Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 970-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 970-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

2021 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել Կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի N 970-Ն որոշումը (այսուհետ՝ Որոշում), որը սահմանում է պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգի (բջջային հավելված) տեխնիկական բնութագիրը (նկարագրությունը, ինտերֆեյսը) և դրանից օգտվելու կարգը: Նշված որոշման համաձայն՝ այլևս ցանկացած անձ, որն ունի սմարթֆոն, կարող է ներբեռնել համապատասխան բջջային հավելվածը և դրա միջոցով տեսանկարահանել կամ լուսանկարել ճանապարհային երթևեկության կանոնների (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) պահանջներ խախտումները և դրանք ուղարկել քննության։

Ներկայումս գործում է և՛ «Road Control Armenia» բջջային հավելվածը, և՛ Activesociety.am կայքը։ Բջջային հավելվածի միջոցով հնարավոր է եղել արձանագրել առավել հաճախակի հանդիպող և սովորական քաղաքացու համար տեսանելի տասնյակից ավելի իրավախախտում։

Այնուամենայնիվ պետք է նշել, որ օգտատիրոջ նույնականացման գործընթացը ներկայումս գործող կարգի համաձայն բավականին բարդ է և ժամանակատար: Մասնավորապես, քաղաքացին համակարգում գրանցվելու և նույնականացում անցնելու համար պետք է պարտադիր ունենա նույնականացման քարտ և այդ քարտը կարդացող սարքեր, ինչը, բնականաբար, դժվարությունն է առաջացնում  համակարգում գրանցվելու համար: Հաշվի առնելով, որ Որոշման նպատակներից է նվազեցնել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների պատճառով քաղաքացիների կյանքին, առողջությանը, գույքին վրա հասնող հետևանքները, բարձրացնել վարորդների զգոնությունը և պատասխանատվությունը, անհրաժեշտություն է առաջացել օգտատիրոջ նույնականացման գործընթացը ավելի դյուրին դարձնելու միջոցով խթանել վերոնշյալ նպատակի իրագործումը:

Բացի այդ, 2022 թվականի հուլիսի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստում քննարկելով նաև բջջային հավելվածի միջոցով ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ հաղորդում տալու կարգի կիրարկման ընթացքը և ներկայացված վիճակագրությունը, դիտարկվել է համակարգի կիրառման ընթացակարգերի պարզեցման հնարավորությունը:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվում է Որոշման հավելվածներում փոփոխությունների և լրացումների միջոցով դյուրացնել Որոշմամբ նախատեսված տեղեկատվական համակարգում նույնականացվելու գորընթացը:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

Որոշման նախագծի ընդունմամբ կհեշտացվի Որոշմամբ նախատեսված տեղեկատվական համակարգում քաղաքացիների գրանցման և նույնականացման ընթացակարգը, ինչը խթան կհանդիսանա ավելի շատ անձանց համար օգտվել հավելվածից և կբարձրացնի քաղաքացիների ակտիվությունը՝ ճանապարհային երթևեկության կանոնների (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության) պահանջների խախտումները արձանագրելու գործընթացում՝ արդյունքում նպաստելով Որոշման նպատակի իրագործմանը:

 

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների անհրաժեշտություն առկա չեն:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:

  • Քննարկվել է

    27.07.2022 - 11.08.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ, Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն, Ճանապարհային երթևեկության անվտանգություն, Վարչական իրավախախտում, Տեղեկատվական տեխնոլոգիաներ

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2969

Տպել