«703-733ՄՀց և 758-788ՄՀց, 791-801ՄՀց և 832-842ՄՀց, 1780-1785ՄՀց և 1875-1880ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություններ տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման կանոնները սահմանելու և մրցութային փաթեթը հաստատելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
1 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«703-733ՄՀց և 758-788ՄՀց, 791-801ՄՀց և 832-842ՄՀց, 1780-1785ՄՀց և 1875-1880ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություններ տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման կանոնները սահմանելու և մրցութային փաթեթը հաստատելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագծի վերաբերյալ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Շարժական կապի ենթակառուցվածքների զարգացման և ծառայությունների հասանելիության ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքում, այդ թվում` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված լիցենզիոն պարտավորությունների հիման վրա՝ ներկայումս ՀՀ 100% բնակավայրերն ապահովված են շարժական լայնաշերտ կապի 4G+(LTE Advanced) տեխնոլոգիայի բացօթյա ծածկույթով, ընդ որում, երկու օպերատորի փոխադարձ ներթափանցելի 4G+(LTE Advanced) տեխնոլոգիայի բացօթյա ծածկույթը կազմել է 91% (911 բնակավայր), իսկ երեք օպերատորի փոխադարձ ներթափանցելի 4G+(LTE Advanced) տեխնոլոգիայի բացօթյա ծածկույթը՝ 12.8% (128 բնակավայր), որը բնակչության ընդգրկվածության առումով կազմում է 69%:
Շարժական կապի ցանցերի շահագործման և ծառայությունների մատուցման համար «Յուքոմ» և «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ներն օգտագործում են 800ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթի 20ՄՀց-ական, համապատասխանաբար՝ 801-811ՄՀց/842-852ՄՀց և 811-821ՄՀց/852-862ՄՀց հատվածները, իսկ շարժական կապի 3 օպերատորների կողմից շարժական լայնաշերտ կապի ցանցերի համար օգտագործվող ռադիոհաճախականությունների ռեսուրսը բաշխված է հետևյալ կերպ.
«Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ- ընդհանուր 105ՄՀց (900,1800,2100ՄՀց տիրույթներից),
«ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ- ընդհանուր 165ՄՀց (800,900,1800,2100,2600ՄՀց տիրույթներից),
«Յուքոմ» ՓԲԸ- ընդհանուր 190ՄՀց (800,900,1800,2100,2600ՄՀց տիրույթներից)։
Պետք է նշել, որ 2021 թվականին ռադիոհաճախականությունների օգտագործման պարտադիր վճարների մասով ապահովվել է շուրջ 8 մլրդ դրամի պետական բյուջեի մուտք։
«ՄՏՍ Հայաստան» և «Յուքոմ» ընկերությունները շարժական լայնաշերտ կապի 4G+ (LTE Advanced) տեխնոլոգիայի ծառայությունների հասանելիությունն ապահովում են 800ՄՀց, 1800ՄՀց և 2600ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթների համապատասխան հատվածների ագրեգացիայի միջոցով։
Միևնույն ժամանակ, ներկայումս հանձնաժողովի տնօրինման ներքո են 703-733ՄՀց/758-788ՄՀց և 791-801ՄՀց/832-842ՄՀց, ինչպես նաև 1780-1785ՄՀց/1875-1880ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածները, որոնց տրամադրումը, որպես սահմանափակ ռեսուրս, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 10-րդ հոդվածով նախատեսված կարգավորումների համաձայն՝ պետք է իրականացվի մրցութային եղանակով։
703-733ՄՀց/758-788ՄՀց և 791-801ՄՀց/832-842ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման հետաքրքրության վերաբերյալ դիրքորոշում ստանալու նպատակով հանձնաժողովի հարցմանը «Տելեկոմ Արմենիա» և «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ները հայտնել են, որ հետաքրքրված են նշված ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործմամբ, իսկ «Յուքոմ» ՓԲԸ-ն դեռևս քննարկում է տվյալ ռադիոհաճախականությունների օգտագործման անհրաժեշտությունը։
Հաշվի առնելով ՀՀ էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի առկա ձեռքբերումները և ելնելով էլեկտրոնային հաղորդակցության ենթակառուցվածքների՝ լայնաշերտ կապի ցանցերի զարգացման (այդ թվում՝ նորագույն սերնդի շարժական լայնաշերտ կապի ցանցերի ներդրման), նոր տեխնոլոգիաների ներդրման, ծառայությունների հասանելիության ապահովման և որակյալ լայնաշերտ կապի ծառայությունների մատուցման խթանման, ինչպես նաև ռադիոհաճախականությունների տիրույթի արդյունավետ կառավարման նկատառումներից՝ հանձնաժողովը նախատեսում է իրականացնել տվյալ ռադիոհաճախականությունների հատվածների տրամադրման մրցույթներ։
Հարկ է նշել, որ հանձնաժողովի կողմից 2018-2019 թվականներին իրականացված՝ 1765-1785ՄՀց և 1860-1880ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվության տրամադրման մրցույթն իրականացվել է փուլային սկզբունքով, որի արդյունքում տվյալ ռադիոհաճախականության վերջին 2x5ՄՀց հատվածի մրցույթը չի կայացել հայտերի բացակայության պատճառով, իսկ 800ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվությունների տրամադրման համար կազմակերպված նախորդ մրցույթներն իրականացվել են հետևյալ սկզբունքներով.
- 2013 թվականին իրականացված՝ առաջին «թվային դիվիդենտի» 801-811ՄՀց և 842-852ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվության տրամադրման մրցույթի նպատակն էր հանրապետությունում՝ առավելապես մարզային բնակավայրերում շարժական լայնաշերտ կապի «LTE» տեխնոլոգիայի բացօթյա ծածկույթի ընդլայնման ապահովումը՝ նկատի ունենալով, որ այդ պահին հանրապետությունում նշված տեխնոլոգիայի ծառայությունները մատուցվում էին 2600ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթի օգտագործմամբ՝ սահմանափակ հասանելիության հնարավորությամբ (քաղաքային բնակավայրերում)։ Այս հանգամանքով պայմանավորված, որպես տվյալ մրցույթի հիմնական պայման է սահմանվել ՀՀ բնակավայրերի առնվազն 80%-ը լայնաշերտ ինտերնետային բացօթյա ծածկույթով ապահովելը։ Նշված պարտավորության կատարման արդյունքում ՀՀ բնակավայրերի 88.2%-ն ապահովվեց 4G+ (LTE Advanced) տեխնոլոգիայի բացօթյա ծածկույթով։
- 2018-2019 թվականներին իրականացված՝ առաջին «թվային դիվիդենտի» մյուս՝ 811-821ՄՀց և 852-862ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվության տրամադրման մրցույթի հիմնական նպատակն էր, արդեն իսկ իրականացված մրցույթով տրամադրված թույլտվությամբ սահմանված պարտավորությունների կատարման արդյունքներով 4G+ (LTE Advanced) տեխնոլոգիայի բացօթյա ծածկույթով չապահովված բնակավայրերը նշված տեխնոլոգիայի հասանելիությամբ ապահովելը, ուստի մրցույթի արդյունքում տրամադրվող թույլտվությամբ սահմանվեց պարտավորություն՝ մեկ տարվա ընթացքում շարժական կապի 4G+ (LTE Advanced) տեխնոլոգիայի ծածկույթով չապահովված` բնակավայրերի առնվազն 12%-ը և երկու տարվա ընթացքում՝ բնակավայրերի առնվազն 80%-ը լայնաշերտ ինտերնետային բացօթյա ծածկույթով ապահովելու վերաբերյալ։ Այսինքն, տվյալ ռադիոհաճախականության ռեսուրսը նպատակաուղղվեց շարժական լայնաշերտ կապի 4G+ (LTE Advanced) տեխնոլոգիայի ցանցերի զարգացման և դրանց միջև մրցակցության ու համընդհանուր (բնակավայրերում 100% բացօթյա ծածկույթ) հասանելիության ապահովմանը։
Հաշվի առնելով վերոնշյալը, շարժական լայնաշերտ կապի բացօթյա ծածկույթի հասանելիության առկա իրավիճակով պայմանավորված, նախատեսվում է 700ՄՀց և 800ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների նախատեսվող մրցույթի իրականացմամբ ապահովել հանրապետության խոշոր քաղաքներում (Երևան, Գյումրի, Վանաձոր) շարժական լայնաշերտ կապի 5G տեխնոլոգիայի ցանցի (այդ թվում՝ «իրերի ինտերնետ»/IoT տեխնոլոգիայի) ներդրումը, բարելավել փակ տարածքներում (շինությունների ներսում) շարժական լայնաշերտ կապի ծածկույթի հասանելիության որակը (ներառյալ ներթափանցելիության և ազդանշանի մակարդակի մասով), հանրային շարժական կապի ցանցերի հուսալիության և անվտանգության ապահովման, ինչպես նաև ինչպես նաև ՀՀ պաշտպանունակության ամրապնդման նպատակով զարգացնել (ընդլայնել) կապի առկա ենթակառուցվածքները և արդիականացնել անվտանգության համակարգերը։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Որոշման նախագծով նախատեսվում է տվյալ մրցույթներն իրականացնել փուլային տարբերակով՝ 703-733ՄՀց/758-788ՄՀց հատվածների դեպքում՝ համապատասխանաբար երեք՝ 2x10ՄՀց հատվածների տրամադրմամբ, 791-801ՄՀց/832-842ՄՀց և 1780-1785ՄՀց/1875-1880ՄՀց հատվածների դեպքում՝ համապատասխանաբար 2x10ՄՀց և 2x5ՄՀց հատվածների տրամադրմամբ։
Նախատեսվում է որպես 703-733ՄՀց/758-788ՄՀց և 791-801ՄՀց/832-842ՄՀց, ինչպես նաև 1780-1785ՄՀց/1875-1880ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների տրամադրման մրցույթների մասնակցության պահանջներ սահմանել, որ հայտը պետք է ներառի նաև հիմնավորումներ.
- առնվազն վերջին երեք տարվա ընթացքում հայտատուի կողմից (անձամբ կամ որևէ կազմակերպությունում նշանակալից մասնաբաժնով մասնակցության միջոցով) հանրային էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում շարժական լայնաշերտ կապի ցանցերի շահագործման փորձի վերաբերյալ,
- վերջին երեք տարվա ընթացքում հայտատուի (անձամբ կամ որևէ կազմակերպությունում նշանակալից մասնաբաժնով մասնակցության միջոցով) էլեկտրոնային հաղորդակցության (հեռահաղորդակցության) բնագավառում առնվազն տարեկան միջինը 20 000 000 000 (քսան միլիարդ) Հայաստանի Հանրապետության դրամին համարժեք գումարի չափով շրջանառության վերաբերյալ։
2019-2021 թվականներին 700ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթի տրամադրման եվրոպական փորձի (10 երկրների) ուսումնասիրությունների համաձայն՝ տվյալ տիրույթի 1ՄՀց ռադիոհաճախականության (տրամադրման և օգտագործման) մրցույթի միջին մեկնարկային արժեքը (եվրո/ՄՀց/բնակչություն/ժամկետ) 1 տարով տրամադրելու դեպքում դրամային արտահայտությամբ կազմում է 5.829 դրամ։ Նշված ցուցանիշը ՀՀ-ի պարագայում կկազմի 6.514 դրամ ((16800000դրամ+2500000դրամ)/2963000մարդ), այսինքն 0.685 դրամով ավելի բարձր քան նշված եվրոպական երկների ցուցանիշն է։ Ուստի, նկատի ունենալով նաև, տվյալ եվրոպական երկրների տնտեսական ցուցանիշների համադրությունը ՀՀ-ի ցուցանիշների հետ, նախատեսվում է մրցութային եղանակով 700ՄՀց, 800ՄՀց և 1800ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների 1ՄՀց ռադիոհաճախականության համար տրամադրման մեկնարկային վճար սահմանել «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով սահմանված վճարին համարժեք վճար՝ 25 մլն ՀՀ դրամ, իսկ թույլտվութուն ստացած անձը ռադիոհաճախականությունների հետագա տարիների օգտագործման համար օրենքի համաձայն պետք է վճարի ռադիոհաճախականությունների օգտագործման պարտադիր վճարները (նշված օրենքով շարժական լայնաշերտ կապի ցանցերի շահագործման նպատակով 1ՄՀց ռադիոհաճախականության տրամադրման պարտադիր վճարը սահմանված է 25 մլն դրամ, իսկ օգտագործման տարեկան պարտադիր վճարը՝ 16,8 մլն դրամ)։
Հաշվի առնելով ՀՀ բնակավայրերում շարժական լայնաշերտ կապի ծածկույթի հասանելիության առկա ցուցանիշները՝ նախատեսվում է 700ՄՀց և 800ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթների համապատասխան հատվածների տրամադրման մրցույթների իրականացման արդյունքում տրամադրվող ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության պայմաններում սահմանել պարտավորություններ.
- 2 տարվա ընթացքում բնակավայրերի առնվազն 80%-ը լայնաշերտ ինտերնետային բացօթյա (outdoor) ծածկույթով ապահովելու մասով,
- հանրային շարժական լայնաշերտ կապի ծառայությունների հասանելիության որակի բարելավման նպատակով 2 տարվա ընթացքում Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում հանձնաժողովի սահմանած շարժական կապի լայնաշերտ տեխնոլոգիայի ծածկույթի որակի չափանիշներին համապատասխան լայնաշերտ ինտերնետային բացօթյա ծածկույթ (ներառյալ շինությունների ներսում (indoor) ազդանշանի հաջող ներթափանցման հավանականության սկզբունքի հաշվառմամբ) ապահովելու մասով.
- 2 տարվա ընթացքում Երևան քաղաքում, ներառյալ՝ «Ինժեներական քաղաքի տարածքում» և 3 տարվա ընթացքում Գյումրի և Վանաձոր քաղաքներում շարժական լայնաշերտ կապի 5G տեխնոլոգիայի ցանցի ներդրման վերաբերյալ (700 ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթի մրցույթի մասով),
- ՀՀ պաշտպանունակության ամրապնդման նպատակով՝ 2 տարվա ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության հետ համաձայնեցված բնակավայրերում կապի ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ (700ՄՀց և 800ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթների յուրաքանչյուր մրցույթի մասով կանոնադրական կապիտալում ներդրում կատարելու միջոցով առնվազն 500 միլիոն դրամի կապիտալ ներդրումների իրականացում),
- 2 տարվա ընթացքում հանրային շարժական կապի ցանցերի հուսալիության և անվտանգության նվազագույն պահանջների ապահովման վերաբերյալ (ներկայացվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից գաղտնի գործավարության ընթացակարգով 700ՄՀց և 800ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթների համապատասխան մրցույթի նախավորակավորված անձանց)
- 2 տարվա ընթացքում ռադիոտեխնիկա, կապ և տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաներ մասնագիտությունների կրթական ծրագրերով մասնագիտացված ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունում հիմնել էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ծառայություններ մատուցելու հնարավորությամբ ուսումնական լաբորատորիա (800 ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթի մրցույթի մասով)։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
«703-733ՄՀց և 758-788ՄՀց, 791-801ՄՀց և 832-842ՄՀց, 1780-1785ՄՀց և 1875-1880ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություններ տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման կանոնները սահմանելու և մրցութային փաթեթը հաստատելու մասին» որոշման նախագիծը մշակվել է հանձնաժողովի կողմից՝ հաշվի առնելով այն ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելու արդյունքում՝ շահագրգիռ գերատեսչություններից (Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Պաշտպանության, Էկոնոմիկայի և Ֆինանսների նախարարություններ ու Ազգային անվտանգության ծառայություն) ստացված առաջարկությունները։
- Ակնկալվող արդյունքը
Ռադիոհաճախականությունների հատվածների նախատեսվող մրցույթի իրականացմամբ հանրապետության խոշոր քաղաքներում (Երևան, Գյումրի, Վանաձոր) կներդրվի շարժական լայնաշերտ կապի 5G տեխնոլոգիայի ցանց (այդ թվում՝ «իրերի ինտերնետ»/IoT տեխնոլոգիայի), կբարելավվի փակ տարածքներում (շինությունների ներսում) շարժական լայնաշերտ կապի ծածկույթի հասանելիության որակը, կբարձրացվի հանրային շարժական կապի ցանցերի հուսալիության և անվտանգության մակարդակն ու կարդիականացվեն անվտանգության համակարգերը, ինչպես նաև ՀՀ պաշտպանունակության ամրապնդման նպատակով կզարգացվեն (կընդլայնվի) կապի առկա ենթակառուցվածքները։
ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունում կհիմնվի էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ծառայություններ մատուցելու հնարավորությամբ ուսումնական լաբորատորիա, որը կնպաստի ռադիոտեխնիկա, կապ և տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաներ մասնագիտությունների կրթական ծրագրերով մասնագիտացվող որակյալ կադրերի պատրաստմանը։
Մրցութային հիմունքներով նշված ռադիոհաճախականությունների ընդհանուր 90ՄՀց հատվածների տրամադրման դեպքում կապահովի առնվազն 2,250 մլրդ դրամի միանվագ (տրամադրման մասով) և 1,512 մլրդ դրամ տարեկան (օգտագործման մասով) պետական բյուջեի լրացուցիչ մուտքեր։
Նախատեսվող մրցույթների իրականացման արդյունքում տրամադրվող թույլտվություններով նախատեսված պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ ներդրումների ծավալը նախնական գնահատմամբ կկազմի շուրջ 25-35 միլիարդ ՀՀ դրամ։
-
Քննարկվել է
29.09.2022 - 16.10.2022
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Հեռահաղորդակցություն(էլեկտրոնային հաղորդակցութուն)
-
Նախարարություն
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Դիտումներ` 3026
Տպել