Հիշել նախագիծը

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 ՆԱԽԱԳԻԾ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«    » _________________ 2022 թվականի       N… -Լ

 

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

            Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 749-Լ որոշման 9-րդ գլխի 1.2 ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել`

  1. Գյուղատնտեսության ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության հայեցակարգը` համաձայն  հավելված 1-ի:
  2. Գյուղատնտեսության ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելված 2-ի:
  3. Առաջարկել ՀՀ վարչապետի 2021 թվականի հուլիսի 6-ի N 719-Ա որոշմամբ ստեղծված` Կլիմայի փոփո­խու­թյան մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի և դրա Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթ­ների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդին սույն որոշման հավելված 2-ով նախատեսված միջոցառումների իրակա­նացման ընթացքի վերաբերյալ վեցամսյա պար­բերականությամբ հաշվետվություն ներկայացնել ՀՀ կառավարություն։
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

Հավելված 1

ՀՀ կառավարության 2022 թվականի

«    » ______________   N… -Լ որոշման

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՄԱՐՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ

 

 

Երևան  2022թ.

 

 

 

  1. ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

 

  1. Հայաստանն իր ամբողջ տարածքով և խոցելի էկոհամակարգերով համարվում է կլիմայի փոփոխության նկատմամբ առավել զգայուն երկիր։ Տարեցտարի արձանագրվող օդի ջերմաստիճանի աճը, էքստրեմալ եղանակային երևույթների (երաշտ, ջերմային ալիքներ, ցրտահարություն, կարկտահարություն, ուժեղ քամիներ և այլն) հաճախականության և ինտենսիվության ավելացումը, ինչպես նաև մթնոլորտային տեղումների զգալի նվազումն ակնհայտ բացասական ազդեցություն են թողնում երկրի էկոհամակարգերի, տնտեսության, մարդկանց գործունեության և առողջության վրա։
  2. Ըստ կանխատեսումների առաջիկա 100 տարիների ընթացքում կլիմայի փոփոխության արդյունքում ակնկալվում է ջերմաստիճանի բարձրացում, տեղումների նվազում, երաշտների, տեղատարափ անձրևների ու հեղեղումների, ուժգին քամիների, ինչպես նաև էրոզիոն գործընթացների ուժգնացում:
  3. Կլիմայական պայամանների փոփոխությունները կարող են հիվանդությունների բռնկման և վնասատուների տարածման, ինչպես նաև մոլախոտային բուսականության փոփոխության պատճառ հանդիսանալ:
  4. 1929-2016 թվականների ընթացքում Հայաստանում արձանագրվել է միջին տարեկան ջերմաստիճանի բարձրացում 1.230C-ով: Համաձայն կանխա­տե­սում­ների, մինչև 2040 թվականը միջին տարեկան ջերմաստիճանը հանրապետությու­նում կբարձրանա 1.60C-ով, իսկ մինչև 2100 թվականը՝ 4.70C-ով: Ջերմաստիճանի փոփոխության ազդեցությունն առավել խիստ կարտահայտվի Արարատյան դաշտում:
  5. Կանխատեսվում է, որ մինչև 2040 թվականը տեղումների միջին քանակը կնվազի շուրջ 2.7%-ով, մինչև 2070 թվականը՝ 5.4%-ով, իսկ մինչև 2100 թվականը՝ 8.3%-ով: Տեղումների նշված փոփոխությունները կհանգեցնեն Հայաստանում երաշտի ժամանակա­շրջանների ավելացմանը:
  6. Ակնկալվում է, որ հողի խոնավությունը կնվազի 10-30%-ով, հողի ջրային դեֆիցիտը կավելանա 25-30%-ով: Արդյունքում, ՀՀ նախալեռնային և ստորին լեռնային շրջաններում կնվազեն անջրդի մշակության համար նախատեսված տարածքները:
  7. Կլիմայի փոփոխության հետևանքով Հայաստանում կանխատեսվում է գետերի հոսքի զգալի նվազում: 2011-2040 թվականների ընթացքում հոսքը կնվազի 12%-ով, իսկ 2100 թվականին այդ ցուցանիշը կկազմի մինչև7%: Կանխատեսվում է նաև Սևանալճի ավազանի գետերի ընդհանուր ներհոսքի նվազում շուրջ 34%-ով:
  8. Հանրապետության ցածրադիր գոտիներում գրեթե ամեն տարի դիտվում են երաշտներ, իսկ նախալեռնային գոտում երաշտների կրկնությունը կազմում է մոտ 50%: 2000-2017 թվականների ընթացքում 1961-1990 թվականների համեմատ շուրջ 33 օրով աճել է երաշտների տևողությունը (1961-1990 թվականների ընթացքում երաշտի միջին տևողությունը կազմում էր 87 օր): Վերջին տարիներին երաշտային գոտու վերին սահմանը ընդլայնվել է՝ ընդգրկելով լեռնային շրջանները:
  9. Կանխատեսումների համաձայն, հանրապետության հիմնական գյուղատնտե­սա­կան գոտիներում (Արարատյան հարթավայր, Տավուշի և Սյունիքի հովիտներ) մինչև 2100 թվականը միջին տարեկան ջերմաստիճանը կկազմի 16-180C (1961-1990 թվականների ժամանակահատվածում այն կազմում էր 10-140C), իսկ ամռան ամիսներին միջին ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 270C: Դրան զուգահեռ կդիտվի տեղումների նվազում մոտ 12%-ով:
  10. Գյուղատնտեսության ոլորտը չափազանց զգայուն է կլիմայի փոփոխության նկատմամբ և մեծապես կախված է եղանակային պայմաններից։
  11. Առավել հաճախակի և ինտենսիվ դարձած հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթները (ՀՎԵ), ինչպիսիք են կարկտահարությունը, ուշ գարնանային ցրտահարությունը, վարարումները, սելավները, սողանքները, երաշտն ու խորշակները, ամեն տարի իրենց բացասական հետևանքներն են թողնում գյուղատնտեսության ոլորտի վրա և էապես նպաստում ինչպես արտադրական ծավալների նվազմանը, այնպես էլ՝ գյուղական բնակչության եկամուտների կրճատմանը։
  12. Հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթներից ՀՀ գյուղատնտեսության ոլորտին առավել մեծ վնաս է հասցնում կարկտահարությունը, որի պատճառած վնասը 2014-2017 թվականների ժամանակահատվածի համար գնահատվում է շուրջ 61.2 մլրդ ՀՀ դրամ։ Վերջին տարիներին երաշտից, կարկուտից, հեղեղումներից, ցրտահարություններից և սելավներից գյուղատնտեսությանը հասցված ամենամյա վնասը գնահատվում է շուրջ 15-30 մլրդ ՀՀ դրամ:
  13. ՀՀ տարածքի արտահայտված ուղղաձիգ գոտիականության, լեռնային ռելիեֆի կտրտվածության և չոր, մայրցամաքային կլիմայի պատճառով գյուղատնտեսական արտադրության բուսաբուծության ճյուղը տարբեր ինտենսիվությամբ է ենթարկվում բնական ռիսկերի բացասական ազդեցությանը։ Ազդեցության աստիճանը խիստ փոփոխվում է տարբեր բնահողային գոտիների և տարբեր մշակաբույսերի դեպքում։ Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունն ավելի արտահայտիչ է դառնում մարդածին տարբեր գործոնների (ոչ ռացիոնալ հողօգտագործում և գյուղատնտեսության ոչ ճիշտ վարում) համատեղման արդյունքում, ինչի պատճառով առավել խոցելի են դառնում հանրապետության ցածրադիր և միջին բարձրության գոտիները։ Լեռնային գոտիները, որտեղ համեմատաբար քիչ են մարդածին գործոնները, ավելի քիչ են ենթարկվում կլիմայի փոփոխության բացասական ազդեցությանը։
  14. ՀՀ տարածքի շուրջ 80%-ն ենթարկված է տարբեր աստիճանի անապատացման, ինչը տեղի է ունեցել ինչպես մարդածին գործունեության արդյունքում, այնպես էլ՝ պայմանավորված է բնական գործոնների ազդեցությամբ և գեոմորֆոլոգիական առանձնահատկություններով։
  15. Ըստ կանխատեսումների, առաջիկա 100 տարիների ընթացքում Հայաստանում կլիմայի կանխատեսվող փոփոխության արդյունքում տեղի կունենա ջերմաստիճանի բարձրացում, գոլորշիացման ինտենսիվացում և հողի խոնավության նվազում 10-30 %-ով, 7-13%-ով կնվազի գյուղատնտեսական մշակաբույսերի խոնավապահովվածությունը, 25-30%-ով կավելանա հողի ջրային դեֆիցիտը, 25%-ով կկրճատվի գետերի հոսքը։ Արդյունքում՝ մոտ 24%-ով կնվազի ոռոգվող հողատարածքների արտադրողականությունը, կնկատվի հողերի և բնական արոտավայրերի դեգրադացիայի տեմպերի ավելացում, իսկ արոտավայրերի ընդհանուր մակերեսը և բերքատվությունը մինչև 2030 թվականը կկրճատվի 4-10%-ով։ Առավել արժեքավոր ենթալպյան և ալպյան գոտու արոտավայրերի դեպքում այդ ցուցանիշը կնվազի 19-22%- ով։
  16. Սպասվում է նաև խոտհարքների բերքատվության 7-10%-ով նվազում, որն իր հերթին կհանգեցնի կերարտադրության ծավալների կրճատման։ Համաձայն կանխատեսումների մինչև 2030 թվականը գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը կնվազի 8-14%-ով։
  17. Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության վրա հիմնականում պայմանավորված է ջերմաստիճանի և տեղումների փոփոխության ուղղակի ազդեցությամբ, ոռոգման ջրի նկատմամբ պահանջի ավելացմամբ և տեղումների կրճատման ու բարձր գոլորշիացման պայմաններում ոռոգման ջրի պաշարների նվազմամբ, ինչպես նաև կլիմայական ռիսկերի հաճախականության, ինտենսիվության և տևողության մեծացմամբ ու տարածական բաշխվածության ընդլայնմամբ:
  18. Մշակաբույսերի բերքատվության փոփոխության գնահատումը կանխատեսվող կլիմայի փոփոխության պայմաններում իրականացվել է METRAS կլիմայական մոդելի միջոցով:

Ցորենի բերքատվության կանխատեսվող փոփոխությունն ըստ

մարզերի (առանց հաշվի առնելու ագրոտեխնիկական միջոցառումները), %

 

Մարզ

2030թ.

2040թ.

2050թ.

2060թ.

2070թ.

Արարատ

-4.53

-8.39

-12.23

-16.06

-19.87

Կոտայք

-5.01

-10.38

-15.71

-17.02

-19.3

Վայոց ձոր

8.34

7.4

6.47

5.54

4.61

Շիրակ

-5.62

-9.92

-10.19

-12.43

-18.65

Գեղարքունիք

-5.98

-11.77

-14.53

-13.25

-19.95

Լոռի

3.15

5.34

5.46

7.52

7.52

Սյունիք

10.5

12.3

10.0

8.1

7.3

 

Կարտոֆիլի բերքատվության կանխատեսվող փոփոխությունն ըստ մարզերի, %

 

Մարզ

2030թ.

2040թ.

2050թ.

2060թ.

2070թ.

Գեղարքունիք

-3.94

-7.01

-10.02

-12.22

-14.209

Կոտայք

-4.652

-6.55

-9.46

-12.364

-15.268

Շիրակ

-7.552

-10.149

-13.366

-16.223

-20.736

Լոռի

-3.196

-7.26

-9.072

-11.642

-13.985

Սյունիք

-4.093

-8.389

-10.42

-13.2

-17.741

 

Խաղողի բերքատվության կանխատեսվող փոփոխությունն ըստ մարզերի, %

 

Մարզ

2030թ.

2040թ.

2050թ.

2060թ.

Արմավիր

-5

-9.3

-12.5

-19.7

Վայոց ձոր

5.3

9.1

10.0

11.8

Արարատ

-3.7

-5.6

-10.4

-14.8

 

  1. Կլիմայի փոփոխության բացասական ազդեցության պատճառով առավել խոցելի է դառնում պարենային անվտանգության հիմնահարցը հանրապետությունում։
  2. ՀՀ-ում անասնաբուծությունից ստացվող համախառն արտադրանքի մոտ 75 %-ը բաժին է ընկնում տավարաբուծությանը: Խոզաբուծությունից, ոչխարաբուծությունից և թռչնաբուծությունից ստացվող արտադրանքը կազմում է ամբողջ համախառն արտադրանքի 25%-ը:
  3. Կլիմայի փոփոխության հետևանքն անասնաբուծության ոլորտի վրա մասնավորապես արտահայտվում է բնական կերհանդակների և արոտավայրերի վրա ունեցած բացաական ազդեցությամբ: Կանխատեսումների համաձայն մինչև 2030 թվականը կրճատվելու է Հայաստանի արոտավայրերի ընդհանուր մակերեսը (ենթալպյան և ալպյան գոտու արոտավայրերի տարածքները՝ 19-22%-ով), իսկ դրանցից ստացվող բերքի ծավալը կնվազի 4-10%-ով: Այս ամենի արդյունքում խիստ կնվազեն անասնակերի արտադրության ծավալները:
  4. Կլիմայի փոփոխության հետևանքները գյուղատնտեսությունում տարբեր կերպ են անդրադառնում ոլորտում ներգրավված կանանց և տղամարդկանց վրա, վերջիններս ունեն տարբեր կարիքներ, հնարավորություններ և կարողություններ: Շատ դեպքերում կանայք հարմարվողականության տեսանկյունից լրացուցիչ խոչընդոտների են հանդիպում՝ կապված սոցիալական նորմերի և գործելակերպի հետ, որոնք սահմանափակում են նրանց համար տեղեկատվության, ռեսուրսների և հնարավորությունների հասանելիությունը: Նման խնդիրները վերջին հաշվով կարող են նպաստել գենդերային անհավասարության խորացմանը։

 

 

  1. ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

  1. Հայեցակարգի նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսության դիմակայության բարձրացմանը կլիմայական վտանգների, ռիսկերի և աղետների նկատմամբ, ինչպես նաև կլիմայի փոփոխության մարտահրավերների նկատմամբ հարմարվողականության արդյունավետության բարձրացմանը։
  2. Գյուղատնտեսության ոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության խնդիրներն են․
  • գյուղատնտեսական արտադրությունում ընդգրկված միավորների իրազեկվածության ցածր մակարդակը,
  • գյուղական բնակավայրերում կլիմայական վտանգների, ռիսկերի և աղետների կանխատեսման և արագ արձագանքման մեխանիզմների և համակարգերի հասանելիության ցածր մակարդակը,
  • կլիմայական վտանգների, ռիսկերի և աղետների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության, քարտեզների և տեղեկատվական հենքերի ստեղծման և կատարելագործման անհրաժեշտությունը,
  • կլիմայական վտանգների, ռիսկերի և աղետների հետևանքով արձանագրվող կորուստների հաշվառման և գրանցման մեխանիզմների և համակարգերի միասնական հարթակի բացակայությունը,
  • գյուղատնտեսության ոլորտում կլիմայի փոփոխությանն ու հարմարվողականությանն ուղղված նպատակային ծրագրերի խթանումը:

 

  1. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ

 

  1. Սույն հայեցակարգի 2-րդ գլխում ներառված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է.
  • գյուղատնտեսության ոլորտում ներգրավված կառույցների, գյուղացիական տնտեսությունների և համապատասխան մասնագետների կարողությունների հզորացում՝ հիմնվելով տեղական և միջազգային լավագույն փորձի վրա,
  • ապահովագրական նոր պրոդուկտների մշակում և ներդրում կլիմայական վտանգների, ռիսկերի և աղետների նկատմամբ գյուղատնտեսական արտադրության դիմակայության բարձրացման նպատակով,
  • գյուղատնտեսական մշակաբույսերի սերմնաբուծության, սերմարտադրության և տնկարանային արտադրության ոլորտներին հասցեական աջակցության մեխանիզմների մշակման և ներդրման միջոցով,
  • կլիմայի փոփոխության պայմաններում հողային և ջրային ռեսուրսների օգտագործման արդյունավետ և խնայողական տեխնոլոգիաների ներկայացում և ներդրում,
  • գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության բարձրացման նպատակով մշակության արդյունավետ տեխնոլոգիաների կիրառում,
  • օրգանական գյուղատնտեսության մեջ ներգրավված հողատարածքների ավելացում,
  • աջակցություն հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների բացասական ազդեցությունը մեղմող միջոցառումների ներդրմանը գյուղատնտեսական արտադրությունում,
  • անասնակերի որակի բարելավման և արտադրության ծավալների ավելացմանն ուղղված տեխնոլոգիական նորարարությունների ներկայացում և ներդրում գյուղացիական տնտեսություններում,
  • գյուղատնտեսության ոլորտում ձևավորված ավանդական գենդերային խոչընդոտների հաղթահարման առումով, կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը մեղմող որոշումների կայացման գործում կանանց մասնակցության ընդլայնում,
  • գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարող կանանց ներգրավվածության խթանում կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրներով զբաղվող պետական մարմիններում և հասարակական կազմակերպություններում։

 

  1. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

  1. Միջոցառումների իրականացման համար ֆինանսական աղբյուրներ կարող են հանդիսանալ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրվող ֆինանսական միջոցները, ինչպես նաև օրենսդրությամբ չարգելված այլ միջոցները:

 

  1. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

  1. Հայեցակարգի իրականացման արդյունքում ակնկալվում են հետևյալ արդյունքները՝
  • գյուղատնտեսության ոլորտում կլիմայի փոփոխության ազդեցության վերաբերյալ գիտելիքի և հմտությունների հզորացում,
  • գյուղատնտեսական արտադրության դիմակայության բարձրացում կլիմայի փոփոխության, օդերևութաբանական վտանգավոր երևույթներից և ռիսկերից,
  • կլիմայի փոփոխության և օդերևութաբանական վտանգավոր երևույթների և ռիսկերի նկատմամբ գյուղատնտեսությանը և տնտեսավարողներին հասցվող վնասների մեղմում։

 

 

  • Քննարկվել է

    26.10.2022 - 10.11.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3833

Տպել