Հիշել նախագիծը

«ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

«ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.   «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-237-Ն օրենքի՝ (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում «սույն օրենքով,» բառերից հետո լրացնել «Հարկային օրենսգրքով,» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքով,» բառերը:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 3.  Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

  1. Սույն օրենքի իմաստով օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
  • աղբ՝ մարդու կենսագործունեությունից առաջացող, սպառողական հատկությունը և պիտանելիությունը կորցրած իր.
  • աղբահանություն`գոյացող աղբի հավաքում, ներառյալ տեսակավորում, պահում, փոխադրում՝ աղբի վերաօգտագործման, օգտահանման, վերամշակման, վնասազերծման կամ  աղբավայրում տեղադրման  նպատակով.
  • կոշտ կենցաղային աղբ՝ «Թափոնների մասին» օրենքի համաձայն կոշտ կենցաղային թափոն.
  • կենսաքայքայվող /օրգանական/ աղբ՝ աէրոբիկ կամ անաէրոբիկ քայքայման ենթարկվող աղբ (օրինակ՝ սննդային աղբ, այգիներում ծառերի էտման, բույսերի ու թփերի սանիտարական մաքրման հետևանքով առաջացող աղբ և այլն).
  • հատուկ աղբ՝ իր հատկանիշների շնորհիվ առնաձնահատուկ միջոցառում պահանջող աղբ (լուսավորող սարքեր, սնդիկ պարունակող էլեկտրական լամպեր, մարտկոցներ և կուտակիչներ, անվադող, փոխադրամիջոց, էլեկտրոնիկա և ալն).
  • արտադրական աղբ` արտադրության և (կամ) սպառման ընթացքում գոյացած աղբ, որն առաջանում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի արտադրական գործունեության ընթացքում․
  • շինարարական աղբ` շինարարության, վերակառուցման (ներառյալ` քանդման), վերականգնման, ուժեղացման, արդիականացման, ինչպես նաև տարածքների բարեկարգման գործունեության արդյունքում  առաջացող աղբ.
  • խոշոր եզրաչափերի աղբ` մարդու կենսագործունեության հետևանքով կամ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի գործունեության ընթացքում առաջացող աղբ, որոնց չափերը գերազանցում են  1 խորանարդ մետրը, և որոնց  ֆիզիկական հատկություններից ելնելով (չափ, ծավալ կամ քաշ)` անհնար է դրանց հավաքումը, պահումը կամ փոխադրումը կոշտ կենցաղային աղբի համար նախատեսված տեխնիկական միջոցներով.
  • աղբաման՝ կոշտ կենցաղային աղբի կուտակման համար նախատեսված տարողություն, որոնց ձևն ու չափը սահմանվում է համապատասխան համայնքի ավագանու կողմից․
  • աղբամուղ՝ բազնաբնակարան շենքերում ներկառուցված կոշտ կենցաղային աղբի հավաքման, ուղղահայաց տեղափոխման և ժամանակավոր պահման համար նախատեսված ինժեներական սարքավորումների համալիր․
  • աղբահավաք խուց՝ բազմաբնակարան կամ հասարակական շենքերում կոշտ կենցաղային աղբի ժամանակավոր պահման համար նախատեսված տարածք․
  • աղբամանների հարթակ՝ 0․75 խորանարդ մետր և ավել տարողությամբ կոշտ կենցաղային աղբի աղբամանների տեղակայման համար նախատեսված տարածք, որոնց տեղադիրքը սահմանվում է սանիտարական նորմերին ու յուրաքանչյուր համայնքի աղբահանության սխեմաներին համապատասխան.
  • փոխաբեռնման կայան՝ բնապահպանական և տնտեսական արդյունավետությունից ելնելով աղբի ժամանակավոր պահման, սեղմման և հնարավոր տեսակավորման համար նախատեսված կայան.
  • աղբի հավաքման կենտրոն՝ հատուկ հատկացված տարածք, որտեղ հավաքվում է տեսակավորված աղբը՝ հետագա օգտահանման, վերաօգտագործման, վերամշակման և վնասազերծման նպատակով.
  • աղբավայր՝ բնապահպանական, քաղաքաշինական և սանիտարական նորմերին համապատասխան հատուկ ինժեներական կառույցների համակարգ՝ նախատեսված աղբի անվնաս տեղադրման, մեկուսացման և չեզոքացման համար․
  • սանիտարական մաքրում` համայնքի ընդհանուր օգտագործման տարածքների (փողոցների, այգիների, զբոսայգիների, պուրակների, հրապարակների, խաղահրապարակների, բակերի, մայթերի, վերգետնյա և ստորգետնյա անցումների,  կամուրջների, սիզամարգերի, լողափերի, շատրվանների, ճամփեզրերի, կողնակների և ընդհանուր օգտագործման այլ տարածքների) մաքրումը աղբից, տերևակույտերից, փոշուց, կենդանիների դիակներից և փողոցների երթևեկելի մասերի ջրում-լվացումը, փողոցների, կամուրջների, անցումների և մայթերի` ձյունից և սառույցից մաքրումը, համայնքի ընդհանուր օգտագործման համար տեղադրված աղբամանների սպասարկումը.
  • օպերատոր`համայնքին/կամ համայնքներին, կամ դրանց վարչական տարածքում կամ տարածքի մի մասում աղբահանության և (կամ) սանիտարական մաքրման ծառայություններ մատուցող կազմակերպություն (կազմակերպություններ) կամ անհատ ձեռնարկատեր (անհատ ձեռնարկատերեր).
  • աղբի քանակի նվազեցում՝ աղբի գոյացման վայրում՝ սկզբնաղբյուրում, գոյացող աղբի քանակի նվազեցման նպատակով համալիր միջոցառումների կիրառում.
  • աղբի տեսակավորում՝ վերաօգտագործման, օգտահանման և վերամշակման ենթակա աղբի տեսակների տարանջատումն ու առանձին հավաքումը աղբի գոյացման վայրում՝ սկզբնաղբյուրում, կամ աղբի տեսակավորման կայաններում.
  • աղբի օգտահանում՝ աղբի օգտակար օգտագործում այլ ապրանքի/արտադրանքի արտադրադրության համար, ներառյալ վերաօգտագործումը, երկրորդային ռեսուրսների ստացումը և աղբից օգտակար բաղադրիչների առանձնացումը. 
  • աղբի վերաօգտագործում՝ աղբի օգտագործում ի սկզբանե նախատեսված կամ այլ նպատակով, առանց էներգիայի վերականգնման.
  • աղբի վերամշակում՝ տեխնոլոգիական գործընթացների արդյունքում  աղբի  ֆիզիկական, քիմիական և կենսաբանական հատկությունների փոփոխություն․
  • աղբի հեռացում՝  կոշտ կենցաղային աղբի հավաքում և փոխադրում դրանց կուտակման վայրից դեպի վերաօգտագործման, վերամշակման, օգտահանման, վնասազերծման վայրեր և/կամ աղբավայր.
  • աղբի սեփականատեր՝ աղբ գոյացնող ֆիզիկական, իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր, ում տիրապետման ներքո է աղբը.
  • աղբահանության և սանիտարական մաքրման գոտիավորված սխեմա՝ Հայաստանի Հանրապետության տարածքում աղբահանության առավել արդյունավետ գոտիավորում՝ կախված գոյացող աղբի քանակից, տեսակից և աշխարհագրական տեղադիրքերից.
  1. Այն հասկացությունները, որոնք սահմանված չեն սույն օրենքով, ունեն «Թափոնների մասին» օրենքով սահմանված հասկացությունների իմաստը:»:

Հոդված 3.  Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին և 6.1-րդ կետերով.

«5.1)  առաջացող աղբի  քանակի նվազեցումը․ 

6.1)   շրջանաձև տնտեսության խթանումը»:

Հոդված 4.  Օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2-րդ, 3.3-րդ և 3․4-րդ կետերով.

«3.2) hաստատում է Հայաստանի Հանրապետության աղբահանության և սանիտարական մաքրման գոտիավորված սխեմաները․

3.3) հաստատում է աղբահանության ծառայությունների մատուցման պայմանագրերի տիպային ձևը․

3.4) հաստատում է գոյություն ունեցող և գործող աղբավայրերի  շահագործման, բարեկարգման ու փակման նվազագույն նորմերը․

3․5) հաստատում է աղբավայրերի հսկողության և մշտադիտարկման կարգը»:

Հոդված 5.  Օրենքի 4.2-րդ հոդվածի ՝

      1․ 1-ին մասի 5-րդ կետում «չհսկվող  և չարտոնագրված» բառերը փոխարինել «բնապահպանական, սանիտարական և քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող» բառերով.

     2․ Հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին  կետով.

«4.1) հաստատում է աղբավայրերի ու փոխաբեռնման կայանների նախագծման, կառուցման, շահագործման ու փակման նորմերն ու կարգերը, աղբի տարբեր տեսակների հավաքման, տեղափոխման, պահման ու հեռացման ընթակարգերը, աղբի հավաքման և փոխադրման համար ներգրավվող կազմակերպությունների համար գործունեության պայմանները, աղբահանության և  սանիտարական մաքրման  ոլորտի մեթոդական ուղեցույցները․»։

Հոդված 6.  Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.3-րդ և 4.4-րդ հոդվածներով.

  «Հոդված 4.3. Աղբի նկատմամբ սեփականության իրավունք

  1. Աղբը հանդիսանում է սեփականության օբյեկտ: Աղբ առաջացնողը ձեռք է բերում աղբի սեփականության իրավունք դրա ստեղծման պահից, եթե այլ բան նախատեսված չէ ՀՀ ​​օրենսդրությամբ:
  2.    Աղբի սեփականության իրավունքը պատկանում է ֆիզիկական, իրավաբանական անձին և անհատ ձեռնարկատերերին, որոնց  գործունեությունը հանգեցնում է աղբի առաջացմանը, և իրենց սեփականության իրավունքի իրացման ընթացքում, պարտավոր են միջոցներ ձեռնարկել շրջակա միջավայրի և հանրային առողջության վնասը կանխելու համար․
  3. Աղբի սեփականատերն իրավունք ունի դրանց տնօրինման, այդ թվում՝ օտարման և հեռացման այլ գործարքի պայմանագրի հիման վրա այլ անձանց փոխանցել սեփականության իրավունքը, եթե այդ անձիք ունեն  ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով աղբահանության ոլորտում գործունեություն իրականացնելու թույլտվություն:
  4. Հողամասերի սեփականատերերը կամ օգտագործողները, որոնց տարածքում հայտնաբերվել են իրենց չպատկանող աղբ, պարտավոր են այդ մասին տեղեկացնել տեղական ինքնակառավարման մարմնին։ Տեղական ինքնակառավարման մարմինն էլ իր հերթին պարտավոր է միջոցներ ձեռնարկել աղբի սեփականատիրոջ որոշման և դրա հետ գործածության մասով՝ տեղեկացվելուց հետ եռօրյա ժամկետում:

         Հոդված 4.4.  Կոշտ կենցաղային աղբի առաջացման կանխարգելման և դրանց քանակի նվազեցման միջոցառումները

  1. Կոշտ կենցաղային աղբի առաջացումը կանխելու և դրանց քանակը նվազեցնելու նպատակով իրականացվում են համապարփակ հետևյալ միջոցառումները՝

     1) սակավաթափոն և  աղբ չառաջացնող միջոցառումների և տեխնոլոգիաների կիրառում.

     2) առաջացող աղբի առավելագույնս օգտահանում.

     3)  աղբի տեսակավորված հավաքման համար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից համապատասխան պայմանների և ենթակառուցվածքների ստեղծում:»

Հոդված 7.   Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

    «Հոդված 5.

Աղբահանության վճարը

  1. Բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը սույն օրենքով սահմանված դրույքաչափերի սահմաններում համայնքի ավագանու կողմից սահմանված չափով համայնքի բյուջե գանձվող պարտադիր գանձույթ է:

 2․ Արտադրական, շինարարական աղբի համար, ինչպես նաև ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում աղբահանության վճարը սահմանվում է սույն օրենքով սահմանված դրույքաչափերի սահմաններում համայնքի ավագանու կողմից սահմանված չափով։

 3․ Աղբահանության վճարի կամ դրա տեսակի փոփոխման դեպքում սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված անձիք պարտադիր իրազեկում են աղբահանության փոփոխված վճարի չափի կամ դրա տեսակի մասին աղբահանության վճար վճարողներին՝ մինչև հաջորդ ամսվա 5-ը ներառյալ։ Ընդ որում, իրազեկումն իրականացվում է համայնքի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակմամբ, իսկ առանձին դեպքերի համար՝  աղբահանության վճար վճարողի հաշվառման հասցեին կամ կամ  վերջինիս կողմից տրամադրված էլեկտրոնային փոստին  ծանուցում ուղարկելու միջոցով։

 4․  Աղբահանության վճարի դրույթաչափի տեսակի  հետ անհամաձայնության դեպքում, ինչպես նաև լրացուցիչ ծառայությունների մատուցման անհրաժեշտության դեպքում՝ աղբահանության ծառայություն մատուցող ու ստացող կողմերի միջև կնքվում է պայմանագիր՝ սահմանելով դրույքաչափը, աղբահանության ծառայությունների մատուցման կարգն ու ձևը։»։

  Հոդված 8.   Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասում ում «արգելվում է» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 21․1 հոդվածով սահմանված դեպքերի» բառերը։  

  Հոդված 9.   Օրենքի 8-րդ հոդվածում՝

1․ 1-ին մասում «իրականացնում են» բառերից հետո լրացնել «համապատասխան տեխնիկայի ու սարքավորումների հագեցվածությամբ» բառերը.

      2․  2-րդ և 3-րդ մասերում «իրականացնել» բառից հետո լրացնել «տեսակավորված,» բառը։

Հոդված 10. Օրենքի 10-րդ հոդվածում`

   1․  1-ին մասը  շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« 1.Կոշտ կենցաղային աղբի հավաքումը  կատարվում է՝

1) անմիջապես աղբ գոյացնողից և հեռացվում է անմիջապես աղբատար մեքենա՝ առանց աղբամաններում կուտակելու.

2) աղբամանների միջոցով՝ աղբը հավաքվում կամ պահվում է համայնքի ընդհանուր օգտագործման տարածքներում այդ նպատակով սահմանված կամ նախատեսված հատուկ  հարթակների վրա տեղադրված  համայնքի կամ օպերատորի տրամադրած տարողություններում` սահմանված սանիտարահիգիենիկ կանոնների և նորմերի պահանջների պահպանմամբ.

3) աղբամուղերի միջոցով՝ աղբը հավաքվում է աղբահավաք խցերում` սահմանված սանիտարահիգիենիկ կանոնների և նորմերի պահանջների պահպանմամբ.

4) փոխաբեռնման կայանների միջոցով, որտեղ ժամանակավոր հավաքվում, սեղմվում և հնարավոր տեսակավորվում է աղբը՝ սահմանված սանիտարահիգիենիկ կանոնների և նորմերի պահանջների պահպանմամբ, այնուհետև տեղափոխվում վերամշակման, օգտահանման արտարդամասեր կամ աղբավայր.

5) աղբի հավաքման կենտրոնների միջոցով, որտեղ ժամանակավոր հավաքվում է տեսակավորված աղբը՝ դրանց  հետագա գործածության նպատակով: Ընդ որում, աղբի հավաքման կենտրոններ տեսակավորված աղբը կարող է տեղափոխել օպերատորը, ինչպես նաև ֆիզիկական, իրավաբանական անձիք և անհատ ձեռնարկատերերը՝ իրենց միջոցների հաշվին:»։

2․  3-րդ մասում «Ոչ կենցաղային» բառերը փոխարինել «Արտադրական, շինարարական» բառերով,  «հավաքվում և» բառերը փոխարինել «հավաքվում է անմիջապես աղբ առաջացնողից առանց աղբամաններում կուտակելու կամ»»  բառերով:

    3․ Հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3․1, 3․2 և 4․1 մասերով․

«3․1․  Օգտահանման և վերամշակման ենթակա աղբը (թղթե, ապակե, պլաստիկ և կենսաքայքայվող աղբ) հավաքվում է համայնքի, օպերատորի կամ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված անձանց կողմից տրամադրված առանձնացված աղբամաններում կամ  կոնտեյներներում:

3․2․  Հատուկ աղբը  հավաքվում է առանձին և  հատուկ մեքենաներով տեղափոխվում է վնասազերծման, օգտահանման  կամ հատուկ միջոցառումների կիրառմամբ պահման ու թաղման տարածքներ։»։

«4․1․ Աղբամաններում արգելվում է  տեղադրել կամ պահել հատուկ աղբը, այրվող, շիկացած կամ տաք ու խոշոր եզրաչափերով, բժշկական աղբը, ձյունը և սառույցը, ինչպես նաև այլ աղբ, որը կարող է վնաս հասցնել աղբ հեռացնող անձանց կյանքին և առողջությանը:»։

Հոդված 11. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ և 3-րդ մասերով․

«2․ Աղբի փոխադրումն իրականացվում է դրա համար նախատեսված հատուկ  մասնագիտացված տեխնիկայի և համապատասխան անձնակազմի միջոցով՝ սանիտարահիգիենիկ կանոններին և նորմերին, ինչպես նաև սանիտարական սխեմային համապատասխան։

3․ Շինարարական,  խոշոր եզրաչափերով, օգտահանման և վերամշակման ենթակա, ինչպես նաև  հատուկ աղբը  փոխադրվում է առանձին-առանձին՝ սահմանված նորմերին ու կանոններին համապատասխան։ Շինարարական, խոշոր եզրաչափերի և օգտահանման ու վերամշակման ենթակա աղբի հավաքման և փոխադրման նորմերն ու կանոնները սահմանում է աղբահանության և սանիտարական մաքրման ոլորտի պետական կառավարման լիազորված մարմինը»։

Հոդված 12. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ `

       «Հոդված 12.

Աղբի տեղադրմանը և աղբավայրերի շահագործմանը ներկայացվող պահանջները

  1. Աղբը տեղադրվում է բնապահպանական, սանիտարական և քաղաքաշինական նորմերին համապատասխանող աղբավայրերում կամենթարկվում է վերամշակման:
  2. Աղբավայրերում աղբի տեղադրումն իրականացվում է աղբավայրերի շահագործման և սանիտարահիգիենիկ կանոնների պահանջների պահպանմամբ:
  3. Արգելվում է աղբի տեղադրումը դրա համար չնախատեսված վայրերում:
  4. Արգելվում է հեղուկ աղբի, պայթուցիկ և դյուրավառ նյութերի, բժշկական հաստատություններից ու սպանդանոցներից առաջացած և այլ կենսաբանական աղբի տեղադրումը աղբավայրերում։
  5. Սահմանափակվում է կենսաքայքայվող աղբի տեղադրումը աղբավայրերում:
  6. Արգելվում է աղբավայրում աղբի բաց եղանակով այրումը։
  7. Աղբավայրերը շահագործող օպերատորները շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության բացահայտման և կանխարգելման նպատակով իրականացնում են աղբավայրի հսկողություն, ինչպես նաև հակահրդեհային միջոցառումներ՝ աղբի ինքնայրումը կանխելու համար։ Աղբավայրի հսկողության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»։

  Հոդված 13. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

       «Հոդված 13.

Աղբահանության և սանիտարական մաքրման սխեմաներին ներկայացվող պահանջները

  1. Աղբահանության և սանիտարական մաքրման սխեման պարունակում է հետևյալ հիմնական տարրերը. առաջացող աղբի ծավալների մոտավոր հաշվարկը, սանիտարական մաքրման ենթակա տարածքները, սանիտարական մաքրման աշխատանքների ծավալները, աղբի հավաքման, պահման և փոխադրման մեթոդներն ու ժամային գրաֆիկները, աղբի տեղադրման, տեսակավորման և վնասազերծման, վերամշակման ու օգտահանման ձևերն ու մեթոդները, անհրաժեշտ մեքենա-մեխանիզմներին ներկայացվող պահանջները, սանիտարական մաքրման ենթակա հուշարձանների տեղակայումը:
  2. Համայնքի աղբահանության և սանիտարական մաքրման սխեման հաստատում է համայնքի ավագանին:
  3. Աղբի հավաքման, կուտակման, ժամանակավոր պահման, փոխադրման, վերաօգտագործման, օգտանահման, վնասազերծման, վերամշակման և աղբավայրում տեղադրման գործունեության կազմակերպման համար հանրապետության աղբահանության գոտիավորված տարածքների համար հաստատվում են աղբահանության և սանիտարկան մաքրման սխեմաները, որոնք ներառում են՝

1) գոտիավորված  տարածքում աղբ առաջացնող աղբյուրների վերաբերյալ տվյալներ.

2) գոտիավորված տարածքում գոյացող աղբի ծավալի և տեսակների վերաբերյալ տվյալներ.

3) գոտիավորված տարածքում վերաօգտագործման, վնասազերծման, օգտահանման և վերամշակման ենթակա աղբի նպատակային ցուցանիշների վերաբերյալ տվյալներ.

4) գոտիավորված տարածքում աղբի կուտակման վայրերի գտնվելու վերաբերյալ տեղեկատվություն.

5) գոտիավորված տարածքում օգտահանման, վնասազերծման,  վերամշակման ենթակա աղբի և աղբի հեռացման օբյեկտների գտնվելու վայրի վերաբերյա տվյալներ.

6) գոտիավորված տարածքում նախատեսվող աղբի վերամշակման, օգտահանման, վնասազերծման օբյեկտների  և աղբավայրերի կառուցման վերաբերյալ տեղեկատվություն

7) գոտիավորված տարածքի աղբահանության և սանիտարական մաքրման սխեմայի էլեկտրոնային մոդել:

  1. Աղբահանության և սանիտարական մաքրման սխեմաները ենթակա են հրապարակման՝ դրանց հաստատման օրվանից եռօրյա ժամկետում:»:

Հոդված 14.  Օրենքի 14-րդ հոդվածի՝

1․ վերնագրում «դրույքաչափը» բառից հետո լրացնել «և հաշվարկման մեթոդները» բառերը․

2․ 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերում «առանձնացված» բառից հետո լրացնել                                             «, ինչպես նաև տարբերակված» բառերը,

3․ 2-րդ մասի 6-րդ կետում «հաշվարկվում է սույն մասի 1-5-րդ կետերով սահմանված» բառերից հետո լրացնել «առավել բարձր» բառերը․

4․ 3-րդ մասում «Ոչ կենցաղային աղբի համար, ինչպես նաև ոչ բնակելի տարածքների» բառերը փոխարինել «Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում և (կամ) շինություններում և շենքերից ու շինություններից դուրս գտնվող առևտրի և հանրային սննդի օբյեկտների, ծառայությունների մատուցման վայրերի» բառերով:

  1. 3-րդ մասում «1-5-րդ կետերով» բառերից հետո լրացնել «և 2․1 մասով » բառերը:
  2. Ուժը կորցրած ճանաչել Հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը։

7․  Հոդվածի 3․1-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«3․1. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ոչ բնակելի շենք-շինությունների ու  տարածքների մասով աղբահանության հարաբերությունները կարգավորվում են աղբահանության ծառայություն մատուցող և ստացող կողմերի միջև կնքված պայմանագրով: Ընդ որում,  նշված շենքերի, շինությունների և տարածքների սեփականատերը սույն հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով և 2․1 մասով սահմանված դրույքաչափերի հետ անհամաձայնության վերաբերյալ գրավոր ներկայացնում է համապատասխան համայնքի ղեկավարին կամ օպերատորին։»։

8․ Հոդվածը լրացնել  հետևյալ բովանդակությամբ 3․2 և 3․3 մասերով․

 «3.2․ Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքում՝ ոչ բնակելի նպատակային նշանակության շենքի և (կամ) շինության և (կամ) տարածքի սեփականատերն է կազմակերպում ըստ զանգվածի կամ ծավալի աղբի հավաքման և հաշվարկման ապահովումը՝ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված անձանց կողմից վերջիններիս ապահովման  անհնարինության դեպքում։ Ընդ որում, ըստ զանգվածի կամ ծավալի աղբի հավաքման դեպքում պարտադիր պետք է ապահովվի աղբի հավաքման և փոխադրման համար աղբատար մեքենաների անարգելգ մուտքն ու ելքը։

 3․3․ Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված կարգավորումները չեն կիրառվում սույն հոդվածի 3․2 մասով սահմանվող ըստ զանգվածի կամ ծավալի աղբի հավաքման համար համախատասխան աղբամանների տեղադրման անհնարինության դեպքերում։»։

Հոդված 15.  Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 19.1-րդ հոդվածով.

       «Հոդված 19.1  Աղբի հետ գործածության ոլորտում դրույքաչափերը

  1. Աղբի հետ գործածության ոլորտում գործում են հետևյալ դրույքաչափերը.

1) օպերատորի ծառայությունների դիմաց դրույքաչափ.

2) կոշտ կենցաղային աղբի վնասազերծման դրույքաչափ.

3) կոշտ կենցաղային աղբի օգտահանման և վերամշակման դրույքաչափ.

4) կոշտ կենցաղային աղբից էներգիայի վերականգնման դրույքաչափ.

5) կոշտ կենցաղային աղբի աղբավայրում տեղադրելու դրույքաչափ:»:

Հոդված 16.  Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4․1 գլխով

        «ԳԼՈՒԽ 4․1   ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽԹԱՆԻՉՆԵՐ

     Հոդված 21․1 Տնտեսական խթանիչների կիրառում

  1. Աղբահանության ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կիրառվում են տնտեսական խթաններ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար՝ սույն Օրենքի 14-րդ հոդվածում ամրագրված վճարների նվազեցմամբ՝ աղբի կանոնավորված տեսակավորման, դրանց գոյացման ծավալների նվազեցման, օգտահանման միջոցառումների կիրառման գործունեություն ծավալելու դեպքերում։»։

         Հոդված 17  Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկ տարվա ընթացքում, բացառությամբ օրենքի 4․1-րդ հոդվածի 3.2–րդ մասով նախատեսված իրավական ակտի, որն ընդունվում է մինչև 2026 թվականի հունվարի 1-ը։

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք)՝  43.1 հոդվածում (այսուհետ` Հոդված)՝

1.      3-րդ մասում «աղբամաններից» բառից հետո լրացնել «, աղբի հավաքման կենտրոններից» բառերը։

2.     Հոդվածը լրացնել  հետևյալ բովանդակությամբ 7․1 և 8․1 մասերով։

«7․1  Համայնքի կամ աղբահանության օպերատորի տրամադրած կոշտ կենցաղային թափոնների համար նախատեսված  տարողություններում` աղբամաններում կամ կոնտեյներներում,  բժշկական թափոնների,  մարտկոցների ու կուտակիչների, 1խմ և ավել ծավալով աղբի, այրվող, շիկացած կամ տաք աղբի,  ձյան և սառույցի տեղադրումը, ինչպես նաև այն աղբի տեղադրումը, որը կարող է վնաս հասցնել աղբ հեռացնող անձանց կյանքին և առողջությանը՝ 

առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ` նվազագույն աշխատավարձի հնգապատիկից տասնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ` քսանապատիկից երեսնապատիկի չափով։»։

«8․1 Հողամասերի սեփականատերերի կամ օգտագործողների տարածքում հայտնաբերված իրենց չպատկանող աղբի վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմնին տեղեկացնելուց հետո եռօրյա ժամկետում համապատասխան միջոցներ չձեռնարկելն առաջացնում է տուգանք պաշտոնատար անձի նկատմամբ նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով։»։

3․ Հոդվածի 9-րդ մասում՝  «Աղբավայրերի» բառից հետո լրացնել «, աղբի հավաքման կենտրոնների» բառերը:

4․ Հոդվածը լրացնել  հետևյալ բովանդակությամբ 10․1-ից 10․5 մասերով․

 «10․1 Պայթուցիկ և դյուրավառ նյութերի, բժշկական հաստատություններից, սպանդանոցներից առաջացած և  այլ կենսաբանական աղբի, ինչպես նաև առանց հատուկ տարրաների մեջ պահեստավորված հեղուկ աղբի տեղադրումը աղբավայրերում՝

առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի տասնապատիկից քսանապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝  ութսունապատիկից հարյուրապատիկի չափով։

10․2. Սույն հոդվածի 10.1-րդ մասով նախատեսված խախտումը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով:

10․3  Աղբավայրերում բաց եղանակով աղբի այրման կազմակերպումն  առաջացնում է տուգանք ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝  երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով։

10․4. Սույն հոդվածի 10.3-րդ մասով նախատեսված խախտումը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով:

10․5 Գործող աղբավայրերի բարեկարգմանն ու շահագործմանը ներկայացվող նվազագույն պահանջների չկատարումը՝ առաջացնում է տուգանքի նշանակում աղբավայրը շահագործողի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի  հարյուրապատիկից  մինչև  երեքհարույրապատիկի չափով:

Հոդված 2. Օրենսգրքի    2191 –-րդ հոդվածի 2-րդ մասում  «43.1-ին հոդվածի 2-8-րդ և 10-12-րդ մասերով» բառերը փոխարինել «43.1-ին հոդվածի 2-8.1-րդ, 10-12-րդ մասերով» բառերով։

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի 4-րդ մասով Օրենսգրքում լրացվող 43․1-րդ հոդվածի 10․5-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

  • Քննարկվել է

    31.08.2022 - 16.09.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3183

Տպել

Առաջարկներ`

Դեմ եմ նոր օրենքի նախագծին

31.08.2022

Այդքան մտածում եք եկեք Վանաձոր քաղաք և տեսեք թե ինչ է կատարվում աղբի աղբատար մեկենասների թարմացման կարիք կա ավելի ճիշտ նոր մեքենաների գնման կարիք կա, քանի որ աղբի փչացած մեքենայով աղբ տանողները մի բակից մյուս բակ են աղբ տանում ու պարկերով դատարկում կանխամտածված աղբի ու կեղտի մեջ են քաղաքը թողնում, այդքան մտածում եք ղբահանում իրկանցնող կազմակերպություններին տուգանեք, թեչե ամեն բնկչի հասցեին 2 երեք մարդ ավել են գրնցել ու մարդկանց տույժի ու տւգանքի են ենթարկում ապօրինի ձեով իսկ փողոցները աղբի ու կեղտի մեջ կորած են, մտածում եք վանաձոր քաղաքի ու մարզերի մյուս քաղաքների համար 4, 5 ական նոր գնված աղբատար մեքենաներ գնեք, թեչե քնում արթնանում եք մտածում եք ինչ օրենք ընդունեք որ էս հասարակությանը տույժի ու տուգանքի ենթարկեք, մտածում եք եկեք տեսեք թե ինչ անմխիթար վիճակում են փողոցները, իսկ աղբատար մեքենաները բառիս բուն իմաստով ընթացքում փլվում են դետալ դետալ, եթե մտածում եք Էդքան Փողոցները ասֆալտապատել տվեք որ աղբի մեքենաներն էլ ճիշտ ժամանակին գան ու արագ աղբահանում կատարվի, թեչե օրինկ աղբը քաղաքի կենտրոնից հավաքում են տանում են դարպաս կոչվող վայրի գետի մեջ ու քանդած գործարանների տարածքում դատարկում անօրինական ու ապօրինի տեղ, այդ անողներին տույժի ենթարկեք որ շինարարական աղբը արջուտի լեռները տանելու փոխարեն լցնում են գետի մեջ ու դարպաս գյուղի մոտակայքում ու նույն կերպ աղբը լցնում են չորրորդ տորոնի տաջիկներ կոչվող թաղամասի մոտ որ կոչվում է նաև աղալագյօօլ, էդ անողներին տուգանեք և դատեք օվքեր կեղտոտում ու կատաստռոֆիկ վատ վիճակի են հասցնում էկոլոգիան ոչ թե հասարակ քաղաքացիների ու մարդկանց հետևից եք ընկել, մարդիկ կան ում տան վրա ավել մարդ են գանձել որ ավել հարկ վերձնեն աղբատար ընկերությունները ու էդ մարդիկ չեն վճարել հարկերը քանի, որ ավել մարդու պատճառով հարկը շատ է իսկ երբ մարդիկ սկսել են վճարել այդ նույն աղբատար կազմակերպությունը խարդախորեն տուգանք է ավելացրել որպեսզի ավել գումար շորթի քաղաքացիներից այդ տեսակ հանցավոր աղբահան կազմակերպություններին տուգանքի ենթարկեք որ խարդախությամբ քաղաքացիներից գումար չըշորթեն, թեչե դրել եք հակամարդկային օրենքներ եք փորձում ընդունել, հլը մի օր եկեք նշածս վայրերը վանաձորում տեսեք ինչ ա կատարվում , քիմ գործարանի գազի վերևի խաչմերուկը հանրակացարանի, առաջին տարոն վերևի աղբատեղին և տարոն 2ի ջրամբարի մոտի մասը, գնացեք չորրորդ տարոն տաջիկներ կամ ֆուդբոլի դպրոցից դեպի կամակատար տանող աղալագյոլ կոչվող հատվածը, գնացեք տարոն երկուսում շրջեք, գնացեք ջունգլիներ, գնացեք դարպաս և թթու ջրի կամուրջի մոտից այդ ճանապարհի կողքերը դիտեք ու դա հասարակ մարդու կատարած բնության աղտոտում չէ այլ հենց աղբահանողների ու մեծ շինարարական գործունեությամբ զբաղվողների ու դա համցագոծությունա հասարակ քաղաքացիների նկատմամբ

Տեսնել ավելին