Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենք /նոր խմբագրություն/

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

(Նոր խմբագրությամբ)

 

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 Հոդված 1.          Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները, կազմակերպական-իրավական ու ֆինանսատնտեսական հիմքերը, կարգավորում է նախադպրոցական կրթության գործընթացին մասնակից ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավահարաբերությունները, ապահովում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված բոլորի համար հավասար կրթության իրավունքի, նախադպրոցական կրթության հասանելիության և մատչելիության հիմքերը:

 

Հոդված 2. Նախադպրոցական կրթության մասին օրենսդրությունը

 

 1.Նախադպրոցական կրթության բնագավառը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Կրթության մասին», «Հանրակրթության  մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Ընտանեկան օրենսգրքով, սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:

  1. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

 

 Հոդված 3.  Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններ

 

նախադպրոցական կրթություն՝ նախադպրոցական  տարիքի յուրաքանչյուր երեխայի մտավոր, հոգեկան և ֆիզիկական զարգացման, ուսուցման, խնամքի և դաստիարակության գործընթաց, որը նպատակաուղղված է երեխայի՝ տարիքին համապատասխան զարգացմանը, ինքնասպասարկմանը սոցիալիզացիային, կյանքի հմտությունների ձևավորմանն ու զարգացմանը, տարրական կրթություն սահուն անցման ապահովմանը:

 

նախադպրոցական տարիք` երեխայի 0- 6 տարեկանը.

նախադպրոցական հաստատություն՝ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում, որն իրականացնում է նախադպրոցական կրթական ծրագիր և ապահովում է նախադպրոցական  տարիքի յուրաքանչյուր երեխայի զարգացման, ուսուցման և դաստիարակության, ինչպես նաև խնամքի ու հսկողության, առողջության պահպանման ու ամրապնդման համար անհրաժեշտ միջավայր,

նախադպրոցական  հաստատության խումբ`  երեխաների տարիքային զարգացման առանձնահատկությունների հիման վրա ձևավորված խումբ․

նախադպրոցական հաստատության  տարատարիք երեխաների խումբ`  տարբեր տարիքային  խմբերի կրթական ծրագրեր յուրացնող  տարատարիք երեխաների համակազմով ձևավորված խումբ.

կրթության առանձնահատուկ պայմաններ` երեխայի նախադպրոցական կրթական ծրագրի յուրացմանը նպատակաուղղված ուսուցման մեթոդների, անհատական ուսուցման տեխնիկական միջոցների, հարմարեցված միջավայրի, ինչպես նաև մանկավարժահոգեբանական, սոցիալական և այլ ծառայությունների ամբողջություն․

կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա՝ նախադպրոցական կրթության կազմակերպման հետ կապված դժվարություններ, այդ թվում՝ զարգացման ֆիզիկական կամ մտավոր առանձնահատկություններ ունեցող երեխա, ում կողմից նախադպրոցական   ծրագրերը յուրացվելու համար անհրաժեշտ են կրթության առանձնահատուկ պայմաններ.

ներառական կրթություն` յուրաքանչյուր երեխայի համար, այդ թվում՝ նախադպրոցական կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զարգացման առանձնահատկություններին համապատասխան, անհրաժեշտ պայմանների և հարմարեցված միջավայրի ապահովման միջոցով կրթական գործընթացին առավելագույն մասնակցության և նախադպրոցական  կրթության պետական չափորոշչով սահմանված արդյունքի ապահովում.

մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ՝ ուսումնամեթոդական, հոգեբանական և մանկավարժական աջակցություն, որը ցուցաբերվում է երեխային, նրա ծնողին կամ օրինական ներկայացուցչին և մանկավարժական աշխատողներին.

երեխայի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում՝ երեխայի նախադպրոցական ծրագրերին մասնակցության դիտարկում, երեխայի զարգացման հնարավորությունների բացահայտում և կրթության առանձնահատուկ անհրաժեշտ պայմանների սահմանում.

ֆինանսավորման բարձրացված չափաքանակ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած նվազագույն ֆինանսավորման չափ, որն անհրաժեշտ է կրթության առանձնահատուկ պայմանների ապահովման համար.

անհատական ուսուցման և զարգացման պլան` նախադպրոցական կրթության պետական չափորոշչի, կրթական ծրագրերի և երեխայի առանձնահատկությունների հիման վրա կազմված փաստաթուղթ, որը սահմանում է երեխայի զարգացման, ուսուցման և դաստիարակության տարեկան նպատակները, խնդիրները և դրանց հասնելու գործողությունները (կարիքի դեպքում նաև՝ աջակցող ծառայությունները).

 երեխաների խնամք և հսկողություներեխաների խնամքի կազմակերպմանն ուղղված համալիր, որոնք ապահովում են  հաստատությունում երեխաների օրվա ռեժիմի և անձնական հիգիենայի պահպանումը․

ուսուցման և  դաստիարակության միջոցներզարգացնող խաղեր, խաղալիքներ, տեսաձայնային և երաժշտական սարքավորումներ, մարզական գույք, ուսումնադիտողական  ձեռնարկներ, տեղեկատվական հաղորդակցման միջոցներ, տպագիր և էլեկտրոնային կրթական ռեսուրսներ․

մանկավարժական աշխատող` երեխաների կողմից նախադպրոցական կրթական (այդ թվում`  լրացուցիչ ) ծրագրերի յուրացման, նախադպրոցական կրթության չափորոշիչների պահանջների ապահովման, ինչպես նաև ուսուցման, զարգացման և դաստիարակության  մեթոդների կիրառման միջոցով երեխաների համապատասխան գիտելիքների, կարողությունների, հմտությունների  ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը նպաստող և(կամ) դրանք ապահովող նախադպրոցական ուսումնական հաստատության աշխատակից.

մանկավարժական աշխատողի ատեստավորում՝ մասնագիտական գիտելիքների, աշխատանքային կարողությունների, հմտությունների՝ զբաղեցրած պաշտոնին  համապատասխանության որոշման գործընթաց.

մանկավարժական աշխատողի վերապատրաստում` վերապատրաստող կազմակերպություններում մանկավարժական աշխատողի կողմից կրթության պետական կառավարման լիազորված  մարմնի սահմանած վերապատրաստման չափորոշիչներին և ծրագրերին համապատասխան` մասնագիտական գիտելիքների, կարողությունների և հմտությունների  կատարելագործման գործընթաց.

նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչ`  նորմատիվ,  որը սահմանում է նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման կրթական ծրագրերի բովանդակությունը, նրանց ներկայացվող որակական պահանջները,   ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը, ինչպես նաև այդ տարիքի  երեխաների կրթության կազմակերպման պայմանների ապահովումը, որի արդյունքում երեխան կկարողանա առավելագույնս յուրացնել նախադպրոցական կրթական ծրագիրը և հասնել կրթության միջոցով ապահովվող արդյունքին.

նախադպրոցական կրթական ծրագիր` նախադպրոցական կրթության նպատակների իրականացմանն ուղղված ուսումնադաստիարակչական գործընթացի բովանդակության, կրթության  կազմակերպման ձևերի, կիրառվող մեթոդաբանության, տեխնոլոգիաների և  ըստ տարիքային խմբերի` երեխաների գիտելիքների, կարողությունների և հմտությունների, զարգացման ոլորտներին և ուղղություններին համապատասխան ակնկալվող արդյունքների ամբողջություն.

նախադպրոցական կրթության  այլընտրանքային ծրագիր` ուսումնական պարապմունքների, ուսուցման և դաստիարակության կազմակերպման ձևերի, միջոցների և մեթոդների բազմազանություն առաջարկող նախադպրոցական կրթական ծրագիր, որն ապահովում է  նախադպրոցական պետական կրթական  չափորոշչով սահմանված արդյունքները.

հեղինակային նախադպրոցական կրթական ծրագիր` այլընտրանքային նախադպրոցական կրթական ծրագրի տեսակ, որը միջազգային չափանիշներով ճանաչված (վկայագրված) է որպես հեղինակային կամ ստեղծված, մշակված և ներդրված է մանկավարժական որոշակի համակազմի կամ կառավարման մարմնի (մարմինների) կողմից.

 փորձարարական  նախադպրոցական կրթական ծրագիր` սահմանված կարգով որոշակի ժամկետով ներդրված այլընտրանքային նախադպրոցական  կրթական ծրագիր, որի նպատակն է ապահովել կրթության կազմակերպման բազմազանությունը, միջազգային համագործակցությունը, կրթության արդյունավետ կազմակերպման համակարգերի բացահայտումը և ներդրումը.

նախադպրոցական լրացուցիչ կրթական ծրագիր՝ նախադպրոցական կրթական ծրագիր, որը  նպատակաուղղված է հիմնական ծրագրերից դուրս երեխաների նախասիրությունների, զարգացման պահանջների բավարարմանը

փորձաքննություն` կրթական ծրագրի, ուսումնական, ուսումնամեթոդական, ուսումնաօժանդակ ձեռնարկի, ուսումնադիտողական նյութի՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով նախադպրոցական կրթության պետական չափորոշիչներին, կրթական ծրագրերին մեթոդաբանության  համապատասխանության գնահատման գործընթաց.

 

Հոդված 4. Նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականությունը

1․ Հայաստանի Հանրապետությունը հռչակում և երաշխավորում է նախադպրոցական կրթության բնագավառի ներառականությունը, մատչելիությունն ու որակը` որպես յուրաքանչյուր  երեխայի կրթության իրավունքի ապահովման, զարգացման ու դաստիարակության, կյանքի, առողջության պահպանման և ամրապնդման կարևոր երաշխիք։

  1. Նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականության կազմակերպական հիմքը կրթության զարգացման պետական ծրագիրն է:
  2. Նախադպրոցական ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն:
  3. Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական կրթությունն իրականացվում է գրական հայերենով` «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
  4. Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների նախադպրոցական կրթությունը կարող է կազմակերպվել իրենց մայրենի կամ ազգային լեզվով` հայերենի պարտադիր ուսուցմամբ:

 

Հոդված 5. Նախադպրոցական կրթության նպատակները, խնդիրները  և պետական քաղաքականության սկզբունքները

 

  1. Նախադպրոցական կրթությունը նպատակաուղղված է յուրաքանչյուր երեխայի՝

1) մտավոր, հոգեկան, ֆիզիկական  կարողությունների համակողմանի զարգացմանը, դաստիարակությանը, խնամքին, առողջության պահպանմանը և սոցիալական ներառմանը, տարիքին համապատասխան զարգացմանը, ինքնասպասարկմանը սոցիալիզացիային, կյանքի հմտությունների ձևավորմանն ու զարգացմանը.

2) երեխայի իրավունքների պաշտպանությանը, նրա արժանապատվության նկատմամբ հարգանքին.

3) երեխայի անհատականության ձևավորմանը և տարրական կրթությանն արդյունավետ նախապատրաստմանն ու սահուն անցմանը.

2․ Նախադպրոցական կրթության խնդիրներն են՝

1) տրամաբանության և մտածողության և տարրական մաթեմատիկական պատկերացումների զարգացումը.

2) վարվեցողության կանոններին, հայրենի բնության և բնապահպանության, պատմության և ազգային մշակույթի տարրերին ծանոթացումը, իրավական դաստիարակության ապահովումը, անվտանգ կենսագործունեության հիմունքների սերմանումը, երեխայի մտավոր, բարոյական, գեղագիտական ու ֆիզիկական զարգացման հիմքերի ստեղծումը, աշխատանքային, ինքնասպասարկման հմտությունների և կարողությունների ձևավորումը.

3) հայրենիքի նկատմամբ սիրո սերմանումը, ընտանիքի, ազգային ավանդույթների, մայրենի լեզվի, ազգային և համամարդկային արժեքների նկատմամբ հարգանքի, սեփական անձի, շրջապատի և շրջակա միջավայրի նկատմամբ հարգալից վերաբերմունքի ձևավորումն ու արմատավորումը.

4) երեխայի անհատականության ձևավորումը, ստեղծագործական ունակությունների զարգացումը.

5) կրթությունը շարունակելու պատրաստվածության ապահովումը.

6) ընտանիքին սոցիալ-մանկավարժական աջակցության ցուցաբերումը:

  1. Նախադպրոցական կրթության բնագավառում պետությունը երաշխավորում է հետևյալ սկզբունքների ապահովումը.

1) նախադպրոցական կրթության ազգային և համամարդկային արժեքների, երեխայի  կյանքի ու առողջության, անհատի ազատ և համակողմանի զարգացման առաջնայնությունը, քաղաքացիական և իրավական տարրերի ձևավորումը, անհատի և նրա իրավունքների ու ազատությունների նկատմամբ հարգանքը, արժանապատվությունը, հայրենասիրությունը, աշխատասիրությունը, պատասխանատվությունը, հանդուրժողականությունը, բնապահպանական աշխարհայացքի ձևավորումը.

2) ուսուցման և խնամքի հավասար հնարավորությունները և մատչելիությունը, համապատասխանությունը երեխայի զարգացման մակարդակին և անհատական առանձնահատկություններին.

3) նախադպրոցական կրթության բնագավառում կառավարման ժողովրդավարական սկզբունքների ապահովումը.

4) նախադպրոցական ուսումնական հաստատություններում ներառական և երեխայակենտրոն միջավայրի խթանման, երեխայի մտավոր, հոգեկան և ֆիզիկական ունակությունների զարգացման առաջնայնությունը.

5)  երեխայի ծնողների կամ օրինական ներկայացուցիչների և նախադպրոցական ուսումնական հաստատության միջև համագործակցությունը․

6) նախադպրոցական կրթության աշխարհիկ բնույթը.

7) նախադպրոցական կրթության որակի շարունակական բարելավումը, միջազգային չափանիշներին համապատասխանությունը.

8) անկախ կազմակերպական-իրավական ձևից` նախադպրոցական ուսումնական հաստատությունների և դրանցում ընդգրկված երեխաների ու աշխատողների իրավահավասարությունը։


Գ Լ ՈՒ Խ  2


ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 Հոդված 6. Նախադպրոցական կրթության համակարգը

 

  1. Նախադպրոցական կրթության համակարգը ներառում է`

1) նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը, հիմնական և լրացուցիչ կրթական ծրագրերը.

2) նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող  ուսումնական հաստատությունները,

3) նախադպրոցական կրթության կառավարման մարմինները:

 

 

 Հոդված 7.Նախադպրոցական տարիքը

 

  1. Նախադպրոցական տարիքը երեխայի ֆիզիկական, հոգեբանական և սոցիալական կայացման ժամանակաշրջանն է և յուրաքանչյուր տարիքի համար այն հաշվարկվում է մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը լրանալը:
  2. Նախադպրոցական տարիքային փուլերն են՝

ա) վաղ մանկության տարիք` 0- 3 տարեկան.

բ) կրտսեր նախադպրոցական` 3-ից մինչև 5 տարեկան.

գ) ավագ նախադպրոցական` 5-ից մինչև 6 տարեկան:

3.Նախադպրոցական ուսումնական հաստատությունում երեխաների տարիքային հենքի և անհատական զարգացման առանձնահատկությունների հիման վրա ձևավորվում են հետևյալ տարիքային խմբերը.

1) վաղ մանկության տարիքի առաջին խումբ   -    մինչև 1 տարեկան

2) վաղ մանկության տարիքի երկրորդ  խումբ  - մեկից մինչև երկու տարեկան

3) կրտսեր առաջին խումբ -   երկուսից մինչև երեք տարեկան

4) կրտսեր երկրորդ   խումբ -  երեքից մինչև չորս տարեկան

5) միջին խումբ  -   չորսից  մինչև հինգ տարեկան

6) ավագ խումբ – հինգից մինչև վեց տարեկան։

 

  1. Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի համաձայն` կարող են ձևավորվել տարատարիք, կրթական տարբեր ծրագրեր յուրացնող երեխաներով ձևավորված խմբեր:

 

Հոդված 8. Երեխայի ընդունելությունը նախադպրոցական ուսումնական հաստատությունտարիքային խմբերի համալրումը

 

  1. 1. Երեխայի ընդունելությունը նախադպրոցական ուսումնական հաստատություն, անկախ կազմակերպական-իրավական ձևից, իրականացվում է  երեխայի ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված փաստաթղթերի ցանկի և հաստատության  ու ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) միջև կնքված պայմանա­գրի հիման վրա. լիազոր մարմնի սահմանած կարգով.
  2. Ազգային փոքրամասնությանը պատկանող երեխայի ընդունելությունը հաստատություն կատարվում է երեխայի ազգային (մայրենի) լեզվով ուսուցմամբ կամ այդ լեզվի դասընթաց ունեցող հաստատությունում, իսկ դրա բացակայության դեպքում ուսուցման լեզվի ընտրությունը կատարում է երեխայի ծնողը (նրա օրինական ներկայացուցիչը):
  3. Օտարերկրյա քաղաքացու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող կամ երկքաղաքացու, ինչպես նաև այն  դեպքում,  երբ ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, մյուսը` օտարերկրացի, երեխայի  ուսուցման լեզվի ընտրությունը կատարում է ծնողը (նրանց օրինական ներկայացուցիչը)՝ անկախ  ազգային պատկանելու­թյու­նից:
  4. Ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից: Տարիքային խմբերում երեխաների հարմարունակության փուլի առանձնահատկությունները, կրթական ծրագրերի յուրացման ժամկետները, շաբաթական պարապմունքների բաշխման ցանկը, օրինակելի ռեժիմները սահմանվում են կրթական ծրագրերով:
  5. Տարիքային խմբերի համալրումը և երեխաների տեղափոխումը այլ տարիքային խմբեր կատարվում է յուրաքանչյուր տարվա օգոստոսի 20-ից մինչև սեպտեմբերի 5-ը: Տարվա ընթացքում ազատված տեղերը համալրվում են ազատման պահից:
  6. Հաշմանդամություն ունեցող երեխաները օգտվում են նախադպրոցական ուսումնական հաստատություններ ընդունվելու առաջնահերթ իրավունքից:

 

Գ Լ ՈՒ Խ  3


ՈՒՍՈՒՄՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

Հոդված 9. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը

 

  1. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը ներառում է`
  • ուսումնադաստիարակչական հիմնական բնագավառները, ուղղությունները և բովանդակության բաղադրիչները․ և դրանց սահմանման մանկավարժահոգեբանական սկզբունքները
  • երեխաներին ներկայացվող ընդհանուր կրթական պահանջները և նրանցից ունեցած ակնկալիքները՝ ըստ զարգացման սահմանված տարիքային խմբերի․
  • երեխաների ուսումնական, խաղային բեռնվածության երաշխավորվող առավելագույն չափը․
  • երեխաների զարգացման ընթացքի և առաջադիմության մակարդակի դիտարկման ձևերը,
  • նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխայի զարգացնող միջավայրի չափանիշները;
  1. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի ապահովումընախադպրոցական ուսումնական հաստատությունների կողմից պարտադիր է:
  2. Նախադպրոցականկրթության պետական կրթական չափորոշիչը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
  3. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի ծրագրամեթոդական ապահովումը իրականացնում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

 

Հոդված 10. Նախադպրոցական կրթական ծրագրերը, ծրագրերի բաղադրիչները, դասակարգումը

  1. Նախադպրոցական կրթական ծրագիրը ներառում է ուսումնադաստիարակչական գործընթացի իրականացման նպատակները, բովանդակությունը, կրթության կազմակերպման ձևերը, կիրառվող մեթոդաբանությունը, տեխնոլոգիաները և երեխաներից ակնկալվող արդյունքները:
  2. Նախադպրոցական կրթական ծրագրով սահմանված հասանելի մակարդակը ապահովվում է կրթության բովանդակային բաղադրիչների միջոցով, որոնք իրականացվում են ըստ տարիքային խմբերի` երեխաների գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձևավորմամբ` այդ տարիքի երեխաների զարգացման ոլորտներին և ուղղություններին համապատասխան:
  3. Նախադպրոցական կրթական ծրագրերի բաղադրիչներն են` երեխայի խոսքի, տրամաբանության, ճանաչողական,  մտավոր, ֆիզիկական, գեղարվեստա-գեղագիտական զարգացման, բնագիտության, էկոլոգիական, իրավական, քաղաքացիական, աշխատանքային դաստիարակության  հիմունքներին ծանոթացումը:
  4. Նախադպրոցական կրթական ծրագրերը դասակարգվում են`

1) հիմնական (համալիր) ծրագիր

2) այլընտրանքային (տարբերակային) ծրագիր:

  1. Ուսումնական հաստատությունները կարող են միջազգային նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնել և օտար լեզուներով կրթություն կազմակերպել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։ Ուսումնական հաստատությանը օտար լեզվով կրթություն կազմակերպելու թույլտվություն տալու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։
  2. Օտար լեզվով նախադպրոցական կրթական ծրագրեր կարող են իրականացնել բացառապես ոչ պետական ուսումնական հաստատությունները, ինչպես նաև միջպետական, միջկառավարական համաձայնագրերով ստեղծված ուսումնական հաստատությունները։
  3. Նախադպրոցական կրթական ծրագրերը, որպես անբաժանելի մաս, կարող են ներառել`

1) ուսումնական հաստատության կողմից իրականացվող ուսումնամեթոդական, փորձարարական, հետազոտական աշխատանքները.

2) մանկավարժական աշխատողների մասնագիտական կատարելագործման միջոցառումները.

3) նախադպրոցական կրթական  լրացուցիչ ծառայությունների կազմակերպումը.

4) երեխաների խնամքի, առողջության պահպանման միջոցառումները.

5) երեխաների սննդի կազմակերպումը.

6) երեխաների տրանսպորտային կազմակերպված փոխադրումները.

7) սաների երկարօրյա ուսուցման, դաստիարակության և (կամ)  գիշերակացի կազմակերպումը.

8) մարզաառողջարարական բազաներում, ճամբարներում սաների ուսուցման, դաստիարակության  ու հանգստի կազմակերպումը։

  1. 8. Նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացումը լիցենզավորման ենթակա գործունեություն է:
  2. 9. Նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացման լիցենզիան տալիս է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը` «Լիցենզավորման գործընթացը կարգավորող» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 11 Նախադպրոցական կրթությանը և նրա իրականացմանը ներկայացվող պահանջներ

 

  1. Նախադպրոցական կրթության բովանդակությունը սահմանվում է նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչով:
  2. Նախադպրոցական կրթությունն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատած նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչին համապատասխան կրթական ծրագրերով:
  3. Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչով չնախատեսված լրացուցիչ կրթական ծառայությունների մատուցումն իրականացվում է ծնողների կամ նրանց օրինական ներկայացուցիչների համաձայնությամբ և ընտրությամբ:

 

Գ Լ ՈՒ Խ 4


ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 12. Նախադպրոցական ուսումնական հաստատության տեսակները

 

  1. Նախադպրոցական ուսումնական հաստատության տեսակները սահմանվում ենՆախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությամբ, որը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  2. Նախադպրոցական ուսումնական հաստատությունը կարող է այլ կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ կազմում:

 

Հոդաված 13. Նախադպրոցական ուսումնական հաստատության կարգավիճակը

 

  1. Նախադպրոցական ուսումնական հաստատությունները կարող են լինել պետական, համայնքային ենթակայության և ոչ պետական:
  2. Պետական և համայնքային ենթակայությաննախադպրոցական ուսումնական հաստատությունները ոչ առևտրային կազմակերպություններ են:
  3. Ոչ պետականնախադպրոցական ուսումնական հաստատությունները կարող են ունենալ օրենքով նախատեսված ցանկացած կազմակերպական-իրավական ձև:
  4. Նախադպրոցական ուսումնական հաստատության հիմնադիր փաստաթուղթը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած օրինակելի կանոնադրության հիման վրա հիմնադրի (հիմնադիրների) հաստատած կանոնադրությունն է:

 

Հոդված 14. Նախադպրոցական ուսումնական հաստատության հիմնադրումը, վերակազմակերպումը և լուծարումը

 

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների հիմնադրումը, վերակազմակերպումը և լուծարումը իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 15. Նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարումը

 

Նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարումն իրականացնում է հիմնադիրը (հիմնադիրները)` սույն օրենքին, այլ իրավական ակտերին և հաստատության կանոնադրությանը համապատասխան:

 

Հոդված 16. Նախադպրոցական ուսումնական հաստատության  տնօրենը, նրա իրավասություններն ու պարտականությունները.

 

  1. Նախադպրոցական ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ուսումնական հաստատության գործադիր մարմինը` տնօրենը, ով նշանակվում (ընտրվում) և ազատվում է (նրա լիազորությունները դադարում են) օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով:
  2. Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա` բարձրագույն կրթություն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս), վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտի կամ մանկավարժական կամ գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
  3. Տնօրենի պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը, ով`

1)  դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.

3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել մանկավարժական գործունեության կատարմանը: Այդ հիվանդությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է անզգուշությամբ հանցագործություն կատարելու համար:

  1. Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենը`

1) պատասխանատու է նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման, համապատասխան կրթական ծրագրերի իրացման, կրթական որակի և բովանդակության, երեխաների զարգացման, կյանքի և առողջության պահպանման, կրթական գործընթացում երեխաների, աշխատողների իրավունքների պահպանման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև սույն օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտավորությունների ապահովման համար:

2) իրականացնում է հաստատության զարգացման ծրագրի, ուսումնադաստիարակչական, ուսումնական պլանների, տարեկան ուսումնական պարապմունքների ժամանակացույցի, օրվա կանոնակարգի, կանոնադրության, ներքին կարգապահական կանոնների  և աշխատակարգի կանոնների մշակումը և ներդրումը.

3) իրականացնում է մանկավարժական կադրերի ընտրությունը, ընդունելությունը և տեղաբաշխումը: Որոշում է աշխատողների պաշտոնային պարտականությունները, ստեղծում պայմաններ` նրանց մասնագիտական վարպետության, որակավորման բարձրացման համար.

4) ներկայացնում է հաստատությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում, այլ կազմակերպո

  • Քննարկվել է

    31.10.2017 - 15.11.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 60987

Տպել

Առաջարկներ`

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ

14.11.2017

Հոդված 32-ի 2-րդ մասի 7-րդ կետից հանել «ծանրության» բառը։

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ

14.11.2017

Հոդված 32-ի 2-րդ մասի 6-րդ կետի դ) ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «դ) մտավոր»։

«Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ

14.11.2017

Հոդված 32-ի 2-րդ մասի 6-րդ կետը լրացնել նոր զ) ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ. «զ) հոգեկան կամ այլ»։

Տեսնել ավելին