Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1.Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի ընդունումը պայմանավորված է շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտներից վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցման միջոցով ՀՀ պետական բյուջեի եկամուտների նվազեցումը կանխելու անհրաժեշտությամբ։

2.Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

Մինչև ՀՀ հարկային օրենսգրքի ուժի մեջ մտնելը՝ «Եկամտային հարկի մասին»  օրենքին համապատասխան ֆիզիկական անձանց ստացված շահաբաժինները նվազեցվել են համախառն եկամտից (չեն հարկվել եկամտային հարկով)։

ՀՀ հարկային օրենսգրքին համապատասխան՝ 2017 թվականի հունվարի 1-ից օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունե­ցող անձանց, իսկ 2018 թվականի հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիների ստացած շահաբաժինները չեն հանդիսանում նվազեցվող եկամուտներ և ենթակա են հարկման եկամտային հարկով։

Միաժամանակ, ՀՀ հարկային օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվեց նաև, որ ստացված շահաբաժինները, դրանց ստացման հարկային տարվա ընթացքում շահաբաժին վճարող՝ ՀՀ ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում ներդրվելու դեպքում ներդրված գումարը` ներդրման չափով, բայց ոչ ավելի, քան շահաբաժիններից պետական բյուջե վճարված հարկի գումարները, պետական բյուջեից ենթակա են փոխհատուցման: Ընդ որում, նշված կարգավորումները օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունե­ցող անձանց ստացած շահաբաժինների մասով ուժի մեջ են մտել 2017 թվականի հունվարի 1-ից, իսկ ՀՀ քաղաքացիների ստացած շահաբաժինների մասով՝ 2018 թվա­­կանի հունվարի 1-ից։

Օրենսգրքի վերոնշյալ դրույթի կիրառման արդյունքում շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման տվյալների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ֆիզիկական անձինք հիմնականում ստացված շահաբաժիններից ներդրումները կատարել են շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարների չափով և ամբողջությամբ այդ գումարները պետական բյուջեից վերադարձրել են։ Այսինքն՝ ստացվում է, որ, ըստ էության, այդ ներդրումները կատարվում են պետական բյուջեի եկամուտների հաշվին։

Ընդ որում, շահաբաժիններից վճարված եկամտային հարկի վերադարձված գումարներն ըստ տարիների աճում են։ Մասնավորապես, 2019-2022թթ. շահաբաժին ստացած ֆիզիկական անձանց վերադարձված եկամտային հարկի գումարները կազմել են 28.7 մլրդ դրամ, որից 2019թ.-ին՝ 4,1 մլրդ դրամ, 2020թ.-ին՝ 4,4 մլրդ դրամ, 2021թ.-ին՝ 9,6 մլրդ դրամ և 2022թ.-ին՝ 10,6 մլրդ դրամ:

3 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ հարկային օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարները պետական բյուջեից փոխհատուցելու դրույթները։

4․ Կարգավորման առարկան. ՀՀ պետական բյուջեի միջոցների եկամուտների ավելացումը։

5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 18.11.2021թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցա­ռումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված՝ Պետական եկամուտների կոմիտեի 3.3-րդ՝ «Հարկային պարտավորություն­ների հաշվարկման մեխանիզմների կատարելագործում» միջոցառումից, որից ակնկալվում է միջազգային փորձին համապատասխան հարկային պլանավորման չարաշահման կանխարգելման կանոնների ներդրում:

6 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­գի­ծը մշակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կող­­մից:

7 Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Նախա­գծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է ավելացնել ՀՀ պետական բյուջեի եկամուտները։

 

 

 

 

  • Քննարկվել է

    01.03.2023 - 16.03.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5857

Տպել

Առաջարկներ`

Tigran Keyan

07.03.2023

ՀՕ-ի ընդունման ժամանակ տվյալ հոդվածի մասով նախագծի հեղինակը նման մեկնաբանություն էր կատարել. « Շահաբաժինների մասով ։ Առաջարկվում է հետեւյալ կարգավորումը։ 2017 թվականից հարկել օտարերկրյա ֆիզիկական անձանց ստացված շահաբաժինները 10% դրույքաչափով, ՀՀ քաղաքացիների համար շահաբաժինները հարկել 2018 թվականի հունվարի 1-ից սկսած, սակայն 5% դրույքաչափով, բայց առաջարկվում է նաեւ մեխանիզմ, որը գործնականում խրախուսում է շահաբաժինները չհարկելու մեխանիզմով դեպքերը, երբ որ բաշխված շահաբաժիններն այնուհետեւ կվերաներդրվեն տվյալ կազմակերպությունում։ Հստակ ձեւակերպում է տրված, որ բոլոր այն դեպքերում, երբ շահաբաժինները հարկվելուց հետո ներդրողը որոշում կկայացնի՝ վերաներդնել տվյալ շահաբաժինը կազմակերպությունում, ապա այդ շահաբաժինների գումարները կփոխհատուցվեն։ Կատարված ներդրումը կփոխհատուցվի շահաբաժիններից պահված հարկը չգերազանցող գումարի չափով։ Դա նշանակում է, որ վերաներդրման դեպքում չհարկել շահաբաժինները, եթե դրանք բաշխվել են, եւ այնուհետեւ որոշում են կայացրել, որ վերաներդնել տվյալ կազմակերպությունում։»։ Այսինքն՝ այս դրույթն ընդունելիս նախատեսվել էր ստացված շահաբաժինների վերաներդրումներ կատարելու մեխանիզմը, որը ներկայացվել էր որպես խրախուսում։ Իսկ այս նախագծով այդ նույն երևույթը մեկնաբանվում է որպես «չարաշահում»։ Առաջարկում եմ այս նախագծի հետ մեկտեղ նախատեսել շահութահարկի դրույքաչափի նվազեցում առնվազն 2%-ի չափով, ինչը կմեղմացնի հարկային բեռը։

Samvel Mnatsakanyan

07.03.2023

Նախագիծ ստվերը խթանելու վերաբերյալ

Կարեն Մովսեսյան

06.03.2023

Հերթական կարճաժամկետ, ոչ հեռանկարային արդյունք ունեցող փոփոխություն է։ Սա տնտեսվարողների համար հարկային բեռի էական ավելացում է, արդյոք հաշվարկվել է դրա արդյունքում որքան մանր ու միջին տնտեսվարողներ կսննկանան, և արդյոք այդ վնասը համադրվել է բյուջեի ակնկալվող եկամուտների մեծացման հետ։

Տեսնել ավելին