Հիշել նախագիծը

<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>>
օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի
նախագծի ընդունման

          1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
     Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրին համապատասխան պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու, արհեստավարժ պայմանագրային զինվորական ծառայության զարգացման համար նախադրյալներ ստեղծելու, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված ծառայության վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության փոխարեն շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ և շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայության ընթացակարգ ներդնելու անհրաժեշտությամբ:
         2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
    <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքով (այսուհետ՝ օրենք) ներդրվեց Պաշտպանության նախարարության կողմից նշված ծառայության վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համակարգ, որը ենթադրում էր 36-ամսյա ժամկետով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության անցում՝ նախարարության հետ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքելու միջոցով: Համակարգը նախատեսում էր շարքային կազմի մյուս պարտադիր զինծառայողների համեմատ ավելի մեծ չափով ամսական դրամական բավարարման հաշվարկում (ՀՀ կառավարության 02.10.2014թ. N 1085-Ն որոշման համաձայն՝ 35.000-45.000 դրամ չափով), ամսական 7 օրացուցային օր ժամկետով արձակուրդի տրամադրում և ծառայության ժամկետի ավարտով կամ առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքերում պատվովճարի հատկացում (ՀՀ կառավարության 12.04.2018թ. N 456-Ն որոշման համաձայն՝ 5 մլն դրամ չափով): Համակարգի ներդրումից հետո համապատասխան ծառայություն անցնելու ցանկություն հայտնողների քանակն ի սկզբանե չբավարարեց ակնկալվող քանակները՝ աստիճանաբար նվազելով, ինչպես նաև 2021-2022թթ. զորակոչերի ընթացքում չարձանագրվեց ոչ մի դիմում: Բացի այդ, 2020 թվականի ռազմական գործողություններից հետո բավական թվով զինծառայողներ վաղաժամկետ հրաժարվեցին ծրագրից և շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը լրացած լինելու հիմքով արձակվեցին զինվորական ծառայությունից: Ներկայումս ծրագրով զինվորական ծառայությունը շարունակում են ընդամենը երեք զինծառայող, որոնց ծառայության 36-ամսյա ժամկետն ավարտվում է 2023 թվականի հունվարին: Այդ կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել ներդնել նոր ծրագիր, այս անգամ՝ շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման միջոցով («Հայրենյաց պաշտպան» ծրագիր), որի ժամկետը նախատեսվում է 5 տարի, ինչպես նաև կնքած պայմանագրի ժամկետի ավարտից հետո, անկախ զինծառայությունից արձակվելու կամ ծառայությունը շարունակելու ցանկությունից, կամ առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում այդ զինծառայողներին կհաշվարկվի պատվովճար՝ 5 մլն դրամ չափով, որը զինծառայողը (կամ քաղաքացին) տնօրինելու է իր հայեցողությամբ: Ընդ որում, գործող օրենքով պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու՝ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանվող կարգի փոխարեն գործընթացը կարգավորվելու է ՀՀ կառավարության որոշմամբ: Միաժամանակ, նախկին ծրագրով զինվորական ծառայություն անցնող և անցած զինծառայողների (նախկին զինծառայողների) համար, ծրագրի դադարեցմամբ պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել օրենքով և ՀՀ կառավարության 12.04.2018թ. N 456-Ն որոշման համաձայն հաշվարկվող պատվովճարի գումարի տնօրինման իրավունքը սահմանել այդ անձանց հայեցողությամբ՝ առանց Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ուղղությունների:
     ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսվել է աստիճանական և կանոնակարգված ձևով պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման օրենսդրական հիմքերի ստեղծում, որի շրջանակներում, հաշվի առնելով նաև մի շարք օտարերկրյա պետությունների փորձը, առաջարկվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության որոշակի ժամկետը և, դրանով պայմանավորված՝ զինծառայողի պատրաստության ուսումնական փուլը լրանալու դեպքում (միջինը՝ չորսուկես ամիս), զինծառայողի կողմից ՀՀ պետական բյուջե 24 մլն դրամ վճարելու պայմանով, զինծառայողին պարտադիր զինվորական ծառայությունից վաղաժամկետ արձակելու հնարավորություն: Նշված գումարի չափը նախատեսվել է նաև այն տրամաբանությամբ, որ մեկ պարտադիր զինծառայողի փոխարեն 5 տարի ժամկետով հնարավորություն է ընձեռնվելու պայմանագրային զինծառայողին հաշվարկել մինչև 400.000 դրամ ամսական վարձատրություն, ինչը արհեստավարժ զինվորական ծառայության համակարգ ներդնելու մոտիվացիոն կարևորագույն բաղադրիչ է: Գործընթացը փոխկապակցված է նաև մարտական և դրան հավասարեցված խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողների ատեստավորման ու դրա հիման վրա լրավճարների սահմանման համակարգի ներդրման հետ:
      Օրենքի նախագծի ընդունման արդյունքում անհրաժեշտություն է առաջանալու ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 16.12.2017թ. N 1675-Ն և 12.04.2018թ. N 456-Ն որոշումները, փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 02.10.2014թ. N 1085-Ն որոշման մեջ:
       3. Կարգավորման նպատակը և բնույթը
     Օրենքի նախագծի համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համակարգը փոխարինվում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգով, այդ ծառայությունն անցած զինծառայողների համար սահմանվում է պատվովճարի հաշվարկում՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված չափով և կարգով, ներդրվում է շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն՝ ՀՀ պետական բյուջե գումար վճարելու պայմանով, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված ծառայության վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ծրագրի դադարեցմամբ պայմանավորված սահմանվում են անցումային դրույթներ:
      4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
       Օրենքի նախագծի ընդունումն առաջիկա հինգ տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ֆինանսական ծախսերի անհրաժեշտություն չի առաջացնում:
      5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
        Օրենքի նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի վեցերորդ պարբերության և 1-ին ու 9-րդ կետերի պահանջների արդյունավետ ապահովման հետ, ի դեմս՝ արհեստավարժ (պրոֆեսիոնալ) բանակի աստիճանաբար անցման, պարտադիր զինծառայության ժամկետների կրճատման՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի, զինծառայողների աշխատավարձերի և այլ վճարների բարձրացման, զինծառայության գրավչության և զինծառայողի հեղինակության բարձրացման մեխանիզմների կատարելագործման, ինչպես նաև ՀՀ կառավարության 18.11.2021թ. N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Պաշտպանության նախարարություն» բաժնի 9-րդ կետի 9.1 ենթակետի պահանջների կատարման հետ:

  • Քննարկվել է

    24.08.2022 - 09.09.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 18935

Տպել

Առաջարկներ`

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

09.09.2022

Նախագծով, ի թիվս այլ փոփոխությունների, ներդրվում է ՀՀ պետական բյուջե գումար վճարելու պայմանով շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն անցնելու հնարավորությունը։ Գտնում ենք, որ Նախագծով առաջարկվող նշված իրավակարգավորումն իրավաչափ չէ Սահմանադրությամբ 28-րդ և 29-րդ հոդվածներով սահմանված՝ օրենքի առջև ընդհանուր հավասարության և խտրականության արգելքի սկզբունքների տեսանկյունից։ Հասկանալի է, որ զինվորական ծառայությունը ընդհանրապես և ուսումնական կարճաժամկետ փուլից հետո ենթադրվող հնարավոր սահմանապահ ծառայության իրականացումը մասնավորապես հղի են զինծառայողի կյանքին և առողջությանը սպառնացող իրական վտանգներով։ Այս իրողության համատեքստում նշված իրավակարգավորման ընդունման պարագայում առավել վտանգավոր պայմաններում (ուսումնական փուլին հաջորդող) զինծառայություն իրականացնելու քաղաքացու պարտականությունը առկախվում է բացառապես նրա կամ ավելի հաճախ նրա ընտանիքի գույքային դրությունից։ Ըստ այդմ, ՀՀ քաղաքացին, կախված գույքային կարողությունից, կստանա կամ չի ստանա հնարավորություն՝ նվազեցնելու իր կյանքի և առողջության հիմնարար իրավունքներին սպառնացող վտանգները։ Նման պայմաններում ստեղծվում է իրավիճակ, երբ, օբյեկտիվ հանգամանքներով չպայմանավորված, չհիմնավորված տարբերակում է դրվում միևնույն կարգավիճակ (զինապարտության) ունեցող անձանց միջև, ինչը ենթակա է որակման որպես պետության կողմից իր քաղաքացիների նկատմամբ խտրական մոտեցման դրսևորում։ Այս մոտեցումը նաև անխուսափելիորեն հանգեցնելու է հասարակությունում սոցիալական արդարության և դրա ընկալման նվազմանը, ինչպես նաև սոցիալական բևեռացման խորացմանը՝ իր բոլոր հետևանքներով, այդ թվում՝ կյանքի, առողջության և կրթության իրավունքների/հնարավորությունների տեսանկյունից։ Հիմք ընդունելով նշված դիտարկումները՝ առաջարկում ենք խնդրո առարկա իրավակարգավորումը հանել նախագծի տեքստից։ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Հակակոռուպցիոն Կենտրոն» ՀԿ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

09.09.2022

Օրենքի նախագծի համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համակարգը փոխարինվում է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգով, այդ ծառայությունն անցած զինծառայողների համար սահմանվում է պատվովճարի հաշվարկում՝ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված չափով և կարգով, ներդրվում է շարքային կազմի կարճաժամկետ պարտադիր զինծառայություն (միջինը՝ չորսուկես ամիս)՝ ՀՀ պետական բյուջե 24 մլն դրամ վճարելու պայմանով: Որպես հիմնավորում է բերվում ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախատեսված աստիճանական և կանոնակարգված ձևով պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման օրենսդրական հիմքերի ստեղծումը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ տվյալ գումարի չափը կարող է նախատեսվել պայմանագրային զինծառայողի համար 5 տարի ժամկետով 400.000 դրամ ամսական վարձատրություն ապահովելով: ՀՔԱ Վանաձորի գրասենյակն անընդունելի է համարում նման նախագծի շրջանառումը եւ նման օրենքի ընդունումը՝ ելնելով մի շարք հանգամանքներից. վերոնշյալ նախագիծը, նախեւառաջ, չի քննարկվել մասնագիտական հանրույթի հետ մինչ շրջանառվելը, նախագիծը կոպտորեն խախտում է խտրականության արգելքի սկզբունքը՝ ստեղծելով զինծառայողների համար ոչ հավասար պայմաններ, տարբերակված մոտեցում՝ գույքային դրությամբ պայմանավորված, նախագիծը խնդրահարույց է սոցիալական արդարության տեսանկյունից, քանի որ պարտականություններն անձանց վրա դրված են անարդար կերպով. հասարակության միայն հարուստ խավը կարող է հնարավորություն ստանալ խուսափելու իր պարտականությունից եւ օգտվել օրենքով սահմանված արտոնությունից: Նախագիծը խորացնելու է սոցիալական շերտերի միջև բեևռացվածությունը։ նախագիծը որեւէ բարենպաստ ազդեցություն չի կարող ունենալ հանրային վստահության բարձրացման տեսանկյունից, անահասկանալի է՝ ինչ հաշվարկների եւ գնահատումների հիման վրա է սահմանվել վճարվող գումարի չափը՝ հաշվի առնելով այն փաստը, որ 2020 թվականին աղքատության մակարդակը Հայաստանում գնահատվել է 27%: Հաշվի առնելով վերոնշյալ խնդիրները՝ գտնում ենք, որ Նախագիծը պետք է հանվի շրջանառությունից: : Բացի այդ, անհրաժեշտ է ՀՀ զինված ուժերում առկա բազմաթիվ խնդիրների լուծման համար ցուցաբերել համակարգային մոտեցում, որն ուղղված կլինի զինված ուժերի կառուցվածքային փոփոխություններին, բարոյահոգեբանական վիճակի բարեալվմանը, կանոնադրային հարաբերությունների հետեւանքով խախտումների բացառմանը, զորակոչի եւ զինծառայության գործընթացների արդյունավետ կազմակերպմանը, զինծառայողների առողջության իրավունքի արդյունավետ պաշտպանությանը, զինված ուժերում ենթասպայական եւ սպայական կազմի անդամների կրթական մակարդակի եւ մասնագիտական կարողությունների զարգացմանը:

Անի Վարդանյան

06.09.2022

Անթույլատրելի է գումարի դիմաց բանակում չծառայելը: Սա խիստ բացադաբար է անդրադառնալու բանակի բարոյահոգեբանական մթնոլորտի վրա: Եվ գալու է պահ, որ առհասարակ ծառայողների թիվը խիստ նվազելու է:

Տեսնել ավելին