Հիշել նախագիծը

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ և ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ, ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Սույն որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք)  լրացում և փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ:

Սույն Նախագծի ընդունմամբ կարգավորվում են  ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ՝ Կազմակերպություններ)  կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ Կառավարություն)   սահմանած կարգով նախատեսված հաշվետվությունները սահմանված ժամկետներում և կարգով ներկայացնելուն պարտավորեցնելու ուղղությամբ իրականացվող քայլերը՝  Կազմակերպությանը վարչական պատասխանատվության ենթարկելու եղանակով։

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 9-ի N 1593-Ն որոշման Հավելված N 2-ի 10-րդ կետով սահմանվել է, որ՝ Կազմակերպությունները հաշվետու տարվա յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդ ամսվա 15-ը  լիազոր մարմին են ներկայացնում հաշվետվություն կուտակած ռազմավարական պաշարներ հանդիսացող ապրանքների մնացորդի և շարժի վերաբերյալ՝ համաձայն N 3 ձևի։

Այսօրվա դրությամբ Կառավարության վերը նշված որոշմամբ սահմանված ժամանակում և ձևաչափով հաշվետվություն ներկայացնելու պարտավորության կատարումը  թողնվել է Կազմակերպությունների հայեցողությանը։ Որոշման ընդունումից հետո անցած ժամանակահատվածում ոչ բոլոր Կազմակերպություններն են պատշաճ կերպով կատարել Կառավարության որոշմամբ սահմանված պարտավորությունը, ինչի արդյունքում նյութական պահուստի պահպանման և սպասարկման ոլորտի լիազոր մարմինը (այսուհետ՝ Լիազոր մարմին) զրկվել է  ռազմավարական պաշարների պահուստի նյութական ապրանքների մնացորդի և շարժի մասին համակարգված և հավաստի տեղեկություն ունենալու հնարավորությունից: Հարկ է նշել, որ հաշվետվություն ներկայացնելու պահանջն ինքնանպատակ չէ և միտված է կարևորագույն խնդիրների լուծմանը՝ կապված  զորահավաքային կարիքների, արտակարգ իրավիճակների կանխման կամ հետևանքների վերացման, ինչպես նաև պարենային, հումքային և վառելիքաէներգետիկ պաշարների ու առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման ժամանակավոր խափանումների ժամանակ շուկայի վրա կարգավորող ազդեցություն ցուցաբերելու հետ:

Գործնականում այսօր ստեղծված է իրավիճակ, երբ Կազմակերպությունների դրսևորած անգործությունը մնում է անհետևանք, քանի որ չկա պետական հարկադրանքի որևէ միջոց, և Լիազոր մարմինը չունի որևէ լծակ՝ իրենց պարտավորության պատշաճ կատարումը  Կազմակերպություններին պարտադրելու հարցում։

Այս առումով, Օրենսգրքում կատարվող լրացումն այն լծակն է, որը կստիպի Կազմակերպություններին ժամանակին և պատշաճ կատարել իրենց պարտավորությունը:

Ելնելով վերոշարադրյալից՝ Նախագծով առաջարկվում է վարչական պատասխանատվություն նախատեսել Կառավարության   սահմանած կարգով նախատեսված հաշվետվությունները սահմանված ժամկետներում և կարգով չներկայացնող Կազմակերպությունների համար:

Նյութական պահուստի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված է, որ նյութական պահուստի օրենսդրության , այդ թվում պահանջների պահպանման նկատմամբ իրենց իրավասությունների շրջանակներում վերահսկողություն են իրականացնում համապատասխան ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինները: Տեսչական մարմինները համապատասխան ստուգումների հիման հարուցված վարչական վարույթների արդյունքում պարտավոր են կիրառել  վարչական պատասխանատվության միջոցներ: Համաձայն Օրենսգրքի՝ ռազմավարական պաշարների պահուստի կուտակումը սահմանված ժամկետներում չկատարելը կազմակերպության համար առաջացնում է նախազգուշացում, իսկ նախազգուշացումից հետո՝ 30 օրվա ընթացքում, առաջադրանքը չկատարելը կազմակերպության համար առաջացնում է տուգանք՝ չկուտակված ապրանքների արժեքի 10 տոկոսի չափով, իսկ 60 օրվա ընթացքում առաջադրանքը չկատարելը՝ չկուտակված ապրանքների արժեքի 100 տոկոսի չափով: Սակայն Օրենսգրքում ապրանքների արժեք եզրույթի հստակ սահմանման բացակայությունը որոշակի տարընկալումների տեղիք է տալիս: Օրենսգրքով սահմանված վարչական պատասխանատվության չափը հստակեցնելու վերաբերյալ համապատասխան օրենսդրական փոփոխություններ և լրացումներ կատարելու առաջարկությամբ Արտակարգ իրավիճակների նախարարին է դիմել նաև Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Ա.Ասոյանը՝ 25.09.2021թ. N  //33104-2021 գրությամբ:

Հաշվի առնելով վառելիքի շուկայում գների հաճախակի և կտրուկ տատանումների հնարավորությունը, հարուցված վարչական վարույթը տրամաբանական ավարտին հասնելու համար Նախագծով առաջարկվել է որպես ապրանքի արժեք դիտարկել ազգային վիճակագրական համակարգի գլխավոր պետական մարմնի հրապարակած ստուգման ենթակա ապրանքների ներմուծման տարվա միջին արժեքը:

 

  1. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Սույն Նախագծի ընդունումը հնարավորություն կտա հստակեցնել Կազմակերպությունների կողմից նյութական պահուստի օրենսդրության սահմանված պահանջների և պարտավորությունների կատարման հանդեպ հսկողության գործընթացը։

 

 

  1. ՏՎՅԱԼ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի կարիքների, բնակչության կենսաապահովման համար անհրաժեշտ սննդամթերքի և նյութերի պաշարների ապահովում։

 

  1. ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ

 

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից:

 

  1. ԿԱՊԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԵՏ

 

Միջոցառումը բխում է ՀՀ կառավարության 2019-2023թթ. գործունեության ծրագրից: Դրույթը ներառված է ծրագրի «2․2 Ներքին անվտանգություն» բաժնում.

«Պետական պահուստի արդյունավետ կառավարման նպատակով անհրաժեշտ է առավելագույնս իրականացնել նյութական արժեքների պետական պահուստի պահպանման, թարմացման, սպասարկման ու արդիականացման համար ֆինանսական միջոցների ուղղորդման միջոցառումները: Վերջինիս արդյունավետ իրագործման նպատակով անհրաժեշտ է ներդնել կառավարման ճկուն մեխանիզմներ և ապահովել դրանց պարբերական կատարելագործումը՝ արդի մարտահրավերներին համահունչ:»

Միջոցառումը բխում է նաև Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050 «02. Պաշտպանված Հայաստան» մեգանպատակից: Որպես թիրախային արդյունք ունենալու ենք «2.4 Բնածին, տեխնածին և մարդածին աղետներին դիմակայելու պատրաստվածության բարձրագույն մակարդակ»:

 

  1. ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջանում:

 

  1. ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության գործող իրավական ակտերում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու, ինչպես նաև նոր իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

 

  • Քննարկվել է

    13.10.2022 - 29.10.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Արտակարգ իրավիճակների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3566

Տպել