«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
6 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
1. Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ նաև՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է Հակակոռուպցիոն կոմիտեում (այսուհետ նաև՝ Կոմիտե) առկա գործերի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու, այն կառավարելի դարձնելու միջոցով կոռուպցիոն ենթադրյալ հանցանքների նախաքննությունը պատշաճ և որակյալ իրականացնելու հրամայականով:
2. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիր.
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։
3. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մարտի 24-ին ընդունվել է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ նաև՝ Օրենք):
Օրենքի 48-րդ հոդվածի համաձայն.
«12. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված ակտերի հաստատումից հետո՝ եռօրյա ժամկետում, հատուկ քննչական ծառայության ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց հակակոռուպցիոն կոմիտեում 30 ինքնավար թափուր պաշտոնները ժամանակավոր զբաղեցնելու առաջարկություն է ներկայացնում: Սույն մասով նախատեսված անձինք ներկայացված առաջարկությանն իրենց համաձայնությունը կամ անհամաձայնությունը ներկայացնում են առաջարկությունն ստանալու պահից՝ եռօրյա ժամկետում: Այն դեպքում, երբ համաձայնություն ներկայացրած անձանց թիվը գերազանցում է 30-ը, ժամանակավոր պաշտոնի նշանակվելու նախապատվությունը տրվում է հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն հանցագործություններով նախաքննություն իրականացնող անձանց, իսկ եթե նրանց թիվը ևս գերազանցում է 30-ը՝ ավելի երկար փորձառություն ունեցող անձին, իսկ հավասար փորձառության դեպքում՝ տարիքով ավագին: Սույն մասով նախատեսված անձինք նշանակվում են հակակոռուպցիոն կոմիտեի համարժեք (բացառությամբ դրա անհնարինության դեպքի) պաշտոնների որպես պաշտոնակատար՝ պահպանելով հատուկ քննչական ծառայությունում չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցում ստանալու իրավունքը:
(…)
22. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ օրենքով սահմանված կոռուպցիոն ենթադրյալ հանցագործություններով քրեական գործերի հարուցման հարցի լուծումը և նախաքննության իրականացումը վերապահվում է հակակոռուպցիոն կոմիտեին։ Այլ քննչական մարմիններում գտնվող քրեական գործերը (նյութերը) ենթակա չեն փոխանցման հակակոռուպցիոն կոմիտե, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:
23. Սույն հոդվածի 12-րդ մասով նախատեսված անձանց նշանակումից հետո հատուկ քննչական ծառայությունում գտնվող կոռուպցիոն ենթադրյալ հանցագործություններով հարուցված քրեական գործերը (նյութերը), ինչպես նաև կոռուպցիոն ենթադրյալ հանցագործություններով քրեական գործի հարուցման փուլում գտնվող գործերը փոխանցվում են հակակոռուպցիոն կոմիտե:
24. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը այլ քննչական մարմիններում գտնվող կոռուպցիոն ենթադրյալ հանցագործություններով քրեական գործերը (նյութերը) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը կարող է այդ մարմինների քննիչների վարույթից վերցնել և հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի համաձայնությամբ հանձնել հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վարույթին»:
2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Նոր օրենսգիրք) 483-րդ հոդվածի համաձայն՝ 16. Մինչև 2023 թվականի հունվարի 1-ը գործում են քննչական ենթակայության հետևյալ կանոնները.
1) նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները, եթե հանցանքները կատարվել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի «ա ենթակետով սահմանված հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, պետական, պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման մարմնի, պետության կամ համայնքի կողմից ստեղծված ոչ առևտրային կազմակերպության կամ հիմնարկի անունից հանդես գալու լիազորություն ունեցող կամ դրանց անունից իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող, ինչպես նաև «բ-զ ենթակետերում նշված պաշտոնատար անձանց կողմից՝ իրենց պաշտոնեական դիրքի հետ կապված, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 272-277-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթների, որոնցով նախաքննությունը կատարում են քննչական կոմիտեի քննիչները.
(…)
3) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 218-221-րդ, 231-րդ, 232-րդ, 435-439-րդ, 442-445-րդ, 480-482-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով նախաքննությունը կատարում են բացառապես հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները.
(…)
17. 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի հունվարի 1-ը գործում են քննչական ենթակայության հետևյալ կանոնները.
1) նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները.
(…):
2021 թվականի հոկտեմբերի 23-ից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կոռուպցիոն ենթադրյալ հանցանքներով քրեական գործերի հարուցման հարցի լուծումը և կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ քրեական գործերով նախաքննության կատարումն ամբողջությամբ վերապահվել է բացառապես Հակակոռուպցիոն կոմիտեին: Բացառություն է կազմում 2022թ․ հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը, երբ կոռուպցիոն ենթադրյալ հանցանքներով քրեական վարույթների մի մասի՝ մասնավոր ոլորտի կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ քննությունը վերապահվել է նախաքննական այլ մարմիններին։ Այլ կերպ ասած՝ կոռուպցիոն ենթադրյալ հանցանքներով գործերի քննությունը վերապահվել է Հակակոռուպցիոն կոմիտեում 32 ինքնավար պաշտոն զբաղեցնող, իսկ հետագայում՝ հաստիքների վերջնական համալրումից հետո ընդհանուրը՝ 40 ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց:
Պետք է նկատի ունենալ նաև այն հանգամանքը, որ Հակակոռուպցիոն կոմիտեում 40 ինքնավար պաշտոնների մի մասը զբաղեցնում են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, նրա տեղակալները, վարչության պետերն ու նրանց տեղակալները, այսինքն՝ ստացվում է, որ կոնկրետ քրեական գործերով նախաքննություն ներկայումս կատարող անձանց (քննիչների) թիվը 23-ն է:
Այս համատեքստում հատկանշական է, որ ծավալային առումով Կոմիտեի ձևավորումից ի վեր կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քանակային գերակշռությունն արդեն իսկ խոսուն է: Այսպես՝ Կոմիտեի քննիչների կողմից 2021 թվականի հոկտեմբերի 23-ից 2022 թվականի նոյեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում քննվել է 1082 քրեական գործ/վարույթ, որից 90 քրեական գործ/ վարույթ 203 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
Նշված ժամանակահատվածում նախապատրաստվել է 706 նյութ, ստացվել և քննարկվել է 2027 դիմում/հաղորդում:
Վերոգրյալից բխում է, որ Կոմիտեն, մասնագիտացված լինելով բացառապես կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննությամբ, ներկայումս իր վարույթ է ընդունել, քննել և քննում է մեծ քանակի քրեական գործեր ու նյութեր, հետևաբար քննիչներն աշխատում են աննախադեպ մեծ ծանրաբեռնվածության պայմաններում։
Այս ամենը հաշվի առնելով՝ 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում (այսուհետ՝ հին օրենսգիրք) 2022 թվականի մայիսի 25-ին թիվ ՀՕ-140-Ն օրենքով կատարվել են փոփոխություններ և լրացում, որով փոփոխության է ենթարկվել քննչական ենթակայության կանոնը: Դրանից բացի, վերոհիշյալ փոփոխությունը պահպանվեց նաև Նոր օրենսգրքի 483-րդ հոդվածի 16-ի մասով, որի գործողության ժամկետը նախատեսվել է մինչև 2023 թվականի հունվարի 1-ը: Իսկ 2023 թվականի հունվարի 1-ից հետո գործող օրենսգրքով նախատեսվում է, որ ՀՀ ողջ տարածքում կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ վարույթներով նախաքննությունը կրկին ամբողջությամբ վերապահվելու է Կոմիտեին, ինչից ենթադրելի է, որ մինչև 2023 թվականն արդեն հարուցված գործերը կամ նախաձեռնված վարույթները փոխանցվելու են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին: Այսինքն՝ խոսքն այն գործերի կամ վարույթների մասին է, որոնք հինօրենսգրքում 2022 թվականի մայիսի 25-ին թիվ ՀՕ-140-Ն օրենքով նախատեսված փոփոխություններով, ինչպես նաև Նոր օրենսգրքի 483-րդ հոդվածի 16-ի մասով վերապահվել էին նախաքննություն իրականացնող այլ մարմիններին:
Ուստի՝ առկա է իրական վտանգ, որ Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ռեսուրսը բավարար չի լինելու նման մեծ ծավալով գործերի քննությունը 2023 թվականի հունվարի 1-ից իրականացնելու համար, ինչը թերևս անկասկած անդրադառնալու է ինչպես գործերի քննության որակի, այնպես էլ ողջամիտ ժամկետի հիմնարար սկզբունքի պահպանման վրա:
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը ողջամիտ ժամկետի պահպանման պահանջի վերաբերյալ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումները.
- մինչ տարբեր ձգձգումներն ինքնին հարցեր չեն առաջացնում, դրանք միասին վերցրած և հանրագումարային առումով կարող են դառնալ ողջամիտ ժամկետը գերազանցելու պատճառ ,
- «Երկարատև ժամանակահատվածը, որի ընթացքում վարույթը...դանդաղում է...» առանց ակնկալվող որևէ բացատրության, անընդունելի է ,
- Վարույթի որոշակի փուլում ձգձգումը կարող է թույլատրելի լինել՝ պայմանով, որ վարույթի ընդհանուր տևողությունը չափազանց երկար չլինի ,
- Վարույթի տևողության ողջամտությունը պետք է գնահատվի հետևյալ չափանիշների լույսի ներքո` գործի բարդություն, դիմումատուի և իրավապահ մարմինների դրսևորած վարքագիծ և այլն ,
- Գործի բարդությունը կարող է կապված լինել և՛ փաստերի հիմքով, և՛ օրենքի հիմքով բարձրացվող հարցերի հետ ,
- Պետությունը պատասխանատու է իր բոլոր մարմինների համար՝ ոչ միայն դատական մարմինների, այլև բոլոր հասարակական հաստատությունների համար :
ՄԻԵԴ վերոհիշյալ դիրքորոշումների լույսի ներքո կարելի է արձանագրել, որ ողջամիտ ժամկետում գործի քննություն չապահովելը խախտում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված արդար դատաքննության իրավունքը:
Ոչ միայն այդ, այլև պետությանը հասցված վնասի տեսանկյունից ևս բավականին կարևոր է հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարների կարճ ժամկետներում վերադարձը, ինչը հնարավոր է իրականացնել միայն օպերատիվ քննության դեպքում, այլապես առավել մեծ է վտանգը, որ տվյալ ակտիվները հնարավոր է օտարվեն:
Հարկ է նկատել, որ նշված գործերի քննությունը ներկայումս առկա 40 ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց համար նախատեսված հաստիքներից փաստացի իրականացվում է 23 քննիչների կողմից: Վիճակագրական տվյալների համաձայն՝ 12 ամսվա ընթացքում մոտ 47 գործ է բաժին ընկել յուրաքանչյուր քննիչի: Նշվածի հիման վրա կարելի է ենթադրել, որ յուրաքանչյուր քննիչի ծանրաբեռնվածությունը միջինում տարեկան կգերազանցի 40 գործը, որի պարագայում անիրատեսական է խոսել վարույթի արդյունավետ քննության մասին: Ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի նախաքննությամբ Կոմիտեի քննիչներին գերծանրաբեռնելը լի է այլ՝ առավել բարդ, ծանր կոռուպցիոն բնույթի գործերով քննության որակի վրա բացասական ազդեցության վտանգով:
Այսպիսով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածով սահմանված կոռուպցիոն բնույթի բոլոր գործերի քննությունը 2023 թվականի հունվարի 1-ից Կոմիտեին վերապահելը նման ռեսուրսի առկայության պայմաններում արդեն իսկ անհամաչափ է առաջարկվող գործերի թվային գերակշռությանը, որովհետև Կոմիտեն ներկայումս չունի համապատասխան ռեսուրսներ նման ահռելի քանակությամբ քրեական գործերի քննությունն ապահովելու համար։ Եթե այս վարույթներին էլ գումարվեն այն քրեական գործերն ու քրեական վարույթները, որոնք մինչև 2023 թվականի հունվարի 1-ը հարուցվել (նախաձեռնվել) և քննվում են նախաքննական այլ մարմիններում, որոնք գործող դատավարական կարգավորումների համաձայն՝ պետք է փոխանցվեն ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին, ապա իրավիճակն իրավամբ անկառավարելի կդառնա։
Միաժամանակ պետք է նշել, որ 1989 թվականին Փարիզում հիմնադրված «Փողերի լվացման դեմ պայքարի ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի» (այսուհետ` ՖԱԹՖ) 30-րդ հանձնարարականի տեխնիկական համապատասխանության և ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգերի արդյունավետության գնահատման համար մեթոդաբանության համաձայն՝ իրավապահ և քրեական հետապնդում իրականացնող մարմինները պետք է ապահովված լինեն ֆինանսական, մարդկային և տեխնիկական համարժեք ռեսուրսներով: Պետությունները պետք է ներդնեն հսկողական մեխանիզմներ՝ հավաստիանալու համար, որ այդ մարմինների աշխատակիցներն առաջնորդվում են մասնագիտական բարձր չափանիշներով, այդ թվում՝ կոնֆիդենցիալության մասով, բարեխիղճ կերպով կատարում են իրենց պարտականությունները և ունեն բավարար հմտություններ :
Մարդկային համարժեք ռեսուրսներ ասելով՝ անհրաժեշտ է հասկանալ աշխատակիցներ՝ քննիչներ, ովքեր կապահովվեն բավարար ժամանակով, որպեսզի բարեխիղճ ձևով կատարեն իրենց պարտականությունները։ Գերծանրաբեռնվածությունն անկասկած բերում է ժամանակային ռեսուրսի սպառման, ինչն էլ բացասական ազդեցություն է ունենում քննիչների աշխատանքի արդյունավետության վրա։ Հետևաբար հարցականի տակ է դրվում «մարդկային համարժեք ռեսուրս» ունենալու հանգամանքը։
Բացի այդ, փողերի լվացման և կոռուպցիոն այլ հանցագործությունների վերաբերյալ գործերի քննությունը ենթադրում է որոշակի լրացուցիչ տակտիկայի կիրառում: Նախ անհրաժեշտ է հաշվի առնել, որ տվյալները, որոնք ֆինանսական հանցագործությունների վերաբերյալ գործերով դառնում են ապացույց, հիմնականում ստացվում են երկու աղբյուրից՝ հանցագործության սուբյեկտից և այլ մասնակիցներից: Քննությունը պլանավորելիս առաջնայինը պետք է լինի հանցանքը կատարած անձի և նրա իրականացրած գործունեության վերաբերյալ տվյալների հնարավորինս շուտ ստանալը, քանի որ հակառակ պարագայում հանցագործություն կատարած անձի կողմից ամեն հնարավոր ջանք կգործադրվի հանցագործության քննության ուղղությունը շեղելու կամ հանցագործության հետքերը թաքցնելու համար: Առավելագույնս օպերատիվ և տակտիկապես գրագետ պետք է գործել հանցագործության համար էական նշանակություն ունեցող տվյալները քննության համար հնարավորինս շուտ հասանելի դարձնելու նպատակով:
Այս պարագայում ևս հարկ է փաստել, որ գերծանրաբեռնված քննիչի մոտ առաջացած ժամանակային դեֆիցիտը բացասաբար է ազդելու հանցանքը կատարած անձի և նրա իրականացրած գործունեության վերաբերյալ տվյալների առավելագույնս օպերատիվ, հնարավորինս արագ ստանալու, հետևաբար քննությունն արդյունավետ պլանավորելու, կատարելու վրա։
Ուստի առաջարկվում է հետևյալ կարգավորումը՝ սույն օրենսգրքով հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների ենթակայությանը վերապահված, սակայն «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն (սույն կետում այսուհետ՝ Օրենք) ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2024 թվականի հունվարի 1-ը հարուցված (նախաձեռնված), ինչպես նաև քննվող քրեական գործերով (վարույթներով) նախաքննությունն իրականացնում են այն մարմինները, որոնք Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո նշված գործերով (վարույթներով) իրականացրել են նախաքննություն, բացառությամբ այն գործերի, որոնք Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից՝ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի համաձայնությամբ հանձնվել են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վարույթին:
Այս կարգավորումը հնարավորություն կտա 2023 թվականի հունվարի 1-ից ՀՀ ողջ տարածքում կոռուպցիոն ենթադրյալ բոլոր հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով (վարույթներով) նախաքննությամբ առանց այն էլ ծանրաբեռնված՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչներին գոնե չծանրաբեռնել նախորդ ժամանակահատվածում հարուցված (նախաձեռնված) և նախաքննական այլ մարմիններում հիմնականում տևական ժամանակ քննված գործերով (վարույթներով):
Միջազգային փորձի ուսումնասիրությունը ևս վկայում է այն մասին, որ տարբեր պետություններում գործում են մասնագիտացված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման և քննության գործառույթներով օժտված մարմիններ, որոնք, ընտրված մոդելների տարբերություններով հանդերձ, առաջնորդվում են միջազգայնորեն ընդունված սկզբունքներով: Այսպես, Ուկրաինայում գործում է Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն: Համաձայն ազգային հակակոռուպցիոն բյուրոյի մասին օրենքի առաջին հոդվածի՝ Բյուրոն պետական իրավապահ մարմին է, որը պատասխանատու է իր իրավասության հետ կապված կոռուպցիոն հանցագործությունների հայտնաբերման, քննության, բացահայտման, ինչպես նաև կանխարգելման համար: Կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետություն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Բյուրոյի աշխատակիցները իրականացնում են և՛ օպերատիվ-հետախուզական գործունեություն, և՛ նախաքննություն:
Ուկրաինայի քրեական դատավարության օրենսգրքի 216–րդ հոդվածի համաձայն` սահմանվում է, որ Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի դետեկտիվները իրականացնում են մինչդատական վարույթ Ուկրաինայի քրեական օրենսգրքի 191, 206-3, 209, 210, 211, 354 (հանրային իրավունքի իրավաբանական անձանց աշխատակիցների նկատմամբ), 364, 366-2, 366-3, 368, 368-5, 369, 369-2, 410 հոդվածներով նախատեսված քրեական գործերով, եթե առկա է հետևյալ պայմաններից առնվազն մեկը ՝
ա․ այն կատարվել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից,
բ․ քրեական հանցագործության առարկայի չափը կամ պատճառված վնասը հինգ հարյուր կամ ավել անգամ գերազանցում է հանցագործության կատարման պահին օրենքով սահմանված աշխատունակ անձանց նվազագույն կենսաապահովման չափը,
գ․ Ուկրաինայի քրեական օրենսգրքի 369–րդ հոդվածով, 369-2–րդ հոդվածի առաջին մասով նախատեսված քրեական հանցագործությունը կատարվել է Ուկրաինայի քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածի 4-րդ մասում կամ սույն մասի առաջին կետով նախատեսված պաշտոնատար անձի նկատմամբ։
Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն ունի ավելի քան 237 քննիչ–դետեկտիվ, որոնցից յուրաքանչյուրի վարույթում տարեկան կտրվածքով միջինով առկա է 3-4քրեական գործ։
Վերոգրյալի լույսի ներքո և աննախադեպ ծանրաբեռնվածության պատճառով քննիչների կողմից գործերի քննության որակի և ողջամիտ ժամկետի սկզբունքի պահպանման վրա բացասական ազդեցության ռիսկերը կառավարելի դարձնելու համար առաջարկվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում կատարել համապատասխան փոփոխություն:
4. Առաջարկվող կարգավորման բնույթը
Հաշվի առնելով վերոգրյալը՝ մշակվել է Նախագիծ, որով նախատեսվում է կարգավորել «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2024 թվականի հունվարի 1-ը կոռուպցիոն բնույթի դեպքերով հարուցված (նախաձեռնված), ինչպես նաև քննվող քրեական գործերով (վարույթներով) քննչական ենթակայության հարցը այն հաշվարկով, որ դրանց նախաքննությունը շարունակվի այն մարմինների կողմից, որոնք մինչ այդ իրականացրել են դրա նախաքննությունը:
Իսկ օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո նախաքննություն իրականացրած մարմնի գործունեությունը դադարեցվելու դեպքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը վերոհիշյալ գործերով (վարույթներով) նախաքննությունը շարունակելը հանձնարարում է քննչական կոմիտեին:
5.Նախագծերի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է. ՀՀ պետական բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
6. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից։
7. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել կոռուպցիոն բնույթի վերոհիշյալ գործերի արդյունավետ, բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ, պատշաճ և բարձր որակի քննությունը։
-
Քննարկվել է
10.11.2022 - 25.11.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Քրեական դատավարություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 3112
Տպել