Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից անձին որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու ցուցիչները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 ….. 2022 թվականի N ____-Ն 

ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԶՈՀԵՐԻ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՁԻՆ ՈՐՊԵՍ ԶՈՀ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԶՈՀ ՆՈՒՅՆԱՑՆԵԼՈՒ ՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունն որոշում է.

  1. Հաստատել Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից անձին որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու ցուցիչները` համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

Հավելված
Հայաստանի Հանրապետության կառավարության

2022 թվականի ____-ի N _____-Ն որոշման

 

ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԶՈՀԵՐԻ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԱՆՁԻՆ ՈՐՊԵՍ ԶՈՀ ԿԱՄ ՀԱՏՈՒԿ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԶՈՀ ՆՈՒՅՆԱՑՆԵԼՈՒ ՑՈՒՑԻՉՆԵՐ

 

  1. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից անձին որպես զոհ նույնացնելու համար անհրաժեշտ է, որպեսզի առկա լինի մարդկանց թրաֆիքինգը կամ շահագործումը բնութագրող գործողություններին, կատարման եղանակներին և շահագործման ձևերին վերաբերող՝ սույն հավելվածի 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերում ներկայացված ցուցիչներից առնվազն մեկը:
  2. Հանձնաժողովի կողմից անձին որպես հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու համար անհրաժեշտ է, որպեսզի առկա լինի մարդկանց թրաֆիքինգը կամ շահագործումը բնութագրող գործողություններին և շահագործման ձևերին վերաբերող՝ սույն հավելվածի 6-րդ և 8-րդ կետերում ներկայացված մեկական ցուցիչ (մարդկանց թրաֆիքինգը և շահագործումը բնութագրող կատարման եղանակներին վերաբերող ցուցիչները հատուկ կատեգորիայի զոհերի դեպքում պարտադիր չեն, սակայն կարող են գործնականում առկա լինեն): Սույն հավելվածի 9-րդ կետում ներկայացված ցուցիչները վերաբերելի են միայն հատուկ կատեգորիայի զոհերին:
  3. Սույն հավելվածի 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերում ներկայացված ցուցիչները գործնականում կարող են հանդիպել ցանկացած համակցությամբ, ինչից ելնելով Հանձնաժողովը 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերում ներկայացված համապատասխան մեկական ցուցիչ հայտնաբերելու դեպքում հաստատում է մարդկանց թրաֆիքինգը և շահագործումը բնութագրող գործողության, կատարման եղանակի և շահագործման կոնկրետ ձևի առկայությունը, ինչը հանդիսանում է անձի նույնացում:
  4. Սույն հավելվածի 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերում ներկայացված ցուցիչներից գործնականում հանդիպող տարբերվող դրսևորումների պարագայում, Հանձնաժողովը դրանք մեկնաբանում է հօգուտ որպես զոհ նույնացվող անձի:
  5. Հանձնաժողովը կիրառում է նույնացման հետևյալ ցուցիչները՝ ըստ սույն հավելվածի 6-8-րդ կետերի:
  6. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման գործողությունների ցուցիչներն են՝

1) անձին հավաքագրելու առումով՝

ա. հասարակությունից կամ խմբից առանձնացում կամ մեկուսացում,

բ. ցուցակագրում (գրավոր կամ բանավոր),

գ. թիրախավորում, նպատակային շփում՝ շահագործման ենթարկելու համար,

2) անձին տեղափոխելու առումով՝

ա. անձին մեկ վայրից այլ վայր տեղափոխում երկրի, ներառյալ՝ նույն քաղաքի կամ գյուղի ներսում (ներքին թրաֆիքինգ կամ շահագործում)՝ տեղափոխման հեռավորությունը, տևողությունը, օրինական կամ ոչ օրինական լինելը՝ որևէ նշանակություն չունեն,

բ. անձին մեկ վայրից այլ վայր տեղափոխում երկրից դուրս (անդրսահմանային թրաֆիքինգ կամ շահագործում)՝ տեղափոխման հեռավորությունը, տևողությունը, օրինական կամ ոչ օրինական լինելը՝ որևէ նշանակություն չունեն,

3) փոխանցելու առումով՝

ա. անձին այլ անձանց տրամադրության (վերահսկողության) տակ թողում,

բ. անձին վաճառելու կամ այլ եղանակով օտարելու (նվիրատվություն, պարտքի մարում, վնասի փոխհատուցում, վարձակալություն, փոխանակություն և այլն) արդյունքում այլ անձի վերահսկողության հանձնում,

գ. անձին առձեռն այլ անձանց հանձնում,

դ. որպես գույքի կամ տարածքի բաղկացուցիչ մաս՝ անձանց կամ նրանց նկատմամբ վերահսկողության հանձնում,

4) թաքցնելու առումով՝

ա. անձին հասարակությունից կամ խմբից առանձնացված պահում,

բ. անձի գոյությունը հասարակությունից քողարկում,

գ. անձին իրականությունից պատսպարում, նրա անտեղյակ պահում,

դ. անձի պարտակում,

ե. կատարվող գործողության կամ այն կատարող անձի քողարկում,

զ. գաղտնի պահում գտնվելու երկրի, քաղաքի, վայրի կամ այլ պայմանների մասին,

5) ստանալու առումով՝

ա. գործարքի արդյունքում անձի ձեռք բերում,

բ. անձի կամ նրա նկատմամբ վերահսկողության ստանձնում,

գ. անձի առձեռն ընդունում,

դ. որպես գույքի կամ տարածքի բաղկացուցիչ մաս՝ անձի կամ նրա իրավունքների նկատմամբ վերահսկողության ընդունում:

  1. Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման կատարման եղանակների ցուցիչներ՝

1) բռնություն գործադրելու առումով՝

ա. մարմնական վնասվածքների առկայություն. կոտրվածքներ, արյունազեղումներ, այտուցներ, քերծվածքներ, ցանկացած այլ վնասներ,

բ. ֆիզիկական բռնության հետքերի առկայություն. սպիներ, կպումներ, այլ հետքեր,

գ. ընտանիքի անդամների կամ մերձավորների նկատմամբ բռնության կիրառում,

դ. ֆիզիկական բռնության կամ սպառնալիքի կիրառման ընթացքում զենքի կամ այլ առարկաների օգտագործում,

ե. ֆիզիկական բռնության կիրառման մասին տեղեկատվության փոխանակման, դրա նկատմամբ արձագանքի, կիրառված բժշկական կամ այլ միջամտության փաստում,

զ. ֆիզիկական բռնության դեպքերի կամ հետքերի տեսաձայնագրում, ձայնագրում կամ լուսանկարում,

2) բռնություն գործադրելու սպառնալիքի առումով՝

ա. ֆիզիկական կամ հոգեբանական բռնության կիրառման ականատես լինելը՝ ականատեսի նկատմամբ գործադրելու սպառնալիքով,

բ. այլ անձանց նկատմամբ կիրառված բռնությունից հետո անձի նախազգուշացում այդ բռնության՝ իր նկատմամբ գործադրվելու հավանականության մասին, եթե նա չկատարի համապատասխան աշխատանքը կամ չմատուցի պահանջվող ծառայությունը,

գ. բռնության սպառնալիքի կիրառման ներկայացում,

դ. վախի մթնոլորտի ձևավորում կամ վախը որպես հետագայում բռնություն չկիրառելու նախապայման դիտարկում,

ե. ընտանիքի անդամների կամ մերձավորների նկատմամբ բռնության գործադրման սպառնալիք,

զ. հոգեբանական բռնության հետքերի, դրա կիրառման մասին տեղեկատվության փոխանակման, դրա նկատմամբ արձագանքի, կիրառված բժշկական, հոգեբանական կամ այլ միջամտության փաստում,

է. բռնության սպառնալիքների դեպքերի կամ հետքերի տեսաձայնագրում, ձայնագրում կամ լուսանկարում,

ը. «Ստոկհոլմյան համախտանիշի» առկայություն,

3) հարկադրանքի այլ ձևերի առումով՝

ա. շանտաժ,

բ. անձին իշխանության ներկայացուցիչներին, անվտանգությունն ապահովող անձանց կամ հանցավոր խմբավորումներին հանձնելու սպառնալիք,

գ. անձին ավելի վատ պայմաններում շահագործելու սպառնալիք,

դ. անձին արատավորող տեղեկությունների հրապարակման սպառնալիք,

4) առևանգման առնչությամբ՝

ա. ազատ տեղաշարժի սահմանափակում,

բ. ազատ տեղաշարժի վերահսկողություն,

գ. ֆիզիկական սահմանափակումների կիրառում կամ դրանց կիրառման հետքերի առկայություն անձի մարմնի վրա կամ նրանց բնակության կամ պահման այլ վայրերում,

դ. անձնական օգտագործման ապրանքների և ծառայությունների գնման և դրանցից օգտվելու սահմանափակումներ և վերահսկում,

ե. արտաքին աշխարհի և ընտանիքի անդամների կամ մերձավորների հետ կապի սահմանափակումներ և վերահսկում,

զ. անձը հաստատող փաստաթղթերի կամ դրանց պատճեների բացակայություն, դրանք՝ գործատուի, տեղափոխողի, միջնորդի կամ այլ անձանց մոտ պահում,

5) խաբեության առումով՝

ա. կատարվող աշխատանքների կամ ծառայությունների բնույթի, ծավալի, տևողության, վարձատրության և էական այլ պայմանների վերաբերյալ դիտավորությամբ իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությունների տրամադրում,

բ. աշխատանքի կամ ծառայության մասին ոչ իրատեսական նախնական պայմանների առաջարկում,

գ. առաջարկվող աշխատանքի համար հստակ կամ իրատեսական պահանջների կամ այլ էական պայմանների (կրթություն, լեզվի իմացություն, մասնագիտական փորձ և այլն) չնախատեսում,

դ. աշխատանքի ընդունման կամ ծառայությունների ներգրավման պայմանների անհամապատասխանություն իրական պայմաններին,

ե. նպատակակետ երկիր մուտք գործելու կամ կոնկրետ քաղաք (բնակավայր) տեղափոխվելու պայմանների անհամապատասխանություն իրական պայմաններին,

զ. նպատակակետ երկիր կամ կոնկրետ քաղաք (բնակավայր) տեղափոխվելու և ուղևորության վճարման ուռճացում,

է. աշխատանքի կատարման կամ ծառայությունների մատուցման պայմանների անհամապատասխանություն գործող օրենսդրությանը,

ը. աշխատանքի կամ ծառայության վարձատրության բացակայություն կամ կատարված աշխատանքին կամ մատուցված ծառայությանը ոչ համարժեք վարձատրություն,

թ. աշխատանքի կատարման կամ ծառայությունների մատուցման համար վաստակած գումարների տնօրինման իրական անհնարինություն, տնօրինման վերահսկում,

ժ. պարտքի (պարտքային կախվածության) վերաբերյալ փաստաթղթային ձևակերպման առկայություն, եթե նման պարտք (պարտքային կախվածություն) առկա չէ,

6) վստահությունը չարաշահելու առումով՝

ա. կատարվող աշխատանքներին կամ ծառայություններին ներգրավում անձնական կամ գործնական վստահելի հարաբերությունների օգտագործմամբ,

բ. աշխատանքի կամ ծառայության էական հանգամանքների մասին տեղեկատվության բացակայություն՝ նախկինում կատարված աշխատանքների կամ ծառայությունների մատուցման ընթացքում ձևավորված վստահելի հարաբերությունների չարաշահման արդյունքում,

գ. ընտանիքի անդամների կամ մերձավորների միջոցով համոզում կամ պարտադրում,

7) անձի պաշտոնից կամ ծառայողական դիրքից կամ լիազորություններից բխող ազդեցությունը կամ հանցագործությունից տուժած անձի անձնական կախվածությունը կամ վիճակի խոցելիությունն օգտագործելու առումով՝

ա. այնպիսի համոզում, որը զրկում է անձին կամարտահայտվելու և ընտրություն կատարելու հնարավորությունից, ելնելով այս մեթոդը կիրառողի պաշտոնից, ծառայողական դիրքից կամ լիազորությունների շրջանակից,

բ. թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, ալկոհոլային խմիչքի կամ այլ նյութերի միջոցով կախվածության ձևավորում,

գ. անձին միայն վատի և վատթարագույնի միջև ընտրելու հնարավորություն ընձեռում,

դ. պարտքային և ֆինանսական այլ կախվածության առկայություն,

ե. պարտքի անհիմն ավելացում՝ կախվածությունն ուժեղացնելու նպատակով,

զ. ֆիզիկական կախվածություն՝ ազատ տեղաշարժի սահմանափակմամբ,

է. հոգեբանական կախվածություն՝ շանտաժի կամ ֆիզիկական բռնություն կիրառելու սպառնալիքի կիրառմամբ,

ը. հոգեբանական կախվածություն՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ տարածելու, պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող գործողությունների սպառնալիքի պայմաններում,

թ. անձին ավելի վատ պայմաններում շահագործելու սպառնալիք,

ժ. իրական կամ ենթադրյալ իշխանության օգտագործում՝ ծառայություններ մատուցելու կամ աշխատանքներ կատարելու համար,

ժա. իշխանական կամ ծառայողական լիազորությունների կամ դրանցով պայմանավորված ազդեցության չարաշահում,

ժբ. իշխանական կամ ծառայողական լիազորությունների անցում,

ժգ. անձի մոտ միայնակ գործելու անկարողության զգացողության ձևավորում,

ժդ. երախտապարտ կամ պարտավորվածություն զգացող անձի ներգրավում աշխատանքի կամ ծառայությունների մատուցմանը, եթե դրանց կատարման միակ հիմքն այդ երախտապարտությունը կամ պարտավորվածությունն է,

ժե. անձին՝ իշխանության ներկայացուցիչներին, անվտանգությունն ապահովող անձանց կամ հանցավոր խմբավորումներին հանձնելու սպառնալիք,

ժզ. անհիմն կամ օրենսդրությամբ չնախատեսված կարգապահական պատասխանատվության կամ պատժի կիրառում,

8) հանցագործությունից տուժած անձին վերահսկող անձի հետ համաձայնություն ձեռք բերելու նպատակով նյութական կամ այլ օգուտ տալու կամ խոստանալու կամ առաջարկելու կամ հանցագործությունից տուժած անձին վերահսկող անձի կողմից նման համաձայնություն տալու համար նման օգուտ ստանալու կամ առաջարկն ընդունելու առնչությամբ՝

ա. հեղինակությունն օգտագործելն անձին ենթարկելու, հրամանները, կարգադրությունները կամ հանձնարարություններն անվերապահորեն կատարելու համար,

բ. վերահսկող անձի հետ վիճելու կամ հակաճառելու արգելք,

գ. վերահսկող անձի հետ վիճելու կամ հակաճառելու դեպքում՝ անհամաչափ կամ ոչ իրավաչափ կարգապահական պատասխանատվության, պատժի կամ այլ ազդեցության ենթարկում,

դ. վերահսկող անձի կողմից անձի ճակատագրի կամ առօրյայի որոշում,

ե. վերահսկող անձի կողմից անձի աշխատանքի, բնակության վայրի կամ այլ պայմանների ընտրություն ու դրանց վերահսկում,

զ. անձին օգնություն ցույց տալու կամ բարդ իրավիճակներից հանելու շահարկում՝ որպես վերահսկող անձին ենթարկվելու նախապայման,

է. անձի հոգեբանական կախվածության չարաշահում:

  1. Մարդկանց շահագործման ձևերի ցուցիչներ՝

1) պոռնկության շահագործման առնչությամբ՝

ա. սեռական ծառայությունների բնույթի կամ դրանց մատուցման համար համաձայնության բացակայություն,

բ. դաջվածքների կամ շահագործողներին «պատկանելության» այլ նշանների առկայություն,

գ. հաճախորդներին կամ նրանց քանակն ընտրելու անհնարինություն,

դ. բնակության և սեռական ծառայությունների մատուցման վայրի նույնացում,

ե. սեռական ծառայությունների համար վարձատրության բացակայություն կամ դրա չնչինություն,

զ. սեռական ծառայության համար վճարված գումարների չփոխանցում անձին՝ խաբեությամբ, պատճառված ենթադրյալ վնասի, հաճախորդի դժգոհության պատճառով կամ այլ պատրվակներով,

է. նպատակակետ երկրի պետական լեզվով միայն սեռական բնույթի կամ ծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ բառերի իմացություն,

ը. չպաշտպանված ու ոչ ցանկալի կամ բռնի սեռական հարաբերությունների առկայություն և դրանցից հրաժարվելու անհնարինություն,

թ. սեռական ծառայությունների մատուցում ամսվա այնպիսի օրերին, երբ ֆիզիոլոգիական վիճակով պայմանավորված կինը չէր ցանկանում մատուցել այդ ծառայությունները,

ժ. սեռական հարաբերության ձևն ընտրելու կամ որևէ ձևից հրաժարվելու անհնարինություն,

2) սեռական շահագործման այլ ձևերի առումով՝

ա. սեռական այլ ծառայությունների բնույթի կամ դրանց մատուցման համար համաձայնության բացակայություն,

բ. հաճախորդներին կամ նրանց քանակն ընտրելու անհնարինություն,

գ. բնակության և սեռական այլ ծառայությունների մատուցման վայրի նույնացում,

դ. սեռական այլ ծառայությունների համար վարձատրության բացակայություն կամ դրա չնչինություն,

ե. սեռական այլ ծառայության համար վճարված գումարների չփոխանցում անձին՝ խաբեությամբ, պատճառված ենթադրյալ վնասի, հաճախորդի դժգոհության պատճառով կամ այլ պատրվակներով,

զ. նպատակակետ երկրի պետական լեզվով միայն սեռական բնույթի կամ սեռական այլ ծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ բառերի իմացություն,

է. սեռական այլ ծառայությունների ձևն ընտրելու կամ որևէ ձևից հրաժարվելու անհնարինություն,

3) հարկադիր աշխատանքի կամ ծառայություն մատուցելուն կամ հակաիրավական գործողություններ կատարելուն հարկադրելու առումով՝

ա. աշխատանք կատարելու կամ ծառայություն մատուցելու համաձայնության բացակայություն կամ դրա կորզում,

բ. աշխատանք կատարելուց կամ ծառայություն մատուցելուց հրաժարվելու դեպքում սպառնալիք, բռնություն, կախվածության, խոցելի կամ այլ վիճակի օգտագործում,

գ. ապօրինի աշխատանքում ներգրաված կամ չգրանցված աշխատող լինելու փաստ, աշխատանքային պայմանագրի կամ այլ փաստաթղթավորման բացակայություն,

դ. աշխատանքի կամ ծառայության համար անհրաժեշտ համազգեստի և այլ անվտանգ պայմանների բացակայություն,

ե. պարտադիր արտաժամյա աշխատանքի կատարում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի,

զ. հանգստյան և տոն օրերին կամ գիշերային ժամերին աշխատանքի պարտադիրություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի,

է. չկանոնակարգված ու չնորմավորված աշխատանքի պարտադիրություն,

ը. անվտանգության այնպիսի միջոցների կիրառում, որոնք նախատեսված են անձանց աշխատավայրերում պահելու, այլ ոչ թե անվտանգությունն ապահովելու համար,

թ. կամքին հակառակ աշխատելը կամ ծառայություն մատուցելը՝ որպես պարտականության ներկայացում,

ժ. անհիմն կարգապահական պատասխանատվության, տուգանքի կամ այլ պատասխանատվության ենթարկում,

ժա. աշխատանքային միգրանտի կարգավիճակի օրինականացման խոչընդոտում,

ժբ. աշխատանքի կամ ծառայության համար գումարների չվճարում՝ խաբեությամբ, պատճառված ենթադրյալ վնասի, հաճախորդի դժգոհության պատճառով կամ այլ պատրվակներով,

ժգ. աշխատողներից անհարկի կամ ուռճացված պահումների առկայություն գործիքների, սննդի, բնակության, կոմունալ վճարումների և այլ պայմանների համար,

ժդ. աշխատավարձը ոչ թե աշխատողին, այլ նրա ընտանիքի անդամներին կամ այլ անձանց փոխանցում, որի ստուգման հնարավորությունն աշխատողը չունի,

ժե. կատարված աշխատանքների ծավալի և բնույթի ավելացում՝ առանց աշխատողի համաձայնության կամ առանց աշխատավարձը համաչափորեն ավելացնելու,

ժզ. աշխատանքի կամ բնակության վայրը միայն գործատուի կամ նրա կողմից նշանակված անձի ուղեկցությամբ լքելու հնարավորություն,

ժէ. հակաիրավական գործողություններ կատարելու համար հարկադրանքի ցանկացած ձևի կիրառումը, այդ գործողությունների կատարման հարկադրումը, այլընտրանքի բացառումը,

4) ստրկության կամ ստրկությանը նմանվող վիճակի մեջ դնելու առումով՝

ա. անձի նկատմամբ բացարձակ վերահսկողություն,

բ. որպես գույք՝ անձի նկատմամբ վերաբերմունք,

գ. անձի մասնավոր կյանք ունենալու բացարձակ արգելք, ներառյալ՝ ընտանիք կազմելու, սեռական կյանքով ապրելու վերահսկողություն,

դ. բնակության վայրից դուրս գալու անհնարինություն և «ստրկատիրոջ» ընտանիքի հետ ապրելու պարտադիր պայման,

ե. կատարված աշխատանքի կամ մատուցած ծառայության դիմաց աշխատավարձի չտրամադրում կամ չնչին չափով տրամադրում,

զ. բնակության վայրը միայն «ստրկատիրոջ» կամ նրա կողմից նշանակված անձի ուղեկցությամբ լքելու հնարավորություն,

է. ընտանիքի անդամների, մերձավորների կամ այլ անձանց հետ շփման անթույլատրելիություն,

5) առքի կամ վաճառքի առումով՝

ա. անձի նկատմամբ բացարձակ վերահսկողության իրականացումը,

բ. անձի վաճառք (առք) կամ վերավաճառք,

գ. անձի նկատմամբ վերահսկողական լիազորությունների վաճառք (առք) կամ վերավաճառք,

6) բջիջը, օրգանը, հյուսվածքը, կենսաբանական նյութերը կամ հեղուկները կենդանի դոնորից վերցնելու առումով՝

ա. օրենսդրության խախտմամբ բջիջ, օրգան, հյուսվածք, կենսաբանական նյութ կամ հեղուկ վերցնել,

բ. բջիջ, օրգան, հյուսվածք, կենսաբանական նյութ կամ հեղուկ վերցնել՝ դրա համար չնախատեսցված վայրում,

գ. բջիջ, օրգան, հյուսվածք, կենսաբանական նյութ կամ հեղուկ վերցնել՝ դրա համար մասնագիտական կրթություն ու լիազորություն չունեցող անձի կողմից,

դ. բջիջ, օրգան, հյուսվածք, կենսաբանական նյութ կամ հեղուկ վերցնել՝ անձի խոցելիությունը, մասնավորապես՝ պարտքային կախվածությունն օգտագործելով,

ե. բջիջ, օրգան, հյուսվածք, կենսաբանական նյութ կամ հեղուկ վերցնել՝ անձի կամ նրա ընտանիքի նկատմամբ բռնություն կամ սպառնալիք կիրառելու արդյունքում,

զ. բջիջ, օրգան, հյուսվածք, կենսաբանական նյութ կամ հեղուկ վերցնել՝ առանց համապատասխան բժշկական հետազոտություններ կատարելու կամ համապատասխանելիությունը որոշելու:

  1. Հատուկ կատեգորիայի զոհերի վերաբերյալ 6-րդ և 8-րդ կետերում ներկայացված ցուցիչներից զատ, կիրառելի են նաև հետևյալ ցուցիչները՝
    • ծնողների, հոգաբարձուների կամ խնամակալների հետ շփվելու անհնարինություն,
    • կոնկրետ տարիքի երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի համար ոչ բնորոշ վարքագծի առկայություն. սեքսուալ հագուստ, ալկոհոլային խմիչքի օգտագործում, ոչ բնորոշ բառապաշար և այլն,
    • երեխայի կրթության ստացման բացառում,
    • երեխայի խաղալու կամ հանգստի համար ժամանակի բացառում,
    • տարբեր երեխաների՝ բնակության մեկ վայրում պահում, իսկ անհնազանդներին՝ առանձնացում կամ մեկուսացում,
    • երեխայի ներգրավում իր տարիքի համար ոչ համապատասխան աշխատանքներ կատարելուն կամ ծառայություններ մատուցելուն,
    • երեխայի ներգրավում իր տարիքի համար արգելված կամ չթույլատրվող աշխատանքների կատարմանը կամ ծառայությունների մատուցմանը,
    • երեխայի՝ իր տարիքին ոչ համապատասխան իրազեկվածություն սեռական կյանքի և սեռական հարաբերության մասին, սեռական ծառայության համար տարբեր պարագաների առկայություն,
    • երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի կողմից ալկոհոլային խմիչք, թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր գործածելու փաստ,
    • երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի մոտ հատուկ դաջվածքների առկայություն,
    • երեխայի անօրինական որդեգրում և տեղափոխում այլ պետություն,
    • անօգնական վիճակում գտնվողի բուժման արգելք կամ խոչընդոտում,
    • անօգնական վիճակում գտնվողի ներգրավում նրա առողջությանը վտանգող գործողություններում կամ գործունեության մեջ,
    • երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի պահանջմունքների բավարարում՝ բացառապես աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու դիմաց:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    22.07.2022 - 08.08.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3498

Տպել

Առաջարկներ`

Դեմոկրատիան այսօր ՀԿ

07.08.2022

Հաշվի առնելով, որ Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց աջակցության և նույնացման օրենքում սույն թվականի մայիսին արվել են փոփոխություններ, որոնք ներառել են Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի համար ցուցիչներ, սակայն օրենքի այդ փոփոխությունները չեն քննարկվել Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի և Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի հետ, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ԳԱԾ-ում ներառված է անհրաժեշտություն նախանույնացման փուլի համար ցուցիչներ մշակել, հարկ ենք համարում վերանայել այս որոշման նախագիծը, քանի որ տվյալ ցուցիչները օգտակար կլինեն նախանույնացման փուլում կիրառել, այլ ոչ թե՝ նույնացման: Ինչ վերաբերվում է հանձնաժողովի աշխատանքին, ապա դրանում ընդգրկված են ԱՍՀՆ-ի, Ոստիկանության, Դատախազության մասնագիտացված վարչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև 3 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր ունեն ավելի քան 15 տարվա փորձ թրաֆիքինգի զոհերի նույնացման և աջակցության ոլորտում: Նույնացումը անցկացվում է էքսպերտային մակարդակով, համատեղ քննարկումների հիման վրա՝ հաշվի առնելով հանգամանքները և օբյեկտիվ տվյալները: Ավելին առաջարկվող մի ցուցիչի առկայության հիման վրա նույնացնել զոհին անունդունելի է: Նախորդ տարիների ընթացքում չի եղել հանձնաժողովի ընդունած որոշում, որը կասկածի առիթ է հանդիսացել: Նման որոշման ընդունումը վերացնում է հանձնաժողովի գործունեության անհրաժեշտությունը, իսկ դա կարող է հանգեցնել ոչ հավաստի, ոչ կշռադատված որոշումների և կարող է բերել իրական կոռուպցիոն ռիսկեր:

Viktoria Avakova

07.08.2022

Այս նախագիցը պատրաստելու գործընթացում ինչպես նաև դրան նախորդող օրենքի փոփոխությունները ընդունելուց Նույնացման հանձնաժողովի անդամների կարծիքը հաշվի չի առնվել, չի քննարկվել ցուցիչների ներդրման նպատակահարմարությունը ինչպես նաև դրանց բովանդակությունը և կիրառելիությունը: Երբեվիցէ չի գնահատվել հանձնաժողովի աշխատանքը, նրա որոշումների օբյեկտիվությունը, առավել ևս հեղինակների կողմից նշված <<կոռուպցիոն դրսեվորումները>>, ինչպես նաև չի գնահատվել նույնացման ցուցիչների ներդրման նպատակահարմարությունը: Հարկ է նշել, որ իրոք Նույնացման հանձնաժողովի անդամները տարբեր ոլորտներից են և դեպքերը դիտարկում են տարբեր տեսանկյուններից, իսկ որոշումները ընդունվում են օգտագործելով միջազգային և տեղական օրենսդրությունը և փորձը: Հեղինակների կողմից առաջարկվող ցուցիչների ձևակերպումները հստակ չեն, դժվար կիրառելի, դասակարգումը շտկման կարիք ունի: Որպես նախագծի հիմք հեղինակները նշում են Հայաստանի Հանրապետությունում 2020-2022 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը սահմանող Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 909–Լ որոշումը, որտեղ կետ 1.1.8.-ում նշված է. <<Փոփոխություններ կատարել Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին օրենքում՝.... հավանական զոհերի նախնական նույնացման ցուցիչների մշակման և ներդրման գործընթացներն ապահովելու համար>>, որի արդյունքում <<կապահովվեն պրոակտիվ միջոցառումները՝ թրաֆիքինգի և շահագործման զոհերին հայտնաբերելու և հանցագործությունը կանխելու համար>>: Այս կետը ոչ մի կապ չունի Նույնացման Հանձնաժողովի աշխատանքի հետ, քանի որ այդ հանձնաժողովը իրականացնում է արդեն հայտնաբերված զոհերի վերջնական նույնացումը : Առաջարկում եմ հետաձգել նախագծի ընդունումը և Նույնացման հանձնաժողովի անդամների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կազմակերպել բազմակողմանի մասնագիտական քննարկում:

Տեսնել ավելին