ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ, ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՀՈՒՄՔԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԿՈՒՏԱԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԿՈՒՏԱԿՎԱԾ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴԻ ԵՎ ՇԱՐԺԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1593-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
8 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ, ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՀՈՒՄՔԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԿՈՒՏԱԿՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԿՈՒՏԱԿՎԱԾ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄՆԱՑՈՐԴԻ ԵՎ ՇԱՐԺԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1593-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ, ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Սույն որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության 2020 թվականի սեպտեմբերի 28-ի «Ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ներառված ներմուծվող ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի, պարենային ցորենի, շաքարավազի, բուսական յուղի և դրանց արտադրության համար անհրաժեշտ ներմուծվող հումքի չնվազող պաշարների հաշվառման և ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանում իրականացնող կազմակերպությունների կողմից՝ իրենց կուտակված ռազմավարական պաշարներ հանդիսացող ապրանքների մնացորդի և շարժի վերաբերյալ ներկայացվող հաշվետվությունների ձևն ու լրացման կարգը, կուտակման ժամանակացույցը և նվազագույն ծավալները սահմանելու մասին» N 1593-Ն որոշման 2021-2022 թվականների ընթացքում կիրարկման հետևանքով ի հայտ եկած խնդիրները կարգավորելու նպատակով որոշման մեջ ճշգրտումներ կատարելու և հստակեցնելու անհրաժեշտությամբ։
Սույն որոշումն ապահովում է նյութական պահուստի ձևավորման, տեղաբաշխման, պահպանման, օգտագործման, համալրման և թարմացման շարունակականությունը` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի կարիքների, բնակչության կենսաապահովման համար անհրաժեշտ սննդամթերքի և նյութերի պաշարների ապահովմամբ։
Ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ընդգրկված ապրանքների ներմուծման նվազագույն ծավալները Կառավարության կողմից սահմանելու դրույթն ամրագրված է «Նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 5-րդ, իսկ ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ընդգրկված ապրանքների և դրանց արտադրության համար անհրաժեշտ ներմուծվող հումքի պաշարների կուտակման ժամանակացույցը և հաշվառման կարգը՝ Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասերով։ Օրենքի 16-րդ հոդվածի 7-րդ մասով ամրագրված է ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների պահպանում իրականացնող կազմակերպությունների կողմից ներկայացվող կուտակված ռազմավարական պաշարներ հանդիսացող ապրանքների մնացորդի և շարժի վերաբերյալ հաշվետվությունների ձևն ու լրացման կարգը Կառավարության կողմից հաստատելու մասին դրույթը։
Ելնելով վերը նշվածից, Նախագծի նախաբանում հստակեցվել են լիազորող նորմերը և փոփոխվել Նախագծի, կարգերի և հավելվածների վերնագրերը՝ դրանք համապատասխանեցնելով Օրենքի վերը նշված կետերի բովանդակությանը: Փոխվել է նաև հավելվածների հերթականությունը՝ դրանք համապատասխանեցնելով Օրենքի կետերի հերթականությանը։
Նախագծի 1-ին և 2-րդ հավելվածների աղյուսակների «Նյութական արժեքի անվանումը» սյունյակում նշված նյութական արժեքների թվարկման հերթականությունը համապատասխանեցվել է Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված հերթականությանը:
Ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ընդգրկված ապրանքների և դրանց արտադրության համար անհրաժեշտ ներմուծվող հումքի (այսուհետ՝ Ապրանքներ) ստուգումների պրակտիկան ցույց է տվել, որ չնայած կուտակման ենթակա Ապրանքների անհրաժեշտ ծավալների առկայությանը, այնուամենայնիվ, կախված իրականացման սեզոնայնությունից ԱՏԳ ԱԱ տարբեր ծածկագրեր ունեցող Ապրանքների համամասնությունը մշտապես տարբերվել է ներմուծման ժամանակ արձանագրված համամասնությունից։ Օրինակ՝ դիզելային վառելիքի կուտակման պարտավորություն ունեցող կազմակերպությունները (այսուհետ՝ Կազմակերպություն) կուտակման ենթակա դիզելային վառելիքի ամբողջ ծավալն ապահովում են ամռանը ամառային, ձմռանը՝ ձմեռային վառելիքով, այլ ոչ թե իրենց ներմուծած ԱՏԳ ԱԱ բոլոր ծածկագրերով վառելիքի տեսակների համամասնությամբ:
Խնդրի կարգավորման համար Նախագծի 1-ին հավելվածում կատարվել է պարզաբանող գրառում այն մասին, որ եթե կազմակերպությունների կողմից կուտակման ենթակա պաշարները կարող են կուտակվել աղյուսակի 2-րդ սյունյակում նշված ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերի հանրագումարային քանակով, ապա աղյուսակի 3-րդ սյունյակում նշված նվազագույն ծավալները միանշանակորեն հաշվարկվում են 2-րդ սյունյակում նշված ապրանքների ԱՏԳ ԱԱ ծածկագրերի հանրագումարային քանակով:
Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասում սահմանված են ռազմավարական պաշարների պահուստի անվանացանկում ներառվող ներմուծվող նյութական արժեքները: Սակայն այդ ապրանքատեսակները՝ ավտոմոբիլային բենզին, դիզելային վառելիք, պարենային ցորեն, շաքարավազ և բուսական յուղ՝ դրանց արտադրության համար անհրաժեշտ հումքով, համաձայն Պետական եկամուտների կոմիտեից ստացված տեղեկատվության, մաքսային ձևակերպումների տեսակետից Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային միասնական անվանացանկում առանձնացված չեն և չունեն առանձին ԱՏԳ ԱԱ ծածկագիր:
Հաշվի առնելով վերը նշված հանգամանքը, հետագա տարընթերցումներից խուսափելու նպատակով Նախագծի 1-ին հավելվածի աղյուսակի 1-ին սյունյակում նյութական արժեքների անվանումից հետո ավելացվել է դրանց անվանումն ըստ Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ):
Որոշման կիրակման ընթացքում բարդություններ են առաջացել կազմակերպությունների կողմից Ապրանքների պահեստավորման հարցում: Խնդրի կարգավորման նպատակով ճշգրտումներ են կատարվել ռազմավարական պաշարների կուտակման ժամանակացույցում։
Փոփոխություններ և լրացումներ են կատարվել Որոշման 2-րդ կետով հաստատված կարգում, մասնավորապես. փոփոխվել է կազմակերպությունների կողմից լիազոր մարմին ներկայացվող իրենց կուտակած ռազմավարական պաշարներ հանդիսացող ապրանքների մնացորդի և շարժի վերաբերյալ հաշվետվությունների ձևը՝ դրանց ներկայացման ժամկետը համապատասխանեցնելով Օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված ժամկետներին, սահմանվել է լիազոր մարմնի կողմից կառավարություն ներկայացվող հաշվետվության ձևը՝ ներկայացման կիսամյակային պարբերականությամբ (համապատասխանեցվել է կազմակերպությունների կողմից ներկայացվող հաշվետվության Օրենքով սահմանված ժամկետին), փոփոխվել է կազմակերպությունների կողմից յուրաքանչյուր ամսվա համար ներկայացվող հաշվետու փաստաթղթի ձևը՝ այն անվանելով հաշվառման տեղեկագիր, նրա մեջ ներառելով տեղեկատվություն ռազմավարական պաշարներ հանդիսացող ապրանքների առկայության և վիճակի մասին:
Ռազմավարական պաշարների կուտակման պարտավորություն ստանձնած կազմակերպությունների կողմից ռազմավարական պաշարների կուտակման պարտավորության ժամկետը հստակեցնելու նպատակով Նախագծում առաջարկվում է ավելացնել ռազմավարական պաշարների կուտակման ժամկետն ամրագրող դրույթ:
Կատարվող փոփոխությունների և լրացումների մեծ ծավալով պայմանավորված նպատակահարմար է գտնվել ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 28-ի N 1593-Ն որոշումը:
- ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ
Սույն նախագծի ընդունումը հնարավորություն կտա հստակեցնել պետական պահուստի կազմավորման հարցում կազմակերպությունների կողմից պարտավորությունների կատարման գործընթացը։
- ՏՎՅԱԼ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի կարիքների, բնակչության կենսաապահովման համար անհրաժեշտ սննդամթերքի և նյութերի պաշարների ապահովում։
- ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից՝ շահագրգիռ պետական մարմինների մասնակցությամբ:
- ԿԱՊԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԵՏ
Միջոցառումը բխում է ՀՀ կառավարության 2019-2023թթ. գործունեության ծրագրից: Դրույթը ներառված է ծրագրի «2․2 Ներքին անվտանգություն» բաժնում.
«Պետական պահուստի արդյունավետ կառավարման նպատակով անհրաժեշտ է առավելագույնս իրականացնել նյութական արժեքների պետական պահուստի պահպանման, թարմացման, սպասարկման ու արդիականացման համար ֆինանսական միջոցների ուղղորդման միջոցառումները: Վերջինիս արդյունավետ իրագործման նպատակով անհրաժեշտ է ներդնել կառավարման ճկուն մեխանիզմներ և ապահովել դրանց պարբերական կատարելագործումը՝ արդի մարտահրավերներին համահունչ:»
Միջոցառումը բխում է նաև Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050 «02. Պաշտպանված Հայաստան» մեգանպատակից: Որպես թիրախային արդյունք ունենալու ենք «2.4 Բնածին, տեխնածին և մարդածին աղետներին դիմակայելու պատրաստվածության բարձրագույն մակարդակ»:
- ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջանում:
- ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության գործող իրավական ակտերում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու, ինչպես նաև նոր իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:
-
Քննարկվել է
11.10.2022 - 26.10.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արտակարգ իրավիճակներ
-
Նախարարություն
Արտակարգ իրավիճակների նախարարություն
Դիտումներ` 3505
Տպել