Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածը վերաբերում է ոստիկանության ուսումնական հաստատությունում ուսման և վերապատրաստման համար պետության կողմից կատարված ծախսերի փոխհատուցմանը:
Հոդվածի առաջին մասը սահմանում է այն հիմքերը, որոնց առկայության դեպքում ոստիկանության ծառայողը և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողը, այդ թվում` ուսումնական այլ հաստատություններ գործուղվածը պարտավոր են փոխհատուցել իրենց` Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետության համապատասխան ուսումնական հաստատություններում ուսման, վերապատրաստման համար պետության կողմից կատարված ծախսերը:
Մասնավորապես, խոսքն այն դեպքերի մասին, երբ սովորողը կամ ոստիկանության ծառայողը՝
1) առանց հարգելի պատճառների դադարեցրել է ուսումը կամ վերապատրաստումը.
2) մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պատճառով ազատվել է ոստիկանությունում ծառայությունից.
3) կարգապահական խախտում կատարելու համար ազատվել է ոստիկանությունում ծառայությունից.
4) անձնական նախաձեռնությամբ ազատվել է ոստիկանությունում ծառայությունից:
Հոդվածի երկրորդ մասը սահմանում է այն հիմքերը, որոնց առկայության դեպքում ոստիկանության ծառայողը չի հատուցում ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերը:
Մասնավորապես, խոսքն այն դեպքերի մասին, երբ ոստիկանության ծառայողը՝
1) ոստիկանության ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո ոստիկանությունում ծառայել է ոչ պակաս, քան հինգ տարի, կամ նախնական մասնագիտական կրթություն ստանալուց կամ վերապատրաստումը անցնելուց հետո` ոչ պակաս, քան երկու տարի.
2) ծառայությունից ազատվել է օրենքի 46-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով սահմանված դեպքում (ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնից ազատելը հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ), հիվանդության պատճառով կամ անձնական նախաձեռնությամբ` պայմանավորված ընտանիքի հաշմանդամ անդամի խնամքով:
Վերոնշյալ օրենսդրական կարգավորումներն ունեն մի շարք թերություններ, որոնք կարող են խնդիրներ առաջացնել իրավակիրառման ընթացքում: Մասնավորապես, առկա են օրենսդրական կարգավորման հետևյալ խնդիրները՝
1. «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածով նախատեսված են ոստիկանությունում ծառայությունից ազատելու 16 հիմքեր, սակայն դրանց միայն մի մասն է տեղ գտել օրենքի 40-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերում՝ որպես ուսման (վերապատրաստման) ծախսերի փոխհատուցման կամ չփոխհատուցման հիմքեր:
Այսպես, օրենքի 40-րդ հոդվածի ոչ առաջին և ոչ էլ երկրորդ մասում կարգավորված չէ ուսման (վերապատրաստման) ծախսերի փոխհատուցման հարցն այն դեպքերում, երբ ծառայողը ոստիկանությունից ազատվում է, օրինակ, ՀՀ քաղաքացիության դադարեցման, օրենքով սահմանված կարգով իր եկամուտների հայտարարագիրը ներկայացնելուց խուսափելու, ոստիկանությունում ծառայության անցնելու` օրենսդրությամբ սահմանված կարգի խախտում հայտնաբերելու հիմքերով:
Ուստի, «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածում անհրաժեշտ է նախատեսել այնպիսի կարգավորումներ, որոնք կվերաբերեն ոստիկանությունում ծառայությունից ազատման բոլոր հնարավոր հիմքերին, և օրենսդրական կարգավորումից պարզ կլինի, թե արդյոք ոստիկանությունում ծառայությունից ազատման այս կամ այն կոնկրետ հիմքը ուսման (վերապատրաստման) ծախսերի փոխհատուցման հիմք է, թե՝ ոչ:
2. «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի առաջին կետով նախատեսված՝ ուսման (վերապատրաստման) ծախսերի փոխհատուցման հիմքի օրենսդրական ձևակերպումը («առանց հարգելի պատճառների դադարեցրել է ուսումը կամ վերապատրաստումը») կարող է տարատեսակ մեկնաբանության տեղիք տալ «հարգելի պատճառներ» բառակապակցության պատճառով:
Այսպես, ՀՀ ոստիկանության կրթահամալիրից սովորողներին ազատելու հիմքերը սահմանված են ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 17-ի N 1242-Ն հրամանով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգով և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի գիտական խորհրդի 2015 թվականի փետրվարի 11-ի թիվ 2 նիստում հաստատված՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրից սովորողների ազատման, ուսումնառության ընդհատման, վերականգման և տեղափոխման կարգով: Նշված կարգերի համաձայն, սովորողը ՀՀ ոստիկանության կրթահամալիրից կարող է ազատվել հետևյալ հիմքերի առկայության դեպքում՝
1) «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածով նախատեսված՝ ոստիկանությունում ծառայությունից ազատելու հիմքերի առկայության դեպքում,
2) անհարգելի բացակայությունների դեպքում,
3) անբավարար առաջադիմության պատճառով,
4) անձնական նախաձեռնությամբ՝ կրթահամալիրից ազատվելու վերաբերյալ գրավոր զեկուցագրի հիման վրա,
5) այլ ուսումնական հաստատություն տեղափոխման դեպքում,
6) ակադեմիական արձակուրդի ժամկետը լրանալուց հետո 10-օրյա ժամկետում անհարգելի պատճառով չներկայանալու դեպքում,
7) ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ներքին կարգապահական կանոնները խախտելու դեպքում,
8) սահմանված ժամկետում «B» կարգի վարորդական վկայականը ունենալու փաստը չհավաստելու դեպքում (վերաբերում է միայն ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով ուսուցում անցող սովորողներին):
Հարկ է նշել, որ բացի անբավարար առաջադիմության հիմքից, մյուս յոթ հիմքերը գործնականում չեն դիտարկվում որպես ուսումը կամ վերապատրաստումը դադարեցնելու հարգելի պատճառներ: Սակայն անբավարար առաջադիմության պատճառով սովորողին ՀՀ ոստիկանության կրթահամալիրից ազատելը նույնպես անհրաժեշտ է դիտարկել որպես ուսումը դադարեցնելու անհարգելի պատճառ հետևյալ հիմնավորումներով՝
1) «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, բարձրագույն ուսումնական հաստատության սովորողը պարտավոր է կատարել բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ և ներքին կարգապահության կանոններով սահմանված պարտականությունները: Իսկ ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի N 1791-Ն որոշմամբ հաստատված` ՀՀ ոստիկանության կրթահամալիրի կանոնադրության 44-րդ կետով սահմանված են կրթահամալիրի սովորողների այնպիսի պարտականություններ, ինչպիսիք են՝ սահմանված ժամկետում կատարել ուսումնական ծրագրերով և պլաններով նախատեսված ուսումնական առաջադրանքները, տիրապետել ընտրած մասնագիտության տեսական գիտելիքներին և գործնական հմտություններին: Վերոգրյալից բխում է, որ սովորողի կողմից անբավարար առաջադիմություն ցուցաբերելը պետք է համարել նրա կողմից իր պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման հետևանք: Ուստի, անբավարար առաջադիմությունը չպետք է դիտարկվի որպես ուսումը դադարեցնելու հարգելի պատճառ:
2) ՀՀ ոստիկանության կրթահամալիրի սովորողների նման, պետական պատվերի շրջանակներում անվճար կրթություն են ստանում նաև ռազմաուսումնական հաստատությունների սովորողները: Հատկանշական է, որ ոլորտը կարգավորող օրենսդրության համաձայն նշված հաստատություններից անբավարար առաջադիմության հիմքով սովորողների հեռացվելը համապատասխան իրավական նորմի փաստակազմում նախատեսված է որպես հավասարազոր պայման սեփական դիմումի համաձայն ազատման և անկարգապահության հիմքով հեռացման հետ մեկտեղ:
Այսպես, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի համաձայն, պայմանագրային զինծառայողի՝ զինվորական ծառայությունից արձակվելու հիմքերից մեկը ռազմաուսումնական հաստատությունից կամ սպայական կամ սերժանտական դասընթացներից կամ ակադեմիական ուսումնառությունից կամ պետական լիազոր մարմնի պատվերով միջին մասնագիտական կամ բարձրագույն կամ հետբուհական ուսումնական հաստատությունից իր դիմումի համաձայն ազատվելն է կամ անբավարար առաջադիմության կամ անկարգապահության հիմքով հեռացվելը, եթե նա չունի սույն օրենքով սահմանված պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետ (օրենքի 54-րդ հոդվածի առաջին մասի 9-րդ կետ): Իսկ նույն հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ վերոնշյալ հիմքի առկայության դեպքում պարտադիր զինվորական ծառայության ընթացքում օրենքով սահմանված կարգով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած պայմանագրային զինծառայողի համար ծագում է համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատության վճարովի համակարգում տվյալ մասնագիտության գծով ուսումնառության տարիների համար սահմանված ուսման վարձի հանրագումարի կրկնապատիկը բարձրագույն ուսումնական հաստատությանը վճարելու պարտավորություն:
Ինչպես տեսնում ենք, օրենսդրության համաձայն զինծառայողի կողմից ուսման ծախսերի փոխհատուցման պարտականություն առաջանում է ոչ միայն սեփական դիմումի համաձայն ուսումնական հաստատությունից ազատվելիս և անկարգապահության հիմքով հեռացվելիս, այլև՝ անբավարար առաջադիմության պատճառով հեռացվելիս: Հետևաբար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոստիկանության ուսումնական հաստատության սովորողները ռազմաուսումնական հաստատության սովորողների նման ունեն անվճար կրթություն ստանալու օրենքով նախատեսված հավասար արտոնություն, նրանք պետք է ունենան նաև նույնական հիմքերով ուսումը դադարեցնելու դեպքում ուսման (վերապատրաստման) ծախսերը փոխհատուցելու հավասար պարտականություն:
3) Անբավարար առաջադիմության պատճառով սովորողին ՀՀ ոստիկանության կրթահամալիրից ազատելը որպես ուսումը դադարեցնելու հարգելի պատճառ և հետևաբար՝ որպես ուսման (վերապատրաստման) ծախսերը չփոխհատուցելու հիմք դիտարկելը առանձին դեպքերում կարող է չարաշահվել սովորողի կողմից: Օրինակ, սովորողը, որը ցանկություն ունի անձնական նախաձեռնությամբ, գրավոր զեկուցագրի հիման վրա ազատվել ՀՀ ոստիկանության կրթահամալիրից, ազատվելու վերաբերյալ զեկուցագիր ներկայացնելու փոխարեն միտումնավոր անբարարար գնահատականներ է ստանում քննաշրջանի ընթացքում, որպեսզի կրթահամալիրից իրեն ազատելու հիմքը՝ անբավարար առաջադիմությունը, հետագայում դիտարկվի որպես ուսումը դադարեցնելու հարգելի պատճառ: Արդյունքում սովորողը կրթահամալիրից փաստացի ազատվում է անձնական նախաձեռնությամբ, բայց իրավաբանորեն դա ձևակերպվում է որպես անբավարար առաջադիմության պատճառով ազատում, ինչը հնարավորություն է տալիս սովորողին չփոխհատուցել ուսման (վերապատրաստման) ծախսերը:
Այսպիսով, ելնելով վերոնշյալ հիմնավորումներից, «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածում անհրաժեշտ է նախատեսել այնպիսի կարգավորումներ, որոնցից միանշանակ կբխի, որ անբավարար առաջադիմության պատճառով ուսումը (վերապատրաստումը) դադարեցնելը չի համարվում ուսման (վերապատրաստման) ծախսերը փոխհատուցելու պարտականությունից ազատվելու հիմք:
3. «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին կետում առկա է ձևակերպումների հստակեցման և միատեսակ տերմինաբանության ապահովման անհրաժեշտություն:
Մասնավորապես, «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին կետով նախատեսված է ոստիկանության ծառայողի կողմից ուսման (վերապատրաստման) ծախսերը չփոխհատուցելու հետևյալ պայմանը՝ «ոստիկանության ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո ոստիկանությունում ծառայել է ոչ պակաս, քան հինգ տարի, կամ նախնական մասնագիտական կրթություն ստանալուց կամ վերապատրաստումը անցնելուց հետո` ոչ պակաս, քան երկու տարի»: Խնդիրը նրանում է, որ նախնական մասնագիտական կրթություն ստանալը ևս համարվում է ոստիկանության ուսումնական հաստատությունն ավարտել, ընդ որում՝ «ոստիկանության ուսումնական հաստատությունն ավարտել» ձևակերպումն ունի ավելի լայն ծավալ, քան «նախնական մասնագիտական կրթություն ստանալ» ձևակերպումը, քանի որ ներառում է նաև բարձրագույն մասնագիտական և միջին մասնագիտական կրթություն ստանալը:
Հետևաբար, «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին կետով անհրաժեշտ է նախատեսել, որ ոստիկանությունում ծառայության 5 տարվա ժամկետը վերաբերում է բարձրագույն մասնագիտական և միջին մասնագիտական կրթություն ստացած ծառայողներին, իսկ երկու տարվա ժամկետը՝ նախնական մասնագիտական կրթություն ստացած և վերապատրաստում անցած ծառայողներին:
4. «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետի «ծառայությունից ազատվել է սույն օրենքի 46-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով սահմանված դեպքում» ձևակերպման մեջ առկա է ներքին հակասություն:
Մասնավորապես, «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետը վերաբերում է հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում ծառայողին ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնից ազատմանը, եթե ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ: Սակայն ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնից ազատված ծառայողը ինքնաբերաբար չի ազատվում նաև ոստիկանությունում ծառայությունից, այլ օրենքի 49-րդ հոդվածի հիման վրա գրանցվում է ոստիկանության կադրերի ռեզերվում:
Հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում ծառայողը ոստիկանությունում ծառայությունից կարող է ազատվել օրենքի ոչ թե 46-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի, այլ՝ 45-րդ հոդվածի առաջին մասի 2.1-ին կետի հիման վրա (հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե ոստիկանության ծառայողը գրավոր հրաժարվում է այլ պաշտոնի նշանակվելուց):
Հետևաբար, «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ կետում անհրաժեշտ է նշել օրենքի ոչ թե 46-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետը, այլ՝ 45-րդ հոդվածի առաջին մասի 2.1-ին կետը:
5. «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի երկրորդ մասում անհրաժեշտ է որպես ուսման (վերապատրաստման) ծախսերը չփոխհատուցելու հիմքեր նախատեսել նաև ծառայողին ոստիկանությունում ծառայությունից ազատելու հետևյալ երկու հիմքերը՝
1) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում վեց ամսից ավելի ծառայության չներկայանալը` չհաշված հղիության, ծննդաբերության և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդը
2) ծառայողի մահը:
Մասնավորապես, «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի երկրորդ մասի գործող խմբագրությամբ նախատեսված են ուսման (վերապատրաստման) ծախսերի չփոխհատուցման հետևյալ հիմքերը՝
1) անձը ոստիկանության ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո ոստիկանությունում ծառայել է ոչ պակաս, քան հինգ տարի, կամ նախնական մասնագիտական կրթություն ստանալուց կամ վերապատրաստումը անցնելուց հետո` ոչ պակաս, քան երկու տարի,
2) անձը ծառայությունից ազատվել է սույն օրենքի 46-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով սահմանված դեպքում,
3) անձը ծառայությունից ազատվել է հիվանդության պատճառով,
4) անձը ծառայությունից ազատվել է անձնական նախաձեռնությամբ` պայմանավորված ընտանիքի հաշմանդամ անդամի խնամքով:
«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 10-րդ կետով նախատեսված՝ ոստիկանությունում ծառայությունից ազատելու հիմքը (ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում վեց ամսից ավելի ծառայության չներկայանալու դեպքում` չհաշված հղիության, ծննդաբերության և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդը) իր բովանդակությամբ համարժեք է նույն հոդվածի առաջին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքին (հիվանդության պատճառով` ծառայությանը ոչ պիտանի լինելու մասին ոստիկանության բժշկական հանձնաժողովի որոշման հիման վրա (խաղաղ ժամանակ` ծառայությանը ոչ պիտանի, իսկ պատերազմի ժամանակ` երկրորդ աստիճանի սահմանափակ պիտանի ճանաչվելու դեպքում): Մասնավորապես, ոստիկանությունում ծառայությունից ազատելու նշված երկու հիմքերն էլ կապված են ծառայողի առողջական վիճակով պայմանավորված՝ ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու օբյեկտիվ անհնարինության հետ և, որպես կանոն, առաջանում են անձի կամքից անկախ հանգամանքներում: Եվ եթե հիվանդության պատճառով ոստիկանությունում ծառայությունից ազատվելը օրենքով համարվում է ուսման (վերապատրաստման) ծախսերը չփոխհատուցելու հիմք, ապա այդպիսին պետք է համարվի նաև հիվանդությանը համարժեք՝ ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում վեց ամսից ավելի ծառայության չներկայանալու պատճառով ոստիկանությունում ծառայությունից ազատվելը:
Տարատեսակ մեկնաբանություններից խուսափելու նպատակով անհրաժեշտ է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի երկրորդ մասում սահմանել նաև, որ ծառայողի մահվան դեպքում նրան ծառայությունից ազատելիս ուսման (վերապատրաստման) ծախսերի փոխհատուցման պարտականություն չի առաջանում (օրինակ՝ ծառայողի ժառանգնգերի համար):

2. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

3. Առաջարկվող կարգավորման բնույթը

Ոստիկանությունից ծառայությունից ազատելու բոլոր հնարավոր հիմքերի վերաբերությամբ ուսման (վերապատրաստման) ծախսերի փոխհատուցման կամ չփոխհատուցման հարցի հստակ լուծումն ապահովելու նպատակով Նախագծով առաջարվում է օրենսդրական կարգավորումն իրականացնել ընդհանուր կանոնի սահմանման և դրանից բացառություններ նախատեսելու միջոցով:
Մասնավորապես, առաջարկվում է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի առաջին մասում սահմանել ընդհանուր կանոնը, համաձայն որի՝ ոստիկանության ծառայողը և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողը, այդ թվում` ուսումնական այլ հաստատություններ գործուղվածը ոստիկանությունում ծառայությունից ազատվելու դեպքում պարտավոր է փոխհատուցել իր` Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետության համապատասխան ուսումնական հաստատություններում ուսման, վերապատրաստման համար պետության կողմից կատարված ծախսերը, բացառությամբ հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերի, իսկ հոդվածի երկրորդ մասով սպառիչ թվարկել այն բացառությունները, որոնց դեպքում ոստիկանության ծառայողը չի փոխհատուցում ուսման (վերապատրաստման) ծախսերը: Այդ դեպքում ոստիկանությունում ծառայությունից ազատելու այն հիմքերը, որոնք նշված չեն լինի բացառությունների մեջ, ինքնաբերաբար կընկնեն ընդհանուր կանոնի գործողության տակ:
Ընդ որում, առաջարկվող կարգավորման համաձայն, անբավարար առաջադիմության պատճառով ոստիկանության ուսումնական հաստատությունից ազատվելը չի համարվում ուսման (վերապատրաստման) ծախսերը փոխհատուցելու պարտականությունից ազատվելու հիմք:
Դրա հետ մեկտեղ, առաջարկվող օրենսդրական կարգավորմամբ հստակեցվում են «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի գործող խմբագրության որոշ ձևակերպումներ, ապահովվում է միատեսակ տարմինաբանությունն ու վերացվում է ներքին հակասությունը: Մասնավորապես, «ոստիկանության ուսումնական հաստատությունն ավարտել ձևակերպումը փոխարինվում է «բարձրագույն մասնագիտական կամ միջին մասնագիտական կրթություն ստանալ ձևակերպմամբ, ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնից ազատմանը վերաբերող՝ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի մասին նշումը փոխարինվում է ոստիկանությունում ծառայությունից ազատմանը վերաբերող՝ 45-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-ին կետի մասին նշումով:
Բացի այդ, առաջարկվող կարգավորմամբ ուսման (վերապատրաստման) ծախսերը չփոխհատուցելու հիմքերի ցանկը լրացվում է ևս երկու հիմքով՝ ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում վեց ամսից ավելի ծառայության չներկայանալու պատճառով (չհաշված հղիության, ծննդաբերության և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդը) ծառայությունից ազատումը և ծառայողի մահվան դեպքում ծառայությունից ազատումը:
Ժամանակի մեջ օրենքի գործողության և դրա հետադարձ ուժի հետ կապված հնարավոր խնդիրների միանշանակ լուծումն ապահովելու նպատակով Նախագծով սահմանվում է, որ օրենքը տարածվում է ուժի մեջ մտնելուց հետո ոստիկանության ուսումնական հաստատության սովորողի կարգավիճակ ձեռք բերած անձանց, այդ թվում՝ ուսումնական այլ հաստատություններ գործուղված անձանց և ոստիկանության ուսումնական հաստատությունում վերապատրաստում սկսած ոստիկանության ծառայողների վրա:


4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնելու:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում են հետևյալ արդյունքները՝
1) ուսման (վերապատրաստման) ծախսերի փոխհատուցման կամ չփոխհատուցման հարցի հստակ օրենսդրական կարգավորումը ոստիկանությունում ծառայությունից ազատելու ցանկացած հիմքի դեպքում,
2) անբավարար առաջադիմության պատճառով ոստիկանության ուսումնական հաստատությունից ազատվելը որպես ուսման (վերապատրաստման) ծախսերը փոխհատուցելու պարտականությունից ազատվելու հիմք օրենսդրորեն չդիտարկելը,
3) «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածում առկա որոշ ձևակերպումների հստակեցումն ու միատեսակ տերմինաբանության ապահովումը, ինչպես նաև ներքին հակասության վերացումը,
4) ուսման (վերապատրաստման) ծախսերը չփոխհատուցելու հիմքերի ցանկի ընդլայնումը՝ երկու նոր հիմք նախատեսելու միջոցով (ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում վեց ամսից ավելի ծառայության չներկայանալու պատճառով (չհաշված հղիության, ծննդաբերության և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդը) ծառայությունից ազատումը և ծառայողի մահվան դեպքում ծառայությունից ազատումը):

 

  • Քննարկվել է

    03.11.2022 - 18.11.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3327

Տպել