ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»,

 «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 «ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն

«Հանրային առողջապահության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի N 1 հավելվածի 19.1 կետի պահանջներից և հանրային առողջապահության ոլորտի հարաբերությունները կարգավորող օրենսդրության կատարելագործման անհրաժեշտությունից։

Օրենքի ընդունումը պայմանավորված է միջազգային նոր պահանջներին և ոլորտի նոր զարգացումներին համապատասխան կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման և իրականացման, հիվանդությունների իմունականխարգելման, մարդու օրգանիզմի վրա շրջակա միջավայրի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցության բացառման կազմակերպման և իրականացման (շրջակա միջավայրի հիգիենա), համաճարակաբանական դիտարկման, արտադրական հսկողության, հանրային իրազեկման, բժշկական ու հանրային առողջապահական գիտելիքների տարածման և առողջ ապրելակերպի քարոզչության, հանրային առողջապահական նվազագույն գիտելիքների ուսուցման, Հայաստանի Հանրապետությունում սանիտարահամաճարակային հսկողության և պետական գրանցման ենթակա ապրանքների պետական գրանցման, աշխատանքի հիգիենայի ծառայությունների և հանրային առողջապահական փորձաքննության հետ կապված հարաբերությունները կարգավորելու և հանրային առողջապահության բնագավառում պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, ֆիզիկական և իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի իրավունքներն ու պարտականությունները, արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակով պայմանավորված կարանտին սահմանելու դեպքում բնակչության պաշտպանության առանձնահատկությունները սահմանելու անհրաժեշտությամբ:

Նախագծով միաժամանակ նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել դեռևս 1992 թվականի դեկտեմբերի 12-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքը և Օրենքից բխող համապատասխան փոփոխություններ կատարել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքներում:

 

2. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

          Օրենքի կարգավորման նպատակն է հանրության (մարդու) առողջության ապահովումը, առողջության պաշտպանությունը և խթանումը, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների և թունավորումների կանխարգելումը, հանրության (մարդու) առողջության վրա շրջակա միջավայրի սոցիալ-տնտեսական, վարքագծային և հնարավոր այլ վնասակար և վտանգավոր գործոնների ազդեցության կանխարգելումը, ներկա ու ապագա սերունդների կենսունակության համար բարենպաստ պայմանների ստեղծումը, շրջակա միջավայրի գործոնները վատթարացնելու կամ վնասելու միջոցով, հանրության (մարդու) առողջությանը վնաս հասցնելու բացառումը, հանրության (մարդու) առողջության ապահովման մատչելի ու հավաստի տեղեկատվության ապահովումը:

          Սույն նախագծով սահմանվել են հանրային առողջապահության ապահովման ինչպես նոր պահանջները, այնպես էլ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքներով արդեն իսկ սահմանված, ներկայումս գործող և կիրառելի մի շարք դրույթներ (ներառյալ՝ կարանտինին վերաբերող):

          Մասնավորապես նախագծով սահմանվել են.

1) Հանրային առողջապահության ոլորտի հիմնական հասկացությունները (համաճարակ, համավարակ, բռնկում, վարակի օջախ, համաճարակաբանական հետազոտություն, կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, աշխատանքի հիգիենայի ծառայություններ, արտադրական հսկողություն և այլն),

3) հստակեցվել են հանրային առողջապահության բնագավառում Կառավարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի, Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, ֆիզիկական և իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի իրավունքներն ու պարտականությունները,

4) պատվաստումներից հրաժարվելու դեպքում իմունականխարգելման ենթակա անձանց իրավունքներն ու պարտականությունները, իրավունքների որոշակի սահմանափակումները,

5) կարանտինի, ինչպես նաև կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների, կազմակերպման և իրականցման, հիվանդությունների միջազգային տարածման կանխարգելման, արտակարգ իրավիճակների ժամանակ հանրային առողջության պահպանման պահանջները,

6) բնակելի և հասարակական կառուցապատման, առողջարարական նպատակներով և հանգստի համար նախատեսված հողերի և բնակավայրերի մթնոլորտային, աշխատանքային գոտու օդի նկատմամբ, ջրամատակարարման և ջրօգտագործման բնագավառում, սննդային գործոնով պայմանավորված հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ, բժշկական օգնության և սպասարկման մատուցմանը ներկայացվող, բնակավայրերի տարածքում, աշխատատեղերում աղմուկի, վիբրացիայի (թրթռման), ինֆրաձայնի և ուլտրաձայնի մակարդակին, ուլտրամանուշակագույն, տեսանելի լույսին, ինֆրակարմիր, ռադիո-հաճախականության ճառագայթումներին, ցածր հաճախականության ու ստատիկ էլեկտրական և մագնիսական դաշտերին ներկայացվող և հանրային առողջության ապահովման մի շարք այլ պահանջներ:

          Նախագծով սահմանվել է նաև բժշկական օգնության և սպասարկման ոչ բուժական բնույթի ծառայությունների մատուցման լիցենզիայի պահանջ՝ արտադրական հսկողություն, ախտահանում, միջատազերծում, հանրային առողջապահական փորձաքննություն և աշխատանքի հիգիենայի ծառայություն գործունեության տեսակների համար և Կառավարությանը վերապահվել է լիազորություն՝ սահմանելու այս գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները:

Միաժամանակ Նախագծով ուժը կորցրած է ճանաչվում «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 4.1 գլուխը և «Արտակարգ իրավիճակի հիմք հանդիսացող համաճարակով պայմանավորված կարանտին սահմանելու դեպքում բնակչության պաշտպանության առանձնահատկությունները սահմանվում են սույն նախագծով, ինչպես նաև Օրենքից բխող անձնական տվյալների մշակմանը վերաբերող համապատասխան փոփոխություն է կատարվում «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում:


3. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին

 

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախuերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի սպասվում:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից:

 

5Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կկարգավորվեն հանրային առողջության ապահովման հետ կապված հասարակական հարաբերությունները և կներդրվեն հանրային առողջությանը սպառնացող վտանգը կանխելու իրապես գործող մեխանիզմներ:

 

6. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի N 1 հավելվածի 19.1 կետից:

  • Քննարկվել է

    04.10.2022 - 19.10.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3630

Տպել