Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1467-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի N 1467-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի N 1467-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման, էսկորտ ուղեկցման, ինչպես նաև ավտոտրանսպորտային շարասյուների երթևեկության անվտանգության ապահովման հետ կապված հարաբերությունները գործող օրենսդրական ակտերին համապատասխանցնելու և առավել արդյունավետ կարգավորելու անհրաժեշտությամբ:
Մասնավորապես, Կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի N 1467-Ն որոշման 1-ին հավելվածի (այսուհետ՝ Հավելված) 2-րդ կետի «ա» պարբերության համաձայն՝ հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների թվին են դասվում նաև այն տրանսպորտային միջոցները, որոնցով երթևեկում են Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահը և Հայաստանի Հանրապետության Նախագահի սահմանած կարգով պետական պահպանություն տրամադրված այլ պետական պաշտոնյաները, մինչդեռ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ և 6․1-ին հոդվածների համաձայն՝ համապատասխանաբար Հանրապետության պաշտոնաթող նախագահը և պաշտոնաթող վարչապետը կարող են ժամանակավորապես կամ ընդմիշտ հրաժարվել պետական պահպանությունից` այդ մասին գրավոր իրազեկելով Պետական պահպանության ծառայության ղեկավարին։
Հավելվածի 28-րդ կետում սահմանված են հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման դեպքերում երթևեկության արագության սահմանաչափերը, մինչդեռ ուղեկցումների համար ներգրավված տրանսպորտային միջոցներով երթևեկող անձանց վրա հարձակման կամ դրա անմիջական սպառնալիքի դեպքերում կարող է պահանջվել երթևեկության սահմանված արագության գերազանցում։
Միաժամանակ, Հավելվածի 30-րդ կետի համաձայն՝ հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման ժամանակ շքախմբի (կորտեժի) պատասխանատու ղեկավարն ու շարասյան ղեկավարը (ուղեկցող խմբի ավագը) անձնական պատասխանատվություն են կրում երթևեկության սահմանված արագության պահպանման համար: Այս կապակցությամբ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ անհրաժեշտ մեխանիզմների բացակայության պայմաններում համապատասխան ղեկավարը փաստացի հնարավորություն չի ունենում վերահսկել տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երթևեկության սահմանված արագության պահպանումը։
Առաջարկվող կարգավորման բնույթը
Հաշվի առնելով վերոգրյալը` առաջարկվում է հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների հասկացությունը համապատասխանեցնել «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքով սահմանված դրույթներին։
Հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման գործընթացն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով Հավելվածի 28-րդ կետում՝ բնակավայրերում և բնակավայրերի դուրս երթևեկության սահմանված արագության պահպանման մասով առաջարկվում է նախատեսել բնացառություն՝ հատուկ նշանակության տրանսպորտային միջոցներով երթևեկող անձանց կամ անվտանգությունն ապահովելու նպատակով ուղեկցման և էսկորտ ուղեկցման համար ներգրավված ավտոմոբիլներով և մոտոցիկլետներով երթևեկող անձանց վրա հարձակման կամ դրա անմիջական սպառնալիքի դեպքերում։ Միաժամանակ, Հավելվածի 30-րդ կետով առաջարկվում է հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման ժամանակ երթևեկության անվտանգության, այդ թվում՝ սահմանված արագության պահպանման համար անձնական պատասխանատվությունը վերապահել հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման և էսկորտ ուղեկցման համար ներգրավված ավտոմոբիլների և մոտոցիկլետների վարորդներն։
Նախագծի ընդունումից հետո պետական եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն առաջանա:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կապահովվի հատուկ նշանակության տրանսպորտային միջոցների ուղեկցման, էսկորտ ուղեկցման, ինչպես նաև ավտոտրանսպորտային շարասյուների երթևեկության անվտանգության առավել արդյունավետ իրականացումը։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի ընդունումը բխում է Ազգային Ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառա-վարության (2021-2026թթ.) ծրագրի 1-ին գլխից (Ազգային անվտանգության մարմինների կայուն համակարգ):

 

  • Քննարկվել է

    21.12.2022 - 05.01.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Ազգային անվտանգության ծառայություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4161

Տպել