտադրություն իրականացնելու համար նախատեսված շինության (դրսի կողմից) մուտքի մոտ կատարվող գործողություններին: Արտադրատեսակների արտադրություն իրականացնելու համար նախատեսված շինության մուտքի դռան երկու կողմից փակցվելու են «Տարածքը և դրա շրջակայքը տեսագրվում են» բովանդակությամբ հայտարարություններ:

 

  1. ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՅՈՒՐԱՑՈՒՄ

 

  1. Արտադրողը սկսում է արտադրատեսակների արտադրության յուրացումը արտադրության նախապատրաստման աշխատանքների ավարտից հետո։
  2. Արտադրատեսակների արտադրության յուրացման փուլում արտադրողը ապահովում է․
  • արտադրատեսակի բաղկացուցիչ մասերի (նյութերի, կիսապատրաստվածքների և համալրող պատրաստվածքների) մուտքային հսկողություն, որոնք նախատեսված են սեփական արտադրության արտադրատեսակների արտադրության համար,
  • տեխնոլոգիական հագեցվածության միջոցները,
  • արտադրատեսակի ընթացիկ որակավորման փորձարկումները,
  • արտադրության ընթացքի նկատմամբ որակի հսկողության համակարգով նախատեսված պահանջները,
  • արտադրատեսակի արտադրության որակը բարձրացնելու նպատակով աշխատանքային կոնստրուկտորական և տեխնոլոգիական փաստաթղթերի ըստ անհրաժեշտության լրամշակումը (ներառելով չափագիտական  փորձաքննության ընթացիկ արդյունքները),
  • կազմակերպա-տեխնիկական փաստաթղթով նկարագրված անվտանգության պահանջների պահպանումը,
  • արտադրության կազմակերպա-տեխնիկական փաստաթղթերով սահմանված արտադրատեսակների քանակի արտադրությունը՝ ազգային ստանդարտներին, կոնստրուկտորական և տեխնոլոգիական փաստաթղթերի պահանջներին համապատասխան:  
  1. Արտադրատեսակի պատրաստ լինելու դեպքում արտադրողը կազմակերպում և ապահովում է արտադրատեսակների որակավորման փորձարկումների անցկացումը՝ որակավորման փորձարկումների ծրագրին համապատասխան:
  2. Կոնկրետ արտադրատեսակի վերաբերյալ որակավորման փորձարկումների ծրագիրը կազմվում է՝ հաշվի առնելով արտադրատեսակի առանձնահատկությունը։
  3. Արտադրատեսակի որակավորման փորձարկումը իրականացվում է արտադրողի կողմից նախապես ձևավորված հանձնաժողովի միջոցով:
  4. Արտադրատեսակի արտադրողը որակավորման փորձարկումների սկզբում պետք է ունենա․
  • արտադրատեսակի արտադրության կազմակերպման կազմակերպա-տեխնիկական փաստաթուղթը,
  • արտադրանքի արտադրության կազմակերպման միջոցառումների համալիր գրաֆիկը (պլանը),
  • որակավորման փորձարկումների ծրագիրը և դրանց անցկացման մեթոդիկան (մեթոդիկաները), եթե այն որակավորման փորձարկումների ծրագրի մաս չի կազմում,
  • արտադրատեսակի արտադրության յուրացման համար տեխնոլոգիական պատրաստվածության ընդհանուր վիճակի վերաբերյալ տեղեկանքը,
  • կոնստրուկտորական և տեխնոլոգիական փաստաթղթերի պահանջներին համապատասխան արտադրված արտադրատեսակների վերաբերյալ տեղեկանքը:
  1. Արտադրատեսակի որակավորման փորձարկումը հանձնաժողովի միջոցով իրականացվելու դեպքում արտադրողն, անհրաժեշտություն առաջանալու դեպքում, ներկայացնում է այլ փաստաթղթեր (տվյալներ), որոնց անհրաժեշտությունն առաջացել է հանձնաժողովի աշխատանքի ընթացքում:
  2. Որակավորման փորձարկումների արդյունքները համարվում են դրական, եթե արտադրատեսակները որակավորման փորձարկումների ծրագրով նախատեսված բոլոր կետերով հաջողությամբ հաղթահարել են փորձակումները, հանձնաժողովը դրական է գնահատել տրված ծավալով կոնստրուկտորական և տեխնոլոգիական փաստաթղթերի պահանջներին համապատասխանող արտադրատեսակների թողարկման հնարավորության համար արտադրության տեխնոլոգիական հանդերձանքը և արտադրման տեխնոլոգիական պրոցեսի կայունությունը:
  3. Որակավորման փորձարկումների արդյունքները համարվում են բացասական, եթե որակավորման փորձարկումների ծրագրով նախատեսված թեկուզ մեկ կետով ստացվել են բացասական արդյունքներ և (կամ) հանձնաժողովը բացասական է գնահատել նշված ծավալով արտադրատեսակների թողարկման հնարավորությունը:
  4. Փորձարկումների փուլը հաղթահարած յուրաքանչյուր արտադրատեսակ պետք է ունենա անհատական համար, ինչպես նաև ներկայացվի համապատասխանության գնահատման:
  5. Արտադրության կազմակերպման շրջանակներում արտադրատեսակների արտադրության յուրացումը համարվում է ավարտված, եթե.
  • կատարված են արտադրության կազմակերպման միջոցառումների համալիր գրաֆիկի (պլանի) միջոցառումները,
  • ստացվել են որակավորման փորձարկումների դրական արդյունքներ:

 

  • Քննարկվել է

    03.03.2023 - 19.03.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2470

Տպել