Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 1-ի N1825-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին

 

       

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ  1-Ի N1825-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ

ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կողմից 2017 թվականին վավերացված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայով (այսուհետ՝ Կոնվենցիա) ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով և հիմք ընդունելով «Սնդիկի մասին» 2022 թվականի մարտի 23-ի ՀՕ-84-Ն օրենքի 4-րդ հոդվածի   1-ին մասի 1-ին կետը Կառավարության 2022 թվականի  դեկտեմբերի  1-ի N1825-Ն (այսուհետ՝ Որոշում) որոշմամբ հաստատվել է  Հայաստանի Հանրապետությունից արտահանման և Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի (ապրանքների) ցանկը։ Նշված ցանկում ներառվել են Կոնվենցիայի Ա Հավելվածի I մասում թվարկված սնդիկի հավելիչով այն արտադրանքը, որոնց արտադրությունը, ներկրումը կամ արտահանումը համաձայն Կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ Կոնվենցիան վավերացրած երկրների կողմից 2020 թվականից հետո արգելվում են, հաշվի առնելով դրանցում առկա սնդիկի և սնդիկի միացությունների խիստ թունավոր  և վնասակար ազդեցությունը մարդու առողջության, վայրի բնության և էկոհամակարգերի վրա։

 «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման անհրաժեշտության՝ սնդիկի հավելիչով արտադրանքի շրջանառությունից փուլային դուրսբերման վերաբերյալ հանրային իրազեկության բարձրացման նպատակով շրջակա միջավայրի նախարարության կողմից 2019 թվականից սկսած իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ աշխատանքային քննարկումներ, սեմինարներ։    

2022 թվականի մարտի 23-ին Ազգային ժողովում ընդունված «Սնդիկի մասին» օրենքով արգելվել է սնդիկի արդյունահանումը և Կոնվենցիայի Ա Հավելվածի I մասում թվարկված սնդիկի հավելիչով ապրանքների արտադրությունը։

Կոնվենցիայի Ա Հավելվածի I մասում թվարկված արտադրանքից որոշները հանդիսանում են ԵԱՏՄ և ՀՀ տեխնիկական կանոնակարգման օրենսդրության համաձայն՝ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ։ Այդ արտադրանքը շուկայահանման դեպքում (ներառյալ՝ ներմուծումը) պետք է ուղեկցվի տեխնիկական կանոնակարգերին արտադրանքի համապատասխանության գնահատման փաստաթղթերով, ինչը տվյալ պարագայում կհավաստի նաև արտադրանքում սնդիկի բացակայությունը կամ քանակության թույլատրելի մակարդակը չգերազանցելը։ Հայաստանի Հանրապետությունում առկա է համապատասխանության գնահատման նշանակված մեկ մարմին, որը իրավասու է իրականացնել Որոշմամբ հաստատված  ցանկի 3-րդ և 4-րդ կետերում ներառված արտադրանքի համապատասխանության գնահատում և հինգ նշանակված մարմին՝ Որոշմամբ հաստատված  ցանկի 5-րդ, 6-րդ և 8-րդ կետերում ներառված արտադրանքի համապատասխանության գնահատման համար։

Համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 53-րդ հոդվածի 2-րդ մասի՝ այն արտադրանքը, որի մասով ուժի մեջ է մտել Միության տեխնիկական կանոնակարգ, Միության տարածքում շրջանառության (ներառյալ՝ ներմուծումը և արտահանումը) մեջ է դրվում՝ պայմանով, որ այն անցել է Միության տեխնիկական կանոնակարգով  սահմանված համապատասխանության գնահատման անհրաժեշտ ընթացակարգերը։ Անդամ պետություններն իրենց տարածքում ապահովում են Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանող արտադրանքի շրջանառությունը՝ առանց ներկայացնելու Միության տեխնիկական կանոնակարգում ներառված՝ այդ արտադրանքին ներկայացվող պահանջներից բացի լրացուցիչ պահանջներ և առանց իրականացնելու համապատասխանության գնահատման լրացուցիչ ընթացակարգեր։

Որոշմամբ հաստատված ցանկի 3-ից 10-րդ տողերում ներառված ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող արտադրանքը կարող է լինել սնդիկ պարունակող կամ նույն անվանմամբ և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով արտադրանք, որը սակայն սնդիկ չի պարունակում, ուստի ներմուծվող և արտահանվող արտադրանքի և Որոշման հավելվածի ցանկով սահմանված սնդիկի հավելիչով արտադրանքի հետ  նույնականացման գործընթացում առաջանում են դժվարություններ՝ դրանցում սնդիկի պարունակության որոշման ժամանակատարության և լրացուցիչ ծախսերով պայմանավորված։

Բազմաթիվ երկրներ դադարեցրել են սնդիկ պարունակող ապրանքների արտադրությունը, դրանց խիստ թունավորությամբ պայմանավորված և անցում են կատարել այդ ապրանքների սնդիկ չպարունակող այլընտրանքների արտադրությանը և կիրառմանը,  ուստի Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և արտահանվող սնդիկ պարունակող արտադրանքի (այդ թվում՝ Որոշմամբ հաստատված ցանկի 3-ից 10-րդ տողերում ներառված) քանակը անհամեմատ նվազ է միևնույն անվանումը և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ դասակարգման միևնույն ծածկագիրը ունեցող՝ սնդիկ չպարունակող արտադրանքից։ Հաշվի առնելով նշված հանգամանքը, անհրաժեշտություն է առաջացել ներմուծվող և արտահանվող ապրանքների մաքսային հայտարարագրման և ապրանքների բացթողնման ընթացքում պարզեցնել սնդիկ պարունակելու նվազ հավանականություն ունեցող արտադրանքի նույնականացման գործընթացը՝ սնդիկ չպարունակելու հավաստման միջոց նախատեսելով փաստաթղթերի և տեղեկատվության ավելի լայն շրջանակ։

Անհրաժեշտություն է առաջացել նաև վերանայելու Որոշման որոշ դրույթներ՝ ԵԱՏՄ մաքսային և տեխնիկական կանոնակարգման ոլորտի օրենսդրության հետ անհամապատասխանությունները բացառելու նպատակով։

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով սնդիկ պարունակող արտադրանքի շրջանառությունից փուլային դուրսբերման կարևորությունը և միաժամանակ փորձելով այդ արտադրանքի ներմուծման և արտահանման արգելքի կիրառման ընթացքում պետական մարմինների և տնտեսվարողների համար առաջացող խնդիրները հասցնել նվազագույնի, շրջակա միջավայրի նախարարությունը շահագրգիռ գերատեսչությունների, ինչպես նաև տնտեսվարողների հետ անցկացված քննարկումների արդյունքում մշակել է Որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին Կառավարության որոշման նախագիծ (այսուհետ՝ Նախագիծ)։

Նախագծով առաջարկվում է.

1) ներմուծման և արտահանման համար Որոշմամբ արգելք սահմանել «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայի Ա հավելվածի 1-ին մասի աղյուսակում ներառված սնդիկի հավելիչով այն արտադրանքի համար, որոնք ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի օբյեկտ չեն հանդիսանում, իսկ տեխնիկական կանոնակարգման ենթակա արտադրանքի շրջանառությունը իրականացնել և այդ գործընթացները վերահսկել տեխնիկական կանոնակարգման ոլորտի ԵԱՏՄ և ՀՀ գործող օրենսդրությանը համապատասխան, առանց համադրելու Նախագծով սահմանվող արգելքներին և սահմանափակումներին։  Արտադրանքը, որը չի  համապատասխանի տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին, մասնավորապես՝ սնդիկի պարունակության շեմը գերազանցելու պատճառով, չի ներմուծվի և շրջանառվի, քանի որ համաձայն «Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքի՝ համապատասխան տեխնիկական կանոնակարգերի պահանջները չբավարարող արտադրանքը ենթակա չէ շրջանառության և տնտեսվարող սուբյեկտը պարտավոր է դրանք շրջանառությունից դուրս բերել։ Որոշմամբ սահմանված ցանկի 3-ից 6-րդ և 8-րդ կետերով սահմանված և տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքը Որոշմամբ հաստատված ցանկից հանելու առաջարկը պայմանավորված է այդ ապրանքների նկատմամբ Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված՝ այդ արտադրանքին ներկայացվող պահանջներից բացի լրացուցիչ պահանջներ չսահմանելու և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի դրույթներին չհակասելու և տեխնիկական խոչընդոտներ չառաջացնելու հանգամանքով։

2) Որոշման 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել, hաշվի առնելով «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 28-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները, համաձայն ինչի՝ Ներքին շուկայի (ԵԱՏՄ  տարածք) գործունեության շրջանակներում ապրանքների փոխադարձ առևտրում անդամ պետությունները չեն կիրառում ներմուծման ու արտահանման ոչ սակագնային կարգավորման միջոցներ։

3) սահմանել, որ Նախագծի հավելվածով սահմանված արտադրանքի ցանկի 3-րդ կետում նշված արտադրանքը համարվում է սնդիկային, եթե այն հայտարարատուի կողմից մաքսային հայտարարագրի համապատասխան դաշտում հայտարարագրվել է որպես սնդիկ պարունակող արտադրանք կամ այդ  արտադրանքի մաքսային հսկողության արդյունքում (այդ թվում՝ տեղեկատվական բաց աղբյուրների օգտագործմամբ) պարզվել է, որ այն հանդիսանում է հեղուկ սնդիկով աշխատող չափման միջոց (սարք) կամ այդ արտադրանքում առկա են հեղուկ սնդիկով լցված մասեր կամ դրանց մակնշվածքում, փաթեթավորման վրա կամ արտադրանքն ուղեկցող փաստաթղթերում առկա են տվյալներ՝ արտադրանքում սնդիկի պարունակության վերաբերյալ։ Ապրանքների հայտարարագրման ժամանակ մաքսային մարմնի կողմից ապրանքների դասակարգման վերաբերյալ անհամաձայնության դեպքում հայտարարատուի կողմից մաքսային մարմին կարող են ներկայացվել ապրանքների դասակարգմանն առնչվող լրացուցիչ տեղեկություններ, որոնք սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի  հունվարի 14-ի N13-Ն որոշման հավելվածով, ինչը հնարավորություն կտա հիմնավորել արտադրանքի սնդիկ չպարունակելու հանգամանքը կամ ոչ սնդիկային արտադրանք հանդիսանալը, ինչը մաքսային մարմինը պարտավոր է քննության առնել։ Համաձայն «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 84-րդ հոդվածի 3-րդ մասի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների, Օրենսգրքով նախատեսված մաքսային հսկողության ձևերի կիրառմամբ հնարավոր է բացահայտել և հայտարարատուին պատասխանատվության ենթարկել հայտարարագրում ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելու, ինչպես նաև մաքսային ներկայացուցչին անվավեր, այդ թվում՝ կեղծ և (կամ) ակնհայտ ոչ հավաստի (սուտ) տեղեկություններ պարունակող փաստաթղթեր (այդ թվում սնդիկ չպարունակելու վերաբերյալ) ներկայացնելու համար։

4) սահմանել էկոնոմիկայի նախարարության իրավասությունը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին Որոշման ընդունման մասին ծանուցումը ներկայցնելու հարցում, քանի որ վերջինս ճանաչված է ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների համագործակցությունը համակարգող մարմին։

 5) Նախագծի հավելվածով սահմանված արտադրանքի ցանկի 4-րդ կետով սահմանել սնդիկ պարունակող այն նյութերի անվանումները և դրանց համապատասխանող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ տասանիշ ծածկագիրը, որոնք շատ երկրներում նախկինում օգտագործվել են որպես կենսասպան (բիոցիդ, ախտահանիչ) նյութ։ Կոնվենցիայի Ա Հավելվածի I մասի ցանկում ներառված «պեստիցիդներ» ապրանքատեսակը Նախագծի հավելվածի ցանկում ներառված չէ, քանի որ պեստիցիդները մինչ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվելը և շրջանառվելը անցնում են գրանցման գործընթաց, ուստի սնդիկ պարունակող պեստիցիդների գրանցումը և հետևաբար ներմուծումն ու արտահանումը կկանխվի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետություն կառավարության 2005 թվականի մարտի 17-ի N 293-Ն որոշումը, համաձայն որի պեստիցիդ հանդիսացող սնդիկի միացությունները Հայաստանի Հանրապետությունում արգելված են (այդ թվում՝ ենթակա չեն գրանցման)։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից։

 

  1. Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի  1-ի «Հայաստանի Հանրապետությունից արտահանման և Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը սահմանելու մասին»  N1825-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» կառավարության որոշման Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների մաքսային հայտարարագրման և ապրանքների բացթողնման ընթացքում կպարզեցվի այդ ապրանքների սնդիկ պարունակող կամ չպարունակող հանդիսանալը  որոշելու և սնդիկի հավելիչով ապրանքների նույնականացման գործընթացը՝ արգելված ապրանքների ցանկում ներառված ապրանքների հետ, ինչպես նաև կապահովվի Կոնվենցիայով ստանձնած ՀՀ պարտավորության կատարումն՝ ուղղված սնդիկի հավելիչով արտադրանքի շրջանառությունից դուրսբերմանը, միաժամանակ չհակասելով մաքսային և տեխնիկական կանոնակարգման ոլորտի ԵԱՏՄ և ՀՀ օրենսդրությանը։ Կկրճատվի մաքսային հսկողության և ապրանքների բացթողնման (բացառությամբ արգելված՝ սնդիկային լամպերի և սնդիկ-օքսիդային մարտկոցների) վրա ծախսվող ժամանակը մաքսային սահմանով տեղափոխվող այն արտադրանքի հետ կապված, որոնց անվանումները կամ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերը համընկնում են Կոնվենցիայի Ա Հավելվածի I մասի ցանկում ներառված և Որոշման հավելվածի ցանկով սահմանված սնդիկի հավելիչով արտադրանքի  հետ, սակայն վերջիններս չեն հանդիսանում սնդիկի հավելիչով արտադրանք և Որոշմամբ սահմանված արգելքներին ենթակա չեն։

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ.

Նախագծի մշակումը Կառավարության 2021-2026թթ. Ծրագրից և ոլորտային ռազմավարություններից ուղղակի չի  բխում։                                        

 

  • Քննարկվել է

    20.02.2023 - 07.03.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3262

Տպել