««Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
-
2 - Կողմ
-
1 - Դեմ
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել է ««Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Նախագծով նախատեսվում են հետևյալ հիմնական փոփոխությունները և լրացումները, ինչպես նաև օրենսդրական տեխնիկային առնչվող և այլ տեխնիկական բնույթի անհամապատասխանությունների շտկումները.
- հստակեցվել են ապրանքային նշանների տարբերակիչ հատկությունները, որոնք ձեռք են բերվել այն ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար գրանցման հայտ է ներկայացվել,
- կիրառման նպատակահարմարությունից ելնելով՝ փոփոխվել են ապրանքային նշաններում չպահպանվող տարրերին ինքնուրույն պահպանություն չտրամադրելուն (դիսկլամացիա) վերաբերող մոտեցումները,
- Օրենքով նախատեսված դրույթները համապատասխանեցվել են ԵՏՄ մասին պայմանագրի, ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթներին մասնավորապես՝ ներդրվել է ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների տարածաշրջանային սպառման սկզբունքը, նվազեցվել են ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու համար դրա չօգտագործման ժամկետները,
- հնարավորություն է տրվել հայտատուին Բողոքարկման խորհուրդ ներկայացնել գրանցված ապրանքային նշանը չեղյալ ճանաչելու համար դիմում,
- հետագա հակասություններից խուսափելու նպատակով՝ Օրենքով նախատեսված որոշ դրույթներ ուժը կորցրած են ճանաչվել:
- Ընդհանրապես պետք է ունենալ նույն մոտեցումը այլ երկրների Աշխարհագրական նշումների պահպանության հարցում, ինչպիսին 2010թ.-ից որդեգրվել է օտարերկրյա ապրանքային նշանների պահպանության համար: Որևէ հիմք կամ պատճառ չկա տարբեր մոտեցումներ ունենալու համար: Բացի այդ, եթե Աշխարհագրական նշումների մասին օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը սահմանում է աշխարհագրական նշումների պահպանության ծավալը, նույն այդ ծավալի շրջանակներում պետք է կանխվի ապրանքային նշանների գրանցումը: Միջազգային համաձայնագրերով և «Աշխարհագրական նշումների մասին» ՀՀ օրենքով Աշխարհագրական նշումների դեպքում պահպանությանն ավելի խիստ ռեժիմ է նախատեսված: Ոչ միայն «շփոթելու աստիճան նման» ապրանքային նշանի գրանցումն է մերժվում, այլ նույնիսկ աշխարհագրական նշումը «հիշեցնող» ապրանքային նշանի գրանցումը: Հետևաբար, եթե արտերկրում օգտագործման մեջ գտնվող ապրանքային նշանի գոյության փաստը կարող է հիմք հանդիսանալ մերժման համար, ապա նույն մոտեցումը պետք է կիրառվի նաև աշխարհագրական նշումների դեպքում: Սակայն բացառություններ են սահմանվել հայկական ծագման տեղանունների, ինչպես նաև հայկական ծագում ունեցող աշխարհագրական նշումների, երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումների և կոլեկտիվ նշանների նկատմամբ:
Այսպես՝
Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով, 2-րդ հոդվածով, 3-րդ հոդվածով, 7-րդ հոդվածով, 8-րդ հոդվածով, 11-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված փոփոխությունները և լրացումները պայմանավորված են ԵՏՄ մասին պայմանագրով, ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով, ԵՏՄ ապրանքային նշանների պայմանագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններով: Օրենքի 14-րդ հոդվածը, 17-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանեցվել են նշված պայմանագրերի դրույթներին՝ նախատեսվել է ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների տարածաշրջանային սպառման սկզբունքը, նվազեցվել է ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու համար ապրանքային նշանը չօգտագործելու ժամկետը՝ ներկայիս 5 տարվա փոխարեն սահմանվել է 3 տարի:
Նախագծի 1-ին հոդվածի 1-ին կետով, 6-րդ հոդվածով, 17-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված փոփոխությունները և լրացումները պայմանավորված են պետական լիազոր մարմնին իր նախաձեռնությամբ հայտարկված ապրանքային նշաններում առանձին տարրերը դիսկլամացնելու լիազորություն վերապահելով: Գործող օրենսդրությամբ այն կարող է կատարվել միայն հայտատուների հայտարարության հիման վրա: Սակայն պրակտիկայում, շատ դեպքերում տեխնիկական պատճառներով՝ հարցումներին չպատասխանելու կամ գրասենյակի առաջարկությունը չընդունելու հետևանքով գրասենյակը մերժում է հայտարկված նշանների գրանցումները, որի արդյունքում խնդիրներ են առաջանում հայտատուների համար: Նշված փոփոխությամբ գրասենյակին լիազորություն է տրվում այդպիսի հարցմանը չպատասխանելու կամ անընդունելի պատասխան ներկայացնելու դեպքում գրանցել ապրանքային նշանը՝ դիսկլամացնելով նշված տարրերը գրասենյակի նախաձեռնությամբ:
Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով, 2-րդ հոդվածի 2-րդ կետով, 8-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով, 11-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ և 7-րդ կետերով, 12-րդ հոդվածով, 19-րդ հոդվածով, 22-րդ հոդվածով նախատեսված փոփոխությունները և լրացումները ընդլայնում են բողոքարկման խորհրդի լիազորությունները, հնարավորություն տալով նրան քննարկել նաև ապրանքային նշանների գրանցումները չեղյալ ճանաչելու մասին դիմումները: Բողոքարկման խորհրդի որոշումների հետ չհամաձայնելու դեպքում, դիմումատուն կարող է այդ որոշումները բողոքարկել դատական կարգով։
Մինչդեռ գործող օրենքի համաձայն ապրանքային նշանի գրանցումը չեղյալ կարող է ճանաչվել միայն դատական կարգով: Բողոքարկման խորհրդին այսպիսի նոր լիազորություններ տրամադրելով, կարող են էապես կրճատվել դատարան բողոքարկվող գործերի քանակը, հաշվի առնելով դատական պրակտիկայում գործերի քննման բավականին երկար տևող ժամկետները և դատավարական այլ գործողությունների կատարումը, որը շահագրգիռ տնտեսվարող սուբյեկտների համար անհարկի ժամանակի, լրացուցիչ ծախսերի և անհարկի գործողությունների կատարման պատճառ է դառնում:
Բողոքարկման խորհուրդը հանդիսանալով մասնագիտական մարմին կարող է քննել նշված դիմումները մասնագիտական բարձր մակարդակով և անհամեմատ ավելի կարճ ժամկետներում, որի արդյունքում տնտեսվարող շահագրգիռ անձինք կխնայեն ժամանակը և զերծ կմնան անհարկի ծախսերից և գործողություններից:
Նախագծի 4-րդ, 5-րդ հոդվածներով, 8-րդ հոդվածի 1-ին կետով, 9-րդ, 10-րդ հոդվածներով, 11-րդ հոդվածի 1-ին, 5-րդ և 6-րդ կետերով, 13-րդ, 14-րդ, 15-րդ, 16-րդ հոդվածներով, 17-րդ հոդվածի 1-3-րդ, 5-6-րդ կետերով, 18-րդ, 20-րդ հոդվածներով նախատեսված փոփոխություններով, լրացումներով հստակեցվում և շտկվում են տեխնիկական վրիպակները:
Նախագծի 8-րդ հոդվածով նախատեսված փոփոխությունը վերաբերում է Օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասին, որի համաձայն ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների փոխանցումը կամ լիցենզիայի տրամադրումը հիմք է չօգտագործման հետևանքով ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու մասին հայցը մերժելու համար: Նշված նորմը, դարձել է շինծու գործարքների կնքման պատճառ, քանի որ Օրենքով նախատեսված ժամանակահատվածի ավարտին մոտ ժամանակահատվածում կնքվում են իրավունքի փոխանցման կամ լիցենզիայի տրամադրման շինծու պայմանագրեր, որոնք ակնհայտորեն միտված են ապրանքային նշանի օգտագործումը հիմնավորելու համար, որից հետո նշված ապրանքային նշանը այդպես էլ շարունակում է չօգտագործվել և հանդիսանում է չարաշահումների պատճառ: Հետևաբար, ելնելով նշվածից՝ Օրենքի համապատասխան դրույթը շարադրվել է նոր խմբագրությամբ:
-
Քննարկվել է
02.09.2022 - 18.09.2022
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Էկոնոմիկա, Տնտեսական
-
Նախարարություն
ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 4445
Տպել