Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

««Գիտական և գիտատեխնիկական գործունության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագծի և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

ՄԱՍԻՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշ-տությունը

Գիտության և տեխնիկայի զարգացումն ու հանրապետության տնտեսական և տեխնոլոգիական առաջընթացի վրա դրանց ազդեցությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է ապահովել այդ ուղղությամբ իրականացվող պետական քաղաքականության արդյունավետության բարձրացումը: Քաղաքականության արդյունավետությունը մեծապես պայմանավորված է գիտական և գիտատեխնիկական գործունեության ժամանակակից մեթոդների ներդրումով ու արդյունավետ իրականացումով, որոնց լիարժեք կիրառության համար անհրաժեշտ է գործուն իրավական համակարգ:

Գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառում պետական քաղաքականության ձևավորման ու իրականացման գործընթացը կարգավորվում է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք), որում սահմանված են ոլորտի քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմինների լիազորությունները և իրավասությունները: Օրենքն ընդունվել է 2000 թվականին, որը ՀՀ Սահմանադրության 2015 թվականի փոփոխություններից հետո պատշաճ չի վերանայվել, ինչի հետևանքով դրանում առկա են լիազորող նորմերի ոչ հստակ ձևակերպումներ կամ մի շարք դեպքերում` դրանց բացակայություն: ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով (այսուհետ՝ Ծրագիր), ինչպես նաև Օրենքի 12-րդ հոդվածով սահմանված գիտական և գիտատեխնիկական ոլորտի պետական քաղաքականության նպատակների և սկզբունքների իրագործման համար պահանջվում է մի շարք ենթաօրենսդրական ակտերի ընդունում, որոնց լիազորություններ Օրենքը ներկա խմբագրությամբ չի սահմանում:

Ծրագրի կատարումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է Օրենքում ՀՀ կառավարության իրավասությանը վերապահել հետևյալ լիազորող նորմերը՝

  • Հաստատում է պետական գիտական կազմակերպությունների տեսակները, դրանց կառուցվածքներին ներկայացվող պահանջները և դասակարգման չափանիշները՝ ներառյալ կատարողականի ցուցանիշները, ինչը թույլ կտա կարգավորել գործող գիտահետազոտական կազմակերպությունների և դրանցում առկա ստորաբաժանումների անհամաչափությունները, ինչի պատճառով ներկայումս գործնականում անհնար է ունենալ արդյունքների համադրելիություն: Համապատասխան նորմի առկայությունը հնարավորություն կտա նաև սահմանելու կազմակերպությունների տեսակներ ըստ դրանց լուծելիք խնդիրների տեսակների, ինչպես նաև ունենալու կատարողականի միասնական ցուցանիշներ:
  • Հաստատում է ՀՀ գիտության ոլորտի զարգացման հնգամյա ռազմավարական ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը, գործող օրենքում այս լիազորող նորմը բացակայում է, ինչի հետևանքով ոլորտային քաղաքականության նկարագիրն ամբողջական չէ:
  • Հաստատում է հայագիտության և գիտության այլ բնագավառների զարգացմանն ուղղված ծրագիրը, նախկին ձևակերպումը սահմանում է միայն հայագիտության ոլորտի զարգացման ծրագրի ընդունումը, որին առաջարկվող փոփոխությամբ ավելանում են գիտության այլ բնագավառներն ամբողջությամբ, ապահովելով նաև գիտության այլ բնագավառների զարգացման ծրագրերի հաստատման գործընթացը:
  • Հաստատում է գիտական կադրերի ատեստավորման կարգը, պետական գիտական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական կադրերի պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները: Աշխատավարձերի նորմավորումից հետո, համաձայն Ծրագրի, անհրաժեշտ է հաստատել գիտական և ճարտարագիտատեխնիկական կադրերի ատեստավորման չափանիշները, որոնք համապատասխանելու են աշխատանքի վերջնարդյունքի միջազգային ընդունելի կատարողականին և նպաստելու են գիտության ոլորտի միջազգային մրցունակությանը, ինչն ամրագրված է ՀՀ կառավարության ծրագրով: Սահմանված չափանիշների համաձայն իրականացվելու են ատեստավորման հետագա գործընթացները:
  • Հաստատում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային, նպատակային-ծրագրային և գիտական դրամաշնորհային ֆինանսավորման ձևերով պետական ֆինանսավորման կարգերը, որոնք նկարագրում են ֆինանսավորման ամբողջական գործընթացը, գիտական և գիտատեխնիկական փորձաքննության տեսակները և կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման գործիքները: Վերջիններս գիտական և գիտատեխնիկական գործունեության ոլորտի պետական ֆինանսավորման գործիքներն են, որոնց կարգավորումներ տալու լիազորությունները բացակայում են գործող Օրենքում, իսկ նշված կարգերն ընդունված են 2001 թվականին և չեն համապատախանում ինչպես ոլորտի կառավարման ներկա մոդելին, այնպես էլ ծրագրերի նկատմամբ սահմանվելիք վերահսկողության մեխանիզմներին: Գործող կարգերը հնարավորություն չեն տալիս նաև ներդնելու գիտական արդյունքի ժամանակակից չափանիշներ, ինչպես նաև չեն ապահովում իրավական հենք` կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման մեխանիզմների ներդրման համար, փոփոխությամբ նախատեսվում է ունենալ երեք ձևերը նկարագրող երեք առանձին կարգեր, որոնք կնկարագրեն ֆինանսավորման ողջ գործընթացը` հայտերի ներկայացումը, ընտրության (գիտական և գիտատեխնիկական փորձաքննության) մեխանիզմը, քննարկման և հաստատման փուլերը, ինչպես նաև պայմանագրերի կնքումը, ֆինանսավորման ողջ ընթացքում ուղեկցումն ու մշտադիտարկումը, ինչպես նաև վերջնարդյունքների հաշվառումը և դրանց ազդեցությունը նույն ձևով ֆինանսավորման հաջորդ փուլերի վրա:

Միաժամանակ անհրաժեշտ է Օրենքում ներմուծել մի քանի նոր հասկացություններ և մի շարք հասկացություններ հստակեցնել: Մասնավորապես՝

  • Օրենքի 1-ին հոդվածում լրացնել «ճարտարագիտատեխնիկական աշխատող», «գիտամանկավարժական (գիտակրթական) աշխատող», «գիտական դրամաշնորհ» և «գիտության ոլորտի կառավարման միասնական տեղեկատվական համակարգ» հիմնական հասկացությունները: Ճարտարագիտատեխնիկական աշխատողները փաստացի գիտական աշխատողներին զուգահեռ մասնակցում են գիտական արդյունքի ստացմանը և մինչ այս կադրերի հաշվառման ժամանակ ներկայացվում էին որպես վարչական հատվածի աշխատակիցներ, ինչը, սակայն, չի համընկնում ոլորտում աշխատողների համար ՏՀԶԿ (OECD) կողմից հաստատված ձևակերպումներին: Գիտամանկավարժական (գիտակրթական) աշխատող հասկացությունն օգտագործվում է մի շարք իրավական ակտերում առանց սահմանման, ինչը որոշ դեպքերում հանգեցրել է հստակ իրավական ձևակերպման անհրաժեշտության (այդ թվում՝ դատական գործընթացների ժամանակ): Գիտական դրամաշնորհ հիմնական հասկացության լրացումը պայմանավորված է նրանով, որ գործող օրենքում «պայմանագրային (թեմատիկ)» բառերը փոխարինվում են «գիտական դրամաշնորհային» բառով և անհրաժեշտ է Օրենքում ունենալ «գիտական դրամաշնորհ» սահմանումը: Գիտության ոլորտի կառավարման միասնական տեղեկատվական համակարգն ըստ էության գոյություն ունի 2013 թվականից: 2021 թվականից սկսած՝ կատարելագործման արդյունքում ոլորտի պետական ֆինանսավորման և հաշվետվությունների ամբողջական գործընթացն իրականացվում է առցանց, ինչի հետևանքով անհրաժեշտ է ունենալ դրա սահմանումը և վարման կարգը (15.1 հոդվածում լրացումով):

Լրամշակման կարիք ունի Օրենքի 8-րդ՝ «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան» հոդվածը.

  • Ակադեմիայի կանոնադրությունը՝ ներառյալ կառավարման և գործունեության առանձնահատկությունները, համակարգում ներառված կազմակերպությունների ցանկը և դրանց կանոնադրությունները հաստատում է կառավարությունը: Վերջինովս ՀՀ կառավարությանը վերապահվում են համապատասխան լիազորություններ, որոնց իրագործումը Ակադեմիայի համակարգը կառավարման տեսակետից բերում է իրավահարաբերությունների հստակ դաշտ:
  • Ակադեմիան իր կանոնադրությամբ սահմանված կարգով ձևավորում է կառավարման խորհուրդ` ներառելով Ակադեմիայից, կրթության, գիտության և էկոնոմիկայի ոլորտների լիազոր մարմիններից առաջադրված ներկայացուցիչներ, որի միջոցով իրականացնում է համակարգի կազմակերպությունների ընդհանուր կառավարումը, այդ թվում՝ կազմակերպությունների կանոնադրությամբ սահմանված կարգով իրականացնում է կառավարման մարմինների ձևավորումը և լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը կետով Ակադեմիայի կազմում սահմանվում է ընդհանուր կառավարման մարմին, որի կազմը ավելի ներկայացուցչական է, ինչի հետևանքով Ակադեմիայի համակարգի կառավարումը չի սահմանափակվում միայն Ակադեմիայի շրջանակներում:
  • Ակադեմիան ունի ղեկավար կազմ, որն իրականացնում է Ակադեմիայի գիտական, գիտատեխնիկական և գիտաօժանդակ գործունեության ընթացիկ ղեկավարումը: Ղեկավար կազմի մեջ մտնում են Ակադեմիայի նախագահը, փոխնախագահը, ակադեմիկոս քարտուղարը, նախագահի տեղակալները և բաժանմունքների ակադեմիկոս քարտուղարները: Ակադեմիայի ղեկավար կազմում ընդգրկված անձի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ, եթե լրացել է նրա 75 տարին: Այս դրույթը նկարագրում է Ակադեմիայի ղեկավար կազմի կառուցվածքը և կարգավորում է այդ կազմի փոփոխությունների մեխանիզմը:

Օրենքի` Կառավարության լիազորություններին վերաբերող 14-րդ հոդվածի 2-րդ կետը ուժը կորցված է ճանաչվում, քանի որ նպատակային-ծրագրային ֆինանսավորման ներկայացված և մասնագիտական հանձնաժողովի կողմից երաշխավորված հայտերի ցանկն առանձին Կառավարության հաստատման ներկայացնելը հավելյալ ռեսուրսի չարդարացված ծախս է:

Օրենքի 15.1 և 15.2 հոդվածներում կատարվող փոփոխություններով նախատեսվում է պետական կառավարման համակարգում ունենալ պետական կառավարման համակարգի նոր մարմին` Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, որը գործելու է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ և իրականացնելու է բարձրագույն կրթության և գիտության ոլորտի միասնական քաղաքականությունը: Մարմնի գործունեության ոլորտին է վերապահվելու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության Գիտության կոմիտեի և Բարձրագույն որակավորման կոմիտեի, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության գործառույթները` ապահովելով երկու ոլորտների համագործակցությանը և ինտեգրմանն ուղղված պետական քաղաքականության իրականացումը: Փոփոխության էությունը բխում է նաև Ծրագրով պետական կառավարման համակարգում ինստիտուտների և գործառույթների արդիականացման մասով ստանձնած հանձնառություններից, մասնավորապես, ներքին ֆունկցիոնալ օպտիմալացումից:

Ի հավելումն վերոնշյալի՝ ներկայումս շրջանառության մեջ է գտնվում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որը կոչված է գիտության և բարձրագույն կրթության բնագավառներում պետական միասնական քաղաքականության ապահովմանը, և վերջինիս իրականացման համար ևս անհրաժեշտ է միասնական ինստիտուցիոնալ համակարգ: Սրան զուգահեռ, գիտական աստիճանաշնորհման համակարգում պետական քաղաքականությունը միտված է աստիճանաշնորհման գործընթացի վերանայմանը և դեպի բուհական համակարգ տեղափոխելուն, ինչի արդյունքում փոփոխվելու են աստիճանաշնորհման ընթացակարգերը և նվազեցվելու է գործընթացում պետության ներգրավվածության աստիճանը:

Այսպիսով, 15.1 հոդվածը վերաշարադրվում է` այն համալրելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում կրթության լիազոր մարմնին վերապահված մշակման և գործառնական լիազորություններով` այդպիսով կրթության լիազոր մարմնի գործառույթներից դուրս բերելով իրավական ակտերի մշակման ու բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ոլորտի գործառնական բնույթի մասերը: Նույն հոդվածը համալրվում է նաև 15.2 հոդվածի բովանդակությամբ` այդպիսով ապահովելով Բարձրագույն որակավորման կոմիտեի գործառույթների փոխանցումը նոր ձևավորվող Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին:

Վերոնշյալ գործառույթների փոխանցմամբ է պայմանավորված Օրենքի 15.2-րդ հոդվածում, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը, մասնավորապես, նախատեսվում է՝

  • Օրենքում ուժը կորցրած ճանաչել «15.2. Բարձրագույն որակավորման կոմիտեն» հոդվածը:
  • «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում ուժը կորցրած ճանաչել՝

6-րդ հոդվածի 4.4-րդ մասին հաջորդող պարբերությունը՝

«Բարձրագույն ուսումնական հաստատության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցման տրամադրման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը»,

21-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 9-րդ և 12-րդ կետերը՝

«3) բարձրագույն ուսումնական հաստատությունների և հետբուհական կրթություն իրականացնող կազմակերպությունների պետական հավատարմագրման կարգի հաստատումը.

9) ասպիրանտուրայի ընդունելության և ասպիրանտուրայում ուսուցման, դոկտորանտների և հայցորդների ձևակերպման կարգի հաստատումը.

12) ֆինանսական միջոցների տրամադրման կարգի հաստատումը, ներառյալ՝ ուսման վարձը փոխհատուցելու (լրիվ կամ մասնակի (զեղչ)), կրթաթոշակ սահմանելու, ուսումնական վարկ ստանալու, կրթական հիմնադրամներին ֆինանսավորելու կարգերը.»:

  • «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի՝

9-րդ կետում «Գիտության կոմիտե»-ի անվանումը փոխարինել «Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե»-ով, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել 15-րդ՝ «Բարձրագույն որակավորման կոմիտե» կետը:

Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետից «մասնագիտական որակի» բառերը հանելով՝ ատեստավորման նպատակը և դրա արդյունքում տրվող եզրակացության գործառույթը համապատասխանեցվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի ձևակերպումներին, այսինքն՝ ատեստավորման արդյունքում ստուգվում է աշխատակցի համապատասխանությունը զբաղեցրած պաշտոնին:

Օրենքի 19-րդ հոդվածում առաջարկվող փոփոխություններով կանոնակարգվում է գիտական աշխատողի աշխատանքի վարձատրության և թոշակավորման, գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի տրամադրման ընթացակարգը` այն դարձնելով ավելի նպատակային և սահմանափակումների կիրառման համար ստեղծելով օրենսդրական հիմքեր. այսպիսով պետական բյուջեի հաշվին գիտական աստիճանի համար հավելավճար նախատեսվում է տրամադրել միայն պետական ֆինանսավորման բազային ձևով իրականացվող ծրագրերում հիմնական աշխատող գիտաշխատողներին, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա ոլորտում հիմնական աշխատանքի անցնելու/մնալու համար: Իսկ 70 տարին լրացած և պետական բյուջեի հաշվին ֆինանսավորվող գիտական և գիտատեխնիկական ծրագրերում չընդգրկված գիտական և գիտատեխնիկական գործունեության առնվազն 30 տարվա ստաժ ու գիտական աստիճան ունեցող և վերջին 10 տարում առնվազն ութ տարի գիտական աստիճանի համար հավելավճար ստացած անձանց նախատեսվում է կենսաթոշակից բացի տրամադրել ամենամսյա հավելավճար` պետական բյուջեի հաշվին ֆինանսավորվող գիտական և գիտատեխնիկական ծրագրերում ընդգրկված գիտական աստիճան ունեցող գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար տրվող ամենամսյա հավելավճարների չափով: Սահմանափակումները նախատեսված են նշված կարգավորման արդյունքում ծագող իրավահարաբերությունները կանխատեսելի դարձնելու նպատակով, ինչպես նաև ստեղծում են որոշակի սոցիալական երաշխիքներ և հիմքեր` ոլորտում սերնդափոխության իրականացման համար:

Օրենքի` ոլորտի ֆինանսավորումը սահմանող 23-րդ հոդվածում իրականացվող փոփոխություններից. ֆինանսավորման «պայմանագրային (թեմատիկ)» ձևի անվանումն առաջարկվում է փոխել «գիտական դրամաշնորհային» ձևակերպմամբ` այն համապատասխանեցնելով ֆինանսավորման ձևի էությանը, քանի որ գիտաշխատողների կողմից փաստացի այս ձևով ֆինանսավորում ստանալու համար ներկայացվում է հետազոտական թեմա, որը ֆինանսավորման երաշխավորվելու պարագայում ստանում է դրամաշնորհային ֆինանսավորում:

Օրենքի 24-րդ հոդվածը նախատեսվում է լրացնել նոր` 5-րդ մասով՝

Գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման գիտական դրամաշնորհային ֆինանսավորման ձևով մրցութային ծրագրերի շրջանակներում արտերկրի կենտրոններում մեկ ամսից ավել տևողությամբ մասնագիտական վերապատրաստման նպատակով գործուղումների համար օրապահիկի և գիշերակացի փոխհատուցման արժեքները սահմանվում են մրցույթի պայմաններով: Լրացման նպատակն է ստեղծել արտերկրի լավագույն կենտրոններում վերապատրաստման մեկնած աշխատակիցների աշխատանքի անընդհատությունն ապահովելու իրավական հիմքեր՝ միևնույն ժամանակ, չստեղծելով հավելյալ չարդարացված ծախսեր, քանի որ երկարաժամկետ վերապատրաստման մեկնելիս կացության վայրը հիմնականում հանդիսանում են ամսական վարձով կացարանները, որոնց վարձն էականորեն ցածր է հյուրանոցների գիշերավարձից, նախատեսվում է վերապատրաստման ընթացքում ֆինանսավորումը կազմակերպել միջազգային շարժունության ծրագրերի նմանությամբ` ֆինանսական աջակցությամբ (scholarship):

««Գիտական և գիտատեխնիկական գործունության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը մշակվել են ի կատարումն Սոցիալական նախարարական կոմիտեի 2022 թվականի սեպտեմբերի 27-ի նիստի N ԿԱ/282-2022 արձանագրության 6-րդ՝ «2023 թվականին իրականացվելիք գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերի ցանկը հաստատելու մասին» կետի 1-ին՝ «ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ համատեղ քննարկել նմանատիպ որոշում ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնելու նպատակահարմարությունը և անհրաժեշտության դեպքում՝ փոփոխություն կատարել գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերի ցանկը ՀՀ կառավարության կողմից հաստատվելու նորմ պարունակող համապատասխան օրենքում» ենթակետի, ինչպես նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի 2022 թվականի դեկտեմբերի 2-ի N 02/11/35663-2022 գրությանը համապատասխան:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառի իրավահարաբերությունների բարելավման և արդիականացման նպատակով՝

  • ունենալ պետական կառավարման համակարգում պետական կառավարման համակարգի նոր մարմին` Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, որի գործունեության ոլորտին է վերապահվելու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության գիտության կոմիտեի և բարձրագույն որակավորման կոմիտեի, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության գործառույթները՝ գործելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ և իրականացնելով բարձրագույն կրթության և գիտության ոլորտի միասնական քաղաքականությունը,
  • օրենքում մի շարք հասկացությունների հստակեցում,
  • ժամանակակից հասկացությունների, ինչպես նաև Օրենքով սահմանված գիտական և գիտատեխնիկական ոլորտի պետական քաղաքականության նպատակների և սկզբունքների իրագործման համար պահանջվող ենթաօրենսդրական ակտերի ընդունման համար ՀՀ կառավարության իրավասությանը վերապահող լիազորող նորմերի ներմուծում,
  • գիտական աշխատողի աշխատանքի վարձատրության և թոշակավորման, գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի տրամադրման, գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման գիտական դրամաշնորհային ֆինանսավորման ձևով մրցութային ծրագրերի շրջանակներում արտերկրի կենտրոններում մեկ ամսից ավել տևողությամբ մասնագիտական վերապատրաստման նպատակով գործուղումների համար մրցույթի պայմաններով սահմանվող ոլորտը կարգավորող օրենսդրությամբ սահմանված օրապահիկի և գիշերակացի փոխհատուցման ավելի ցածր արժեքների հետ կապված հարաբերությունների կանոնակարգում:

Մասնավորապես, գիտական աշխատողի աշխատանքի վարձատրությունը պետք է նպաստի գիտական աշխատանքի հեղինակության բարձրացմանն ու գիտական ներուժի արդյունավետ վերարտադրության գործընթացին, բավարար նյութական պայմաններ ապահովի ինքնուրույն և արդյունավետ ստեղծագործական գործունեություն իրականացնելու համար: Պետական գիտական կազմակերպությունում գիտական աշխատողի աշխատավարձը բաղկացած է հիմնական աշխատավարձից, պարգևատրումներից, ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում գիտական աստիճանի համար տրվող հավելավճարից, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ վճարներից:

Գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճար տրամադրվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված և աշխատանքի լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատող գիտական աշխատողներին, որի տրամադրման չափը և կարգը սահմանում է Կառավարությունը:

Պետությունը բուհում և գիտական կազմակերպությունում գիտական և գիտատեխնիկական գործունեության առնվազն 30 տարվա ստաժ ու գիտական աստիճան ունեցող և վերջին 10 տարում առնվազն ութ տարի գիտական աստիճանի համար հավելավճար ստացած անձանց 70 տարին լրանալու ու պետական բյուջեի հաշվին ֆինանսավորվող գիտական և գիտատեխնիկական ծրագրերում ընդգրկված չլինելու դեպքում տալիս է ամենամսյա դրամական վճար` վերը նշված ծրագրերում ընդգրկված գիտական աստիճան ունեցող գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար տրվող ամենամսյա հավելավճարների չափով:

Նախագծով սահմանված ամենամսյա դրամական վճար նշանակելու համար դիմելու, ամենամսյա դրամական վճար նշանակելու և վճարելու կարգը սահմանում է Կառավարությունը, իսկ ամենամսյա դրամական վճար նշանակելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝ ամենամսյա դրամական վճար նշանակելու լիազորություն ունեցող ՀՀ կառավարության լիազորած մարմինը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ գիտության կոմիտեի կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

««Գիտական և գիտատեխնիկական գործունության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը ընդունումը հնարավոր կդարձնի ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի համապատասխանեցումը գիտության զարգացման արդի վիճակին և միջազգային չափանիշներին, կնպաստի ՀՀ գիտության ոլորտի առաջընթացին և դինամիկ զարգացմանը:

  1. ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվող փոփոխությունների մասին

««Գիտական և գիտատեխնիկական գործունության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը ընդունման կապակցությամբ ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  1. ՀՀ օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի նախագծերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

««Գիտական և գիտատեխնիկական գործունության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը ընդունմամբ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն է առաջանում հետևյալ իրավական ակտերում՝

ՀՀ կառավարության 1997 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը հաստատելու մասին» N 327 որոշում,

ՀՀ կառավարության 2001 թվականի հուլիսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում գիտամանկավարժական կադրերին պրոֆեսորի և դոցենտի գիտական կոչումներ շնորհելու կարգը հաստատելու մասին» N 615 որոշում,

ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 20-ի N 662 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 238-Ն որոշում,

ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի N 1394-Ն և 2015 թվականի փետրվարի 5-ի N 117-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 13-ի N 15 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 451-Ն որոշում,

ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշում,

ՀՀ վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 701-Լ, N 703-Լ և N 705-Լ որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 661-Լ որոշում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

««Գիտական և գիտատեխնիկական գործունության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի «Գիտության ոլորտը կարգավորող իրավական դաշտի կատարելագործում» և «Գիտության ոլորտում պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացում» կետերով սահմանված նպատակներից, ինչպես նաև «Ինստիտուտների և Գործառույթների արդիականացում» կետով սահմանված գործադիր իշխանության միասնական ու օպտիմալ կառուցակարգերի վերաբերյալ դրույթից:

 

 

 

  • Քննարկվել է

    07.02.2023 - 22.02.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Հանրային քննարկում

20.02.2023 14:00

ք. Երևան, Օրբելի եղբայրների 22

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4809

Տպել

Առաջարկներ`

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն

10.02.2023

Հոդված 9 Առաջարկում ենք, որ նոր ստեղծվող Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն գործի ՀՀ կառավարության անմիջական ենթակայությամբ, քանի որ նախագծում նկարագրված գործառույթները հատուկ են նախարարությանը: Այս պարագայում Կոմիտեի մշակած բոլոր նախագծերը ուղղակիորեն հաստատման կներկայացվեն ՀՀ կառավարությանը:

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն

10.02.2023

Հոդված 4 Առաջարկում ենք ԳԱԱ համակարգում ներառված կազմակերպությունների կանոնադրությունների հաստատումը վերապահել ՀՀ ԳԱԱ-ին:

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն

10.02.2023

Հոդված 4 ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան զուտ Ակադեմիա վերանվանելու հիմնավորում առկա չէ: Այս դեպքում խիստ իջեցվում է ՀՀ ԳԱԱ-ի կարգավիճակը՝ այն դասելով տարբեր հասարակական կազմակերպությունների կամ կրթական հաստատությունների շարքին: Առաջարկում ենք ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա բառերը չփոխարինել Ակադեմիա բառով:

Տեսնել ավելին