Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԱՅԴ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ ՆՐԱՆՑ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

            «Բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջները, այդ պահանջների հիման վրա անձանց վերապատրաստման և բազմաբնակարան շենքերի կառավարմանը նրանց ներգրավման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը

Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը բխում է ՀՀ Ագգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հանավության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի «2.7 Քաղաքաշինություն» բաժնի  2-րդ պարբերության 8-րդ կետի 1-ին ենթակետից, ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Քաղաքաշինության կոմիտե» բաժնի 14.2 կետից, ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 531-Լ որոշման N 1 հավելվածի  95-րդ կետից, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-334 օրենքի 17.1-ին հոդվածի*) 2-րդ մասի դրույթներրից:

Միջոցառման նպատակը՝ բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջների, ինչպես նաև այդ պահանջների հիման վրա անձանց վերապատրաստման և բազմաբնակարան շենքերի կառավարմանը նրանց ներգրավման կարգի սահամնումն է:

2. Առկա իրավիճակը

Հանրապետությանում շուրջ 19 հազար բազմաբնակարան շենքերից կառավարման մարմիններ են ձևավորված միայն 42%-ում (շուրջ 8000 շենք): Մնացած 58%-ում (շուրջ 11000 շենք) կառավարման մարմիններ ձևավորված չեն և կառավարումը՝ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի համաձայն, պետք է իրականացնեն համայնքները: 

Ընդ որում, հետխորհրդային տարիներին՝ բնակարանային ֆոնդի սեփականաշնորհումից հետո, բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինները ձևավորվել են հիմնականում իներցիոն, առանց ընթացակարգերի պահպանման կամ մտայնությունների վերանայման և նրանց մասով սահմանված չէ որևէ գիտելիքի, փորձառության կամ այլ պահանջ:

Միանշանակ է, որ բազմաբնակարան շենքի կառավարմանն առնչվող գիտելիքների (տեխնիկական, իրավական, վարչարարական, ֆինանսական և այլն) բացակայության պարագայում անհնար է ապահովել արդյունավետ կառավարում:

Անարդյունավետ և ոչ պատշաճ իրականացումն էլ իր հերթին բերում է բազմաբնակարան շենքերի մաշվածության գործընթացի արագացման և հանգեցնում վնասվածության մնացորդային կուտակումների՝ վատթարացնելով շենքի տեխնիկական վիճակը՝ վտանգելով ոչ միայն շենքի ֆիզիկական գոյատևումը, այլ նաև մարդկանց կյանքը, առողջությունը, գույքը, անվտանգությունը:

Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն է առաջանում հիմնովին բարեփոխել բազմաբնակարան շենքերի կառավարման համակարգը՝ վերանայելով բազմաբնակարան շենքի կառավարման բնագավառում առկա կանոնակարգումները, կարգավորել բնագավառում առկա խնդիրները և իրավահարաբերությունները` տարանջատելով շենքի կառավարման և պահպանման գործառույթները և ամրագրելով բնագավառում գործող բոլոր սուբյեկտների իրավասություններն ու պարտականությունները, պարզեցնել կառավարման մեխանիզը, ներդնել բազմաբնակարան շենքերի մասնագիտացված կառավարման համակարգ և այլն:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև հանրապետության բնակֆոնդի կառավարման համակարգի բարելավման մասով մեր ազգային և միջազգային գործընկերների հետ քննարկումները՝ նախագծով նախատեսվում է բազմաբնակարան շենքի կառավարումը դիտարկել որպես մասնագիտացված գործունեության տեսակ և սույն նախագծով սահմանել՝

-  բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջները,

- այդ պահանջների հիման վրա անձանց վերապատրաստման և բազմաբնակարան շենքերի կառավարմանը նրանց ներգրավելու կարգը:

Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը

Բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջներ, դրա հիման վրա վերապատրաստված և կառավարման գործընթացում ներգրավված կառավարիչներ:

4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

5. Իրավական ակտի՝ նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը

Իրավական ակտի նորմատիվ բնույթը հիմնավորվում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով:

6. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման դեպքում դրանից բխող առանձին միջոցառումների մասով ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտություն կարող է առաջանալ, որի չափը հնարավոր կլինի այդ միջոցառումների մշակման շրջանակներում:  

7. Իրավական ակտի նախագծի մշակման համար հիմք դարձած ֆինանսական, տնտեսական հաշվարկները, վիճակագրական տվյալները, սոցիալական հարցման, հետազոտությունների, վերլուծությունների կամ դիտարկման արդյունքները, ինչպես նաև իրավական ակտի նախագծի ընդունումը հիմնավորող այլ տվյալներ

Նախագծի մշակման համար հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի օգոստոսի 20-ի N1160-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից վերհանված՝ բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառում առկա խնդիրները:

8. Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը

Նախագիծը և դրա ընդունման հիմնավորումը շահագրգիռ մարմիններ ներկայացնելու հետ միաժամանակ կհրապարակվի իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am   կայքում և ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական www.minurban.am կայքի «Իրավական ակտեր» բաժնի «Նախագծեր» ենթաբաժնում:

9. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը անհրաժեշտությունն ուղղակիորեն բխում է՝

- ՀՀ Ագգային Ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հանավության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի «2.7 Քաղաքաշինություն» բաժնի 2-րդ պարբերության 8-րդ կետի 1-ին ենթակետից,

- ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Քաղաքաշինության կոմիտե» բաժնի 14.2 կետ,  

- ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 531-Լ որոշման N 1 հավելվածի 95-րդ կետից:

 

*) «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Օրենքի նախագիծ) ՀՀ Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է 2023 թվականի հունվարի 17-ին, սակայն դեռևս հրապարակված և ուժի մեջ մտած չէ:

 

  • Քննարկվել է

    03.02.2023 - 18.02.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3684

Տպել

Առաջարկներ`

Կամո Խաչատրյան

16.02.2023

1.Առաջարկում եմ հանել պարտադիր վերապատրաստման պահանջը, քանի որ ՀՀ որևէ օրենքով շենքի կառավարման համար այդպիսի պահանջ չի դրված: Բացի այդ, անձը իրավունք ունի սեփական ուժերով և միջոցներով ձեռք բերել պահանջվող գիտելիքներ,ուստի առաջարկում եմ հավելված 1-ի 6-րդ կետի առաջին պարբերությունը ձևակերպել հետևյալ կերպ «Կառավարիչների սույն հավելվածի 5-րդ կետով նշված գիտելիքների ստուգման համար հիմք են ընդունվում հետևյալ իրավական ակտերի պահանջները.» 2.Առաջարկում եմ կառավարիչներից պահանջվող գիտելիքների ծավալը պակասեցնել: Մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիական, ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերից, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի N102-Ն հրամանով հաստատված «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմերից, պահանջել միայն կառավարիչի գործարույթներին վերաբերվող հոդվածների իմացություն: Հակառակ դեպքում հնարավոր է ստեղծվի մի իրավիճակ, երբ թեստավորման արդյունքից ելնելով բազմաբնակարան շենքերի զգալի մասի կառավարումը ստիպված կլինեն իրականացնել համայնքները, որոնց կառավարման արդյունավետությունը, մեղմ ասած, հեռու է բավարար լինելուց: 3. Կարծում եմ, վերապատրաստումը դիտարկել միայն «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան»-ի շրջանակներում ճիշտ չէ. քանի որ գիտելիքների փոխանցումը տնտեսական գործունեության ձև է, որի արդյունավետությունը մեծապես կախված է պետության կողմից տնտեսական մրցակցության երաշխավորմամբ: Առաջարկում եմ բացառել պետական բյուջեի միջոցների հաշվին կառավարիչների վերապատրաստումը և կառավարության քննարկմանը ներկայացնել վերապատրաստող կազմակերպության ընտրության չափանիշները:Ելնելով այդ չափանիշներից իրականացնել մրցույթ: 4.Առաջարկում եմ հանել հավելված 2-ի 3-րդ կետի պահանջները, դրանք դիտարկել գիտելիքների ստուգման և թեստավորման գործառույթում: 5. Նախագծի Հավելված 2-ի 40-րդ կետի պահանջները ՀՀ վարչական իրավախախտումների մասին պետական իշխանության թելադրանքի է նման և հակասում է ՀՀ օրենսդրությանը: 6. Առաջարկում եմ նաև որոշման նախագիծը հիմնավորելիս, ներկայացնել ավելի մանրամասը վերլուծություն և տվյալներ, մասնավորապես՝ տարեկան պետական բյուջեից պահանջվող ֆինանսական միջոցների ծավալը, ՀՀ-ում գործող կառավարման մարմինների քանակը ըստ կառավարման ձևի: Համայնքների և կառավարման մարմինների կողմից կառավարվող շենքերի կառավարման արդյունավետությունը բնութագրող ցուցանիշների համեմատականը:Հիմնավորել միայն մեկ վերապատրաստող կազմակերպության ընտրելու անհրաժեշտությունը և այլն: 7. Առաջարկում եմ որոշման նախագիծը խմբագրել ամբողջովին:

Գևորգ Նազարյան

08.02.2023

Նախագծի Հավելված 2-ի կետ 40 հակասում է իրավական բոլոր նորմերին և պահանջներին։ Կառավարությունը չի կարող պարտադրել սեփականատերերին իրենց սեփականության կառավարման վերաբերյալ որևէ որոշման ընդունումը։ Ատեստավորման արդյունքները չեն կարող հիմք հանդիսանալ կառավարչի գործունեությունը դադարեցնելու/կասեցնելու համար։ Անձին որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից կարող է զրկել միայն դատարանը՝ օրենքով սահմանված դեպքերում։

Գևորգ Նազարյան

08.02.2023

Բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների (կառավարիչների) համար վերապատրաստման դասընթացների կազմակերպումը չի բխում Քաղաքաշինության կոմիտեին օրենսդրությամբ վերապահված լիազորություններից։ Անհրաժեշտ է դասընթացների կազմակերպումը վերապահել համայնքներին և/կամ մարզպետարաններին։

Տեսնել ավելին