Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 110 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 432 ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 229 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 30-ի N 110 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 2-ի N 432 և 2002 թվականի մարտի 12-ի N 229  որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

Նախագծի ներկայացումը պայմանավորված է գործնականում կիրառություն չունեցող իրավական ակտերը (իրավական ակտերի դրույթները) ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտությամբ:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվների փայատերերի կողմից Խորհրդային Միության ռուբլով վճարված գումարի արժեզրկումից փայատերերի կրած կորուստների դիմաց դրամական օգնության (այսուհետ՝ կոոպերատիվների փայատերերի փոխհատուցում) տրամադրման կարգը հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 2-ի N 432 որոշմամբ, ըստ որի՝ կոոպերատիվների փայատերերի փոխհատուցման տրամադրման գործընթացը կազմակերպում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 12.03.2002 N 229 որոշմամբ սահմանված ժամանակացույցով նախատեսված ժամկետներում՝ մինչև 2011 թ.:

Ծրագրային բյուջետավորման ներդրման շրջանակներում կոոպերատիվների փայատերերի փոխհատուցման տրամադրման միջոցառման իրականացումը 2020 թվականից վերապահվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և ներառվել «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելված N 2 աղյուսակի 1184 (ավանդների և այլ փոխհատուցումներ) ծրագրում, որպես այդ ծրագրի 2-րդ միջոցառում։

Ընդ որում, ՀՀ 2020 թվականի բյուջետային գործընթացի շրջանակներում միջոցառումը 1184 ծրագրում ներառվել է Ֆինանսների նախարարության կողմից (առանց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջետային հայտի)՝ ծրագրի իրականացման համար հատկացնելով շուրջ 731 մլն դրամ, որը, սակայն Հայաստանի Հանրապետության կառավարության 12.06.2020 N 948-Ն որոշմամբ ուղղվել է պահուստային ֆոնդ և միջոցառումը 2020 թվականին չի իրականացվել։ Հետագա տարիներին Հայաստանի Հանրապետության 2021 թվականի և Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեներով այդ միջոցառման գծով գումարներ նախատեսված չեն եղել։

Կոոպերատիվների փայատերերի փոխհատուցման տրամադրման ծրագրի վերաբերյալ շահառուների դիմումներին ընթացք տալու  նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 30.03.2022 N ՄՆ/ԱԳ-2-4/8415-2022 գրությամբ դիմել է Ֆինանսների նախարարությանը՝ ծրագրի ընթացքի, կոոպերատիվների և փայատերերի տվյալների, վճարված և վճարման ենթակա փոխհատուցման չափի, անհրաժեշտ ֆինանսական միջոցների կանխատեսման ցուցանիշների, ծրագրի դադարեցման պատճառների մասին տեղեկատվություն ստանալու նպատակով:

ՀՀ ֆինանսների նախարարության գրությամբ (այսուհետ՝ գրություն) ներկայացրած տվյալների և տեղեկությունների և իրավահարաբերությունները կարգավորող իրավական ակտերի ուսումնասիրությամբ  պարզ դարձավ, որ

  1. ծրագրին վերաբերելի իրավական ակտերով սահմանված չէ, իսկ առկա տվյալներով էլ հստակեցված չէ կոոպերատիվների ցանկը, փայատերերի տվյալները կամ դրանց հստակեցման (տվյալների համադրման) մեթոդները,
  2. խնդրահարույց է 2000 թվականին սահմանված՝ կոոպերատիվների փայատերերի փոխհատուցման գումարի հաշվարկման հիմքում դրված ցուցանիշների փաստաթղթային հիմնավորվածությունը, այդ ցուցանիշների կազմի, այդ թվում՝ անավարտ շինարարության փաստացի կատարողականի վերաբերյալ, և մյուս իրավակարգավորումների կիրառելիությունը Խորհրդային Միության ռուբլով կատարված գործարքներից շուրջ 30 տարի հետո՝ 2022 թվականին կամ հաջորդ տարիներին,
  3. հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին անգամ փոխհատուցում տրամադրվել է 2011 թվականին, խնդրահարույց է նաև արդեն իսկ տրամադրված փոխհատուցման վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ունենալը:

Հարցի կարգավորման համար որոշիչ է նաև ծրագիրն իրականացնելու դեպքում վարչարարական հնարավոր խնդիրների ծագումը, որոնց լուծումներ առաջարկելն իրատեսական չէ՝ հաշվի առնելով, մասնավորապես, անհրաժեշտ տեղեկատվական բազաների (կոոպերատիվների, դրանց փայատերերի վերաբերյալ) բացակայությունն ու դրանով պայմանավորված՝ ներկայացված փաստաթղթերի ստույգությունը պարզելու անհնարինությունը։

Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ կոոպերատիվների ձևավորման և փայավճարների կատարման գործընթացում պետության և կոոպերատիվների փայատերերի միջև որևէ իրավահարաբերություն չի ծագել, ուստի և կոոպերատիվների փայատերերին փոխհատուցում տրամադրելու Հայաստանի Հանրապետության կառավարության պատրաստակամությունը չի հանգեցնում փայատերերին դրամական օգնության տրամադրելու պոզիտիվ պարտականության առաջացմանը, միջոցառումը շարունակելը նպատակահարմար չէ:

Հիմք ընդունելով վերոգրյալը և առաջնորդվելով Վարչապետի 2022 թվականի սեպտեմբերի 5-ի N 02/16.4/24603-2022 հանձնարարականով՝ անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել համապատասխան հարաբերությունները կարգավորող՝ գործնականում կիրառություն չունեցող իրավական ակտերը, ինչպես նաև դրանց հետ առնչվող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 30-ի N 110 որոշմամբ հաստատված բնակարանաշինարարական կոոպերատիվների վարչությունների և փայատերերի հետ փոխհաշվարկի կատարման կարգի 3-րդ, 7-րդ և 8-րդ կետերը:

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը` առաջարկվում է ընդունել «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 30-ի N 110 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 2-ի N 432 և 2002 թվականի մարտի 12-ի N 229  որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։

2. Կարգավորման առարկան

Ներկայացված նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 30-ի «Բնակարանաշինարարական կոոպերատիվների վարչությունների և փայատերերի հետ փոխհաշվարկ կատարելու կարգը հաստատելու մասին» N 110 որոշմամբ հաստատված բնակարանաշինարարական կոոպերատիվների վարչությունների և փայատերերի հետ փոխհաշվարկի կատարման կարգի 3-րդ, 7-րդ և 8-րդ կետերը.
  2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 2-ի «Անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվների փայատերերի կողմից խորհրդային միության ռուբլով վճարված գումարի արժեզրկումից փայատերերի կրած կորուստների դիմաց դրամական օգնության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 432 որոշումը.
  3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 12-ի «Անավարտ շինարարության բնակարանաշինարարական կոոպերատիվների փայատերերի կողմից խորհրդային միության ռուբլով վճարված օգնության տրամադրման ժամանակացույցի մասին» N 229 որոշումը:

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագիծն ընդունվելու դեպքում կբացառվի գործնականում կիրառություն չունեցող իրավական ակտերի կամ դրույթների գոյությունը:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 30-ի N 110 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 2-ի N 432 և 2002 թվականի մարտի 12-ի N229 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից:

Նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով Վարչապետի 2022 թվականի սեպտեմբերի 5-ի N 02/16.4/24603-2022 հանձնարարականը:

5. Տեղեկանք

Հաշվի առնելով վերը նշվածը` առաջարկվում է ընդունել «Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 30-ի N 110 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 2-ի N 432 և 2002 թվականի մարտի 12-ի N 229  որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

  • Քննարկվել է

    11.10.2022 - 26.10.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3091

Տպել