«ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
-
6 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ՆԱԽԱԳԾՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-252 օրենքի (այսուհետ` Օրենք) 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությունը ներկայումս սահմանում է, որ Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն իրավունք ունի տարեկան մեկ անգամ իրականացնել իր շահույթի բաշխում ընկերության մասնակիցների միջև:
Նման կարգավորումը անհարկի սահմանափակում է ընկերությունների հնարավորությունը ձևավորված շահույթն իր մասնակիցների մեջ բաշխելու հնարավորությունը` դրանով իսկ խոչընդոտելով ՓՄՁ սուբյեկտների կողմից իրենց մասնակիցներին օրինական կարգով շահույթի մասը վճարելուն: Նման կարգավորումը նվազեցնում է ՓՄՁ սուբյեկտ ՍՊԸ-ների ստեղծումը և դրանցում ներդրումների կատարումը, քանի որ բաշխման ենթակա ձևավորված շահույթը չափազանց ուշ է հնարավոր օրինական եղանակով բաշխել ներդրողների օգտին:
Առկա կարգավորումը նաև չի խրախուսում ՓՄՁ սուբյեկտների կողմից պատշաճ հաշվապահական հաշվառման իրականացումը և ներքին փաստաթղթերի վարումը: Գործնականում բազմաթիվ ՍՊԸ-ներ իրենց փայատերերին պարբերաբար գումար են տրամադրում, որը հաշվետու տարվա վերջում ձևակերպվում է որպես շահույթի բաշխում: Ընդ որում, որոշ դեպքերում այդ գումարները ձևակերպվում են որպես փոխառություն, իսկ որոշ դեպքերում` ընդհանրապես չեն հաշվառվում և ամբողջությամբ մնում են ստվերում:
Կարևոր է նաև այն հանգամանքը, որ ՍՊԸ-ները հիմնականում ունեն խիստ սահմանափակ թվով փայատերեր, որոնք կապված են ընտանեկան, ազգակցական կամ ընկերային կապերով, կամ պատկանում են մեկ փայատիրոջ: Նման պայմաններում ընկերության շահույթի բաշխման հետ կապված որոշումները կայացվում են առավել օպերատիվ կերպով, սակայն օրենքի սահմանափակումը թույլ չի տալիս իրավական ճիշտ արտացոլում տալ իրականացվող գործարքին` ստեղծելով ավելորդ խոչընդոտ:
- ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Ելնելով վերոգրյալից` Նախագծի նպատակն է ստեղծել իրավական պայմաններ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների կողմից շահույթի բաշխման հաճախականությունն ինքնուրույն որոշելու համար:
3․ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ
Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում` դրանում սահմանելով, որ Ընկերությունն իրավունք ունի իր կանոնադրությամբ սահմանված հաճախականությամբ, բայց ոչ հաճախ քան եռամսյակը մեկ անգամ, իրականացնել իր շահույթի բաշխում ընկերության մասնակիցների միջև:
- ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ ընկերությունների համար կստեղծվի ձևավորված շահույթն իր մասնակիցների միջև առավել հաճախ բաշխելու հնարավորություն` ինչը կնպաստի ՓՄՁ սուբյեկտների կողմից իրենց մասնակիցներին օրինական կարգով շահույթի մասը վճարելուն: Նման կարգավորումը կնպաստի ՓՄՁ սուբյեկտ ՍՊԸ-ների ստեղծմանը և դրանցում ներդրումների կատարմանը:
Առաջարկվող կարգավորումը նաև խրախուսում է ՓՄՁ սուբյեկտների կողմից պատշաճ հաշվապահական հաշվառման իրականացումը և ներքին փաստաթղթերի վարումը:
-
Քննարկվել է
21.11.2022 - 06.12.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Նախարարություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 5007
Տպել