Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետությունում ԱՏԳ ԱԱ 2402 ծածկագրին դասվող ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով դրոշմավորման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Ներկայումս ծխախոտային ապրանքների մասով Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են դրոշմավորման ներքին և ԵԱՏՄ ստանդարտի մեխանիզմներ։  Ծխախոտի արտադրանքները ՀՀ սահմաններում իրացնելու համար տնտեսվարողները ըստ ՀՀ հարկային օրենսգրքի 389 հոդվածի պետք է կիրառեն ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորման մեխանիզմ։ Միաժամանակ, «ԵԱՏՄ նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագրի և ԵԱՏՄ նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգի հիմնական տեխնոլոգիական կազմակերպչական մոդելի համաձայն ԵԱՏՄ անդամ-պետությունները մշակել են նոր ստանդարտի դրոշմավորում՝ նույնականացման միջոցներով դրոշմավորում, որը սկսել է ակտիվորեն մտնել անդամ-պետությունների դրոշմավորման համակարգ: Իրենց ապրանքը ԵԱՏՄ երկրներ արտահանելու համար տնտեսվարողները պետք է ապրանքները դրոշմավորեն թվային դրոշմապիտակով, եթե տվյալ ապրանքի համար այն պարտադիր է արտահանվող անդամ-պետության սահմաններում։

Վերոնշյալ երկու մեխանիզմները ունեն մի շարք առանձնահատկություններ։ Ակցիզային դրոշմավորման դեպքում յուրաքանչյուր միավոր ապրանքի վերաբերյալ տեղեկատվությունը ամբողջական չի փոխանցվում ՀՀ պետական եկամուտների կոմիտե, ինչը հնարավորություն չի տալիս ամեն միավորի համար ապահովել լիարժեք հետագծելիություն։ Մինչդեռ նույնականացման միջոցներով դրոշմավորումը ավելի նոր լուծում է, որը թույլ է տալիս վերահսկել յուրաքանչյուր միավոր ապրանքի շարժը շրջանառության մեջ մտնելուց մինչև սպառում և տեղեկատվությունը ամբողջական փոխանցել պետական մարմին։ Դա հնարավորություն է ստեղծվում լիարժեք պայքարել ստվերի և կեղծ ապրանքների շրջանառության դեմ։

 

  • Քննարկվել է

    18.01.2023 - 02.02.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3587

Տպել

Առաջարկներ`

Ալլա Ստեփանյան Ավերս ՓԲԸ

02.02.2023

Հայաստանի Հանրապետության ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ` պարոն Ռուստամ Բադասյանին Հարգելի պարոն Բադասյան, Ի պատասխան ս․թ․ Հունվարի 18-ին e-draft.am միասնական կայքում տեղադրված «Հայաստանի Հանրապետության ԱՏԳ ԱԱ 2402 ծածկագրին դասվող ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով դրոշմավորման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման վերաբերյալ, սույն գրությամբ Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում գործող ծխախոտային ընկերությունների՝ և արտադրողների և ներմուծողների միասնական դիրքորոշումը։ Նախ և առաջ ցանկանում ենք հատուկ ընդգծել, որ ողջունում ենք ծխախոտի ապօրինի առևտրի դեմ պայքարի բոլոր միջոցները, այդ թվում նաև թվային լուծումների ներդրումը Հայաստանում և պատրաստ ենք ակտիվ մասնակցություն ունենալ և գործուն աջակցություն ցուցաբերել այդպիսի թվային լուծումների ներդրման պատշաճ մեխանիզմների մշակմանն ու կիրառմանը, հաշվի առնելով միջազգային առաջադեմ փորձը։ Միևնույն ժամանակ, չենք կարող չբարձրաձայնել, որ այս պահի դրությամբ առանց տևական և լիարժեք փորձաշրջանի ՀՀ ծխախոտային ոլորտը պատրաստ չէ անցում կատարել էլեկտրոնային դրոշմավորմանը, քանի որ ՀՀ Կառավարության 2022 թվականի մարտի 10-ի թիվ 312-Լ որոշման շրջանակներում իրականացվող փորձնական ծրագրի կիրառական մասը մեկնարկել է միայն 2022 նոյեմբեր ամսին և ծխախոտային ընկերությունները հնարավորություն չեն ունեցել ամբողջությամբ փորձարկել և հարմարեցնել իրենց համակարգերը՝ ինչպես արտադրական վերազինման, այնպես էլ լոգիստիկ շղթայի փոփոխման առումներով մինչև Նախագծում նշված ժամկետը (2023թ․ մարտի 1-ը)։ Մակնշված արտադրանքի շրջանառության մեջ մտցնելու և շրջանառությունից հանելու գործընթացները այս պահի դրությամբ հասանելի չեն և պարզ չե թե ինչպես են դրանք աշխատելու։ Հասկանալի է, որ այդ համակարգերի փորձարկումը մինչև վերը նշված ժամկետը պրակտիկորեն անհնար կլինի՝ հաշվի առնելով, որ մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող իրավաբանական անձինք դեռ չեն մասնակցում փորձնական ծրագրին։ Մեր առաջարկով 2022թ․ դեկտեմբերի վերջին ստեղծված աշխատանքային խումբը իր անդրանիկ հանդիպումը պետք է կայացնի 2023թ․ փետրվարի 7-ին և այդ հանդիպման ժամանակ քննարկված լուծումները քիչ կիրառելի կլինեն եթե վերը նշված պարտադիր մակնշման ժամկետները մնան անփոփոխ։ Կարևոր է նշել, որ ներդրվող համակարգի գործիքակազմի ծավալի նվազեցմանը միտված գործընթացները հարցականի տակ են դնում փորձնական ծրագրի արդիական լինելու հարցը և համակարգի կիրառման նպատակների իրականացումը, ինչի մասին բազմիցս նշել ենք փորձնական ծրագիրն իրականացնող ազգային օպերատորի ներկայացուցիչներին։ Բացի վերը նշված նկատառումներից, հարկ ենք համարում նշել, որ «ՀՀ ծխախոտային ապրանքների դրոշմավորումը սահմանելու մասին ՀՀ Կառավարության որոշման» շրջանակներում առաջարկում ենք հետևյալը․ - Մակնշման միավոր գինը սահմանվում է ՀՀ Կառավարությունը՝ նույն մոտեցումը կիրառվում է ԵԱՏՄ այլ պետություններում, որոնք կիրառել են այս համակարգը։ Ներկայումս գումարը որոշվում է մասնավոր ընկերության կողմից՝ տնտեսվարողների հետ երկկողմանի պայմանագրերի շրջանակներում, ինչը հղի է լուրջ ռիսկերով։ - Նախագծի 3-րդ կետի համաձայն առաջարկվում է «Սահմանել, որ հիմնական մոդելի համաձայն դրոշմավորված ապրանքների մասին տեղեկությունների ձևաչափի, կազմի և կառուցվածքի, ինչպես նաև այդ տեղեկությունների փոխանցման ժամկետների նկատմամբ պահանջները սահմանվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով։» Մեր կարծիքով, նշված կետերը պիետք է սահմանել կոլեգիալ կերպով՝ ՀՀ Կառավարության կողմից, այլ ոչ թե առանձին գերատեսչության կողմից։ - Մեր տեղեկություններով, այս պահի դրությամբ նախագծվող համակարգը դեռ չի գտնվում աշխատանքային վիճակում՝ մասնավորապես բացակայում է հետագծելիության բաղադրիչը, ինչը համակարգը դարձնում է Նախագծում նշված նպատակներին քիչ կամ ընդհանրապես ոչ կիրառելի։ - Բացի այդ, նախագծում նախքան համակարգի պարտադիր կիրառումը, պետք է սահմանվի հստակ անցումային դրույթներ, որոնք կապահովեն շուկայում առկա չմակնշված արտադրանքի անխափան վաճառքը, եղած թղթային դրոշմանիշերի օգտագործումը և դրանցով արտադրանքի ներմուծումը (այս պահի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված այդ գործառույթի մաքսիմալ ժամկետը 1 տարի է) և մի շարք համանման կարգավորումներ։ Ինչպես բազմիցս նշել ենք, ուրախ կլինենք հանդիպել ՊԵԿ գործընկերների հետ՝ վերը նշված խնդիրների առարկայական մասնագիտական քննարկում կազմակերպելու և համատեղ լուծումներ գտնելու նպատակով։ Ամենայն հարգանքով՝ «Արմենիան Տոբակո Քոմփանի» ՍՊԸ «Ավերս» ՓԲԸ «ՍՊՍ Սիգարոն» ՍՊԸ «Դիսթրիմեքս» ՍՊԸ «Գրանդ Տոբակո» ՍՊԸ «Գարատ» ՍՊԸ «Մուլտի Տաբակ» ՍՊԸ «Ար․Տոբակո» ՓԲԸ «Իմպերիալ Տոբակո Ինթերնեյշնլ Լիմիթեդ», ներկայացուցչություն Հայաստանում «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ՍՊԸ «Ջեյ Թի Այ Արմենիա» ՓԲԸ «Լեքս Թոբաքքո Քամփնի» ՍՊԸ «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ՍՊԸ Վերը նշված ընկերությունների ներկայացուցիչների համաձայնությամբ ուղարկում եմ սույն նամակը, որը հանդիսանում է այդ ընկերությունների միասնական դիրքորոշումը։ Ալլա Ստեփանյան «Ավերս» ՓԲԸ

Տեսնել ավելին