Հիշել նախագիծը

«ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԽԹԱՆՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԽԹԱՆՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ

 

1.Անհրաժեշտությունը.

 Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացումը կարևորագույն խթան են հանդիսացել և հանդիսանում աշխարհի զարգացած երկրների և Հայաստանի Հանրապետության տնտեսության արտադրողականության բարձրացման, նորարարական և գիտակրթական համակարգերի և ոլորտի ենթակառուցվածքների զարգացման համար:

«Բարձր տեխնոլոգիաների ոլորտի խթանման պետական աջակցության մասին», և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում բարձր տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ ընկերություններին պետական աջակցություն տրամադրելու և պետական և մասնավոր հատվածների համագործակցության միջոցով գիտելիքահենք տնտեսության զարգացման ուղղությամբ իրական հնարավորություններ ստեղծելու պահանջով:

  1. Ընթացիկ իրավիճակը.

Բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության առաջնայնություններից է: Բարձր տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկն է,  այն տնտեսության ամենաարագ զարգացող ոլորտներից է, որը նպաստում է երկրի տնտեսության աճին, մրցունակության և արտադրողականության բարձրացմանը, աշխատատեղերի ստեղծմանը և Հայաստանի Հանրապետության  որպես առաջադեմ գիտելիքահենք արդյունաբերությամբ երկրի վարկանիշի բարձրացմանը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ ընկերությունների ձևավորմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և ներդրումների ներգրավմանը խթանելու նպատակով 2014 թվականին ընդունվել և 2015 թվականից գործում է  «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, (այսուհետ՝ Օրենք) որով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նոր ստեղծվող, սկսնակ տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվում է հարկային արտոնություններ, մասնավորապես, շահութահարկի 0% դրույքաչափի և եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառմամբ: Գործող օրենքի շրջանակներում տրամադրված հավաստագրերը գործում են մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

2015 թվականից մինչ օրս հարկային արտոնություն է ստացել 1440 նորաստեղծ տեխնոլոգիական ընկերություն: Մասնավորապես՝

2015 թվականին հավաստագրվել է 65 ընկերություն,

2016 թվականին հավաստագրվել է 103 ընկերություն,

2017 թվականին հավաստագրվել է 270 ընկերություն,

2019 թվականի հավաստագրվել է 230 ընկերություն,

2020 թվականին հավաստագրվել է 192 ընկերություն,

2021 թվականին հավաստագրվել է 210 ընկերություն,

2022 թվականի հունվարի 1-ից մինչև 27․05․2022թ․-ը հավաստագրման համար դիմել է 450 կազմակերպություն, հավաստագիր ստացել է 433 կազմակերպություն:

 Օրենքի համաձայն տնտեսավարող սուբյեկտ են համարվում  տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունները, այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձինք, որոնք Հայաստանի Հանրապետությունում կգրանցեն նոր կազմակերպություն։ Նրանք ևս կարող են դիմել, ստանալ հավաստագիր և արտոնյալ պայմաններով սկսել և ընդլայնել իրենց բիզնեսը Հայաստանում։ Մեր երկրում գործունեություն սկսելու համար արտերկրից դիմողների թիվը 2015 թվականից մինչ օրս կազմում է 247 օտարերկրյա ընկերություն։

Բայց և այնպես բարձր գնահատելով գործող Օրենքի առավելություններն ու դրական նշանակությունը, Օրենքի կիրառման տարիների ընթացքում աշխարհի և մեր երկրի հասարակական և քաղաքական կյանքում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք ենթադրում են փոփոխություններ: Օրենքը բովանդակային և օրենսդրական տեսանկյունից բարեփոխման և արդիականացման կարիք ունի, ինչպես նաև հարկ է նշել, որ Օրենքի գործողության ժամկետը ավարտվում է 2022 թվականի դեկտեմբերի 31-ին:

3.Առաջարկվող կարգավորման բնույթը.

Վերը թվարկված գործոնների ամբողջության արդյունքում մշակվել է նոր Օրենքի նախագիծ, որով նախատեսվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նորարարություններ ստեղծող սկսնակ ընկերություններին աջակցել հավաստագրման եղանակով՝ հարկային արտոնություններ տրամադրելու միջոցով: Հարկային արտոնությունները տրամադրվում են հավաստագրված անձանց` Հայաստանի Հանրապետության հարկային հարաբերությունները կարգավորող օրենքով սահմանված դրույքաչափերով: Նախագծով ընդլայնվել է հարկային արտոնություն ստանալու համար դիմելու իրավունք ունեցող անձանց աշխատողների թվաքանակը՝ գործող 30-ի փոխարեն սահմանվելով՝ 50:

Նախագծով կարգավորվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի հավաստագրման գործընթացը, հավաստագրի տրամադրում, փոփոխման, դադարեցման հետ կապված հարաբերությունները: Հարկային արտոնություն ստանալու համար կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը կարող են դիմել պետական գրանցման/հաշվառման պահից մեկ տարվա ընթացքում:

Նախագծով նախատեսվում է, որ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ  օրենքով տրամադրված հավաստագրերը գործում են տրամադրման պահին գործող օրենքով սահմանված պայմաններով և ժամկետներով:

Միաժամանակ հաշվի առնելով ոլորտի արագ տեմպերով զարգացումը, նախագծով սահմանվել է, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերին պետական աջակցություն կարող է իրականացվել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանած պետական աջակցության այլ ձևերով:

  1. 4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.

Նա­­խագիծը մշակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:

  1. 5. Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը. Իրավական ակտի ընդունման արդյունքում բարձր տեխնոլոգիաների ոլորտում կստեղծվեն նոր տնտեսվարող սուբյեկներ և նոր աշխատատեղեր, որն էլ խթան կհանդիսանա Հայաստանի Հանրապետության տնտեսության արտադրողականության և մրցունակության բարձրացման, գիտելիքահենք տնտեսության զարգացման, տեղեկատվական հասարակության և դրա տարբեր բաղադրիչների ձևավորման, օտարերկրյա ներդրումների ներգրավման, տեղական ընկերությունների արտադրանքի և ծառայությունների արտահանման ու համաշխարհային շուկայում Հայաստանի` որպես զարգացած բարձր տեխնոլոգիաների ոլորտ ունեցող երկրի վարկանիշի բարձրացմանը:
  2. 6. Իրավական ակտն ընդունելու դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին.

Նախագծի ընդունումը ՀՀ պետական բյուջեի տարեկան եկա­մուտների և ծախ­սերի փոփոխությունների չի հանգեցնում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050,Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «Բարձր տեխնոլոգիաներ» բաժնի դրույթներից:  Հայաստանի Հանրապետության կառավարությունը տնտեսության և անվտանգային համակարգի ստեղծման համար բարձր տեխնոլոգիաների կարևորությունը հաշվի առնելով, նպաստել և շարունակաբար նպաստելու է նորարարական համակարգի զարգացմանը և տարբեր ոլորտներում դրանց համակողմանի ներդրմանը: Բարձր տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների գործունեությունից գոյացող եկամուտների աճի ապահովման, ՀՆԱ-ի նկատմամբ այդ ցուցանիշի տեսակարար կշռի ավելացման, ծավալների բարձրացման, ձեռներեցության խթանման, ինչպես նաև տնտեսության ու հանրային ոլորտներում նորարարական գաղափարների և տեխնոլոգիական լուծումների լայն կիրառման համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մշակվելու է բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարություն։

Նախատեսվում է բարձր տեխնոլոգիաների ոլորտում մինչև 2026 թվականը  ունենալ մոտ 35,000 զբաղվածներ, ոլորտի շրջանառությունը հասցնել 500 մլրդ դրամի, ունենալ առնվազն 16,000 նոր աշխատատեղ։

Այս նպատակներին հասնելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման, հայկական գիտական ներուժի, նորարարությունների հիման վրա հիմնված տնտեսության զարգացման և առաջընթացի ապահովման նպատակով պետական աջակցություն է տրամադրում բարձր տեխնոլոգիական ոլորտի նորաստեղծ ընկերություններին հարկային արտոնություններ տրամադրելով:

 

 

 

 

  • Քննարկվել է

    01.09.2022 - 16.09.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6544

Տպել