Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

 

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ժամանակավոր անաշխատունակության և մայրու­թյան նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ

 

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծերի նպա­տակը միկրո­ձեռ­նարկատիրության հարկման համակարգի վերանայումն է այնպես, որ այն իրապես ծառայի հարկման այս համակարգի առջև սկզբնապես դրված նպատակներին: Մասնավորապես, ինչպես հայտնի է, միկրոձեռնարկատիրության հարկման համակարգը սկզբնապես բնութա­գրվում էր որպես հարկ­ման արտոնյալ համակարգ, որի նպատակն էր բնակչությանը ծառա­յու­թյուններ մատու­ցող, բնակչության համար աշխատանքներ կատարող և ապրանքներ մատա­կա­րարող փոքր տնտե­սավարող սուբյեկտների համար ստեղծել հարկման արտոնյալ պայման­ներ:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Ներ­կա­յումս, սակայն, միկրոձեռնարկատիրության մասով սահմանված հարկային կարգավորումների գործ­նական կիրառության ընթացքում պարզվել է, որ համակարգից օգտվում են ոչ միայն բնակ­­չությանը ծառայություններ մատուցող, բնակչության համար աշխատանքներ կատարող և ապրանքներ մատակարարող փոքր տնտեսավարող սուբյեկտները, այլ նաև այն տնտե­սա­վա­րող սուբյեկտները, որոնք եկամուտներ են ստանում այլ տնտեսավարող սուբյեկտներից: Մյուս կող­մից, միկրոձեռնարկատիրության համակարգի շրջանակի այսպիսի արհեստական ընդլայն­մանը նպաստում է նաև այն, որ հարկման այս համակարգի շրջանակում հարկումից ազատված են ոչ միայն ձեռնարկատիրական եկամուտները, այլ նաև պասիվ եկամուտները, իսկ ֆիզի­կական անձանց վճարվող աշխատավարձից եկամտային հարկը հաշվարկվում է ամսա­կան ընդամենը 5 հազար դրամի չափով՝ անկախ վճարվող աշխատավարձի մեծությունից:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծերով առաջարկվում է սահ­մա­նել, որ՝

1) շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չեն նվա­զեց­վում ՀՀ հարկային օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք) սահմանված կարգով միկրո­ձեռ­նար­կատիրության սուբյեկտ համարվող հարկ վճարողներից ձեռք բերված ապրանքների, ստաց­ված ծառայությունների, ընդունված աշխա­տանքների գծով կատարվող ծախսերը, ինչ­պես նաև շենքերը, շինությունները (այդ թվում` անա­վարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքները, հողամասերը անհատույց օգտա­գործ­ման վերցնելու գործարքների գծով ծախ­սերը,

2) միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող համարվել նաև վարձակալական վճարի, տոկոսի (բացառությամբ սպասարկող բան­­­կում առկա ընթա­ցիկ հաշվի դրական մնա­ցորդի նկատմամբ հաշվեգրվող տոկոսի) և (կամ) ռոյալ­­­թիի ստացում նախատեսող՝ գործող պայ­­մանագրի կողմ հանդիսացող կազմակերպությունները և անհատ ձեռ­նար­­կա­­տերերը,

3) միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չեն ազատվում անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց վճարվող (հաշ­վարկ­վող) հարկվող եկամուտներից Օրենսգրքով սահմանված կարգով եկամտային հարկ հաշ­վար­կելու և վճարելու պարտավո­րու­թյու­նից:

4. Կարգավորման առարկան. Նախագծերի կարգավորման առարկան միկրոձեռնարկա­տի­րու­թյան հարկման համակարգում գործունեության իրականացման կանոններն են:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­­գ­ծերը մշակվել են ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծերը ընդուն­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է հնարավորինս կրճատել միկրոձեռնարկատիրության հարկման համա­կարգում գոր­ծու­նեու­թյուն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների շրջանակը՝ դրա­նով իսկ հարկման այս արտոնյալ համակարգը դարձնել էլ ավելի թիրախային:

Միաժամանակ, նախագծերի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրա­ժեշ­տու­թյուն չի պահանջում, իսկ դրա ընդուն­­մամբ պայմանավորված՝ պե­տա­­կան բյուջեի եկա­­մուտ­­ների էական նվա­­զե­­ցում կամ ծախ­­­­սերի ավելա­ցում տեղի չի ունենա:

7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազ­մա­վա­րություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազ­մա­վա­րություններ

Նախագծերը բխում են Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկա­բյու­ջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի ստորին մակարդակում գտնվող հարկման համակարգերում արհեստականորեն տեղա­­­վորվելու և այդ կերպ հարկերի վճարումից խուսափելու, հարկման տարբեր համա­կար­գերի միջև արհեստական գործարքների իրականացմամբ հարկային պլանավորման և գոր­ծարք­ների փաս­տաթղթավորման շղթայի ամբողջականության խաթարման ռիսկերը նվա­զեց­նելու նպա­տա­կով հարկման տարբեր համակարգերի միջև սահմանվելու է համադրելի և արդա­րացի հարկային բեռ:

 

  • Քննարկվել է

    30.08.2022 - 14.09.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Պետական եկամուտներ, Սոցիալական ապահովություն, Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9027

Տպել

Առաջարկներ`

Քաունթ Բրայթ ՍՊԸ

11.09.2022

Բավականին տարօրինակ է այս համակարգից չօգտվողների շրջանակը եթե նպատակը բնակչությանը ծառա­յու­թյուններ մատու­ցող, բնակչության համար աշխատանքներ կատարող և ապրանքներ մատա­կա­րարող փոքր տնտե­սավարող սուբյեկտների համար արտոնյալ համակարգի ստեղծումն է ապա օրինակ ինչու է շրջանակի մեջ մտնում 1. վարսավիրական ծառայութուններ մատուցողները 2.ավտոտեխսպասարկման գործունեություն իրականացնողները, (հատկապես այն դեպքում, որ հենց նշված ոլորտեներում առկա է բավականին հարկայն ստվեր) սակայն վարձակալական կամ թարգմանչական գործունեթյան մասով օրենսդիրը գնահատել է,որ կայացման կամ զարգացման խնդիր չունեն և կարող են աշխատել շրջանառության հարկով: Առհասարակ մի երկրում, երբ հարկը ասոցացնում են «ավելորդ գումար, և, եթե հնարավոր է չվճարել» հասկացությանը անհրաժեշտ և իրապես նպատակին չծառայող է դառնում հարկման արտոնյալ համակարգի ստեղծումը և բացի ստվերից և բիզնեսի տրոհումից որևէ այլ բանի չի բերում: Նշված նախագծի առնչությամբ առաջարկում եմ, որ նախագծից հանվի այն դրույթը որով միկրոձեռնարկատիրության սուբյեկտից ձեռքբերման դեպքում շահութահարկ վճարողների համար այն չի համարվի նվազեցվող ծախս, այլ դրա փոխարեն սահմանվի, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտի կողմից կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին ապրանքների մատակարարման գործարքներ իրականացնելու դեպքում սահմանվի հարկ իրացման շրջանառության 0.5% չափով:

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

10.09.2022

Հարգելի կառավարություն և ԱԺ, ձեր թեթև ձեռքով բոլոր վարսավիրները, մատնահարդարները, անշարժ գույքի վարձատուները, որոնք նախարարներից և փոխնախարարներից, պատգամավորներից ավելի շատ գումար են վաստակում, դարձան միկրոձեռնարկատիրության սուբյեկտ առանց հարկ վճարելու: Բա ասում էիք, թե խրախուսում եք գիտությունը, կրթությունը?

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

10.09.2022

Հարկման համակարգերում արհեստականորեն տեղա­­­վորվելու և այդ կերպ հարկերի վճարումից խուսափելու, հարկման տարբեր համա­կար­գերի միջև արհեստական գործարքների իրականացմամբ հարկային պլանավորման և գոր­ծարք­ների փաս­տաթղթավորման շղթայի ամբողջականության խաթարման ռիսկերը ստեղծվել են հենց կառավարության կողմից: Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող հարկ վճարողների շրջանակի կրճատման և փաս­տաթղթավորման միջոցով շահութահարկ վճարողների հարկման բազաների արհեստական նվազեցման ռիսկերի մասին ասվել է դեռ այս արտոնյալ ռեֆիմը ներդրումից առաջ, սակայն կառավարության կողմից դրանք այն ժամանակ անտեսվեցին: Ինչ որ մեկը պատասխան տալու է չհավաքագրված պետական եկամուտների կորստի, հարկումից խուսափելու հնարավորությունների ստեղծման համար?

Տեսնել ավելին