Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

  1. Անհրաժեշտությունը

Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատանքի վայրում աշխատավարձի պահպանման հետ կապված հարաբերությունները հստակեցնելու անհրաժեշտությամբ՝ մշակվել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետև՝ Նախագիծ):

2. Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը, լուծումները

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածը սահմանել է աշխատանքային հարաբերությունների կարգավորումը՝ կապված զինվորական ծառայության անցնելու հետ, որի 2-րդ մասի պահանջների համաձայն՝ զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, վարժական հավաքների, զինվորական վարժանքների, զորավարժությունների մասնակցելու կամ զորահավաքային զինվորական ծառայության զորակոչվելու ընթացքում աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են օրենքով սահմանված կարգով:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի  (այսուհետև՝ օրենք) 59-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջների համաձայն՝ վարժական հավաքին մասնակցելու ընթացքում քաղաքացու հիմնական աշխատանքի վայրում (անկախ կազմակերպական-իրավական ձևից) պահպանվում է քաղաքացու աշխատատեղը (պաշտոնը), իսկ օրենքի 60-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ զինվորական վարժանքներին և զորավարժություններին մասնակցելու ընթացքում քաղաքացու հիմնական աշխատանքի վայրում (անկախ կազմակերպական-իրավական ձևից) պահպանվում է քաղաքացու աշխատատեղը (պաշտոնը) և միջին աշխատավարձը:

Սահմանված կարգավորումների տրամաբանությունը կայանում է նրանում, որ զինվորական վարժանքները կամ զորավարժություններն անցկացվում են առավելագույնը 10 օրացուցային օր ժամկետով, որի ընթացքում դրանց ներգրավված աշխատողների միջին աշխատավարձն այդ օրերի քանակով պահպանելու հանգամանքը մեծ բեռ չէ գործատուների համար, իսկ վարժական հավաքները կարող են հայտարարվել ընդհուպ մինչև 3 ամիս ժամկետով, որի ընթացքում աշխատողի հիմնական աշխատավայրում վարձատրության պահպանումը խնդիրներ կառաջացներ գործատուների մոտ՝ այդ թվում նաև ժամանակավոր բացակայող աշխատողի փոխարեն այլ անձի հետ աշխատանքային հարաբերություններ ստեղծելու և վարձատրելու առումով: Ներկայումս որոշվել է այսուհետ հայտարարված վարժական հավաքներին յուրաքանչյուր պահեստազորայինի տարվա ընթացքում ներգրավել առավելագույնը 25 օրացուցային օր ժամկետով, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել վերանայելու նաև վարժական հավաքների կանչված աշխատող պահեստազորայինների՝ հիմնական աշխատանքի վայրում վարձատրության հետ կապված կարգավորումները: Խնդիրն առավել արդիական է դառնում այն պահեստազորայինների մասով, որոնց հիմնական աշխատավայրում ստանում են բարձր աշխատավարձ: Այդ նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով, որ օրենքի 59-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջների համաձայն վարժական հավաքի ընթացքում քաղաքացուն հաշվարկվում է նշանակված զինվորական պաշտոնի համար նախատեսված պաշտոնային դրույքաչափը, առաջարկվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանել, որ հայտարարված վարժական հավաքներին 30 օրացուցային օրը չգերազանցող ժամկետով աշխատողին ներգրավելիս աշխատողի աշխատավարձը պահպանվում է աշխատողի և գործատուի համաձայնությամբ կամ կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված դեպքերում, սակայն ոչ պակաս, քան վարժական հավաքներին մասնակցելու օրերի համար հաշվարկված աշխատողի միջին օրական աշխատավարձի 50 տոկոսի չափով: Առաջարկվող կարգավորումը հնարավորություն կտա մի կողմից՝ վարժական հավաքներին մասնակցող աշխատողի մասով՝ բարձր աշխատավարձ ստանալու դեպքում համապատասխան չափով պահպանված աշխատավարձի և հաշվարկվող պաշտոնային դրույքաչափի ընդհանուր գումարը հնարավորինս մոտարկել բարձր աշխատավարձի չափին, և մյուս կողմից՝ մեծ բեռ չի հանդիսանա գործատուի համար:   

3. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով հստակեցվում են վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատանքի վայրում աշխատավարձի պահպանման հետ կապված հարաբերությունները և սահմանվում է, որ հայտարարված վարժական հավաքներին 30 օրացուցային օրը չգերազանցող ժամկետով աշխատողին ներգրավելիս աշխատողի աշխատավարձը պահպանվում է աշխատողի և գործատուի համաձայնությամբ կամ կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված դեպքերում, սակայն ոչ պակաս, քան վարժական հավաքներին մասնակցելու օրերի համար հաշվարկված աշխատողի միջին օրական աշխատավարձի 50 տոկոսի չափով:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն, 2050», Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի մշակումը ռազմավարական փաստաթղթերի հետ կապված չէ:

5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների չի հանգեցնի։

6. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից:

7. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում վարժական հավաքներին մասնակցող աշխատողի աշխատավայրում ոչ պակաս, քան վարժական հավաքներին մասնակցելու օրերի համար հաշվարկված աշխատողի միջին օրական աշխատավարձի 50 տոկոսի չափով կպահպանվի վերջինիս աշխատավարձը:

 

 

  • Քննարկվել է

    28.02.2023 - 16.03.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Աշխատանք և զբաղվածություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4519

Տպել

Առաջարկներ`

Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միություն

14.03.2023

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ «Հայտարարված վարժական հավաքներին աշխատողին ներգրավելիս վարժական հավաքներին մասնակցելու ամբողջ ընթացքում աշխատողի աշխատատեղը (հաստիքը) պահպանվում է, իսկ աշխատավարձը պահպանվում է աշխատողի և գործատուի համաձայնությամբ կամ կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված դեպքերում, սակայն ոչ պակաս, քան վարժական հավաքներին մասնակցելու օրերի համար հաշվարկված աշխատողի միջին օրական աշխատավարձի 100 տոկոսի չափով»: ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ «Հայաստանի Հանրապետության Աշխատանքային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում առաջարկում ենք ավելացնել նախադասություն, որը կերաշխավորի աշխատողի հաստիքի պահպանումը, քանի որ նախագծի հեղինակների առաջարկած տարբերակը հետագայում գործատուների կողմից կարող է տարընթերցման առիթ դառնա հաստիքը կրճատելու համար: Առաջարկում ենք նաև չսահմանափակվել 30 օրով հակառակ պարագայում, եթե վարժական հավաքը տևեց 30 օրից ավել այդ դեպքում ինչպես է կարգավորվելու աշխատող գործատու փոխհարաբերությունները: Առաջարկել ենք նաև 50 տոկոսը փոխել 100 տոկոսով. աշխատողի աշխատավարձի չափը կիսով չափ կրճատելը, այն դեպքում, երբ նա այդ ընթացքում իրենից անկախ պայմաններում հնարավորություն չունի հավելյալ գումար աշխատելու: Կարծում եմ նախագծի հեղինակների առաջարկը միակողմանի է և բխում է միայն գործատուների շահերից, անտրեսոլով՝ աշխատողներինը:

Gayane Mkrtchyan

01.03.2023

Բայց ինչու 50 տոկոսով, երբ վարժանքների նպատակը աշխատանքային գործունեությանը նպաստելն է, հաճախ խրախուսվում են հենց վերադասի կողմից, հետևաբար, առաջարկում եմ 100 տոկոսով պահպանել առանց այն էլ ցածր աշխատավարձը, նաև վճարել գործուղումային վճար, քանի որ աշխատակիցը վարժանքի գնալիս կտրվում է իր բնական միջավայրից, ընտանիքից հենց աշխատանքային նպատակներով։

Ani Gevorgian

28.02.2023

Ողջունելով նախագծի նպատակը, այնուամենայնիվ, անհասկանալի է նախագծով տրված ձևակերպումները. · Առաջարկում եմ նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետը հանել, քանի որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 59-րդ հոդվածով վարժական հավաքների ընթացքում աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ կարգավորումներ են նախատեսված: · Անհասկանալի է «վարժական հավաքներին մասնակցելու օրերի համար հաշվարկված աշխատողի միջին օրական աշխատավարձ» բառերը, առաջարկում եմ հստակեցնել։ · Նախագծում նշված է «Հայտարարված վարժական հավաքներին 30 օրացուցային օրը չգերազանցող ժամկետով աշխատողին ներգրավելիս» բառերը, արդյոք սա նշանակում է, որ, եթե 30 օրացուցային օրը գերազանցող ժամկետով աշխատողը ներգրավվի վարժական հավաքներին, ուրեմն գործատուն ընդհանրապես չի պահպանելու աշխատողի աշխատավարձը։ Առաջարկում եմ այս մասը նույնպես վերանայել։ · Անհասկանալի է նաև թե աշխատողի և գործատուի համաձայնությունը, որ դեպքին է վերաբերելու՝ միջին օրական աշխատավարձի 50 տոկոսի չափով վարձատրելուն, թե միջին օրական աշխատավարձի 50 տոկոսից ավելի չափին համաձայնության գալուն։ Եթե նկատի ունեք այն, որ գոնե միջին օրական աշխատավարձի 50 տոկոսը պահպանվի, ապա առաջարկում եմ ձևակերպումը վերանայել։

Տեսնել ավելին