Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը (այսուհետ` Օրենսգիրք) անդրադարձ չի կատարում նշանակված դատավորների բժշկական զննության իրականացման կարգին, որպիսի պայմաններում գործնականում դժվարություններ են առաջանում գործընթացը կազմակերպելու հարցում:

Բացի այդ, բացակայում է դատավորի/ դատավորի թեկնածուի հավակնորդի/ դատավորի թեկնածուի բժշկական զննության իրականացման կարգը սահմանելու լիազորությունը: Կատարվող լրացումների շրջանակում նաև օրենսդրական հիմք կստեղծվի լիազոր մարմնի կողմից համապատասխան կարգի ընդունման համար:

Միաժամանակ, առողջապահության ոլորտը կարգավորող իրավական ակտերում չեն կիրառվում ֆիզիկական արատներ և հիվանդություններ ձևակերպումները, ուստի Օրենսգրքի կարգավորումները գործող ոլորտային օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով առաջարկվում է փոփոխել բոլոր այն հոդվածները, որտեղ կիրառվում են «ֆիզիկական արատներ և հիվանդություններ» կամ «ֆիզիկական արատ կամ հիվանդություն» ձևակերպումները:

Օրենսգրքի 113-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաև 159-րդ հոդվածի 3-րդ մասը բժշկական զննության կազմակերպման գործընթացում նախատեսում են իրավասու մարմնի` այն է Առողջապահության նախարարության ներգրավում: Նշված պայմաններում Առողջապահության նախարարության գործառույթը սահմանափակվում է դիմումը համապատասխան բժշկական կազմակերպությանը փոխանցելով: Գործընթացն առավել արագ կազմակերպելու և անհարկի միջնորդավորվածությունից խուսափելու նպատակով նախատեսվում է համապատասխանաբար Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կամ լիազոր մարմնի կողմից դիմումի ներկայացում անմիջապես համապատասխան բժշկական հաստատությանը:

2. Առաջարկվող կագավորումների բնույթը

Կատարվող փոփոխությունների և լրացումների շրջանակում ֆիզիկական արատների և հիվանդությունների ցանկը կիրառելի է դառնում նաև պաշտոնավարող դատավորների համար, ինչպես նաև վերջիններիս համար նախատեսվում է բժշկական զննության իրականացման հնարավորություն:

Բացի այդ, Օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրվում է նոր խմբագրությամբ, որի շրջանականերում ամրագրվում է լիազորող նորմ առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից բժշկական զննության իրականացման կարգը սահմանելու համար:

Նախագծի շրջանակներում նախատեսվում է Օրենսգրքում կիրառվող «ֆիզիկական արատներ և հիվանդություններ» և «ֆիզիկական արատ կամ հիվանդություն» ձևակերպումը փոխարինել «հիվանդություններ և վիճակներ» և «հիվանդություն կամ վիճակ» ձևակերպմամբ:

Նախագծի ընդունմամբ բժշկական զննության իրականացման նպատակով դիմումները ներկայացվելու են անմիջականորեն համատասխան բժշկական հաստատությանը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության իրավաբանական վարչության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է ապահովել բժշկական զննության իրականացումը նաև պաշտոնավարող դատավորների համար, ինչպես նաև վերոհիշյալ դեպքերում բժշկական զննության կազմակերպման գործընթացում կբացառվի Առողջապահության նախարարության ներգրավումը: Նախագծի ընդունմամբ օրենսդրական հիմք կսահմանվի առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից բժշկական զննության իրականացման կարգի ընդունման համար: Բացի այդ, առողջապահության ոլորտում կիրառվող հասկացությունների մասով կկատարվեն անհրաժեշտ համապատասխանեցումներ:

5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն առաջանա:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:

  • Քննարկվել է

    30.09.2022 - 15.10.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3308

Տպել