Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների ներդրման ծրագիր

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ

 

 

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ, ԾԱԽՍԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄՈԴԵԼՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հավանություն տալ «Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների ներդրման ծրագրին»՝  համաձայն Հավելվածի:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
---նիստի արձանագրային որոշման

 

 

 

 

ԾՐԱԳԻՐ

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ, ԾԱԽՍԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄՈԴԵԼՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ

I. Ամփոփ համառոտագիրը

 

  1. Հանրակրթության որակի ապահովման տեսանկյունից կարևորվում է երեխաների վաղ ընդգրկումը կրթական ծրագրերում: Երեխայի բնականոն զարգացումը և որակյալ նախադպրոցական կրթությունը մեծապես պայմանավորում են մարդու հետագա հաջողություններն ու անհաջողությունները կրթական բոլոր մակարդակներում, նպաստում նրա կարողությունների զարգացմանը` միջավայրում հարմարվելու և սոցիալականացման հարցերում:
  2. Նախադպրոցական տարիքը երեխայի զարգացման այն ժամանակահատվածն է, երբ ձևավորվում է նրա` որպես քաղաքացու հոգևոր, մտավոր և ֆիզիկական որակները: Այս շրջանի առանձնահատկությունն այն է, որ ապահովվում է ընդհանուր զարգացումը, ի տարբերություն մյուս փուլերի, երբ զարգացումն ունի առավել ուղղորդված բնույթ: Երեխայի բնականոն և համակողմանի զարգացման ապահովման տեսանկյունից մեծ է նախադպրոցական կրթության համակարգի դերը:
  3. ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ–ի) հայաստանյան գրասենյակը և Հայաստանի Հանրապետության կառավարությունը առաջնային են ճանաչել են 0-6 տարեկան աղջիկների և տղաների և նրանց ընտանիքների իրավունքների իրացման առումով առաջընթացը,  դեպի որակյալ և վաղ մանկության տարիների ներառական կրթական ծառայություններ: Ինչպես նաև ճանաչել են  խոցելի ընտանիքների կարիքների վրա հիմնված ծառայությունների մշակման անհրաժեշտությունը գերակա հարց՝ որն ուղղված է լինելու  խնամք ապահովող, պաշտպանող և դիմակայուն ընտանեկան միջավայրում ապրելու երեխայի իրավունքի իրացմանը: Այս ամենը դիտվելու է  որպես 2016-2020թթ. Հայաստանի Հանրապետությունում  ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեության Ծրագրում ամրագրված առանցքային ռազմավարական ծրագրային ոլորտ:
  4. Ծրագիրը նպատակ ունի Հայաստանի Հանրապետության գյուղական բնակավայրերում բարելավվելու վաղ մանկության ուսումնառության ծառայությունների մատչելիությունը: Ծրագիրն առավել գնահատում է վաղ կրթության կարևորությունը հատկապես Հայաստանի Հանրապետության  գյուղական և առավել խոցելի բնակավայրերում, որտեղ առկա չեն, կամ սահմանափակ են  նախադպրոցական ծառայությունները:  

 

                                                                                                       II. Ներածություն

 

 

  1. Բազմաթիվ երկրներում նախադպրոցական տարիքի երեխաների դաստիարակությունը և ուսուցումը համարվում է կրթության առաջին մակարդակ, քանի որ, ըստ այդ ոլորտի փորձագետների, վաղ տարիքում երեխայի հաջող զարգացումը և որակյալ նախադպրոցական կրթությունը մեծապես պայմանավորում են մարդու հետագա հաջողություններն ու անհաջողությունները կրթական բոլոր մակարդակներում, նպաստում նրա կարողությունների զարգացմանը` միջավայրում հարմարվելու և սոցիալականացման հարցերում:
  2. Ամենատարբեր ուսումնասիրությունները և տասնամյակների ընթացքում կատարած գիտահետազոտական աշխատանքները փաստում են նաև, որ ներդրումները վաղ մանկան զարգացման և նախադպրոցական կրթության ոլորտներում ունենում են տնտեսական մեծ նշանակություն և երկարաժամկետ հիմնարար ազդեցություն հասարակության և տնտեսության զարգացման վրա: 
  3. Հանրապետության շատ համայնքներում դեռևս չկան նախադպրոցական կրթական ծառայություններ: Նախադպրոցական ծառայությունների մատչելիությունը խիստ անհավասար է Հայաստանի Հանրապետության տարբեր տարածաշրջաններում:
  4. Նախադպրոցական կրթության զարգացման հիմնական գերակայությունն է նախադպրոցական կրթության մատչելիության, ներառականության և հասանելիության ապահովումը: Այն ներառում է գործողությունների հետևյալ շրջանակը.
  • նախադպրոցական կրթության կազմակերպման ձևերի բազմազանեցում,
  • նախադպրոցական հաստատությունների ցանցի ընդլայնում՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով գյուղական և սահմանամերձ համայնքներին,
  • նախադպրոցական այլընտրանքային, ծախսարդյուավետ մոդելների ներդրում,
  • կրթության առանձնահտուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառման համար համապատասխան պայմանների ստեղծում:

 

 III. Նախապատմություն. Խնդիրներ, նպատակներ

 

  1. Նախադպրոցական կրթության ոլորտում ՀՀ պետական քաղաքականության առաջնահերթությունների տեսանկյունից խիստ կարևոր է փոքր համայնքներում 3-6 տարեկան երեխաների համար նախադպրոցական ծառայությունների հիմնումը, քանի որ այդ համայնքներում չկա որևէ տեսակի կրթական ծառայություն վաղ տարիքի երեխաների համար, ինչը մեծ անհավասարություն է ստեղծում այդ և այն համայնքների երեխաների միջև, որտեղ գործում են մանկապարտեզներ կամ այլ տիպի նախադպրոցական ծառայություններ:
  2. Վերջին տարիներին իրականացված բազմաթիվ հետազոտությունների և այլ երկրների փորձի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նախադպրոցական ծառայությունների արդյունավետությունը առանձնապես կախված չէ դրանց ինտենսիվությունից:
  3. Այլ կերպ ասած՝ մինչև տարրական դպրոց հաճախելը ՎՄԶ ցանկացած ծառայությունում երեխայի ներգրավվածությունը զգալի դրական ազդեցություն է թողնում նրա զարգացման վրա, սակայն ոչ մի տարբերություն չի դիտարկվել այդ ծառայությունների կազմակերպման ձևի առումով. ամբողջ օրով գործող մանկապարտեզներո՞ւմ են եղել դրանք, թե՞ կարճօրյա նախադպրոցական ծառայություններում:
  4. Հաշվի առնելով ՀՀ-ում գործող մանկապարտեզների կազմակերպման ծախսերը և բարձր պահանջները /կից ներկայացվում է համապատասխան հետազոտությունը/, անհրաժեշտ է  մշակել նախադպրոցական ծառայությունների այլընտրանքային այնպիսի մոդելներ, որոնք մի կողմից կհամապատասխանեն  փոքր և անապահով համայնքների ֆինանսական հնարավորություներին, իսկ մյուս կողմից՝ կբավարարեն որակյալ նախադպրոցական ծառայություն ունենեալու նրանց կարիքները:
  5. Համաշխարհային բանկի և  ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի  ֆինանսավորմաբ ՛՛Նախապատրաստում դպրոցին՛՛ ծրագրի շնորհիվ զգալիորեն ավելացել է նախադպրոցական հաստատությունների թիվը, սակայն  նախապատվությունը տրվել է մեծ թվով երեխաներ ունեցող համայնքներին և փոքրաթիվ երեխաներ ունեցող համայնքները դուրս են մնացել:
  6. Հաշվի առնելով ՀՀ փոքր համայնքներում ստեղծված իրավիճակը, առաջնային է համարվում այլընտրանքնային նախադպրոցական ծառայությունների հիմնումը ամենաաղքատ, խոցելի և լուսանցքային համայնքներում, որպեսզի որակյալ նախադպրոցական ծառայությունները հասանելի դառնան նաև այդ համայնքների 3-6 տարեկան երեխաներին:
  7. Ուսումնասիրված երկրների փորձը ցույց է տվել, որ այլընտրանքային մոդելներով ստեղծված նախադպրոցական կրթական ծառայությունների համակարգը հատկապես արդյունավետ է մեկուսացված գյուղերում, որտեղ կենտրոնական համայնքային մանկապարտեզներ գոյություն չունեն կամ գտնվում են մեծ հեռավորության վրա:
  8. Այընտրանքային մոդելների կիրառումը փոքր գյուղերում հնարավորություն է տալիս երեխաներին ավելի մոտ լինել իրենց տներին և մեծ տարածություն չանցնել՝ մանկապարտեզ հաճախելու համար, ինչպես նաև համայնքային իշխանությունները կաջակցեն մոդելին, քանզի դա հնարավորություն կտա համայնքի երեխաներին ապահովելու նախադպրոցական ծառայություններով՝ առանց ծախսեր կատարելու շենքային տարածքների և գույքի համար:
  9. Համայնքի բյուջեն պետք է ապահովի մեկ կամ երկու դաստիարակի աշխատավարձը: Ծնողները շագագռգռված կլինեն աջակցելու այս նախագծին և նպաստելու դրա իրականացմանը, քանի որ ընտանիքի համար շատ հարմար կլինի, որ երեխան հաճախի իրենց համայնքի ներսում գտնվող նախադպրոցական հաստատությունը, գտնվի վստահելի անձանց խնամքի տակ և նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերի:
  10. Շատ գյուղերում հնարավոր կլինի գտնել համապատասխան կրթություն ունեցող  երիտասարդ մասնագետ (նախադպրոցական կամ  տարրական դպրոցի մանկավարժ) կամ հատաքրքրված մայր, ով շահագռգռված կլինի աշխատել երեխաների հետ՝ վարձատրության դիմաց:

 

 IV.Առաջարկվող լուծումներ, առավելություններ

 

 

  1. Որպես խնդրի լուծման լավագույն տարբերակ՝ 2014թ.Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի առաջարկությամբ ձեռնարկվել է համայնքային այլընտրանքային, քիչ ծախսատար կեսօրյա նախադպրոցական կրթական ծառայությունների տարբեր մոդելների ստեղծումը և իրականացումը Սյունիքի մարզի Բնունիս, Հացավան, Տորունիք, Թասիկ, Եղվարդ, Բարձրավան, Ալվանք և Նռնաձոր փոքր համայնքներում և Լոռու մարզի Թումանյան բազմաբնակավայր համայնքի Աթան, Ահնիձոր, Շամուտ և Մարց բնակավայրում:
  2. Մոդել 1: Հաշվի առնելով 3-6 տարեկան երեխաների համար նախադպրոցական կրթական ծառայությունների ստեղծման կենսական անհրաժեշտությունը փոքր համայնքներում, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տենիկական և ֆինանսական աջակցությամբ մշակվել է փորձնական ծրագիր, որն իրականացվել է Սյունիքի մարզի Բնունիս, Հացավան, Տորունիք, Թասիկ, Եղվարդ, Բարձրավան, Ալվանք և Նռնաձոր փոքր համայնքներում:
  3. Մարզի ընտրությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ Սյունիքում առկա է  300-ից պակաս բնակչություն ունեցող համայնքների ամնենամեծ թիվը և հարաբերակցությունը  (86 համայնքներից 56-ը): Այդ պատճառով նպատակահարմար էր նախադպրոցական ծառայությունների այլընտրաքային մոդելները ստեղծել և փորձարկել այդ մարզի մի քանի համայնքներում, որտեղ երեխաների թիվը 10-ից ավելի չէր:
  4. Նորաստեղծ նախադպրոցական ծառայությունները կարճօրյա էին՝5 - 4 ժամ տևողությամբ, առանց ցերեկային քնի ապահովման:
  5. Համայնքի միջոցներով երեխաներին տրվում էր մեկանգամյա թեթև նախաճաշիկ, որի կազմակերպումը կատարվում էր ծնողների կողմից: 
  6. Ծրագրի նպատակն էր ՝ մշակել և Սյունիքի մարզի 8 փոքր համայնքներում իրականացնել նախադպրոցական ծառայությունների կենսունակ մոդելներ՝ 3-6 տարեկան երեխաների համակողմանի զարգացման և կրթության նպատակով:
  7. Ծրագրի ավարտին ակնկալվող արդյունքները՝
  • Սյունիքի մարզի 8 համայնքներում ստեղծվեն նախադպրոցական ծառայությունների մոդելներ՝ այդ համայնքների կարիքներին համապատասխան: Համայնքի շահագրգիռ անդամները համաձայնության կգան իրենց գյուղում ստեղծվող նախադպրոցական ծառայությունների շուրջ, և ընտրված համայնքներում կստեղծվեն բարեկարգված , համապատասխան կահավորմամբ և ուսումնախաղային նյութերով հագեցած նախադպրոցական կենտրոններ:
  • Սյունիքի մարզի 8 համայնքներում մայրերը (կամ համայնքի այն ներկայացուցիչները, որոնք կաշխատեն որպես դաստիարակներ) ձեռք կբերեն համապատասխան գիտելիքներ և կարողություններ՝ երեխաների համար այլընտրանքային որակյալ նախադպրոցական ծառայություններ ապահովելու համար: Նրանք կմասնակցեն մասնագիտական զարգացման դասընթացների և կվերապատրաստվեն՝ աշխատելու համար 3-6 տարեկան երեխաների հետ տնային պայմաններում կամ համապատասխան զարգացնող միջավայր ապահովող այլ տարածքում:
  • Ընտրված համայնքներում ծրագրի շրջանակներում կատարվել են հետևյալ աշխատանքները.

ա) Ընտրված տարածքների բարեկարգում:

բ) Գույքի, ուսումնախաղային ու դիդակտիկ պարագաների, մասնագիտական գրականության ապահովում ստեղծված նախադպրոցական կենտրոնների համար:

գ) Մասնագիտական վերապատրաստումներ երեխաների հետ աշխատող մայրերի (կամ համայնքի այն ներկայացուցիչների) համար:

դ) Մենթորական խորհրդատվություն և անհատական մասնագիտական օգնություն (տեղերում) վերապատրասված մասնագետներին:

դ) Մոնիթորինգ՝ ծրագրի տարբեր բաղադրիչների արդյունավետության և որակի վերահսկման և աջակցության նպատակով:

4) Այլընտրանքային նախադպրոցական ծրագրում ներգրավված երեխաների ներդաշնակ և համակողմանի զարգացման համար նպաստավոր պայմանների ապահովվում և համապատասխան ուսուցում:

5) Տարբեր առարկայական ոլորտներում կազմակերպվող բազմաբնույթ ուսումնական գործունեության և բազմազան մեթոդներով իրականացվող ուսումնադստիարակչական աշխատանքների (խաղեր, պարապմունքներ, միջոցառումներ) միջոցով  իրենց տարիքին համապատասխան գիտելիքների, հմտությունների ձեռքբերում և առօրյայի անցկացում  ապահով, ուրախ, խրախուսող և ստեղծագործական մթնոլորտում:

6) Երեխաների մոտ գիտելիքների, հմտությունների և արժեքային համակարգի ձևավորվի, որը կօգնի նրանց լինել բանիմաց, նպատակասլաց, ճկուն և հաջողակ հետագա կյանքում:

7) Ծրագրի շրջանակներում դաստիարակներին հատկացվող ուսումնախաղային, դիդակտիկ և ուսումնամեթոդական նյութերը, ինչպես նաև վերապատրաստումների միջոցով ձեռք բերված նոր գիտելիքներ, որոնք կօգնեն դաստիարակներին կազմակերպել չափորոշչահեն տարբերակված ուսուցում 3-6 տարեկան երեխաների համար:

  1. Փորձնական ծրագրի ավարտին գնահատվել է ծրագրի արդյունավետությունը առաջարկվում է այն ներդնել որպես  այլընտրանքային մոդել և տարածել հանրապետությունում: Կից ներկայացվում է ՀՀ Լոռու մարզի Թումանյանի բազմաբնակավայր համայնքի Աթան, Ահնիձոր, Շամուտ և Մարց բնակավայրի համար իրականացված ֆինանսական հաշվարկները: Հաշվարկների համար կիրառված մեթոդաբանությունը կիրառելի է մյուս համայնքների համար ևս:
  2. Մոդել 2: Համայնքերի խոշորացման գործընթացը նպաստում և հնարավորություն է ընձեռում արդեն իսկ խոշորացված համայնքների տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպելու և իրականացնելու տեղական ինքնակառավարման ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրությամբ սահմանված համայնքի պարտադիր խնդիրների լուծման նպատակով սահմանված սեփական լիազորությունների պատշաճ իրացումը:
  3. Ակնհայտ է, որ խոշորացման արդյունքում ձևավորված  բազմաբնակավայր համայնքները (յուրաքաչյուր համայնք) իրենց տրամադրության տակ ունեն և ունենալու են  զգալի ֆինանսական միջոցներ, որոնք համայնքներին հնարավորություն են ընձեռելու  իրականացնելու օրենքներով  իրենց վերապահված սեփական լիազորությունները՝ հանրային ծառայությունների պատշաճ որակով մատուցմամբ, ինչպես նաև իրականացնելու  լուրջ ծախսատար ծրագրեր: Այդ ծրագրերը ամրագրվում են համայնքի հնգամյա զարգացման  ծրագրում, ինչպես նաև համայնքի զարգացման ռազմավարական այլ ծրագրերում:
  4. Դրանք կարող են լինել տարբեր ոլորտների ծրագրեր, այդ թվում՝ կրթա- կան: Խոշորացման արդյունքները և դրանով պայմանավորված հնարավորությունները անխուսափելիորեն առնչվում են նաև համայնքի ղեկավարի կրթության բնագավառում ունեցած սեփական լիազորությունների հետ:
  5. Նախադպրոցական կրթության կազմակերպման և իրականացման տեսանկյունից, արդեն իսկ խոշորացված համայնքները, որոնք իրենց կազմում ընդգրկում են մի շարք բնակավայրեր, խնդիր ունեն նախադպրոցական կրթության ծառայությունը բնակչության ամբողջ ազդակիր զանգվածին հասանելի դարձնելու հետ: Առաջարկվող լուծումը կիրառելի է բացառապես խոշորացված բազմաբնակավայր համայնքներում:
  6. Մի կողմից համապատասխան նախադպրոցական կրթական հաստատություն կառուցելու կամ ամբողջապես վերանորոգելու մեծ ֆինանսական ռեսուրսների հնարավորության խնդիրը, մյուս կողմից  համայնքի բնակավայրերում նախադպրոցական տարիքի փոքր թվով երեխաների առկայությունը, պարտադրում են այս ոլորտում այլընտրանքային լուծումներ գտնելու և դրանք համայնքներում կիրառելի դարձնելուն:
  7. Բազմաբնակավայր խոշորացված համայնքները, իրենց կազմում ունենալով փոքր գյուղական բնակավայրեր, շատ դեպքերում զրկված են նախադպրոցական կրթության ծառայություններ մատուցելու հնարավորություններից, իսկ համայնքների խոշորացման համատեքստում այդ բնակավայրերը դիտարկելը միանգամայն իրավաչափ է, այն հիմքով, որ խոշորացված համայնքում գործող նախադպրոցական կրթական հաստատության հենքի վրա կարելի և հնարավոր կլինի համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերում նախադպրոցական կրթությունը կազմակերպել՝ այլընտրանքային եղանակով, հնարավորինս  պահպանելով գործող նախադպրոցական կրթական հիմնական չափորոշիչները:
  8. ՀՀ գործող օրենսդրության պայմաններում կարելի է ձևավորել ծրագրով նախատեսված նախադպրոցական կրթության կազմակերպման և իրականացման համար նախատեսվող ուսումնական հաստատությունները: Դրանք կարելի է հիմնադրել հետևյալ եղանակներով.
  • Տվյալ համայնքում արդեն իսկ գործող նախադպրոցական ուսումնական հաստատության համապատասխան բնակավայրում մասնաճյուղ ստեղծելու միջոցով: Ստեղծման այս եղանակը բնորոշ է իրավաբանական անձանց, այն սահմանվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 61-րդ հոդվածով: Մասնաճյուղ է համարվում իրավաբանական անձի գտնվելու վայրից դուրս տեղակայված նրա առանձնացված ստորաբաժանումը, որն իրականացնում է նրա բոլոր գործառույթները կամ դրանց մի մասը` ներառյալ ներկայացուցչության գործառույթները: Մասնաճյուղը առանձին իրավաբանական անձ չէ, այն մաս է կազմում արդեն իսկ գործող կազմակերպությանը: Օրինակ՝ Դիլիջան խոշորացված համայնքում, Դիլիջան քաղաքի համայնքային ենթակայության որևէ մանկապարտեզ (ՀՈԱԿ) առանց առանձին իրավաբանական անձ ստեղծելու, հնարավորություն ունի Դիլիջան բազմաբնակավայր համայնքի Հաղարծին բնակավայրում ստեղծելու մասնաճյուղ և իրականացնելու համապատասխան գործունեություն:  Մասնաճյուղերի ղեկավարները նշանակվում են իրավաբանական անձի կողմից ու գործում են նրա լիազորագրի հիման վրա: Այս իմաստով, համայնքին  որևէ կերպ ձեռնտու չէ, բացի կրթադաստիարակչական ծառայություն մատուցող մասնագետից, նաև ընդունել վարչական աշխատող: Սակայն հնարավոր է, որ բնակավայրում գործող մանկապարտեզի մասնաճյուղի ղեկավարի գործունեությունը և դրանով պայմանավորված նրա պարտականությունները դրվեն համայնքի կենտրոնում գործող տվյալ մանկապարտեզի ղեկավարի կամ որևէ այլ վարչական աշխատողի վրա:
  • Արդեն իսկ տվյալ համայնքում գործող նախադպրոցական ուսումնական հաստատության համապատասխան բնակավայրում ներկայացուցչություն ստեղծելու միջոցով: Ներկայացուցչություն է համարվում իրավաբանական անձի գտնվելու վայրից դուրս տեղակայված նրա առանձնացված ստորաբաժանումը, որը ներկայացնում է իրավաբանական անձի շահերը և իրականացնում դրանց պաշտպանությունը: Այս տարբերակը հնարավոր չէ կիրառել այլընտրանքային նախադպրոցական կրթության բնագավառում, քանի որ այն հնարավորություն չի տալիս կազմակերպել կրթական գործունեություն, այն բացառապես միտված է կոնկրետ գործունեություն իրականացնող կազմակերպության շահերը ներկայացնելուն և դրանք պաշտպանելուն:
  • Բացառապես առանց որևէ մասնաճյուղի ստեղծման կամ իրավաբանական անձի վերաձևակերպում իրականացնելու միջոցով, ընդամենը փոփոխություն կատարելով  գործող նախադպրոցական ուսումնական հաստատության կանոնադրության մեջ, որով «նախադպրոցական ուսումնական հաստատության գործունեության վայրը» բաժնում կատարվում է լրացում՝ համապատասխան բնակավայրի հասցեի մասով, այն հասցեի, որտեղ  պլանավորվում է ծավալել այլընտրանքային նախադպրոցական կրթության ծառայությունների մատուցումը:
  1. Մոդել 3: Դպրոցներում 1-ամյա նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացում 5-ից մինչև 6 տարեկանների համար` ապահովելով ազատ և համակողմանի զարգացման միջավայր և կիրառելով ուսուցողական ակտիվ մեթոդներ:
  2. Նախատեսվում է բացել 1-ամյա նախադպրոցական դասարաններ հիմնականում այն համայնքների հանրակրթական դպրոցներում, որտեղ չկան նախադպրոցական հաստատություններ: Այս դեպքում դպրոցի դասասենյակներից մեկը կվերածվի նախադպրոցական խաղասենյակ-դասարանի:
  3. Մոդելն արդյունավետ է և քիչ ծախսատար: Այն հեշտությամբ կարող է իրականացվել գյուղական վայրերում: Մոդելի առավելությունն այն է, որ հիմնվում է դպրոցների առկա խոշոր ցանցի վրա: Իրականացվող ծրագիրը պետք է ուղղված լինի երեխայի համակողմանի զարգացման պայմանների ստեղծմանը և դպրոցին նախապատրաստելուն, ուստի կընդգրկվեն հիմնականում հաջորդ ուսումնական տարում առաջին դասարան գնացող 5-ից մինչև 6 տարեկան երեխաները:
  4. Երեխաների թիվը կախված կլինի համայնքում առկա 5-ից 6 տարեկանների թվից, դիմումների քանակից, ինչպես նաև ֆիզիկական պայմաններից: Կստեղծվեն համապատասխան պայմաններ, որոնք հնարավորինս մոտ կլինեն ընտանեկանին, նպաստելով` յուրաքանչյուր երեխայի ազատ և դինամիկ շարունակական զարգացմանը, մտավոր, ֆիզիկական և ստեղծագործական կարողությունների լիարժեք դրսևորմանը:
  5. Արդյունքում ակնկալվում է, որ ծրագրում ընդգրկված երեխաները կզարգացնեն իրենց ինքնուրույն ստեղծագործական կարողությունները, ձեռք կբերեն համագործակցելու և թիմով աշխատելու հմտություններ, կկարողանան կազմակերպել իրենց առօրյան և արդյունքում նաև պատրաստ կլինեն դպրոցին:
  6. Հեռավոր բնակավայրերում, որտեղ տարրական դասարանները թերկոմպլեկտավորված են և նախադպրոցական դասարանում ընդգրկված 5 տարեկան երեխաների թիվը փոքր է, կարելի է ստեղծել խառը դասարան, որտեղ կլինեն և 1-ին դասարանցիները և նախադպրոցական տարիքի երեխաները:
  7. Այս մոդելի դեպքում մեկ նախադպրոցական դասարանի մեկ տարվա ծախսը մոտավորապես կկազմի 2 070.7 հազ. դրամ, իսկ մեկ երեխայի հաշվով տարեկան ծախսը` 82.8 հազ. դրամ: Ընդ որում, այս ծախսերի զգալի մասը` շուրջ 60 տոկոսը, ներդրումային ծախսերն են, որոնք մի քանի տարվա համար են:
  8. Հետևաբար, հաջորդ մի քանի տարիներին ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ծախսերը զգալիորեն կնվազեն և, ըստ սույն մոդելի հաշվարկների, 1 երեխայի հաշվով կատարվող ծախսերը կկազմեն մոտ7 հազ. դրամ, ինչն արդեն այսօր կազմում է մանկապարտեզներում մեկ երեխայի վրա կատարվող ծախսերի մոտ 1/3-ը:
  9. Մոդել 4. Դպրոցներում երեքամսյա նախապատրաստական նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացում 5-ից մինչև 6 տարեկանների համար` ապահովելով ազատ և համակողմանի զարգացման միջավայր և կիրառելով ուսուցման ակտիվ մեթոդներ:
  10. Այս մոդելը կարող է իրականացվել ցանկացած համայնքում որտեղ կա դպրոց: Կկազմակերպվեն երեքամսյա նախապատրաստական դասընթացներ 5-ից 6 տարեկանների համար, որոնք նորուսումնական տարում պետք է հաճախեն 1-ին դասարան:
  11. Կիրականացվի դպրոցական ուսումնական տարվա 2-րդ կիսամյակում կամ ամառային արձակուրդների ընթացքում` կախված տվյալ դպրոցի պայմաններից և այլ հանգամանքերից: Ծրագրում առաջին հերթին կընդգրկվեն սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները, հետևաբար ծախսերն էապես կկրճատվեն:
  12. Այս մոդելի դեպքում կարող է օգտագործվել նաև 6 տարեկանների համար դպրոցում ստեղծված դասասենյակը, ինչի արդյունքում ներդրումային ծախսերը ևս էապես կնվազեն:
  13. Մոդելի ընտրության ժամանակ հաշվի է առնվել նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից նախկինում իրականացված` դպրոցին նախապատրաստման 3-ամսյա կարճատև դասընթացների ծրագրի փորձը, որը ֆինանսավորվել է պետական բյուջեից:
  14. Այս մոդելի դեպքում մեկ նախապատրաստական դասարանի երեք ամսվա ծախսերը մոտավորապես կկազմեն7 հազ. դրամ, ինչը մեկ երեխայի հաշվով կկազմի շուրջ 41.0 հազ. դրամ:
  15. Ներդրումային ծախսերը հիմնականում նախատեսված են տարածքի մասնակի նորոգման, կահավորման, գույքի, ուսումնական նյութերի ձեռքբերման համար և նախատեսված են մի քանի տարվա համար:
  16. Հետևաբար, հաջորդ մի քանի տարիների համար մեկ դասարանի համար պահանջվող ծախսերը զգալիորեն կնվազեն` կազմելով 1 երեխայի հաշվով մոտ 8000 դրամ:
  17. Մոդել Մանկապարտեզներում 1-ամյա նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացում` 5-ից մինչև 6 տարեկանների համար, ապահովելով ազատ և համակողմանի զարգացման միջավայր և կիրառելով ուսուցման ակտիվ մեթոդներ:
  18. Այս մոդելը նախատեսում է կազմակերպել 1-ամյա նախապատրաստական խմբեր գործող նախադպրոցական հաստատություններում:
  19. Երեխաները մանկապարտեզ կհաճախեն ինչպես բոլորը: Տարբերությունը հաճախման կարճ ժամանակահատվածն է:
  20. Սնունդ չի տրվում և քուն չի նախատեսվում: Այս մոդելով մանկապարտեզում դասասենյակներից մեկը վերածվում է խաղասենյակ-դասարանի: Մոդելը արդյունավետ է և քիչ ծախսատար: Այն հեշտությամբ կարող է իրականացվել գյուղական վայրերում:
  21. Մոդելի առավելությունն այն է, որ հիմնվում է նախադպրոցական հաստատությունների առկա ցանցի վրա: Կընդգրկվեն հիմնականում 5-ից 6 տարեկանները` ծնողների դիմումների հիման վրա:
  22. Կստեղծվեն համապատասխան պայմաններ, որոնք հնարավորինս մոտ կլինեն ընտանեկանին` նպաստելով յուրաքանչյուր երեխայի ազատ և դինամիկ շարունակական զարգացմանը, մտավոր և ֆիզիկական կարողությունների լիարժեք դրսևորմանը:
  23. Արդյունքում ակնկալվում է, որ ծրագրում ընդգրկված երեխաները կզարգացնեն իրենց ինքնուրույն ստեղծագործական կարողությունները, ձեռք կբերեն համագործակցելու և թիմով աշխատելու հմտություններ, կկարողանան կազմակերպել իրենց առօրյան և արդյունքում նաև պատրաստ կլինեն դպրոցին:
  24. Հեռավոր բնակավայրերում, որտեղ մանկապարտեզային խմբերը թերկոմպլեկտավորված են կարճօրյա ծրագրով հաճախող երեխաները կընդգրկվեն ամբողջ օրով հաճախող երեխաների խմբում:
  25. Երեխաները մանկապարտեզ են գալիս շաբաթը հինգ օր` 2-3 ժամով: Այս մոդելը նպաստում է երեխայի ընդհանուր զարգացմանը և տալիս է հիմնական նախադպրոցական գիտելիքներ այն երեխաներին, որոնք դրանից առաջ որևէ նախադպրոցական հաստատություն չեն հաճախել:
  26. Այն համայնքներում, որտեղ նախադպրոցական ավագ խումբը թերբեռնված է, նպատակահարմար է ավելացնել երեխաների ընդգրկվածությունը գործողխմբում` լրացուցիչ ներգրավելով ևս 12 երեխա:
  27. Դրանով էապես կնվազեցվեն լրացուցիչ ծախսերը (հիմնական մանկավարժին լրացուցիչ վճարում չի նախատեսվում, այլ նախատեսվում է մեկ օգնական` կես դրույքով):
  28. Այս մոդելի դեպքում մեկ նախապատրաստական խմբի ծախսը մոտավորապես կկազմի4 հազ. դրամ:
  29. Ընդ որում, այս ծախսերի կեսը ներդրումային ծախսեր են, որոնք մի քանի տարվա համար են և նախատեսված են տարածքի նախնական նորոգման, կահավորման, ուսումնական նյութերի ձեռքբերման համար:
  30. ՀՀ փոքր համայնքներում այլընտրանքային մոդելներով նախադպրոցական ծառայությունների ստեղծման ծրագրի արդյունքում կփորձարկվեն աշխատանքների կազմակերպման առավել արդյունավետ մոդելները, կմշակվեն համապատասխան իրավական, մեթոդական և ուսումնանյութական հիմքերը հանրապետության մյուս տարածքներում նմանատիպ գործունեության իրականացման համար:
  31. Մոդելների իրականացման համար նախատեսվում է պետության համագործակցություն դոնորների, մասնավոր հատվածի, ծնողների և ուսումնական հաստատությունների հետ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    03.11.2017 - 18.11.2017

  • Տեսակ

    Արձանագրային որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 13461

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ