Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետև՝ Օրենսգիրք)  85-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4-րդ մասով.

«4.Կնքված աշխատանքային պայմանագրերը, ինչպես նաև դրանց անբաժանելի մաս հանդիսացող փաստաթղթերի օրինակները մուտքագրվում են աշխատանքային պայմանագրերի և աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի հաշվառման և աշխատանքային պայմանագրերի կնքման էլեկտրոնային հարթակ՝ սույն օրենսգրքի 102.1-ին հոդվածով սահմանված կարգով:»:

 

Հոդված 2Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 13.1-ին գլխով.

 

«Գ Լ ՈՒ Խ 13.1

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԸ

Հոդված 102.1.

Աշխատանքային պայմանագրերի և աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի հաշվառման և աշխատանքային պայմանագրերի կնքման էլեկտրոնային հարթակը ու հարթակի կիրառման սկզբունքները

   1. Աշխատանքային պայմանագրերի և աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի հաշվառման և աշխատանքային պայմանագրերի կնքման էլեկտրոնային հարթակը (այսուհետև՝ էլեկտրոնային հարթակ) տեղեկատվության և ենթակառուցվածքների ամբողջություն է, որն ապահովում է՝

  1) գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող յուրաքանչյուր աշխատողի՝ աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի, ինչպես նաև դրանց անբաժանելի մաս հանդիսացող փաստաթղթերի օրինակների և դրանց վերաբերյալ տվյալների մուտքագրումը և օգտագործումը.

  2) կողմերի էլեկտրոնային ստորագրությամբ աշխատանքային պայմանագրերի կնքումը.

  3) աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ պատշաճ պետական վերահսկողության իրականացումը:

   2. Էլեկտրոնային հարթակի կիրառման հիմնական սկզբունքներն են՝

   1) աշխատողի և գործատուի աշխատանքային հարաբերությունների թափանցիկության ապահովումը.

   2) աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ մոնիթորինգի արդյունավետության զարգացումը.

   3) էլեկտրոնային հարթակից սույն օրենսգրքով սահմանված կարգով օգտվելու իրավասություն ունեցող անձանց համար՝ էլեկտրոնային հարթակում առկա տվյալների և իրենց լիազորությունների շրջանակներում իրազեկման ենթակա տեղեկատվության ցանկացած պահի հասանելիությունը.

   4) անձնական տվյալներ պարունակող տեղեկությունների գաղտնիության ապահովումը:

   3. Էլեկտրոնային հարթակի կառավարումն իրականացնում է աշխատանքի պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող պետական կառավարման համակարգի մարմինը:

   4. Տեսչական մարմնին տրվում է էլեկտրոնային հարթակի տվյալներին հասանելիություն` սույն օրենսգրքի 33-րդ և (կամ) 262-րդ հոդվածներով նախատեսված վերահսկողությունը իրականացնելու նպատակով: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ մարմիններին կարող է տրվել էլեկտրոնային հարթակի տվյալներին հասանելիություն այն ծավալով, որը անհրաժեշտ է տվյալ մարմնին օրենքով վերապահված լիազորությունները իրականացնելու համար:

   5. Էլեկտրոնային հարթակում գործատուին և աշխատողին տրվում է էլեկտրոնային տեղեկատվության հասանելիության պատուհան (անձնական էջ): Մինչև տասնչորս տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների ծագման դեպքում` էլեկտրոնային տեղեկատվության հասանելիությունը տրվում է ծնողներից մեկին կամ որդեգրողին կամ խնամակալին, ով ստորագրել է աշխատանքային պայմանագիրը:

   6. Գործատուն էլեկտրոնային հարթակում մուտքագրում է իր հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող յուրաքանչյուր աշխատողի՝ աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի (առկայության դեպքում նաև համապատասխան պաշտոնի անձնագրի կամ նկարագրի (աշխատատեղի նկարագրի)), ինչպես նաև դրանց անբաժանելի մաս հանդիսացող փաստաթղթերի օրինակները, որտեղ ներառվում են աշխատողի մասին անհատական տեղեկություններ, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերի:

   7. Պետական մարմիններում առանձին պաշտոնների վերաբերյալ տեղեկությունների հրապարակման սահմանափակումներով պայմանավորված, ինչպես նաև եթե աշխատողի աշխատանքային պայմանագրում կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում և դրանց անբաժանելի մաս հանդիսացող փաստաթղթերում ներառվելիք` անձին վերաբերող տեղեկությունները օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկություն, ապա Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են սահմանվել տվյալ տեղեկությունները էլեկտրոնային հարթակ մուտքագրելու առանձնահատկություններ և (կամ) բացառություններ:

   8. Էլեկտրոնային հարթակի միջոցով աշխատանքային պայմանագիրը կնքվում է սույն օրենսգրքի 85-րդ հոդվածով սահմանված՝ կողմերի էլեկտրոնային ստորագրությամբ աշխատանքային պայմանագրի կնքման դրույթներին համապատասխան, իսկ աշխատանքային պայմանագրի օրինակը էլեկտրոնային հարթակի տվյալների բազա է մուտքագրվում ինքնաշխատ եղանակով:

   9. Աշխատանքի ընդունվելիս գործատուն պարտավոր է տեղեկացնել աշխատողին, իսկ մինչև տասնչորս տարեկան աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում՝ ծնողներից մեկին կամ որդեգրողին կամ խնամակալին, որ աշխատանքային պայմանագիրը կնքվում է էլեկտրոնային հարթակի միջոցով և էլեկտրոնային պայմանագրի օրինակը էլեկտրոնային հարթակի տվյալների բազա է մուտքագրվելու ինքնաշխատ եղանակով: Եթե աշխատողը, իսկ մինչև տասնչորս տարեկան աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում՝ ծնողներից մեկը կամ որդեգրողը կամ խնամակալը, չի ցանկանում պայմանագիրը կնքել էլեկտրոնային հարթակի միջոցով, ապա գործատուն պետք է օրենսդրությամբ սահմանված կարգով կնքի աշխատանքային պայմանագիրը կամ ընդունի աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտը և անհրաժեշտ տվյալներն ու աշխատողի մասին անհատական տեղեկությունները մուտքագրի էլեկտրոնային հարթակ:

   10. Գործատուն աշխատողին աշխատանքի ընդունելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչև տվյալ աշխատողի կողմից աշխատանքը փաստացի սկսելու օրվան նախորդող օրվա ավարտը, իսկ աշխատանքի ընդունելու օրն աշխատանքը փաստացի սկսելու դեպքում՝ մինչև աշխատանքի ընդունելու օրվա ժամը 16:00-ը՝ էլեկտրոնային հարթակ է մուտքագրում սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված տվյալներն ու աշխատողի մասին անհատական տեղեկությունները:

   11. Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների անձնական գործերը «Հանրային ծառայության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով վարելու դեպքում սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված տվյալները էլեկտրոնային հարթակ են մուտքագրվում համապատասխան աշխատակցի անձնական գործի ձևավորվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ անձնական գործից տվյալները էլեկտրոնային հարթակի տվյալների բազա փոխանցելու միջոցով:

   12. Աշխատանքային պայմանագրում կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում, ինչպես նաև դրանց անբաժանելի մաս հանդիսացող փաստաթղթերում ներառված պայմանների, էլեկտրոնային հարթակում ներառման ենթակա աշխատողի մասին անհատական տեղեկությունների փոփոխության կամ աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում գործատուն պարտավոր է մեկ աշխատանքային օրվա ընթացքում ապահովել տվյալների թարմացումը (տեղեկությունների մուտքագրումը) էլեկտրոնային հարթակում:

   13. Էլեկտրոնային հարթակին ներկայացվող տեխնիկական պահանջները, վարման կարգը, տվյալների ու աշխատողի մասին անհատակ տեղեկությունների մուտքագրման և օգտագործման առանձնահատկություններն ու բացառությունները, էլեկտրոնային հարթակի տվյալներին հասանելիություն ունեցող մարմինների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

 

Հոդված 3. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից:
  2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, տարածքային կառավարման մարմինների, պետական գործառույթներով օժտված իրավաբանական անձանց, պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և ինքնավար մարմինների (գործատուների) համար՝ 2023 թվականի հուլիսի 1-ից, իսկ այլ մարմինների (գործատուների) համար՝ անկախ նրանց կազմակերպական-իրավական և սեփականության ձևից՝ 2025 թվականի հունվարի 1-ից:
  3. Գործատուն էլեկտրոնային հարթակում մուտքագրում է սույն օրենքի գործողությունը իր վրա տարածվելու պահի դրությամբ իր հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող յուրաքանչյուր աշխատողի՝ աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի (առկայության դեպքում նաև համապատասխան պաշտոնի անձնագրի կամ նկարագրի (աշխատատեղինկարագրի)), ինչպես նաև դրանց անբաժանելի մաս հանդիսացող փաստաթղթերի օրինակները և աշխատողի մասին անհատական տեղեկությունները սույն հոդվածի 2-րդ մասում սահմանված ժամկետները լրանալուց հետո՝ վեցամսյա ժամկետում:

4.Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված` համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ընդունվելուց հետո`  երեք ամսվա ընթացքում:

 

 

   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՆԱԽԱԳԱՀ                                                                   Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

   2022թ․—————    

   Երևան

  • Քննարկվել է

    01.11.2022 - 17.11.2022

  • Տեսակ

    Օրենսգիրք

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4102

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

17.11.2022

Նախագծի 102.1-ին հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ պետական մարմիններում առանձին պաշտոնների վերաբերյալ տեղեկությունների հրապարակման սահմանափակումներով պայմանավորված, ինչպես նաև եթե աշխատողի աշխատանքային պայմանագրում կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտում և դրանց անբաժանելի մաս հանդիսացող փաստաթղթերում ներառվելիք` անձին վերաբերող տեղեկությունները օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկություն, ապա Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են սահմանվել տվյալ տեղեկությունները էլեկտրոնային հարթակ մուտքագրելու առանձնահատկություններ և (կամ) բացառություններ: Նախագծի 102.1-ին հոդվածի 7-րդ մասի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ առաջարկվող կարգավորումը խախտում է խտրականության արգելքի սկզբունքը և հակասում է ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային-իրավական տարբեր փաստաթղթեով երաշխավորված օրենքի առջև ընդհանուր հավասարությանը. «Մարդու իրավունքների համընդհանուր» հռչակագրի 7-րդ հոդվածի համաձայն՝ օրենքի առաջ բոլոր մարդիկ հավասար են և առանց որևէ խտրության ունեն օրենքի հավասար պաշտպանության իրավունք: Բոլոր մարդիկ ունեն սույն Հռչակագիրը խախտող որևէ խտրականությունից և նման խտրականության սադրանքից պաշտպանվելու հավասար իրավունք: «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» 26-րդ հոդվածի համաձայն՝ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ և, առանց որևէ խտրականության, ունեն օրենքի հավասար պաշտպանության իրավունք; այդ առնչությամբ որևէ կարգի խտրականություն պետք է արգելվի օրենքով, և օրենքը բոլոր անձանց համար պետք է երաշխավորի հավասար և արդյունավետ պաշտպանություն խտրականությունից, ըստ որևէ հատկանիշի, այն է` ըստ ռասայի, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլ համոզմունքների, ազգային կամ սոցիալական ծագման, գույքային վիճակի, ծննդի կամ այլ հանգամանքի: «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիային կից թիվ 12 արձանագրությունն ամրագրում է օրենքի առջև բոլորի հավասարության և օրենքով հավասար պաշտպանության սկզբունքը։ Արձանագրությունը հիմնվում է մարդու իրավունքների այն հիմնարար սկզբունքի վրա, ըստ որի` բոլորը հավասար են օրենքի առջև և օրենքով հավասար պաշտպանության իրավունք ունեն: Օրենքի առջևի բոլորի հավասարության և խտրականության արգելքի սկզբունքն իր ամրագրումն է ստացել նաև ներպետական օրենսդրությամբ։ ՀՀ Սահմանադրության 28-րդ հոդվածով երաշխավորվում է բոլորի հավասարությունն օրենքի առջև, իսկ 29-րդ հոդվածը սահմանում է խտրականության արգելքը, ըստ որի՝ խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է: ՀՀ Սահմանադրական դատարանը, անդրադառնալով օրենքի առջև հավասարության սկզբունքին, իր՝ 2010 թ. մայիսի 4-ի ՍԴՈ-881 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ «...օրենքի առջև բոլորի հավասարության սահմանադրական սկզբունքը ենթադրում է օրենքի առջև հավասար պատասխանատվության, պատասխանատվության անխուսափելիության և իրավական պաշտպանության հավասար պայմանների ապահովում, և չի առնչվում իրավական տարբեր կարգավիճակ ունեցող սուբյեկտների համար որևէ իրավաչափ նպատակով պայմանավորված նախադրյալներ (...) կամ իրավունքի տվյալ կատեգորիայի սուբյեկտների համար լրացուցիչ պարտականություններ սահմանելուն»։ Հիշյալ սահմանադրական սկզբունքը կարող է խաթարվել միայն հավասար իրավական կարգավիճակ ունեցող և հավասար իրավական դաշտում գործող սուբյեկտների նկատմամբ իրավաստեղծ և իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում տարբերակված մոտեցում ցուցաբերելու դեպքում, որը կարտահայտվի նրանցից մեկին կամ մի քանիսին որևէ ողջամիտ իրավական հիմնավորում չունեցող արտոնության կամ բարենպաստ վերաբերմունքի տրամադրմամբ» (22.02.2021թ. ՍԴՈ-1577 որոշում): Նախագծի 102.1-ին հոդվածի 7-րդ մասով առաջարկվող կարգավորումը դիտարկելով օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի շրջանակներում՝ գտնում ենք, որ տվյալ դեպքում Նախագծով նույն խմբի անձանց համար սահմանվում է իրավունքի սահմանափակումների ծագման տարբեր պայմաններ։ Մասնավորապես, քննարկվող կարգավորման դեպքում նույն իրավական դաշտում գործող սուբյեկտների նկատմամբ Նախագծով առաջարկվում է դրսևորել տարբերակված մոտեցում, այն է՝ պետական մարմիններում աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող անձանց տրվում է արտոնութուն, սակայն Նախագծով որևէ ողջամիտ իրավական հիմնավորում չի ներկայացվում պետական մարմինների աշխատակիցներին նման բարենպաստ պայման տրամադրելու անհրաժեշտ հիմքերի վերաբերյալ, մինչդեռ օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքին հակասում է ցանկացած այնպիսի դրսևորում, որի դեպքում առաջանում է որոշ մարդկանց այլ մարդկանցից տարբերակելու հիմք, ինչն էլ նշանակում է, որ ստեղծվում են իրավունքների և ազատությունների իրացման տարբեր հնարավորություններ, որն էլ բերում է օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքի խախտմանը։ Ի լրումն վերոգրյալի, Նախագծով առաջարկվող կարգավորումը խնդրահարույց է նաև աշխատանքային իրավունքների պաշտպանության բնագավառում պետության կողմից ստանձնած պարտավորությունների շրջանակներում։ Մասնավորապես, «Աշխատանքի և զբաղվածության բնագավառում խտրականության մասին» Ժնևի կոնվենցիայի 2-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր անդամ, որի համար սույն Կոնվենցիան ուժի մեջ է, պարտավորվում է, ազգային պայմաններին ու պրակտիկային համապատասխանող մեթոդներով, սահմանել և վարել աշխատանքի և զբաղվածության բնագավառում հնարավորության ու վերաբերմունքի հավասարության խրախուսմանն ուղղած ազգային քաղաքականություն՝ այդ բնագավառում ցանկացած խտրականություն վերացնելու նպատակով, իսկ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3.1-ին հոդվածի 1-ին մասն ամրագրում է, որ աշխատանքային օրենսդրությամբ խտրականությունն արգելվում է: Ամփոփելով վերոգրյալը, գտնում ենք, որ Նախագծի 102.1-ին հոդվածի 7-րդ մասով առաջարկվող կարգավորմամբ խաթարվում են օրենքի առջև ընդհանուր հավասարության ու խտրականության արգելքի սկզբունքները, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածով սահմանված աշխատողների իրավունքների և հնարավորությունների հավասարության սկզբունքը։ Առաջարկվող կարգավորմամբ չի ապահովվում իրավունքի գերակայության սկզբունքը, քանի որ նույն իրավական կարգավիճակում գտնվող աշխատող անձանց համար չի ապահովում նույն իրավունքներն ու ազատություններն՝ առանց որևէ խտրականության։ Հիմք ընդունելով վերը նշվածը, առաջարկում ենք Նախագծի 102.1-ին հոդվածից հանել 7-րդ մասը։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

17.11.2022

Միևնույն ժամանակ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 81 հոդվածով, ի թիվս այլ իրավունքների, սահմանվում է նաև անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքը, այն է՝ յուրաքանչյուր ոք ունի իր անձնական ու ընտանեկան կյանքի, բնակարանի և նամակագրության նկատմամբ հարգանքի իրավունք, իսկ պայմանները, որոնց հիմքով պետությունը կարող է միջամտել երաշխավորված իրավունքի իրացմանը, սահմանված են 8-րդ հոդվածի 2-րդ մասով՝ չի թույլատրվում պետական մարմինների միջամտությունն այդ իրավունքի իրականացմանը, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախատեսված է օրենքով և անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, հասարակական կարգի կամ երկրի տնտեսական բարեկեցության, ինչպես նաև անկարգությունների կամ հանցագործությունների կանխման, առողջության կամ բարոյականության պաշտպանության կամ այլ անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով։ Համաձայն ՄԻԵԴ նախադեպային իրավունքի՝ 8-րդ հոդվածով պետության համար սահմանված ընթացակարգային պարտավորությունները հատկապես կարևոր են անդամ պետությանը վերապահված թույլատրելի հայեցողության շրջանակը որոշելիս: Դատարանի վերլուծությունը հիմնված է հետևյալ նկատառումների վրա. ամեն անգամ, երբ ներպետական իրավասու մարմիններին տրվում է թույլատրելի հայեցողության այնպիսի շրջանակ, որի շնորհիվ հնարավոր է միջամտել Կոնվենցիայով պաշտպանված որևէ իրավունքի իրացմանը, անհատին հասանելի ընթացակարգային երաշխիքները հատկապես կարևոր են որոշելու համար, թե արդյո՞ք պատասխանող պետությունն իր նորմատիվային դաշտն ամրագրելիս գործել է իրեն վերապահված թույլատրելի հայեցողության սահմաններում: Իրականում, կայուն նախադեպային իրավունք է, որ չնայած 8-րդ հոդվածը չի պարունակում ընթացակարգային որևէ բացահայտ պահանջ, հարկավոր է, որ միջամտություն ենթադրող միջոցների հանգեցնող որոշումների կայացման գործընթացը լինի արդար և իրականացվի այնպես, որ պահպանվեն 8-րդ հոդվածով պաշտպանված անհատի շահերը «Բաքլին ընդդեմ Միացյալ Թագավորության», § 76, https://hudoc.echr.coe.int/fre#{%22itemid%22:[%22001-62635%22]} «ՏանդաՄիզունգան ընդդեմ Ֆրանսիայի», § 68, https://hudoc.echr.coe.int/fre#{%22itemid%22:[%22001-145653%22]} : Դրա համար, մասնավորապես, պահանջվում է դիմումատուի մասնակցությունն այդ գործընթացին «Լազորիվան ընդդեմ Ուկրաինայի», § 63, https://hudoc.echr.coe.int/eng#{%22itemid%22:[%22001-182223%22]}։ Ուսումնասիրելով Նախագիծը տեսնում ենք, որ 102.1-ին հոդվածի 4-րդ մասով առաջարկվող կարգավորման (ՀՀ կառավարության որոշմամբ այլ մարմիններին կարող է տրվել էլեկտրոնային հարթակի տվյալներին հասանելիություն այն ծավալով, որը անհրաժեշտ է տվյալ մարմնին օրենքով վերապահված լիազորությունները իրականացնելու համար) հայեցողության շրջանակը որևէ կերպ բացահայտված չէ, ավելին, այս մասին որևէ խոսք չկա անգամ Նախագծի «Հիմնավորումներ» բաժնում։ Մինչդեռ, անձնական բնույթի տվյալների պաշտպանությունը հիմնարար նշանակություն ունի Կոնվենցիայի 8-րդ հոդվածով նախատեսված անձնական և ընտանեկան կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի իրացման համար («Սատակունան Մարկինապորսի Օյը և Սատամեդիա Օյն ընդդեմ Ֆինլանդիայի», § 133, https://hudoc.echr.coe.int/fre#{%22itemid%22:[%22001-175121%22]} ), հետևաբար, Նախագծով պետք է նախատեսվեն պատշաճ երաշխիքներ, որոնք կոչված կլինեն կանխելու անձնական բնույթի տվյալների ցանկացած օգտագործում, որը չի համապատասխանի այս հոդվածով նախատեսված երաշխիքներին «Զ.-ն ընդդեմ Ֆինլանդիայի», § 95, https://hudoc.echr.coe.int/fre#{%22itemid%22:[%22001-58033%22]} ։ Ըստ ՄԻԵԴ-ի, նման երաշխիքներ ունենալու անհրաժեշտությունն ավելին է, երբ անձնական տվյալների պաշտպանությունն անցնում է ավտոմատացված մշակում, հատկապես, երբ այդ տվյալներն օգտագործվում են ոստիկանական նպատակներով «Ս.-ն և Մարփերն ընդդեմ Միացյալ Թագավորության», § 103, https://hudoc.echr.coe.int/fre#{%22itemid%22:[%22001-90051%22]} : Ներպետական օրենսդրությամբ անհրաժեշտ է երաշխավորել, որ այդ տվյալները լինեն վերաբերելի և արդյունավետորեն պաշտպանվեն ոչ պատշաճ օգտագործումիցև չարաշահումից «Գարդելն ընդդեմ Ֆրանսիայի», § 62, https://hudoc.echr.coe.int/fre#{%22itemid%22:[%22001-96369%22]}։ Նախագծով առաջարկվող կարգավորումները վերլուծելով ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի լույսի ներքո՝ արձանագրում ենք, որ քննարկվող կարգավորումներով բավարար հստակությամբ ամրագրված չեն պետական մարմիններին վերապահված հայեցողության շրջանակը և դրա իրականացման պայմանները, աշխատողի մասնակցությունն այդ գործընթացին, հետևաբար՝ աշխատող անձանց համար երաշխավորված չէ պաշտպանության այն նվազագույն մակարդակը, որի իրավունքը, համաձայն իրավունքի գերակայության, վերջիններս ունեն ժողովրդավարական հասարակությունում։ Հաշվի առնելով վերը նշվածը, առաջարկում ենք Նախագծի 102.1-ին հոդվածի 4-րդ մասից հանել 2-րդ նախադասությունը, իսկ 13-րդ մասից՝ «…էլեկտրոնային հարթակի տվյալներին հասանելիություն ունեցող մարմինների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» հատվածը և կարգավորումները համապատասխանեցնել Կոնվենցիայի 81 հոդվածին և դրա վերաբերյալ ՄԻԵԴ-ի կողմից արտահայտված դիրքորոշումներին՝ ապահովելով աշխատող անձի մասնակցությունը նշված գործընթացին։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

17.11.2022

ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից մշակվել և հանրային քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ), որով առաջարկվում է ներդնել աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային համակարգ (հարթակ)։ 1. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է ՀՀ աշխատանքային օրենսգիրքը (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) լրացնել նոր 13.1-ին գլխով և 102.1-ին հոդվածով։ Համաձայն նշված հոդվածի 2-րդ մասի՝ էլեկտրոնային հարթակի կիրառման հիմնական սկզբունքներն են՝ 3) էլեկտրոնային հարթակից սույն օրենսգրքով սահմանված կարգով օգտվելու իրավասություն ունեցող անձանց համար՝ էլեկտրոնային հարթակում առկա տվյալների և իրենց լիազորությունների շրջանակներում իրազեկման ենթակա տեղեկատվության ցանկացած պահի հասանելիությունը։ Նույն հոդվածի 4-րդ մասով սահմանվում է, որ «(…) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ մարմիններին կարող է տրվել էլեկտրոնային հարթակի տվյալներին հասանելիություն այն ծավալով, որը անհրաժեշտ է տվյալ մարմնին օրենքով վերապահված լիազորությունները իրականացնելու համար», իսկ նույն հոդվածի 13-րդ մասի համաձայն՝ «…էլեկտրոնային հարթակի տվյալներին հասանելիություն ունեցող մարմինների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»։ Մեջբերված իրավակարգավորումների վերլուծությունը ցույց է տալիս, որ էլեկտրոնային հարթակում աշխատողի վերաբերյալ ներառված տվյալներին (այդ թվում՝ անհատական) բացի ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից, ցանկացած պահի հասանելիություն են ունենալու նաև պետական այլ մարմիններ, ընդ որում՝ Նախագծով բացահայտված չեն, թե որո՞նք են այդ պետական մարմինները, ի՞նչ ծավալի տեղեկատվության կարող են հասանելիություն ունենալ և ի՞նչ նպատակով։ Հատկանշական է, որ թեև Նախագծի 102.1-ին հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը սահմանում է, որ էլեկտրոնային հարթակից օգտվելու կարգը պետք է սահմանվի Օրենսգրքով, սակայն Նախագծի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նման գործառույթը վերապահվում է ՀՀ կառավարությանը։ Գտնում ենք, որ առաջարկվող կարգավորումը խնդրահարույց է համաչափության սկզբունքի համատեքստում և չի համապատասխանում օրենքի կանխատեսելիության և իրավական որոշակիության սկզբունքներին. Համաձայն ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածի՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը: ՀՀ Սահմանադրական դատարանը 4 մայիսի 2021 թ. թիվ ՍԴՈ-1592 որոշմամբ փաստել է, որ «…որևէ հիմնական իրավունքի սահմանափակում հնարավոր է միայն օրենքով, և տվյալ դեպքում օրենքով հիմնական իրավունքի սահմանափակումներին վերաբերող պահանջներն են. 1) սահմանափակման նպատակի իրավաչափությունը, այն է` Սահմանադրությամբ սահմանված լինելը. 2) սահմանափակման համար ընտրված միջոցների` ա) պիտանիությունը` Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար. բ) անհրաժեշտությունը` Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար. գ) համարժեքությունը սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ ՄԻԵԴ), իր վճիռներում անդրադառնալով համաչափության սկզբունքին, նշել է, որ «Համաչափության սկզբունքն իրենից ներկայացնում է «արդարացի հավասարակշռության որոնում հասարակության շահերով թելադրված պահանջների և անձի հիմնական իրավունքների պաշտպանության պահանջների միջև» (CASE OF SOERING V. THE UNITED KINGDOM, գանգատ թիվ 14038/88, 07.07.1989 թ. վճիռ): ՄԻԵԴ-ը կարևորել է հետապնդվող նպատակի և կիրառվող միջոցի միջև համաչափության պահպանման հարցը, (CASE OF PRESSOS COMPANIA NAVIERA S.A. AND OTHERS V. BELGIUM, գանգատ թիվ 17849/91, 20.11.1995 թ. վճիռ 38) արտահայտելով դիրքորոշում այն մասին, որ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները պետք է համաչափ լինեն հանգամանքներին, որպեսզի չոտնահարվեն սահմանադրական արժեքները (CASE OF GRIGORIADES V. GREECE, գանգատ թիվ 121/1996/740/939, 25.11.1997 թ. վճիռ ): Հարկ է նշել, որ Նախագծով առաջարկվող կարգավորումը (Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ մարմիններին կարող է տրվել էլեկտրոնային հարթակի տվյալներին հասանելիություն այն ծավալով, որը անհրաժեշտ է տվյալ մարմնին օրենքով վերապահված լիազորությունները իրականացնելու համար) խնդրահարույց է նաև իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից։ Մասնավորապես, Նախագծում տեղ գտած հիշյալ կարգավորումը ձևակերպված չէ բավարար ճշգրտությամբ և աշխատող անձին հնարավորություն չի ընձեռում կանխատեսելու այն իրավական հետևանքները, որոնք կարող են առաջանալ էլեկտրոնային հարթակում իրենց վերաբերյալ առկա տվյալներին պետական մարմինների կողմից հասանելիություն ստանալուց հետո։ ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված իրավական պետության կարևորագույն հատկանիշներից է իրավունքի գերակայությունը, որի ապահովման գլխավոր պահանջներից են իրավական որոշակիության սկզբունքը, իրավահարաբերությունների կարգավորումը բացառապես այնպիսի օրենքներով, որոնք համապատասխանում են որակական որոշակի հատկանիշների` հստակ են, կանխատեսելի, մատչելի (3 մայիսի 2016 թ. ՍԴՈ-1270 որոշում)։ Oրենքը պետք է համապատասխանի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներում արտահայտված այն իրավական դիրքորոշմանը, համաձայն որի՝ որևէ իրավական նորմ չի կարող համարվել «օրենք», եթե այն չի համապատասխանում իրավական որոշակիության (res judicata) սկզբունքին, այսինքն՝ ձևակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, որը թույլ տա քաղաքացուն դրա հետ համատեղելու իր վարքագիծը (18 ապրիլի 2006 թ. ՍԴՈ-630 որոշում)։ Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ: Անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքին` Սահմանադրական դատարանն իր որոշումներում արտահայտել է իրավական դիրքորոշումներ այն մասին, որ օրենքը պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու՝ թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում (13 մայիսի 2008 թ. ՍԴՈ-753 որոշում), օրենսդրության մեջ օգտագործվող հասկացությունները պետք է լինեն հստակ, որոշակի և չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության (ՍԴՈ-1176) ։ Ամփոփելով վերոգրյալը գտնում ենք, որ Նախագծի 102.1-ին հոդվածի 4-րդ մասով նախատեսված սահմանափակումները անհրաժեշտ և համաչափ չեն հետապնդվող նպատակին՝ աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային համակարգի ներդրմանը, համաչափ չեն և չեն բխում ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային օրենսդրության կարգավորումներից։ Նախագծով առաջարկվող կարգավորմամբ հստակ չէ, թե ի՞նչ հետևանքներ կառաջանան տվյալ իրավակարգավորման կիրառման արդյունքում, ուստի նման պայմաններում անձը զրկվում է իր վարքագծի իրավական հետևանքները կանխատեսելու հնարավորությունից, ինչը չի բխում օրենքի կանխատեսելիության և որոշակիության սկզբունքներից։

Տեսնել ավելին