Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների ընդունման

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

          «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներով սահմանվում է, որ համայնքների բյուջեների ֆոնդային մասն ի թիվս այլ եկամուտների ներառում է իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից  պետական սեփականություն համարվող անշարժ գույքի (բացառությամբ հողերի), այդ թվում` անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից և օտարումից ստացված միջոցները: Նշված օբյեկտների մասնավորեցումից և օտարումից ստացված միջոցների 30 տոկոսն ուղղվում է համապատասխան համայնքի բյուջեի ֆոնդային մաս, որից հետո՝ Կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի №1098-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան՝ համայնքը ներկայացնում է այդ միջոցների տնօրինման ծրագիր: Ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործումն ապահովելու նպատակով Կառավարության քննարկմանը ներկայացվող ծրագրերը պետք է բխեն Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած մարզային, տարածաշրջանային զարգացման և այլ ծրագրերից, իսկ նախահաշիվները պետք է կազմվեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող կապիտալ շինարարության համար սահմանված նորմատիվների շրջանակներում: Այսինքն, վերոնշյալ միջոցների տնօրինումը համայնքների կողմից պետք է թղթակցվի նաև պետության կողմից ընդունված ռազմավարական ծրագրերի հետ և այդ առումով ծրագիրը չի դիտարկվում բացառապես համայնքային նշանակության: Նաև այդ նպատակով է փաստացիորեն պետական միջոցների 30 տոկոսը տրամադրվում համայնքներին: 2006 թվականից ի վեր Կառավարությունը հավանություն է տվել շուրջ 35 նման ծրագրի: Այդ ծրագրերի իրականացմամբ մասամբ կամ ամբողջապես լուծվել են շահառու համայնքների բնակչության խմելու և ոռոգման ջրի, համայնքային նշանակության ճանապարհների, մանկապարտեզների, ինչպես նաև այլ ենթակառուցվածքների հիմնախնդիրները:

          2009-2011 թթ. պետական բոլոր հողերն ընդգրկվել են համայնքների վարչական տարածքներում՝ այդ հողերի կառավարման գործառույթը փոխանցելով համայնքների ղեկավարներին: Պետական հողերի օտարման գործընթացը նույնպես իրականացնում է համայնքի ղեկավարը՝ որպես պետության պատվիրակած լիազորություն. այդ ընթացքում առաջանում են ֆինանսական ծախսեր, իսկ օտարումից ստացված միջոցներից համայնքին որևէ մասհանում չի կատարվում, ինչի անարդարացիության վերաբերյալ համայնքներից ստացվում են մտահոգություններ:

          2021 թվականին ՀՀ բոլոր մարզերում հիմնականում ավարտվեց համայնքների միավորման գործընթացը, ինչին հետևելու է լիազորությունների ապակենտրոնացման ռեֆորմը (ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի №1363-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 6.6-րդ բաժին): Համայնքների ՏԻՄ-երին փոխանցվելու են նոր լիազորություններ, որոնց իրականացման համար պետությունը պարտավոր է սահմանել ֆինանսական եկամուտների աղբյուրներ:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

          Հաշվի առնելով 15 տարիների ընթացքում  Կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի №1098-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան հավանության արժանացած ծրագրերի արդյունավետությունը, ներկայացվող նախագծերով առաջարկվում է  Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներից հանել այն դրույթները, որոնց համաձայն՝ համայնքի տարածքում օտարվող հողերից ստացված ֆինանսական միջոցներից համայնքներին մասհանում չի իրականացվում, չնայած այն հանգամանքին, որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ պետության պատվիրակած լիազորությունները ենթակա են պետական բյուջեից պարտադիր ֆինանսավորման՝ պետության պատվիրակած լիազորությունների ֆինանսավորման նպատակով նախատեսված հատկացումների հաշվին: Այդ համատեքստում հարկ ենք համարում նշել, որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով համայնքի ղեկավարին պետության պատվիրակած թվով 32 լիազորություններից ընդամենը երկուսի համար է իրականացվում ֆինանսական հատկացում:

Պետական գույքի մասնավորեցումից կամ օտարումից ստացված միջոցների տնօրինման հարցում համանքներն իրենց կատարած ծրագրերով ապացուցել են, որ ի զորու են մշակել և իրենց միջոցների համաֆինանսավորմամբ իրականացնել համայնքների և պետության զարգացմանն ուղղված ծրագրեր: Այդ նպատակով համայնքերին հատկացվող ֆինանսական միջոցների համար լրացուցիչ աղբյուր են դիտարկվում համայնքի տարածքում օտարվող հողերից ստացված ֆինանսական միջոցները:

Ներկայումս որպես համայնքի բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուր նախատեսված համայնքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի, իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից և օտարումից ստացվող մուտքերի համայնքին փոխանցվող 30 տոկոսի փոխարեն առաջարկվում է նախատեասել 50 տոկոս, հաշվի առնելով այն, որ լիազորությունների ապակենտրոնացումը պետք է զուգորդվի ֆիսկալ ապակենտրոնացմամբ:

          «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասի և 2-րդ հոդվածի փոփոխությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի հունիսի 28-ի ՀՕ-117-Ն օրենքն ընդունելիս «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 1-ին մասը 25-րդ կետով լրացնելիս 24-րդ կետի վերջին երկու պարբերությունները թյուրիմացաբար դուրս են մնացել այդ կետից և ներառվել 25-րդ կետում: Առաջարկվող փոփոխությամբ նշված երկու պարբերությունները կրկին ներառվում են 24-րդ կետում:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

          ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:

  1. Ակնկալվող արդյունքը

          Օրենքների ընդունմամբ համայնքների բյուջեները կհամալրվեն ֆինանսական միջոցների նոր աղբյուրով, այն է՝ համայնքի տարածքում օտարվող հողերից ստացված ֆինանսական միջոցներից 50 տոկոսի չափով մասհանումներով, ինչը թույլ կտա համայնքներին իրականացնել նոր ապակենտրոնացված լիազորություններ, ինչպես նաև ավելի մեծ ծավալով կյանքի կոչել բնակչության խմելու և ոռոգման ջրի, համայնքային նշանակության ճանապարհների, մանկապարտեզների, ինչպես նաև այլ ենթակառուցվածքների հիմնախնդիրների լուծմանն ուղղված ծրագրեր:

          Օրենքների ընդունումը կհանդիսանա Կառավարության որդեգրած ֆինանսական ապակենտրոնացման քաղաքականության իրականացմանն ուղղված կարևոր քայլ:

          Օրենքների ընդունումը կնպաստի նաև համայնքներում տնտեսական ակտիվության բարձրացմանը, քանի որ համայնքների ղեկավարներն առավել մոտիվացված կլինեն ներգրավելու ներդրողներ, որոնց կողմից հողամաս ձեռքբերելու դեպքում համայնքի բյուջեն կհամալրվի լրացուցիչ ֆինանսական միջոցներով:

Օրենքների ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծերը բխում են ՀՀ Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 6.6-րդ՝ «Տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում» բաժնի 2-րդ պարբերության 6-րդ կետի պահանջներից:

  • Քննարկվել է

    26.07.2022 - 10.08.2022

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3367

Տպել