Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՔՆՆՉԱԿԱՆ  ԿՈՄԻՏԵԻ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն (այսուհետ` Օրենք) ընդունվել է 2014 թվականի մայիսի 19-ին: Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն (այսուհետ` Կոմիտե) պետական համակարգի նոր մարմին է, որի ստեղծումը նորություն էր Հայաստանի Հանրապետության պետաիրավական համակարգում: Կոմիտեի ձևավորման և գործունեության ժամանակահատվածում պարզվեց, որ Օրենքում առկա են մի շարք բացթողումներ, հակասություններ, որոնք էապես ազդում են Կոմիտեի գործունեության արդյունավետության, տվյալ մարմնում ծագող վարչաիրավական և աշխատանքային հարաբերությունների կարգավորմանը:

Նշված Օրենքի Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է տվյալ պահին առկա ստորև նշված խնդիրների լուծմամբ:

Մասնավորապես՝

Կոմիտեի ծառայողների դասային աստիճանների շնորհման հետ կապված իրավահարաբերությունների հստակեցում.

Օրենքի 23-25-րդ հոդվածները սահմանում են Կոմիտեի ծառայողների դասային աստիճանները, Կոմիտեի պաշտոններին համապատասխանող դասային աստիճանները, Կոմիտեի ծառայողների դասային աստիճանների շնորհման ժամկետները:

Հարկ է նշել, որ համաձայն 2015թ.-ի փոփոխությունների, ՀՀ Սահմանադրությամբ պետական մարմինների համակարգում կատարվեցին մի շարք փոփոխություններ, սահմանադրական կարգավիճակ ունեցող պետական մար­մինների համակարգում ավելացվեցին նաև քննչական մարմինները՝ Սահմանադրությամբ նախատեսելով «Դատախազությունը և քննչական մարմինները» վերտառությամբ ինքնուրույն գլուխ:

Այսպես, եթե Սահմանադրությամբ քննչական մարմիններին տրվել է սահմանադրական կարգավիճակ, ուստի, քննչական մարմինների միջև տարբերակված մոտեցում դրսևորելն՝ օրենսդրական տեսանկյունից, ընդունելի չէ:

Համաձայն՝ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «Հարկային ծառայության մասին», «Մաքսային ծառայության մասին» օրենքների, նշված մարմիններում նախաքննություն իրականացնող ստորաբաժանումների ծառայողներին տրվում են ծառայության կոչումներ, այլ ոչ թե՝ դասային աստիճաններ:

Ավելին, երբ ՀՀ արդարադատության նախարարության կողմից (19.01.2018թ.-ի թիվ 01/825-18 փաթեթ) ներկայացվել էր օրենսդրական նախաձեռնություն և Օրենքում կատարվեցին փոփոխություններ, ի թիվս այլնի, Կոմիտեում ծառայողների կոչումները փոխարինվեցին դասային աստիճանների, որևէ կերպ հիմնավորված չէր երկու (Կոմիտե, ՀՔԾ) քննչական մարմինների ծառայողներին դասային աստիճաներ շնորհելու անհրաժեշտությունը, իսկ այլ երկու մարմնի քննչական ստորաբաժանման ծառայողներին՝ պահպանվեցին տրված կոչումները:

Բացի այդ, չէր ներկայացվել նշված փոփոխությունը կատարելու անհրաժեշտությունը կամ նախապայմանները:

Հետևաբար, նկատի ունենալով այն հանգամանքը, որ նախաքննություն իրականացնող ստորաբաժանումների այլ ծառայողներին տրված են կոչումներ, այլ ոչ թե դասային աստիճաններ, ուստի, անհրաժեշտություն է առաջանում Օրենքում կատարելու փոփոխություն և, ինչպես Օրենքի նախկին խմբագրությամբ էր ամրագրված, Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված Կոմիտեի ծառայողներին տրված դասային աստիճանները փոխարինել կոչումներով:

Միաժամանակ, Նախագծով  առաջարկվում է կատարել փոփոխություն՝ բարձրագույն դասային աստիճանների (կոչումներ) վերին և ստորին սահմանները փոփոխել բարձրացնելով մեկական աստիճանով:

1) Առաջարկը պայմանավորված է այն հանգամանքով, որ օրինակ՝ «Ոստիականությունում ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ի կետի համաձայն՝ ոստիկանության կոչումները դասակարգվում են հետևյալ խմբերի.

 ոստիկանության բարձրագույն կոչումներ`

- ոստիկանության գեներալ-գնդապետ,

- ոստիկանության գեներալ-լեյտենանտ,

- ոստիկանության գեներալ-մայոր.

2)  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝  ՀՀ զինված ուժերում և այլ զորքերում սահմանվում են զինծառայողների հետևյալ կազմերը և զինվորական կոչումները՝ բարձրագույն սպայական կազմ՝

- «գեներալ-մայոր»,

«գեներալ-լեյտենանտ»,

«գեներալ-գնդապետ»,

 «բանակի գեներալ»:

3) «Դատախազության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատախազությունում սահմանվում են հետևյալ դասային աստիճանները՝

- արդարադատության պետական խորհրդական  (բանակի գեներալ, մարշալ)

- արդարադատության առաջին դասի պետական խորհրդական (գեներալ-գնդապետ)

- արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական (գեներալ-լեյտենանտ)

- արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական (գեներալ-մայոր):

Վերոգրյալը նկատի ունենալով անհրաժեշտություն է առաջանում կատարելու փոփոխություն և ինչպես արդեն նշվեց հիմնավորման մեջ, պետք է նկատի ունենալ, որ 2015թ.-ի փոփոխությունների համաձայն՝ ՀՀ Սահմանադրությամբ պետական մարմինների համակարգում կատարվեցին մի շարք փոփոխություններ և սահմանադրական կարգավիճակ ունեցող պետական մար­մինների համակարգում ավելացվեցին նաև քննչական մարմինները՝ Սահմանադրությամբ նախատեսելով «Դատախազությունը և քննչական մարմինները» վերտառությամբ ինքնուրույն գլուխ: Ուստի, սահմանադրական կարգավիճակ ունեցող մարմիններում առկա բարձրագույն դասային աստիճանները և կոչումները պետք է համապատասխանեն միմյանց և բացառել տարբերակված մոտեցումը: Միևնույն ժամանակ, հարկ է նշել որ օրինակ՝ դատախազի տեղակալի պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանը «արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի» (գեներալ-գնդապետ) դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը՝ «արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի» (գեներալ-լեյտենանտ) դասային աստիճանը: Կոմիտեում՝ նախագահի տեղակալի պաշտոնին համապատասխանող դասային աստիճանի վերին սահմանն «արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի» դասային աստիճանն է, իսկ ստորին սահմանը՝ «արդարադատության առաջին դասի խորհրդականի» դասային աստիճանը: Ուստի, առաջարկվում է առկա շտկել առկա անհամապատասխանությունը և Կոմիտեում մեկ սանդղակով բարձրացնել դասային աստիճանները (կոչումները):

 

 

2.Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծի ընդունմամբ իրականացվում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի օրենսդրական հիմքերի հստակեցում: Մասնավորապես. կարևոր է ունենալ քննչական կոմիտեի վերաբերյալ կենսունակ իրավական ակտ, որը կարտահայտի Կոմիտեի առանձնահատկությունները և կնպաստի Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին վերաբերող օրենսդրության կատարելագործմանը:

 

 

3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտե:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ իրավական կարգավորում կստանան մի շարք հարաբերություններ, որոնք կարևոր նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի բնականոն գործունեության համար:

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է: ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

Օրենքի նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։

 

ՏԵՂԵԿԱՆՔ

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՔՆՆՉԱԿԱՆ  ԿՈՄԻՏԵԻ  ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»  օրենքի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

  • Քննարկվել է

    16.11.2022 - 01.12.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Հանրային ծառայություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3014

Տպել