Լրամշակման փուլում է
Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 11-ի N 827-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 827-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 11-ի N 827-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ` նախագիծ) մշակվել է` պայմանավորված օտարերկրացիների աշխատանքի թույլտվության տրամադրման գործընթացի կասեցման ժամկետի երկարացման անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը և տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի (ուժի մեջ է մտել 2007թ. փետրվարի 3-ին) 4-րդ գլխով նախատեսված է օտարերկրացի աշխատողի համար աշխատանքի թույլտվության պահանջը: Օրենքի կարգավորումներից բխող՝ ՀՀ կառավարության 2016թ. մայիսի 12-ի N 486-Ն և N 493-Ն որոշումներով (ուժի մեջ են մտել 2016թ. հունիսի 4-ին) ամբողջականացվեցին օտարերկրացիների համար աշխատանքի թույլտվության իրավական հիմքերը, սակայն իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած մի շարք հանգամանքներ առաջ բերեցին օտարերկրացի աշխատողի համար աշխատանքի թույլտվության տրամադրման պահանջը կասեցնելու օբյեկտիվ անհրաժեշտություն:
ՀՀ կառավարության 2016 թվականի օգոստոսի 11-ի N 827-Ն որոշմամբ կասեցվեց ՀՀ կառավարության 2016թ. մայիսի 12-ի N 486-Ն և N 493-Ն որոշումների գործողությունը մինչև 2018թ. հունվարի 1-ը և հանձնարարվեց իրականացնել Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայում օտարերկրացի աշխատողների ներգրավման գործընթացի և արդյունքների բազմակողմանի վերլուծություն և ըստ անհրաժեշտության՝ ներկայացնել առաջարկություններ ՀՀ կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի N 493-Ն և N 486-Ն որոշումների գործողության կասեցման ժամկետը երկարացնելու վերաբերյալ:
3. Կարգավորման նպատակը և բնույթը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացված վերլուծության արդյունքներով ներկա փուլում՝ նախագծով առաջարկվում է ևս մեկ տարով երկարացնել օտարերկրացիների աշխատանքի թույլտվության տրամադրման գործընթացի կասեցման ժամկետը՝ ստորև բերված հիմնավորումներով: Նշված հիմնավորումների համար հիմք են հանդիսացել Հայաստանում օտարերկրացի աշխատողների ներգրավման գործընթացի և արդյունքների բազմակողմանի վերլուծությունները, որոնք իրականացվել են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակվող պաշտոնական տեղեկատվության, ինչպես նաև ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայի տվյալների հիման վրա:
Հայաստանում օտարերկրյա վարձու աշխատողների թվաքանակը 4586 անձ է, որը կազմում է ընդհանուր զբաղվածների թվաքանակի ընդամենը 0.43%-ը: Ինչպես վկայում են միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքները, այն երկրներում, որտեղ գործում են օտարերկրացիների աշխատանքի թույլտվության կարգավորումները, նշված ցուցանիշները անհամեմատ բարձր են, օրինակ՝ Լիտվայում այն կազմում է 9.2%, Գերմանիայում` 19.4%, Ֆրանսիայում` 24.6%, Էստոնիայում` 33.4%, Շվեյցարիայում` 47.6%:
Ելնելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայի տվյալներից՝ օտարերկրյա քաղաքացիների հետ վերջին տարիներին տարեկան միջինում շուրջ 1500 աշխատանքային պայմանագրեր են կնքվել, որն ունի աճի միտում: Սակայն հարկ է փաստել, որ 2016 թվականին աշխատանքի թույլտվությունը կանոնակարգող նորմերի կիրառման ժամանակահատվածում (մոտ 2 ամիս) գործատուները դիմել են 26 օտարերկրյա քաղաքացու համար աշխատանքի թույլտվություն ստանալու նպատակով: Եթե դիտարկենք տարվա կտրվածքով, ապա այդ թիվը կարող է կազմել շուրջ 200, ինչը վկայում է այն մասին, որ աշխատող օտարերկրացիների զգալի մասը գտնվում են աշխատանքային հարաբերությունների մեջ՝ ունենալով այլ հիմքով կացության կարգավիճակ:
Հայաստանում օտարերկրյա վարձու աշխատողների գերակշիռ մասը` շուրջ 63%-ն ունեն բարձրագույն, հետբուհական կրթական մակարդակ: Տնտեսության կայուն զարգացման առումով էապես կարևորվում է Հայաստանի Հանրապետության աշխատաշուկայում բարձր որակավորում ունեցող օտարերկրացիների ներգրավման անհրաժեշտությունն առանց լրացուցիչ խոչընդոտների, եթե հաշվի առնենք նաև երկրում ձևավորված ցածր աշխատավարձերի պայմաններում բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման օբյեկտիվ դժվարությունները: Ավելին, բարձր որակավորում ունեցող մասնագետներն աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում` Հայաստանի Հանրապետությունում (բարձր որակավորում ունեցող որոշակի ոլորտների մասնագիտություններ ունեցող օտարերկրացի մասնագետներին իրավունք է վերապահված աշխատել ՀՀ-ում առանց աշխատանքի թույլտվության` համաձայն ՀՀ կառավարության 2016թ. մայիսի 12-ի N 493-Ն որոշման), ազատված են աշխատանքի թույլտվությունից: Որոշ երկրներ վարում են նաև «ուղեղների ներգրավման» քաղաքականություն, այս շրջանակներում իրականացնում են նպատակաուղղված կոնկրետ ծրագրեր, օրինակ` Եվրամիության «Կապույտ քարտ»-ը, բրիտանական «Բարձրակարգ մասնագետների ծրագիրը» և այլն:
Վերլուծության արդյունքների համաձայն՝ Հայաստանում օտարերկրյա վարձու աշխատողները հիմնականում ներգրավված են ծառայությունների, շինարարության, արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում և առավելապես իրականացնում են նեղ մասնագիտական գործունեություն: Նշված պարագայում, ինչպես վկայում է նաև միջազգային փորձը, ներքին աշխատաշուկան թիրախավորված և լիարժեք պաշտպանելու համար անհրաժեշտ է աշխատանքի թույլտվությանը զուգահեռ ներդնել օտարերկրացի աշխատողների թվաքանակի քվոտավորման համակարգ, որը կարող է սահմանվել ըստ երկրների, տնտեսության ճյուղերի և մասնագիտությունների:
Աշխատաշուկայի կարգավորման տեսանկյունից՝ հատկանշական է նաև երկրում գործազրկության բարձր (2017թ. հուլիսի 1-ի դրությամբ՝ 17.8%) և զբաղվածության ցածր մակարդակները (2017թ. հուլիսի 1-ի դրությամբ՝ 49.7%) (նախորդ երկարաժամկետ հատվածում ևս գործազրկությունը երկրում ունեցել է բարձր, իսկ զբաղվածությունը՝ ցածր մակարդակ): Այս իմաստով կարևոր է, որ թափուր աշխատատեղերը առաջնահերթ և առավելագույնս զբաղեցվեն ՀՀ քաղաքացիների, այդ թվում՝ գործազուրկների կողմից: Սակայն մյուս կողմից՝ օտարերկրացիների մուտքը Հայաստան կարող է ունենալ դրական ազդեցություն աշխատաշուկայի զարգացման, ինչպես նաև բնակչության մեխանիկական աճի ապահովման տեսանկյունից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ.
- աշխատաշուկայում կան կրկնվող թափուր աշխատատեղեր, որոնք երկար ժամանակ չեն համալրվում աշխատուժի ներքին առաջարկով,
- օտարերկրացիները գալիս են ընտանիքների հետ միասին, ինչը արտաքին միգրացիայի բացասական հաշվեկշռի վրա կունենա դրական ազդեցություն:
Ամփոփելով իրականացված վերլուծության արդյունքները՝ մասնավորապես կարելի է փաստել՝
- Հայաստանում օտարերկրյա վարձու աշխատողների թվաքանակը ընդհանուր զբաղվածների թվաքանակի մեջ կազմում է փոքր տոկոս, իսկ տեսակարար կշիռը՝ անհամեմատ ցածր է այն երկրների ցուցանիշի համեմատ, որտեղ գործում են օտարերկրացիների աշխատանքի թույլտվության կարգավորումներ և քվոտավորման մեխանիզմներ,
- օտարերկրյա վարձու աշխատողների գերակշիռ մասը ունեն բարձրագույն, հետբուհական կրթական մակարդակ և Հայաստանում իրականացնում են նեղ մասնագիտական գործունեություն՝ միաժամանակ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ ազատված լինելով աշխատանքի թույլտվություն ստանալու պարտավորությունից,
- նախորդ տարիների համեմատ օտարերկրյա վարձու աշխատողների թվաքանակը Հայաստանում ունի որոշակի աճման միտում, սակայն ոչ այնքան, որ ունենա էական ազդեցություն աշխատաշուկայի պահանջարկի վրա,
- լրացման կարիք ունեն «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգավորումները, որոնք վերաբերում են Հայաստանում օտարերկրացիների զբաղվածության հարաբերություններին: Մանավորապես, համապարփակ և թիրախավորված կարգավորումներ ունենալու համար անհրաժեշտ է օտարերկրացիների աշխատանքի թույլտվության գործիքին զուգահեռ ներդնել օտարերկրացի աշխատողների թվաքանակի քվոտավորման ճկուն մեխանիզմներ,
- աշխատաշուկայի իրավիճակը ներկա փուլում չի կարող գրավիչ համարվել օտարերկրյա աշխատուժի համար՝ նկատի ունենալով գործազրկության բարձր մակարդակը, աշխատավարձերի ցածր մակարդակը, թափուր աշխատատեղերի սակավը և այլն:
Ելնելով վերոգրյալից՝ նախագծով առաջարկվում է ևս մեկ տարով երկարացնել օտարերկրացիների աշխատանքի թույլտվության կասեցման պահանջը, ինչպես նաև հանձնարարվում է օտարերկրացիների աշխատանքի և զբաղվածության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնին՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ ելնելով Հայաստանի Հանրապետության տնտեսության և աշխատաշուկայի հետագա զարգացումներից`
1) ըստ անհրաժեշտության ներկայացնել հիմնավոր առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 12-ի N 493-Ն և N 486-Ն որոշումների գործողության կասեցման ժամկետը երկարացնելու վերաբերյալ.
2) մշակել և սահմանված կարգով ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել Հայաստանում օտարերկրացիների զբաղվածության կարգավորման՝ օբյեկտիվ իրավիճակից բխող և կարգավորման ամբողջականությունն ապահովող լուծումներ:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:
5. Ակնկալվող արդյունքը
Առկա օբյեկտիվ անհրաժեշտությունից ելնելով՝ օտարերկրացիների աշխատանքի թույլտվության կասեցման պահանջի երկարացում և այդ ժամանակահատվածում աշխատաշուկայի իրավիճակային վերլուծության և կանխատեսումների հենքի վրա՝ Հայաստանում օտարերկրացիների զբաղվածությունը կարգավորող մեխանիզմների վերաբերյալ օբյեկտիվ առաջարկությունների ձևավորում:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 827-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 11-ի N 827-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 827-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի օգոստոսի 11-ի N 827-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ:
-
Քննարկվել է
10.11.2017 - 27.11.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Աշխատանք և զբաղվածություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Հանրային քննարկում
10.11.2017 12:03
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Դիտումներ` 8709
Տպել