Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1071-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22 ԹԻՎ 1071-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1.       Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը

       ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական մարմին) վերահսկողություն է իրականացնում ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) շահագործման նվազագույն պահանջների պահպանման նկատմամբ ՀՀ կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի թիվ 730-Ն որոշման N 1 Հավելվածով սահմանված ստուգաթերթի հիման վրա, որի մշակման համար հիմք է հանդիսացել ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի N 1101-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգը, որն էլ իր հերթին ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի N 634-Ն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել, և ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1131-Ն որոշմամբ հաստատվել են ավտոգազալցակայանների կառուցման և շահագործման տեխնիկական անվտանգության նոր կանոնները (այսուհետ՝ Կանոններ), որի նկատմամբ միաժամանակ վերահսկողություն է իրականացվում Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և Տեսչական մարմնի կողմից:

       Հարկ է նշել, որ «Տեխնիկական  անվտանգության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տեխնիկական անվտանգության պահանջները տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրությամբ, ինչպես նաև տեխնիկական հրահանգներով և անձնագրերով արտադրական վտանգավոր օբյեկտների նկատմամբ սահմանված նորմերի, կանոնների, պայմանների, արգելքների, սահմանափակումների և կատարման համար պարտադիր այլ պահանջների ամբողջությունն է:

      Մինչդեռ, «Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ տեխնիկական կանոնակարգ`  փաստաթուղթ, որն ընդունվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան կամ Հայաստանի Հանրապետության օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, որով սահմանվում են արտադրանքի բնութագրերի և (կամ) արտադրանքի հետ կապված գործընթացներին, արտադրական եղանակներին, ներառյալ` կիրառվող վարչական դրույթներին ներկայացվող` կատարման և կիրառման համար պարտադիր պահանջներ, ինչպես նաև արտադրանքի ներմուծման և շուկայահանման պայմաններ: Այն կարող է ներառել նաև արտադրանքի, գործընթացի կամ արտադրական եղանակի նկատմամբ կիրառվող հասկացություններ, պայմանանշաններ, փաթեթավորման, մակնշման և պիտակավորման պահանջներ, սանիտարական, բուսասանիտարական, անասնաբուժասանիտարական նորմեր, ինչպես նաև արտադրանքի գրանցման մասին պահանջներ: 

       Միաժամանակ, ՀՀ կառավարության 2019 թվականի թիվ 1071-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) 4-րդ կետով սահմանված իրավակարգավորումների համաձայն՝ ոչ պարենային արտադրանքի  նկատմամբ Տեսչական մարմինը վերահսկողական գործառույթներ կարող է իրականացնել միայն եթե այդ պահանջները սահմանված են տեխնիկական կանոնակարգերով:

       Վերոգրյալ իրավական կարգավորումների համաձայն Կանոնները չեն հանդիսանում տեխնիկական կանոնակարգ, հետևաբար ավտոգազալիցքավորման ճնշակայանների շահագործման նվազագույն պահանջների պահպանման նկատմամբ Տեսչական մարմինը գործերը քննելու և վարչական տույժեր նշանակելու լիազորությամբ օժտված չէ:

        Հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտություն է առաջացել Որոշման մեջ կատարել համապատասխան լրացում, որի միջոցով կապահովի Տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողության հետ կապված իրավական հիմքերը:

        2.       Կարգավորման նպատակը և բնույթը.

Նախագծով նախատեսվում է հստակեցնել Տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողության շրջանակը՝ հնարավորությու տալով վերահսկողություն իրականացնել նաև տեխնիկական կանոնակարգման հետ կապված հարաբերությունները կարգավորող այլ նորմատիվ իրավական ակտերով, այդ թվում` տեխնիկական կանոնակարգերով, տեխնիկական անվտանգության նորմերով, կանոններով և հրահանգներով սահմանված դեպքերում և կարգով:

        3.       Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

      Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից:

        4.       Ակնկալվող արդյունքը.

     Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել տեսչական մարմնի բնականոն գործունեության ընթացքի հետ կապված իրավական հիմքերը:

        5.       Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի  ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամտային և ծախսային մասերում փոփոխություններ չեն սպասվում:

       6.       Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ

         Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման հավելվածի 11.5 ենթակետի պահանջներից, մասնավորապես՝ «Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ոլորտը կարգավորող համապատասխան իրավական ակտի ընդունում (ոլորտի գործող օրենսդրության կատարելագործում, օրենսդրական բացերի լրացում)»:

 

  • Քննարկվել է

    08.09.2022 - 24.09.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3740

Տպել