«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածում՝
- վերնագրում «իրավունքների» բառից հետո լրացնել «և սահմանափակումների» բառերը.
- 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Եթե օրենքով այլ բան նախատեսված չէ, ապա գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման համար անհրաժեշտ իրավահաստատող փաստաթղթերը, ինչպես նաև հողը Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի ցանկում լինելու կամ չլինելու մասին տեղեկանքը, հողի և շինության նպատակային կամ գործառնական նշանակությունը (գյուղատնտեսական հողերի դեպքում՝ հողատեսքը) սահմանելու կամ փոփոխելու վերաբերյալ որոշումները անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացնում են, իսկ պետական գրանցման համար անհրաժեշտ այլ փաստաթղթերը կարող են ներկայացնել դրանք կազմած, հաստատած կամ վավերացրած պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները, նոտարները:».
- լրացնել 2.1-ին մաս հետևյալ բովանդակությամբ.
«2.1. Եթե օրենքով այլ բան նախատեսված չէ, ապա սույն հոդվածի 2-րդ մասում նշված մարմինները և նոտարները պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում են էլեկտրոնային եղանակով անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքում առկա՝ համապատասխան փաստաթղթերի ներկայացման համար նախատեսված տիրույթում: Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները և ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածում՝
- 2-րդ մասի
1) 6-րդ կետի առաջին նախադասությունում «հրամանով» բառից հետո լրացնել «, որը ենթակա է անհապաղ կատարման և հրամանի բողոքարկումը չի կասեցնում հրամանի գործողությունը կամ կատարումը» բառերը
2) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8) լիազոր մարմինը վկայական ստացած անձանց կապի միջոցները և աշխատանքի վայրը վերջիններիս համաձայնությամբ, իսկ անվանացանկը հրապարակում է իր պաշտոնական կայքում:»:
- 4-րդ մասում «Սույն հոդվածի 1-ին մասում նշված» բառերը փոխարինել «Քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության» բառերով.
Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Կադաստրային գործի փաստաթղթերը թղթային տարբերակով ներկայացնելու կամ կազմելու դեպքում դրանք պահվում են թղթային և էլեկտրոնային եղանակով վարվող կադաստրային գործերում, իսկ էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու կամ կազմելու դեպքում՝ միայն էլեկտրոնային եղանակով վարվող կադաստրային գործում:
- Կադաստրային գործի փաստաթղթերը պահվում են անժամկետ` սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:»:
Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածում՝
- 1-ին մասում «դիմումը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի» բառերը.
- 2-րդ մասի 8-րդ կետում «համարը» բառից հետո լրացնել «կամ հարկ վճարողի հաշվառման համարը» բառերը.
- 3-րդ մասի 1-ին կետում «այլ փաստաթղթեր:» բառերը փոխարինել «այլ փաստաթղթեր. ընդ որում՝ սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ և 2.1-ին մասերում սահմանված դեպքերում դիմումի հետ ներկայացվում է համապատասխան փաստաթղթերը նույնականացնող տվյալները.» բառերը:
- 6-րդ մասի առաջին նախադասությունում «ծագող իրավունքները պետք է պետական գրանցման ներկայացվեն» բառերը փոխարինել «ծագող իրավունքների պետական գրանցման դիմումները պետք է ներկայացվեն» բառերով:
Հոդված 5. Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Բացառությամբ սույն օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված պայմանագրերից ծագող իրավունքների (սահմանափակումների) պետական գրանցման դեպքերի, պետական գրանցման դիմումը և սույն օրենքով դիմումին կից ներկայացման ենթակա փաստաթղթերը կարող են, իսկ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց կողմից պետք է ներկայացվեն էլեկտրոնային եղանակով, որի դեպքում դիմողի նույնականացումը կատարվում է դիմողի էլեկտրոնային թվային ստորագրությամբ կամ Կառավարության կողմից սահմանված անձի նույնականացման այլ եղանակով:»:
Հոդված 6. Օրենքի 32-րդ հոդվածում՝
- 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Գրավոր դիմումը կարող է ներկայացվել ցանկացած սպասարկման գրասենյակ՝ անկախ անշարժ գույքի գտնվելու վայրից: Տեղեկատվության տրամադրման դիմումը, բացառությամբ սույն մասի 1-ին կետի, կարող է ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով:
1) Տեղական ինքնակառավարման մարմինները և իրավաբանական անձինք, իսկ ֆիզիկական անձինք սույն օրենքի 11-րդ հոդվածի հիմքերով սահմանափակված մատչելիությամբ տեղեկություն չպարունակող և վճարովի հիմունքներով տրամադրվող տեղեկությունների վերաբերյալ դիմումները ներկայացնում են բացառապես էլեկտրոնային եղանակով՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով:».
Հոդված 7. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասում «սպասարկման գրասենյակ» բառերը հանել:
Հոդված 8. Օրենքի 37-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով հետևյալ բովանդակությամբ.
«3. Մինչև 2006 թվականի հուլիսի 29-ը բնակելի, խառը կառուցապատման կամ տնամերձ հողամասում սեփականության իրավունքով օրինական գրանցված 50 և ավելի տոկոս ավարտվածության աստիճան ունեցող կիսակառույց անհատական բնակելի տունը, դրա օժանդակ և տնտեսական շինությունները, որպես ավարտված շինություն, գրանցվում է որակավորված անձի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված և ներկայացված չափագրման նյութերի փաթեթի հիման վրա:»:
Հոդված 9. Անցումային դրույթներ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից բացառությամբ՝ 1-ին և 4-րդ հոդվածների:
- Սույն օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասում սահմանված Կառավարության որոշումը ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից 1 տարվա ընթացքում:
- Սույն օրենքի 1-ին և 4-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում սույն հոդվածի 2-րդ մասում սահմանված Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահին և տարածվում են Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից սույն օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերի ներկայացման իրավահարաբերությունների վրա:
-
Քննարկվել է
07.11.2022 - 22.11.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Կադաստր
-
Նախարարություն
Կադաստրի կոմիտե
Դիտումներ` 3115
Տպել